Էրեբունու սեպագրերը, Էրեբունին համարվում է այն բացառիկ ուրարտական հուշարձաններից մեկը, որտեղ գտնվել են բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ Էրեբունուց հայտնաբերվել են 23 արձանագրություն, որոնք արվել են քարի վրա և 14 արձանագրություն՝ արված ուրարտական կարասների կամ դրանց պահպանված բեկորներին։

Պատմական ակնարկ խմբագրել

 
Armenia - Cuneiform at Erebuni (5034053035)

Հին Մերձավոր Արևելքում գիրն ուներ նաև սրբազան իմաստ։ Այն ուներ նաև տեղեկատվական բնույթ, իսկ հաճախ ուղղակիորեն մատնանշում էր խորհրդանշական իշխանություն։ ՈՒրարտական արքաները իրենց թողած սեպագրերի մի մասը կերտել են ժայռերի վրա՝ յուրօրինակ ներդաշնակություն ստեղծելով սեպագրի և տարածքի լանդշաֆտի միջև։ Սեպագիր գրային համակարգը ստեղծվել է Ք. ա. IV հազարամյակի երկրորդ կեսում Շումերում։ Այնուհետև՝ Հին Մերձավոր Արևելքում այն կիրառվել է Աքքադում, Էբլայում, Խեթական տերությունում, Ասորեստանում, Բաբելոնում և այլուր։ Այս առումով բացառություն չէ նաև ուրարտական պետությունը:Սկզբնական շրջանում Վանի թագավորությունում օգտագործվում էր հարևան Ասորեստանի սեպագիր համակարգն ու լեզուն։ Այդ մասին են վկայում ուրարտական միապետ Սարդուրի I-ի Վանա ժայռի ստորոտին տեղակայված կառույցի պատերին թողնված ասսուրերեն վեց նույնիմաստ արձանագրությունները, ինչպես նաև՝ Վերին Անձավ հնավայրից նույն լեզվով արձանագրված նվիրատվական շղթան։ Սակայն, Իշպուինի արքայի և այնուհետև վերջինիս ու նրա որդի Մենուայի համատեղ գահակալության շրջանում անցկացվում է գրային բարեփոխում։ Վերցվում է ասսուրական սեպագիր համակարգը, պարզեցվում և հարմարեցվում ուրարտերեն լեզվին, ինչի արդյունքում ստեղծվում է ՈՒրարտուի սեպագիր գրային համակարգը։ Ի տարբերություն ասսուրական գրային համակարգի՝ ուրարտերենը ավելի պարզեցված էր։ Եթե ասսուրական բազմաթիվ սեպանշաններ պարունակում են տասից ավելի իմաստ, ապա ուրարտականի դեպքում հազվադեպ է դրանց թիվն անցնում մեկից։ Ասորեստանյան գրային համակարգի սեպերը կարծես թե մեխի են նման։ Ի տարբերություն դրա՝ ուրարտական սեպագրերը մեծամասամբ նման են եռանկյունիների։ ՈՒրարտացիները գրում էին ձախից աջ և վերևից ներքև։ ՈՒնեին չորս ձայնավոր (a, e, i, ú, u), իսկ մնացածը վանկեր էին։ Եթե օրինակ գրեին Մարինա, պետք է դնեին ma-, այնուհետև՝ ri- և na- վանկերը։ Բացի այդ՝ յուրաքանչյուր կարևոր երևույթից առաջ դնում էին դրան համապատասխան ցուցիչը։ Օրինակ՝ տղամարդու անունից առաջ դրվում էր արական ցուցիչը, քաղաքի անվանը նախորդում էր քաղաքի ցուցիչը և այլն։ Բացի դրանից օգտագործում եին հատուկ լոգոգրամներ, որոնք կիրառվում էին «միջազգային սեպագիր համակարգում» և ունեին կոնկրետ իմաստ:Իշպուինիի և Մենուայի համատեղ կառավարման շրջանի ամենանշանավոր սեպագիր տեքստը արձանագրված է նշանավոր Մհեր Դռան ժայռափոր խորշին։ Այստեղ ամփոփված է այդ ժամանակաշրջանի ուրարտական դիցարանի աստվածների, աստվածուհիների և աստվածությունների ցանկը և նրանց զոհաբերվելիք կենդանիների տեսակներն ու քանակը:ՈՒրարտական արքաները սեպագրեր են թողել ժայռերի, քարերի, տարբեր տեսակի կառույցների պատերի, մետաղե առարկաների, կավի, կնիքների և նույնիսկ անգամ ուլունքահատիկների վրա։ Մեծամասամբ ուրատական սեպագիր արձանագրությունները լինում են տեղեկատվական, ռազմական, նվիրատվական, տնտեսական, շինարարական և ծիսապաշտամունքային բնույթի:Բազմաթիվ սեպագիր արձանագրություններ բաղկացած են ներածական մասից, բուն տեքստից, և վերջում՝ արքայի տիտղոսաշարից կամ «անեծքի բանաձևից»։ ՈՒրարտական սեպագիր գրային համակարգում կարևոր տեղ են զբաղեցնում տարեգրությունները։ Դրանցում Վանի թագավորության միապետները պատմում են իրենց կառավարման տարիներին իրականացրած իրադարձությունների մասին[1]։ Այս առումով, հատկապես հիշարժան է Վանի ժայռին արված Արգիշթի I-ի Խորխորյան տարեգրությունը։ Այն բաղկացած է շուրջ 400 տողից և համարվում է Հին Մերձավոր Արևելքի ամենաընդարձակ արձանագրություններից մեկը։ Գիրը, այդ թվում՝ սեպագիրը համարվում է խորհրդանշական իշխանության կարևորագույն ձևերից մեկը։ Այս առումով սեպագիրը մեծապես նպաստում էր ուրարտական տերության արքայական գաղափարախոսության հանրահռչակմանն ու տարածմանը։ ՈՒրարտական սեպագիրը անհետանում է պետության կործանման հետ միաժամանակ։ Ըստ որոշ կարծիքների՝ այն որոշակի ազդեցություն է ունեցել աքեմենյան սեպագիր համակարգի վրա։

Էրեբունուց գտնված սեպագրերը խմբագրել

Էրեբունին համարվում է այն բացառիկ ուրարտական հուշարձաններից մեկը, որտեղ գտնվել են բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ Այսպես, Էրեբունուց հայտնաբերվել են 23 արձանագրություն, որոնք արվել են քարի վրա և 14 արձանագրություն՝ արված ուրարտական կարասների կամ դրանց պահպանված բեկորներին։ Առաջին արձանագրությունը Էրեբունու տարածքից գտնվել է դեռևս 1879 թվականին նորքեցի Պապաք Տեր-Ավետիսովի կողմից։ Բացի այդ՝ Էրեբունու հիմնադրման և նրա բնակիչների վերաբերյալ չափազանց կարևոր տեղեկություններ են պարունակում ուրարտական տերության հզորագույն միապետներից Արգիշթի Առաջինի (Ք. ա. 786-765/764 թթ.) տարեգրության տեքստերում։ Վանա ժայռին արձանագրված իր նշանավոր տարեգրության (Խորխորյան տարեգրության) մի հատվածում Արգիշթի Առաջինը տեղեկացնում է Էրեբունի քաղաքի կառուցման և այդտեղ Խաթե և Ծուփանի երկրներից (Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատված) գերի վերցված 6600 ռազմիկների վերաբնակեցման մասին։ Նույն տեղեկությունը հաղորդվում է նաև Խորխորյան տարեգրության կրկնօրինակը համարվող Վանի Սուրբ Սահակ վանքից գտնված արձանագրության տեքստում։ Ի դեպ, Արգիշթի Առաջինի նշանավոր Խորխորյան տարեգրությունը համարվում է Հին Մերձավոր Արևելքի ամենաընդարձակ արձանագրություններից մեկը։ Էրեբունիում գտնված սեպագիր արձանագրությունները վերաբերում են Վանի թագավորության երեք արքաների՝ Արգիշթի Առաջին, Սարդուրի Երկրորդ և Ռուսա Էրիմենայորդի։

Արգիշտի Առաջին խմբագրել

 
Urartian Tablet03

Էրեբունուց գտնվել են ուրարտական հզոր արքային պատկանող 17 արձանագրություն։ Դրանցից չորսը գրեթե ունեն նույն բովանդակությունը և հիրավի համարվում են մեր քաղաքամայր Երևանի ծննդյան վկայականը։ Պետք է նշել, որ միևնույն տեքստի կրկնօրինակումը հատուկ է եղել ուրարտական սեպագիր ավանդույթներին։ Մեկ տեքստում Արգիշտի Արքան հաղորդում է Ուրարտուի գերագույն աստված Խալդիին նվիրված ինչ-որ կառույցի՝ հավանաբար տաճարի կառուցման մասին։ Երկու նույնիմաստ սեպագիր տեքստերում Արգիշտին տեղեկացնում է Իուարշա (հնարավոր է Իուբշա ընթերցման տարբերակը) աստծուն սուսի տաճար ձոնելու մասին։ Էրեբունուց հայտնաբերված մեկ այլ արձանագրության մեջ Արգիշթի Մենուայորդին հաղորդում է պալատի կառուցման վերաբերյալ։ Էրեբունուց են գտնվել նաև չորս սյան խարիսխներ, որոնց վրայի նույնիմաստ սեպագիր արձանագրություններում Արգիշտի արքան հիշատակում է ինչ-որ կառույց՝ հավանաբար պալատ կամ այլ աշխարհիկ շինություն կառուցելու մասին։ Արգիշտիի թողած ևս հինգ արձանագրություն ունեն տնտեսական բնույթ և հաղորդում են հացահատիկի շտեմարանները կամ գինու մառանները լցնելումասին։ Ընդ որում, տեքստերում նշվում է նաև դրանց տարողությունները։

Սարդուրի Երկրորդ խմբագրել

 
Erebuni inscr I

Սարդուրի Երկրորդ (Ք. ա. 765/764-735թթ):Էրեբունուց գտնվել է այս միապետին պատկանող հինգ սեպագիր արձանագրություն։ Դրանք գլխավորապես ունեն տնտեսական բնույթ և հաղորդում են հացահատիկի շտեմարաններ կամ էլ գուցե գինու մառաններ լցնելու մասին։ Նման մեկ արձանագրությունում հիշատակվում է Սարդուրի Արգիշթորդու կողմից աշիխուսի անունն ունեցող կառույցի շինարարության մասին։

Ռուսա Էրիմենայորդի խմբագրել

 
Erebuni inscr G

Համարվում է ուրարտական պատմության ամենաառեղծվածային կերպարներից մեկը։ Ժամանակին ընդունված էր նրան համարել որպես Ռուսա Երրորդ։ Սակայն, ուրարտագիտության վերջին հետազոտությունները փաստում են, որ Ռուսա Էրիմենայորդին կարող էր հաջորդել կամ նախորդել Սարդուրի Երկրորդից հետո մինչև Ռուսա Երկրորդ ցանկացած արքայի։ Ռուսա Էրիմենայորդու մասին մեր ունեցած տեղեկությունները խիստ սակավ են։ Ըստ ընդունված կարծիքներից մեկի՝ հենց նա է կառուցել ուրարտական նշանավոր քաղաքներից մեկը՝ Քիլբանի լեռան առջև գտնվող Ռուսախինիլին, որը մասնագիտական գրականության մեջ հայտնի է Թոփրաք կալե անվամբ և գտնվում է Վանի մերձակայքում:Էրեբունուց գտնվել է Ռուսա Էրիմնայորդուն (կառավարման ժամանակահատվածը խիստ վիճահարույց է) պատկանող մեկ սեպագիր արձանագրություն, որը ևս ունի տնտեսական բնույթ և վերաբերում է հացահատիկի շտեմարանը լցնելուն։ Հետաքրքիր է, որ այս արձանագրությունը տուֆ քարից է, ինչը բացառիկ երևույթ է, քանի որ Էրեբունուց հայտնաբերված մնացած բոլոր կոթողային արձանագրությունները պատրաստված են բազալտից։

Բացի այդ Էրեբունու պեղումներից գտնվել են 14 կարասների և կարասների բեկորներին արված արձանագրություններ, որոնք մատնանշում են տվյալ կարասների տարողությունը։ Սովորաբար նման կարասներում պահվել է գինի կամ հացահատիկ[2]։ Բացի այդ Էրեբունուն վերաբերող սեպագիր արձանագրություններով առարկաներ են գտնվել Կարմիր բլուրից։ Դրանցից վեցն արվել է բրոնզե վահանների կամ դրանց հայտնաբերված բեկորների վրա, որոնցում Արգիշթի Առաջինի հաղորդում է Խալդի աստծուն ձոնված վահանները Էրեբունի քաղաքի համար պատրաստելու մասին։ Էրեբունու անունը հիշատակվում է նաև Կարմիր բլուրից գտնված բրոնզե պատվանդանի վրա, որը ևս պատկանել է Արգիշթի արքային։ Կարմիր բլուրում Էրեբունու անունը պարունակող նման քանակի առարկաների հայտնաբերման փաստը վկայում է, որ Էրեբունիում տեղի ունեցած ինչ-որ գործընթացների կամ դեպքերի՝ հավանաբար երկրաշարժի հետևանքով այդ իրերը տեղափոխվել են նոր կառուցված Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաք։ Ըստ երևույթին, հենց այդ ժամանակ էլ Ք. ա. 7-րդ դարի կեսերին Էրեբունու փոխարեն տարածաշրջանի կենտրոն է դարձել հենց Թեյշեբաինին։

Այսպիսով, Էրեբունուն վերաբերող արձանագրությունը կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ տարեգրությունների հատվածներ, տեղեկատվական-շինարարական արձանագրություններ, կրոնական-շինարարական արձանագրություններ, աշխարհիկ բնույթի արձանագրություն, տնտեսական բնույթի արձանագրություններ, նվիրատվական արձանագրություններ, և տարողության պարունակությանը վերաբերող արձանագրություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Н.В. Арутюнян;Корпус урартских клинообразных надписей,НАН РА, Гитутюн, 2001
  2. Մ. Իսրայելյան, Էրեբունի բերդ-քաղաքի պատմություն, Երևան, 1971