Էջմիածնի եկեղեցական ժողով (1547)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էջմիածնի եկեղեցական ժողով (այլ կիրառումներ)

Էջմիածնի եկեղեցական ժողով, գաղտնի խորհրդաժողով 1547 թվականին՝ Ստեփանոս Ե Սալմաստեցու գլխավորությամբ: Դրա նպատակն էր ուղիներ գտնել Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու համար։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, հաճախակի պատերազմները, գերեվարություններն ու արտագաղթերը հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։ Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներն ու այլ հոգևորականները փութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ։

Էջմիածինը Շարդենի փորագրությունում, 1670-ականներ

Հայաստանի ազատագրության խնդիրը քննարկելու համար կաթողիկոս Ստեփանոս Ե Սալմաստեցին Էջմիածնում խորհրդաժողովի է հրավիրել արևելահայ բարձրաստիճան հոգևորականությանը, տանուտերերին ու մելիքներին։ Ժողովն ընդունել է Վենետիկի դոժին ուղղված «Աղերսագիր տերանց Հայոց» փաստաթուղթը, որի հայերեն բնագիրը չի պահպանվել և հայտնի է միայն իտալերեն թարգմանությամբ։ Այդ թղթում հայ ազատագրական շարժման գործիչները, Վենետիկի Հանրապետությունը ներկայացնելով որպես «պաշտպան բովանդակ քրիստոնեության», ակնկալել են, որ նրանից պետք է սկսվի հայերի փրկությունն ու ազատագրումը։ Առանձին դիմումագրեր են ընդունվել՝ ուղղված Պողոս III պապին, որը պետք է գլխավորեր ու հովանավորեր հայերի, ինչպես նաև արևմտաեվրոպական մի քանի երկրների ազատագրության գործը։ Էջմիածնի ժողովը կաթողիկոսի գլխավորությամբ կազմել է պատվիրակություն, որի անդամներ են ընտրվել Զաքարիա եպիսկոպոսը, Դավիթ վարդապետը, Գրիգոր վարդապետ Վարագեցին և Լուսիկ սարկավագը։ 1547 թվականին պատվիրակությունը ժամանել է Կ.Պոլիս, հանդիպումներ ունեցել Կ. Պոլսի պատրիարքի հետ, իսկ 1548 թվականի աշնանը մեկնել է Վենետիկ։ Այստեղ պատվիրակությունը հանրապետության դոժին է ներկայացրել «Աղերսագիրը» և Հայաստանի ազատագրության հեռանկարների վերաբերյալ բանակցություններ վարել նրա հետ։

1549 թվականի գարնանը պատվիրակությունը ժամանել է Հռոմ, նրան է միացել Պետրոս Երեց Եթովպացին, որն էլ կաթողիկոսին ներկայացրել է Պողոս III պապին։ Պատվիրակությունը Հռոմում մնացել է շուրջ մեկ տարի, որի ընթացքում Ստեփանոս Ե Սալմաստեցին մի շարք բանակցություններ է վարել Պողոս III պապի, իսկ վերջինիս մահից հետո՝ նաև Հուլիոս III պապի հետ։ Քաղական բանակցություններին նախորդել է կաթողիկոսի հայտարարությունը իր ենթակա 27 եպիսկոպոսների անունից՝ պապին հնազանդվելու և Հայ եկեղեցին լատինականին ենթարկելու վերաբերյալ։ Սույն զոհողությունը նախապայման էր դիվանագիտական հետագա բանակցությունների համար և ազգքաղաքական նկատառումներով հանձնարարված էր Էջմիածնի ժողովի կողմից։ Բանակցությունների նման ընթացքով բավարարված՝ Հուլիոս III պապը 1550 թվականի ապրիլի 25-ին հանձնարարական նամակներով Ստեփանոս Ե Սալմաստեցուն ուղարկել է Հռոմեական սրբազան կայսր (Գերմանիա) Կառլոս V-ի և Ռեչ Պոսպոլիտայի (Լեհաստան) թագավոր Սիգիզմունդ II Օգոստոսի մոտ՝ բանակցությունները շարունակելու։ Սակայն Վիեննայում ու Վարշավայում ևս հայ-արևմտաեվրոպական բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png