Բացել գլխավոր ցանկը

Էպիլեպտիկ նոպայի առաջացումը կախված է երկու գործոնների համադրությունից՝ ցնցումային օջախի ակտիվությունից և գլխուղեղի ընդհանուր ցնցումային պատրաստակամությունից։ Երբեմն էպիլեպտիկ նոպային նախորդում է աուրան։ Աուրայի դրսևորումները տարատեսակ են և կախված են գլխուղեղի այն մասի տեղակայությունից, որի գործառնությունը խանգարված է (էպիլեպտիկ օջախի տեղակայությունից)։

Օրգանիզմի տարբեր վիճակներ կարող են հանդիսանալ էպիլեպտիկ նոպայի խթանիչ գործոններ։ Բացի դա, էպիլեպտիկ նոպա կարող է հրահրվել արտաքին միջավայրի տարբեր գործոնների ազդեցությունից։

Էպիլեպտիկ նոպաները միևնույն հիվանդի մոտ կարող են տարբեր լինել հիվանդության տարբեր փուլերում։ Դա կախված է էպիլեպտիկ օջախկի տեղադրությունից, պաթոլոգիական գործընթացի դինամիկայից, լրացուցիչ պաթոլոգիական ազդեցություններից, տարիքից և այլ գործոններից։

ՏեսակներԽմբագրել

Հանդիպում են ֆոկալ կամ պարցիալ (օջախային) էպիլեպտիկ նոպաներ, որոնց բնույթը պայմանավորված է էպիլեպտիկ օջախի լոկալիզացիայով։ Պարզ պարցիալ նոպաների ժամանակ գիտակցության խանգարում չի դիտվում, բնութագրվում են առանձին շարժողական, զգայաշարժողական (տեսողական, լսողական, հոտառական, համային զգայություններ, գլխապտույտ), վեգետատիվ (գունատություն, քրտնարտադրություն, դեմքի կարմրություն, բբերի լայնացում) կամ հոգեկան (բարձրագույն հոգեկան գործառույթների խանգարում՝ դեժա վու, կոգնիտիվ ՝ ժամանակի զգացման խանգարում, քնանման վիճակներ, աֆեկտիվ խանգարումներ՝ վախ, ջղայնություն, պատրանքներ, կառուցվածքային ցնորքներ՝ երաժշտություն, պատկերներ) ախտանիշներով, կամ դրանց համադրությամբ[1]։

2, 5 ամսականից 4 տարեկան երեխաների համար բնորոշ են «կայծակնային» նոպաները, որոնք ընթանում են դողի ու հանկարծակի ցնցումների, գլխի և իրանի համաչափ վեր ու վար շարժումների տեսքով, հայացքը կանգ է առնում, դեմքը գունատվում։ Չորս տարեկանից հետո ի հայտ են գալիս փոքր նոպաները, որոնք բնորոշվում են գիտակցության կարճատև՝ մի քանի վայրկյանից մի քանի րոպե տևող բացակայությամբ, որը չի ուղեկցվում ցնցումներով։ Շատ կարճատև նոպայի դեպքում հիվանդը չի ընկնում, այլ քարանում է մի դիրքում և դադարում է պատասխան ռեակցիա տալ շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին, հայացքը ուղղվում է մի կետի, առարկաները ընկնում են ձեռքերից[2]։ Փոքր նոպաները, որոնք տևում են վայրկյաններ, երեխաների մոտ կարող են լինել օրական տասնյակից հարյուր անգամներ։ Երբեմն դրանք աննկատ են անցնում ինչպես շրջապատի, այնպես էլ հիվանդների համար։

Բարդ պարցիալ նոպաները ուղեկցվում են գիտակցության խանգարմամբ։ Սրանք իրենց հերթին կարող են սկսվել որպես պարզ պարցիալ նոպաներ, ապա վերածվել բարդի կամ ուղղակի սկսվել գիտակցության խանգարումներով՝ կորստով կամ ավտոմատիզմներով։

Երկարատև փոքր կամ բարդ օջախային նոպայի դեպքում դեմքը արագորեն գունատվում է, մկանների տոնուսը անկում է ապրում, ինչի արդյունքում հիվանդը ընկնում կամ դանդաղորեն իջնում է գետնին, երբեմն նկատվում են դեմքի առնաձին մկանների թույլ ցնցումային կծկումներ, առատ թքարտադրություն և միզարձակում։

Պարցիալ նոպաներ սովորաբար առկա են բոլոր մեծահասակ հիվանդների մոտ, սակայն որպես կանոն դրանք տարիքի ընթացքում փոխարինվում են գեներալիզացված ցնցումային նոպաներով։ Երբեմն պարցիալ նոպաները վերաճում են գեներալիզացված նոպաների, որոնց ցուցանիշը գիտակցության կորուստն է, ի հակադրություն գիտակցության փոփոխությունների, որոնք առկա են բարդ պարցիալ նոպաների ժամանակ[3]։ Երկրորդային գեներալիզացված նոպաները, որոնց բնորոշ են նշանակալի վեգետատիվ դրսևորումներ, լինում են ցնցումային և առանց ցնցումների։ Գեներալիզացված նոպաների մի տարատեսակը աբսանսներն են։ Աբսանսները կարող են ընթանալ գիտակցության խանգարումով, կլոնիկ, ատոնիկ, տոնիկ բաղադրիչներով, ավտոմատիզմներով և/կամ վեգետատիվ ախտանիշներով։ Գեներալիզացված նոպաների մյուս տեսակներն են՝ միոկլոնիկ, կլոնիկ, տանիկ, տոնիկո-կլոնիկ և ատոնիկ նոպաները։

Գեներալիզացված նոպաները հաճախ սկսվում են աուրայից, որը իրենից ներակայցնում է գիտակցության կարճատև փոփոխություն, որը կարող է ուղեկցվել գույների և պատկերների ցնորական ընկալմամբ, պատրանքներով, մետամորֆոբսիաներով, լսողական ցնորքներով, վեգետատիվ ախտանիշներով՝ լեզվի թմրության, դեմքին քամու հպման զգայությամբ, վախով կամ էքստազով, բրադիխրոնիայով կամ տախիխրոնիայով[4]։ Աուրային սովորաբար հաջորդում է ոչ ամբողջական ամնեզիա։ Աուրային հաջորդող ցնցումները, սովորաբար սկսվում են հիվանդի ճիչով կամ մռնչոցով, որը կրծքի մկանների ուժգին կծկման արդյունքն է։ Հիվանդը, գիտակությունը կորցնելով, ընկնում է հատակին։ Ցնցումների տոնիկ փուլում, որը տևում է կես րոպեից մի րոպե, մարմնի մկանները ձգվում են, շնչառությունը սկզբում կանգ է առնում, ապա դառնում է խրպոտ և դժվարացած, զարկերակ թուլանում է, բերանից փռփուռ է դուրս գալիս՝ երբեմն արյան հետ խառնված։ Ապա սկսվում է նոպայի կլոնիկ փուլը որի ընթացքում մկանային լարվածությունը իջնում է, առանձին մկանային խմբերում, ապա ողջ իրանում և վերջույթներում սկսվում են կլոնիկ ցնցումներ, սկսվում է առատ քրտնարտադրություն, ակամա միզարձակում, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է։ Նոպայի ողջ ընթացքում (մոտ 5 րոպե տևողությամբ) գիտակցությունը մթագնած է (էպիլեպտիկ կոմա), ինչից հետո հիվանդը մինչև մի քանի ժամ տևող քուն է մտնում։ Արթնանալուց հետո հիվանդները հիմնականում գլխացավ և ընդհանուր «ջարդվածություն» են զգում, իսկ նոպայի մասին հիշողությունները չեն պահպանվում[4]։

Էպիլեպտիկ կարգավիճակը կայուն էպիլեպտիկ վիճակ է, որը բնութագրվում է անընդհատ կրկնվող նոպաներով, որոնք հաջորդում են մեկը մյուսին, ամեն հաջորդ նոպան առաջանում է այն ժամանակ, երբ դեռ պահպանված են նախորդի առաջացրած գիտակցության խանգարումները, և դրանց միջև եղած դադարների ընթացքում հիվանդը չի կարողանում լիովին հասնել իր նորմալ հոգեկան և նյարդաբանական վիճակին։ Էպիլեպտիկ կարգավիճակի ծագումնաբանական գործոնները բազմազան են։ Այն կարող է առաջանալ որպես էպիլեպսիայի բարդացում կամ լինել դրա սուր դրսևորումը։ Եթե կարգավիճակին նախորդող էպիլեպտիկ պարոքսիզմներ չկան, ապա դրա պատճառ կարող են հանդես գալ նեյրովարակները, գլխուղեղի նյութափոխանակության սուր խանգարումները, գանգուղեղային տրավման, ԿՆՀ-ի պրոգրեսիվող հիվանդությունները, թունավորումները[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Блейхер В.М., И.В. Курк, С.Н. Боков Практическая патопсихология - Ростов-н/Д., Феникс, 1996
  2. Алейникова Т.В. Возрастная психофизиология - Ростов-на-Дону, 2002
  3. 3,0 3,1 Абрамович Г.Б., Харитонов Р.А. Эпилептические психозы у детей и подростков - Л., Медицина, 1979
  4. 4,0 4,1 Любарт Т., Муширу К. Творческий процесс // Психология, 2005, Том 2, №4