Էռնստ ֆոն Դոնանյի (հունգ.՝ Ernő Dohnányi, հուլիսի 27, 1877(1877-07-27)[1][2][3][…], Բրատիսլավա, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 9, 1960(1960-02-09)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), հունգարացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, մանկավարժ։

Էռնստ ֆոն Դոնանյի
Ernő Dohnányi.jpg
Ծնվել էհուլիսի 27, 1877(1877-07-27)[1][2][3][…]
Բրատիսլավա, Ավստրո-Հունգարիա[4]
ԵրկիրFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա և Flag of Hungary.svg Հունգարիա
Մահացել էփետրվարի 9, 1960(1960-02-09)[1][2][3][…] (82 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանԹալահասի
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՖլորիդայի նահանգային համալսարան, Բեռլինի գեղարվեստի համալսարան և Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա
ԱմուսինElsa Marguérite Galafrés?
Պարգևներ
Commons-logo.svg Ernő Dohnányi Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրությունում՝ Պոժոնում (հունգ.՝ Pozsony, ներկայումս՝ Բրատիսլավա)։ Երաժշտություն սկսել է ուսանել 6 տարեկան հասակում հոր նախաձեռնությամբ, որը մաթեմատիկայի պրոֆեսոր էր ու սիրողական թավջութակահար։ 1885-1893 թվականներին դաշնամուր ու երգեհոն է սովորել Կառլ Ֆորստների մոտ Forstner Károly, որը Պոժոնիի մայր տաճարի երգեհոնահարն էր (հետագայում նրա մոտ նաև հարմոնիա է սովորել)։ 1886 թվականին ընդունվել է գիմնազիա։ Նույն թվականի նոյեմբերի 3-ին գիմնազիայում կայացել է նրա հրապարակային առաջին ելույթը․ նա մասնակցել է Մոցարտի սոլ մինոր դաշնամուրային քառյակի կատարմանը։ Էռնստի առաջին մենահամերգը կայացել է 1890 թվականի դեկտեմբերի 28-ին (Շոպեն Նոկտյուրն op.31, Մենդելսոն Սկերցո սի մինոր, Լիստ 8-րդ ռապսոդիա և սեփական ստեղծագործություններ՝ երկու ֆանտազիա և սկերցո)[5]։ Գիմնազիայում ուսանելու տարիներին Պոժոնիի մայր տաճարում, Բրեզնոյի եկեղեցում և գիմնազիայում շաբաթօրյա պատարագներին երգեհոն է նվագել[6]։ 1893-1897 թվականներին Բուդապեշտի Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայում սովորել է Իշտվան Թոմանի և Հանս ֆոն Կյոսլերի մոտ, որտեղ նրա համադասարանցին է եղել Բելա Բարտոկը։ Այս ժամանակ էլ տպագրվել է նրա առաջին ստեղծագործությունը՝ «Դաշնամուրային դո մինոր կվինտետը», որն արժանացել է Յոհաննես Բրամսի դրվատանքին։ 1897 թվականին դասեր է վերցրել գերմանացի դաշնակահար, կոմպոզիտոր Էժեն դ’Ալբերից։

Որպես դաշնակահար առաջին անգամ ներկայացել է 1897 թվականին Բեռլինում ու Վիեննայում։ Հյուրախաղերով հաջողությամբ ելույթ է ունեցել Արևմտյան Եվրոպայում (1898-1905), ԱՄՆ-ում (1899), Ռուսաստանում (1907)։ 1902 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես դիրիժոր՝ Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարելով իր ուվերտյուրան[7]։ 1905-1915 թվականներին դաշնամուրի դասեր է տվել Բեռլինի Երաժշտական բարձրագույն դպրոցում (1908 թվականից եղել է պրոֆեսոր)։ 1919 թվականին Հունգարական խորհրդային հանրապետության ժամանակ եղել է Բուդապեշտի՝ Լիստի անվան երաժշտական բարձրագույն դպրոցի տնօրեն։ 1919-1944 թվականներին եղել է Բուդապեշտի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը։ 1921-1927 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում և ԱՄՆ-ում որպես դիրիժոր ու դաշնակահար, ունեցել է նաև հեղինակային համերգներ։ Էռնստ ֆոն Դոնանյին եղել է Նյու Յորքի նահանգի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ինչպես նաև Կոնսերտգեբաուի նվագախմբի (Ամստերդամ) հրավիրյալ դիրիժորը[8]։ 1928 թվականին տվել է իր 1,500-րդ համերգը[9]։

1928 թվականից դասավանդել է Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայում, 1934-1943 թվականներին եղել է նրա տնօրենը։ 1933 թվականին կազմակերպել է Ֆերենց Լիստի միջազգային դաշնամուրային մրցույթը[10][11]։ 1931-1944 թվականներին Դոնանյին եղել է Հունգարիայի ռադիոյի տնօրենը, 1943 թվականին հիմնադրել է Հունգարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը[12]։ Հրաժարվել է Միկլոշ Հորթիի ռեժիմի (1921-1939) հետ համագործակցելուց և քննադատել նրան ֆաշիզմի հետ կապեր ունենալու համար։ Զոլտան Կոդայի վկայությամբ նա ձերբակալությունից փրկել է հարյուրավոր հրեա երաժիշտների և օգնել նրանց արտագաղթելու։ 1944 թվականին, պայմանավորված որդու՝ Հանս ֆոն Դոնանյիի ձերբակալությամբ (նա ընդգրկված էր հուլիսի 20-ին Հիտլերի դեմ կազմակերպված դավադրության մեջ) և երաժշտական ակադեմիայից բոլոր հրեաներին վտարելու մտքին իր անհամաձայնությամբ, զրկվել է բոլոր պաշտոններից[8][10]։

1944 թվականի նոյեմբերի 24-ին Իլոնա Զախարի (հետագայում դարձել է նրա կինը) և նրա՝ նախկին ամուսնությունից երկու երեխաների հետ լքել է Հունգարիան։ Կարճ ժամանակ մնալով Վիեննայում՝ Դոնանյին հաստատվել է Նոյկիրխեն ամ Վալդեում (Վերին Ավստրիա)։ 1945 թվականի հուլիսին ամերիկյան ռազմական վարչակարգի կողմից հրավիրվել է դիրիժորության Լինցի՝ Բրուքների նվագախումբ։ 1945 թվականի Զալցբուրգի փառատոնին վարձահրավերով մասնակցելու առաջարկ է ստացել, սակայն այդ թվականին փառատոնը տեղափոխվել է օգոստոս ամիս քաղաքական դրդապատճառներով[13]։ 1945 թվականի հոկտեմբերի 1-ին BBC World Service ռադիոկայանի կողմից ռադիոհաղորդմամբ մեղադրվել է հունգարացի արտիստներին գեստապոյին հանձնելու մեջ[10]։ Չնայած Հունգարիայի արդարադատության նախարարը հաղորդել է, որ Էռնստ ֆոն Դոնանյին ռազմական հանցագործների ցանկում չէ, ամերիկյան ռազմական վարչակարգը նրան «հակառուսական միտումների» մեղադրանքներից չի արդարացրել[13]։ 1946 թվականին Հունգարիայի կառավարությունը նրան պաշտոնապես ընդգրկել է հանցագործների ցանկում Հունգարական սենատին անդամակցության մեղադրանքով և ամերիկյան վարչակարգից պահանջել է արտահանձնել նրան։ Նույն թվականին Դոնանյին իմացել է իր որդիների մահվան մասին[14]։ 1948 թվականին մեկնել է Արգենտինա։ 1949 թվականից ապրել է ԱՄՆ-ում և 1955 թվականին ստացել այդ երկրի քաղաքացիություն, որին նախորդել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա գործունեության մանրամասն ուսումնասիրությունը և հայտարարվել, որ երաժշտի դեմ մեղադրանքները անհիմն են[8][15]։ Նա նշանակվել է Ֆլորիդայի երաժշտական քոլեջի պրոֆեսոր[8]։

Մահացել է Նյու Յորքում, երբ ձայնագրում էր իր դաշնամուրային 2-րդ կոնցերտը Everest լեյբլի համար։

Դոնանյիին տարբեր տարիների աշակերտել են Գեզա Անդան, Աննի Ֆիշերը, Ռելդեշ Ֆոլդեշը, Բորիս Գոլդովսկին, Էդվարդ կիլենյին, Գեորգ Շոլթին, Լասլո Հալասաը, Դյորդ Ցիֆրան, Էռնյո Սեգեդին, Քրիստոֆ Դոնանյին (Էռնստ ֆոն Դոնանյիի թոռը), Բալինտ Վաժոնյին[8][9]։

Դոնանյին հայտնի է նաև դաշնամուրային տեխնիկայի զարգացման վարժությունների ժողովածուուվ՝ «Կարևորագույն վարժություններ մատների համար»։

ԸնտանիքԽմբագրել

Հայրը՝ Ֆրեդերիկ ֆոն Դոնանյին (գերմ.՝ Frederick von Dohnányi, հունգ.՝ Dohnányi Frigyes, 1843-1909), մաթեմատիկայի ու ֆիզիկայի պրոֆեսոր, դասավանդել է Թագավորական կաթոլիկ գիմնազիայում[16]։

Առաջին կինը՝ Էլիզաբեթ Կունվալդը, եղել է դաշնակահար։

  • Հանս (որդի, 1902-1945) - իրավաբան, հակաֆաշիստ, գլխատվել է Զակսենհաուզենում։
    • Քրիստոֆ (թոռ, ծնվ․՝ 1929) - դիրիժոր
    • Կլաուս (թոռ, ծնվ․՝ 1928) - քաղաքական գործիչ
  • Գրետա (դուստր, 1903-1992) - ամուսնացել է քիմիկոս Կառլ Ֆրիդրիխ Բոնհյոֆերի հետ։

Երկրորդ կինը՝ Էլզա Գալաֆրեն (1919-1949, 1910-1914 թվականներին ամուսնացած է եղել ջութակահար Բրոնիսլավ Գուբերմանի հետ), եղել է երգչուհի։

  • Մեթյու (որդի, 1917-1944/45) - հունգարական բանակի կապիտան։ Մահացել խորհրդային գերության մեջ տիֆից։

Երրորդ կին (1949 թվականից) - Իլոնա Զախար (հունգ.՝ Ilona Záchar, 1909-1988)[17][10]

ԱռողջությունԽմբագրել

1934 թվականին թրոմբոզ է ի հայտ եկել, որի պատճառով մի քանի ամիս գամվել է անկողնուն։ 1937 թվականին ինն ամենօրյա համրեգներից հետո երկու շաբաթով հոսպիտալացվել է Գարմիշ Պարտենկիրհենում։ 1940 թվականին հաջորդել է երկրորդ թրոմբոզը (դրա պատճառով հոսպիտալացվել է երեք ամսով), 1943 թվականին՝ երրորդը։ Հիվանդության «լավ հետևանքներն» են եղել ստեղծագործական հաջողությունները․ առաջին թրոմբոզի ժամանակ նա գրել է «Սեքստետ դո մաժորը», երկրորդի ժամանակ՝ «Cantus vitae» կանտատը, իսկ 1943 թվականին՝ «Suite en valse» ստեղծագործությունը[18]։

ՍտեղծագործությունԽմբագրել

Կատարողական արվեստում Դոնանյին մեծ ուշադրություն է հատկացրել հունգարացի կոմպոզիտորների՝ մասնավորապես Բելա Բարտոկի և Զոլտան Կոդայի քարոզչությանը։ Նա համարվել է Բեթհովենի, Բրամսի, Շուբերտի և Լիստի լավագույն ինտերպրիտատորներից։

Առաջին ստեղծագործությունը (Gebet, W001) գրել է յոթ տարեկան հասակում, նրա ստեղծագործության հրապարակային առաջին ելույթը (Մեսսա W149) կայացել է 1892 թվականի հունիսի 8-ին Պոժոնիի գիմնազիայի երգչախմբի (ղեկավարել է հայրը) ու նվագախմբի ջանքերով, իսկ Դոնանյին կատարել է երգեհոնի բաժինը[16]։ Նրա ստեղծագործություններում արտացոլվել են հունգարական ժողովրդական երաժշտության տարրեր, ինչը հատկապես ակնհայտ է «Գյուղական տոն Հունգարիայում» դաշնամուրային սյուիտում («Ruralia hungarica», op. 32, 1926, ստեղծագործության որոշ հատվածներ ավելի ուշ գործիքավորվել են նվագախմբի համար)։

Գրել է ինքնակենսագրական ստեղծագործություն՝ «Ուղերձ սերունդներին» («Message to Posterity», խմբագիր՝ Մ․ Պ․ Պարմենտեր Парментер, 1960)։

Հատընտիր գործերԽմբագրել

ՕպերաներԽմբագրել

  • Մորաքույր Սիմոնա (Tante Simons, կոմիկական, 1913), բեմադրվել է Դրեզդենում։
  • Առաջնորդի ամրոցը (A Vajda Tornya, 1922), բեմադրվել է Բուդապեշտի օպերային թատրոնում։
  • Տենոր (Der Tenor, 1929), Բեմադրվել է Բեռլինում։
  • Սրբազան կրակ (1934), բեմադրվել է Բուդապեշտի օպերային թատրոնում։

ԲալետներԽմբագրել

  • Պիերետայի ծածկոցը (Der Schleier der Pierrette, մնջախաղ, 1910), բեմադրվել է Դրեզդենում։
  • Կյանքի հինգ առավելություն (1943), բեմադրվել է ԱՄՆ-ում։
  • Բալետի պարուհու դիմանկարը (1952), բեմադրվել է ԱՄՆ-ում։

Սիմֆոնիկ գործերԽմբագրել

  • երեք սիմֆոնիա (1896, 1901, 1944),
  • Զրիյայի ուվերտյուրա (1896)

Համերգներ նվագախմբի հետԽմբագրել

  • երկուսը դաշնամուրի համար (1898, 1947)
  • Մանկական երգի թեմայով վարիացիաներ, Op. 25, դաշնամուրի և նվագախմբի համար (1914)
  • երկուսը ջութակի համար (1915, 1950)

Կամերային երաժշտությունԽմբագրել

  • սոնատ թավջութակի ու դաշնամուրի համար (1898)
  • լարային տրիո
  • երեք լարային կվարտետ
  • երկու դաշնամուրային կվինտետ
  • սեքստետ լարային, փողային գործիքների և դաշնամուրի համար

Դաշնամուրի համարԽմբագրել

  • ռապսոդիաներ, վարիացիաներ, պիեսներ

Ձայնի համարԽմբագրել

  • 3 երգչախմբի համար, կանտատա, մեսսա, Stabat Mater
  • ռոմանսներ, պիեսներ
  • ժողովրդական երգերի մշակումներ

Կոմպոզիտորի երաժշտության թեմաներով բեմադրություններԽմբագրել

1955 — «Բալլադ», բալետմայստեր Տատյանա Գզովսկայա, Բեռլինի բալետ (Արևմտյա Բեռլին)

ՍկավառակագրությունԽմբագրել

Էռնյո Դոնանյիի՝ որպես դաշնակահարի ու դիրիժորի ելույթների թվարկումը և նրա ստեղծագործությունների կատարումը այլ երաժիշտների կողմից ներկայացված է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի կայքում[19]։

Պարգևներ և ճանաչումԽմբագրել

  • Թագավորական երկրորդ մրցանակ (1897) Ֆա մաժոր սիմֆոնիայի համար
  • Թագավորական չորրորդ մրցանակ (1897) Զրինյայի ուվերտյուրայի համար
  • Bösendorfer ընկերության մրցանակ (1899) Դաշնամուրային առաջին կոնցերտի համար
  • Սեգեդայի համալսարանի պատվավոր դոկտոր (1922)
  • 50,000 պենգյո մրցանակ հունգարիայի կառավարության կողմից (1927)
  • Թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ (1928), Լոնդոն
  • 10,000 պենգյո մրցանակ Հունգարիայի կառավարության կողմից (1930) in dedicatione ecclesiae մեսսայի համար
  • Կորվինի շղթա (հունգ.՝  Magyar Corvin-lánc, 1931)
  • Պատվավոր լեգեոնի շքանշանակիր (1936)
  • Հունգարիայի սենատի վերին պալատի պատվավոր անդամ

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Դոնանյիի առաջին կոնցերտը կարող է կատարվել միայն ութ լիակատար օկտավա ունեցող դաշնամուրով (մասնավորապես՝ Imperial Bösendorfer ռոյալով)[20]։
  • 1897 թվականին Հունգարիայի 1,000-ամյակի պատվին Թագավորական մրցանակի դափնեկիրներին ընտրելու ժամանակ 1-ին մրցանակ չի հանձնվել, իսկ 2-րդ և 3-րդ մրցանակները հանձնվել է Էռնստ ֆոն Դոնանյիին, իսկ լարային սեքստետի համար նա միայն խրախուսական մրցանակ է ստացել, քանի որ ինչպես ասում են, կոմիտեն հրաժարվել է երեք մրցանակները նույն կոմպոզիտորին շնորհելուց[6]։
  • 1897 թվականին Էժեն դ’Ալբերը հինգ շաբաթ Դոնանյիի հետ պարապելուց հետո ասել է․ «Հիմա Դուք կարող եք ինքնուրույն շարունակել․ ես Ձեզ սովորեցրել եմ այն ամենը, ինչ կարող էի»[6]։

ՀիշատակԽմբագրել

1989 թվականին Էռնստ ֆոն Դոնանյիի անունն է կրում Բուդաֆոկի սիմֆոնիկ նվագախումբը (հիմնադրվել է 1970 թվականին որպես երիտասարդական նվագախումբ, 1993 թվականից պրոֆեսիոնալ նվագախումբ է)[21]։

Էռնստ Դոնանյիի կենսագրությունը անգլերենով հրատարակել է նրա այրին՝ Իլոնա Դոնանյին[17]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. Grymes J. A., 2001, էջեր 1-2
  6. 6,0 6,1 6,2 Grymes J. A., 2001, էջ 2
  7. Grymes J. A., 2001, էջ 3
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Remington site
  9. 9,0 9,1 Grymes J. A., 2001, էջ 6
  10. 10,0 10,1 10,2 10,3 Walker A., 2005
  11. Первый конкурс Ференца Листа выиграла Анни Фишер.
  12. Budapest Symphony Orchestra(անգլ.) Allmusic կայքում
  13. 13,0 13,1 Grymes J. A., 2001, էջ 8
  14. Hwang S. M. Stylistic Elements within the Texture and Formal Structure of Ernst von Dohnányi’s Four Rhapsodies, op. 11 : Diss. … Dr. of musical arts. — Univ. North Texas, 2010. — P. 3. — 35 p.
  15. Grymes J. A., 2001
  16. 16,0 16,1 Grymes J. A., 2001, էջ 1
  17. 17,0 17,1 Dohnányi I., 2002
  18. Grymes J. A., 2001, էջ 7
  19. Kiszely-Papp D.։ «A discography of Ernő Dohnányi’s compositions and performing artistry» (անգլերեն)։ Magyar Tudományos Akadémia։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-02-ին։ Վերցված է 2014-04-06 
  20. «Modell 290 Imperial — Das Flaggschiff» (գերմաներեն)։ Bösendorfer։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-16-ին։ Վերցված է 2014-04-06 
  21. «The Orchestra» (անգլերեն)։ Budafoki Dohnányi Zenekar։ Վերցված է 2014-04-06 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել