Էմի Մերսի Չենի Բիչ (անգլ.՝ Amy Marcy Cheney Beach, սեպտեմբերի 5, 1867(1867-09-05)[1][2][3][…], Henniker, Մերիմակ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[3] - դեկտեմբերի 27, 1944(1944-12-27)[1][2][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի կոմպոզիտոր և դաշնակահար։ Առաջին հաջողակ ամերիկացի կին կոմպոզիտորն է համաշխարհային ակադեմիական երաժշտության ոլորտում։ Նրա Կելտական սիմֆոնիան (Gaelic Symphony), որն առաջին անգամ ներկայացվել է 1896 թվականին Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբում, առաջին սիմֆոնիան էր, որի հեղինակը ամերիկացի կին է։ Բիչն այն առաջին ամերիկյան կոմպոզիտորներից մեկն էր, ով հաջողության է հասել առանց եվրոպական դասընթացներ ստանալու և ամենահարգված և գնահատվածն է եղել իր ժամանակաշրջանի ամերիկացի կոմպոզիտորների շրջանում։ Որպես դաշնակահար գնահատվել է ԱՄՆ-ում և Գերմանիայում իր տված համերգներով, որտեղ ներկայացրել է իր սեփական երաժշտությունը։

Էմի Բիչ
Բնօրինակ անունանգլ.՝ Amy Beach
Ի ծնե անունանգլ.՝ Amy Marcy Cheney
Ծնվել էսեպտեմբերի 5, 1867(1867-09-05)[1][2][3][…]
Henniker, Մերիմակ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 27, 1944(1944-12-27)[1][2][5] (77 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
ԳերեզմանՖոռեսթ Հիլլ գերեզմանատուն[7]
Ժանրերօպերա
Մասնագիտությունդաշնակահարուհի և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԱմուսինHenry Harris Aubrey Beach?
Ստորագրություն
Ստորագրություն
 Amy Beach Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ և երաժշտական կրթություն խմբագրել

Էմի Մերսի Չենին ծնվել է 1867 սեպտեմբերի 5-ին, ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի Հենիքեր քաղաքում, Չարլզ Էբըթ Չենիի (Օրեն Բ. Չենիի ազգականը, ով Բեյթս քոլեջի համահիմնադիրն է եղել) և Քլարա Իմոջին Մերսի Չենիի ընտանիքում[8] : Բնատուր արտիստական ունակությունների հիմքը դրվել է ընտանիքում։ Քլարան հայտնի էր որպես «հրաշալի դաշնակահար և երգչուհի», իսկ Էմի Բիչը հրաշամանուկ լինելու բոլոր տվյալներն է ցուցաբերել։ Մեկ տարեկանում նա կարողացել է 40 երգ անթերի երգել։ Երկու տարեկանում կարողացել է կոնտր-մեղեդային (Counter-melody) իմպրովիզներ անել։ Երեք տարեկանում ինքնուրույն սովորել է կարդալ։ Չորս տարեկանում ստեղծել է 3 վալս դաշնամուրի համար Նյու Հեմփշիր նահանգի Հենիքեր քաղաքի արևմուտքում գտնվող իր պապիկի ֆերմայում ամառվա ընթացքում՝ չնայած դաշնամուրի բացակայությանը։ Նա մեղեդիները ստեղծել է մտքում և նվագել է դրանք, երբ տուն է վերադարձել։ Բիչը նաև կարողացել է նվագել լսողությամբ, ներառյալ 4 մասից բաղկացած հիմներ։ Ընտանիքն ամեն կերպ ձգտել է բավարարել նրա երաժշտական հետաքրքրություններն և պահանջները։ Էմիի մայրիկը երգել և նվագել է նրա համար, բայց երեխային արգելել է ընտանեկան դաշնամուրի վրա ինքնուրույն նվագել, քանզի համոզված էր, որ երեխայի ցանկություններին տրվելով կվնասի ծնողական հեղինակությանը։ Բիչն ինքն էր ընտրում, թե ինչ երաժշտություն հնչի տանը՝ բարկանալով, եթե դրանք իր ճաշակին չէին համապատասխանում։

Բիչը դաշնամուրի դասերը պաշտոնապես սկսել է 6 տարեկանում իր մայրիկի հետ։ Եվ շուտով հանրությանը ներկայացել է Հենդելի, Բեթհովենի և Շոպենի գործերով, ինչպես նաև իր սեփական գործերով։ Այդպիսի ելույթներից մեկի մասին գրել է «The Folio» գեղարվեստական ամսագիրը և մի քանի գործակալություններ համերգային շրջագայություններ են առաջարկել երիտասարդ դաշնակահարուհուն, ինչը նրա ծնողները մերժել են (Դա մի որոշում էր, որի համար Բիչը հետագայում երախտապարտ էր լինելու)։

1875 թվականին Չենիի ընտանիքը տեղափոխվել է Մասաչուսեթս նահանգ, Չելսի, Միստիկ գետի ափին՝ Բոստոնի հակառակ կողմում գտնվող մի արվարձան։ Այնտեղ նրանց խորհուրդ են տվել, որ Բիչը ցուցակագրվի եվրոպական կոնսերվատորիայում, բայց դրա փոխարեն ծնողներն ընտրել են մասնավոր ուսուցումը՝ որպես դաշնամուրի դասատու վարձելով սկզբում Էռնեստ Պերաբոյին և ավելի ուշ՝ Կառլ Բերմեն կրտսերին, ով ինքը՝ Ֆերենց Լիստի աշակերտն էր։

1881-1882 թվականներին 14-ամյա աղջիկը սովորել է նաև հարմոնիա և կոնտրապունկտ Ջունիոս Հիլլի հետ։ Սա կարող էր լինել կոմպոզիտորից ստացած նրա միակ պաշտոնական ուսուցումը, բայց «նա հավաքել էր բոլոր գրքերը, որտեղ կարող էր գտնել տեսության կոմպոզիցիայի և նվագախմբության վերաբերյալ․․․նա ինքնուրույն սովորում էր հարմոնիա, կոնտրապունկտ, ֆուգա», նույնիսկ թարգմանել է Գևարտի և Բեռլիոզի նվագախմբի համար գրված Ֆրանսիական տրակտատները, որոնք համարվում են «շատ կոմպոզիտորների Աստվածաշունչներն» անգլերենով։

Վաղ գործունեություն խմբագրել

Էմի Չենիի առաջին համերգային մեկնարկը տրվել է 1883 հոկտեմբերի 18-ին, երբ ընդամենը 16 տարեկան էր։ Բոստոնի համերգային սրահում տեղի ունեցած «Պարահանդեսային համերգում» (Promenade Concert), որը ղեկավարել է Ադոլֆ Նոյենդորֆը, Բիչը նվագել է Շոպենի «Մի բեմոլ մաժոր շուրջպարը» (Rondo in E-flat major), և եղել է Մոշելեց Իգնացի Թիվ 3 դաշնամուրային Սոլ մինոր կոնցերտի դաշնամուրային մենակատարը՝ համընդհանուր ընդունելության արժանանալով։ Ինչպես ասում է կենսագիր Ֆրայդ Բլոկը. «Առաջին ելույթի համար դժվար էր պատկերացնել ավելի դրական քննադական արձագանք», իսկ հանդիսատեսը «չափազանց ոգևորված էր»։ Իր գործունեության հաջորդ երկու տարիներին նա հանդես է եկել Բոստոնի «Չիքերինգ սրահում» (Chickering Hall): Նա զարդարել է Բոստոնի Սիմֆոնիկ նվագախմբի 1884-1885 թվականների եզրափակիչ համերգը։

Բիչը հետո հիշելու էր 1885 թվականին Մենդելսոնի կոնցերտից մի դրվագ, երբ դիրիժորը համերգի վերջին մասում դանդաղեցրել էր նվագախմբին՝ ցանկանալով դեռահաս մենակատարի գործը հեշտացնել։ Երբ Բիչը շարունակել է դաշնամուրի հատվածը նվագել, դիրիժորն, այնուամենայնիվ, ստիպված է եղել նվագել սահմանված տեմպով․ «Ես չգիտեի, որ նա խնայում է ինձ, բայց ես գիտեի, որ տեմպը ձգձգվել էր, և ես նվագախմբին ներքաշեցի ժամանակի մեջ»։

Ամուսնություն խմբագրել

Բիչն ամուսնացել է 1885 թվականին բժիշկ Հենրի Հարրիս Օբրի Բիչի հետ (1843-1910), ով 24 տարեկան վիրաբույժ էր Բոստոնում, իսկ Էմին այդ ժամանակ 18 տարեկան էր[9][10][11]։ Ամուսնությունից հետո Էմին համերգային ծրագրերում և հրատարակված ստեղծագործություններում սկսել է հաճախ ներկայացվել որպես «Տիկին Հ. Հ. Ա. Բիչ»[12]։ Ամուսնանալով՝ նա պատրաստ էր «ապրել իր կարգավիճակին համապատասխան, այն է՝ հանդես գալ որպես ամուսնացած կին և արվեստի հովանավոր։ Բիչը համաձայնել էր երբեք չդասավանդել դաշնամուր, որը շատ էր ասոցացվում կանանց հետ» և համարվում էր «գումար վաստակելու» աղբյուր։ Իսկ ավելի ուշ, նա համաձայնվելու էր, որ տարվա մեջ ունենա ընդամենը 2 մենահամերգ, և այդ շահույթը նվիրաբերի բարեգործությանը։ Այդպիսով, նա հիմնականում իրեն նվիրել է ստեղծագործելուն, քան ներկայացնելուն, չնայած գրել է. «Ես կարծում եմ՝ ես գլխավորապես դաշնակահար եմ»։ Դոկտոր Բիչի համար կարևոր է եղել նաև Բիչի ինքնակրթվելը, ով անընդունելի էր համարում, որ իր կինը սովորի ուսուցչի մոտ։ Սրանք այդ ժամանակվա միջին և բարձր դասի կանանց ուղղված բնորոշ արգելքներ էին։ Ինչպես բացատրվել է նրա եվրոպացի գործընկեր Ֆաննի Մենդլսոնին. «երաժշտությունը հավանաբար կդառնա նրա [Ֆաննիի եղբոր՝ Ֆելիքս Մենդելսոնի] մասնագիտությունը, մինչդեռ ձեզ [Բիչի և Ֆաննիի] համար այն կարող է և պետք է լինի որպես զարդարանք»։

Ճանաչում խմբագրել

Էմի Բիչին մեծ հաջողություն է բերել «Պատարագ Մի բեմոլ մաժոր» (Mass in E-flat) ստեղծագործությունը, որը կատարել է 1892 թվականին «Հենդլ և Հայդն կազմակերպություն» նվագախումբը, որը 1815 թվականի իր հիմնադրումից ի վեր երբևէ չէր կատարել կնոջ հեղինակած ստեղծագործություն[13]։ Մամուլի երաժշտական քննադատները դրական են արձագանքել՝ հայտարարելով Բիչին որպես ամերիկյան նշանավոր կոմպոզիտորներից մեկը՝ նրա երաժշտությունը համեմատելով Չերուբինի և Բախի պատարագների հետ։

Դրան հաջորդել է երաժշտության պատմության մեջ մի կարևոր իրադարձություն. 1896 թվականի հոկտեմբերի 30-ին Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթում բացառիկ հաջողությամբ կայացել է նրա «Կելտական սիմֆոնիայի» պրեմիերան, չնայած որ քննադատները ծայրահեղությունների մեջ ընկնելով՝ փորձել են դրանք կապել կոմպոզիտորի ստեղծագործության հետ։ Կոմպոզիտոր Ջորջ Ուայթֆիլդ Չադվիկը (1854-1931) Բիչին գրել է, որ ինքը և իր գործընկեր Հորացիո Փարքերը (1863-1919) ներկա են եղել և վայելել են «Կելտական սիմֆոնիայի» պրեմիերան. «ինքս միշտ հպարտություն են զգում, երբ լսում եմ մեզնից որևէ մեկի հիանալի աշխատանքը, և, հետևաբար, պետք է հաշվի առնեք՝ Ձեզ դուր է գալիս [հավանում եք], թե ոչ՝ մեր տղաներից մեկն եք»։ Այս «տղաները» ոչ պաշտոնապես հայտնի էին որպես «Երկրորդ Նոր Անգլիական դպրոցի» կոմպոզիտորներ, որում ընդգրկված էին ոչ միայն Չադվիկը և Փարքերը, այլ նաև Ջոն Նոուլզ Փեյնը (1839-1926), Արթուր Ֆութը (1853-1937) և Էդուարդ Մաք Դաուելը (1860-1908)։ Բիչին այդ խմբի մեջ ներառելուց հետո խումբը հայտնի է դարձել որպես «Բոստոնյան վեցնյակ», որոնցից Բիչն ամենաերիտասարդն էր։

1900 թվականին Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ ներկայացրել է Բիչի «Դաշնամուրային կոնցերտը», որտեղ կոմպոզիտորը հանդես է եկել որպես մենակատար[28]: Տեսակետ կա, որ այս ստեղծագործությունն արտահայտում է իր երաժշտական կյանքի վրա մոր և ամուսնու հսկողության նկատմամաբ Բիչի բողոքը[29]:

Կամերային երաժշտություն խմբագրել

Բոստոնի առաջատար ջութակահար Ֆրանս Քնայզելը, որը 20 տարեկանում աշխատանքի էր անցել Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Վիլհելմ Գերիկեի մոտ, որպես նվագախմբի կոնցերտմայստեր, Բոստոն ժամանելուց հետո, Բոստոնի սիմֆոնիկի երեք այլ լարային նվագողների հետ ստեղծել է «Քնայզել» լարային քառյակը։ 1894 թվականին Բիչը միացել է քառյակին՝ ներկայացնելով Ռոբերտ Շումանի «Դաշնամուրային կվինտետը»։

1897 թվականի հունվարին տեղի է ունեցել 1896 թվականի գարնանը ստեղծված Բիչի «Դաշնամուրի և ջութակի սոնատի» պրեմիերան, որը կատարել է Ֆրանց Քնայզելի հետ միասին։ Ստեղծագործությունը Նյու Յորքում հանդիպել է սուր քննադատության, բայց Եվրոպայում ավելի լավ է ընդունվել։ 1899 թվականի հոկտեմբերին կոմպոզիտոր և դաշնակահարուհի Թերեզա Կարենյոն կատարել է ստեղծագործությունը ջութակահար Կառլ Հալիրի հետ Բեռլինում և Բիչին գրել է․

  Վստահեցնում եմ Ձեզ, որ ես կյանքում երբեք ավելի մեծ հաճույք չեմ ստացել, քան այն, ինչ ունեցա ձեր գեղեցիկ սոնատի վրա աշխատելիս և այն գերմանական հասարակությանը ներկայացնելիս... իրոք, որոշ հաջողությունների հասա, և դա արտացոլվել է հասարակության արձագանքով։  

1900 թվականին «Քնայզել» քառյակի հետ Բիչը կատարել է Բրամսի Դաշնամուրային և լարային կվինտետը։ 1905 թվականին Բիչը գրել է նաև իր սեփական «Ֆա-դիեզ մինոր դաշնամուրային և լարային կվինտետը»։ Նա իր կյանքի ընթացքում ունեցել է ավելի քան քառասուն ելույթ տասնյակ քաղաքներում, ռադիոյով և լարային քառյակներով։ Այդ կատարումների մեծ մասը Բիչը նվագել է դաշնամուրի վրա, հատկապես 1916 և 1917 թվականներին «Քնայզել» քառյակի հետ երկարատև շրջագայության ընթացքում։ Քառյակի համար սա եղել է 33-րդ և վերջին մրցաշրջանը։ Բիչը նրանց հետ կատարել է իր «Կվինտետը» - ը Բոստոնում, Բրուքլինում, Չիկագոյում և Ֆիլադելֆիայում։

«Բալկանյան թեմաներով վարիացիաները» Բիչի դաշնամուրային մենակատարումների «ամենաերկար ու ամենակարևոր» աշխատանքն է եղել։ Դա ստեղծվել է 1904 թվականին։ Վարիացիաները Բալկանյան ապստամբությունների արձագանքն է եղել, որն ուղղված էր այն ժամանակ իշխող Օսմանյան կայսրության դեմ։

Այրիության տարիներ Եվրոպայում խմբագրել

Էմի Բիչի ամուսինը մահացել է 1910 թվականի հունիսին (զույգը երեխա չուներ), իսկ մայրը` 7 ամիս անց։ Հայրը՝ Չարլզ Չեյնին, մահացել է 1895 թվականին։ Տևական ժամանակ Բիչը աշխատելու ուժ չի ունեցել, և մեկնել է Եվրոպա ապաքինվելու հույսով։ Եվրոպայում փոխել է անունը՝ դառնալով՝ Էմի Բիչ։ Նա ճանապարհորդել է ամերիկացի սոպրանո և Բեռլինի թագավորական օպերայի պրիմադոննա Մարսելա Քրաֆթի հետ։ Բիչը Եվրոպայում առաջին տարին ամբողջովին տրամադրել է հանգստին։ 1912 թվականից սկսել է համերգներ տալ։ Եվրոպական առաջին համերգը տեղի է ունեցել 1912 թվականի հոկտեմբերին Դրեզդենում։ Որտեղ կատարել է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը» ջութակահար Դոկտոր Բլյուի (Dr. Bülau) հետ։ 1913 թվականի հունվարին Մյունխենում կրկին համերգ է տվել իր ջութակի սոնատով, այս անգամ 3 երգերով, որոնցից 2-ը իրենն էին, մեկը՝ Բրամսինը, ինչպես նաև Բախի, Բեթհովենի և Բրամսի սոլո դաշնամուրային կատարումներով։ Քննադատներից երկուսը բացասաբար են արձագանքել՝ անվանելով Բիչի երգը «անճաշակ», բայց Բիչը չի հուսահատվել, քանի որ «հանդիսատեսը շատ էր և ոգևորված»։ Ավելի ուշ՝ հունվարին, կրկին Մյունխենում նա ներկայացրել է իր «Դաշնամուրային կվինտետը», քննադատներից մեկը գովել է՝ նշելով, որ այնքան ստեղծագործությունը դուր չի եկել, որքան կատարումը։ Հաջորդ համերգը Բրեսլաուում էր, ծրագրում Բիչի ստեղծագործություններից երեքն էին՝ ավելի քիչ, քան Մյունխենում։

1913 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Բիչը հանդես է եկել դաշնամուրային սոլո համերգներով Լայպցիգի, Համբուրգի և Բեռլինի նվագախմբերի հետ։ Նրա «Կելտական սիմֆոնիան» նույնպես կատարվել է Համբուրգում և Լայպցիգում։ Համբուրգյան քննադատը գրել է. «Մեր առջև անկասկած երաժշտական բարձրագույն ձիրք է, անկոտրում կամք, երաժշտական տաղանդ»։ Նրան ճանաչել են որպես առաջին ամերիկացի կին, ով կարողացել է ստեղծել եվրոպական բարձրաճաշակ երաժշտություն։

Վերադարձ Ամերիկա և հետագա կյանք խմբագրել

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց մի փոքր անց, Բիչը վերադարձել է Ամերիկա։ Բիչը և Քրաֆտը գերմանամետ հայտարարություններ են արել ամերիկյան լրատվամիջոցներին, բայց Բիչը նշել է, որ իր համակրանքն ուղղված է երաժշտությանը, ոչ թե ռազմատենչ Գերմանիային։ Մի քանի երաժշտական ձեռագրեր, որոնք նա գրել էր Եվրոպայում, տվել է Քրաֆթին, որ իր հետ տանի ԱՄՆ։ Բիչը հետաձգել է թռիչքը մինչև 1914 թվականի սեպտեմբերը, Բելգիայի սահմանին առգրավվել է նրա ձեռագրերի պայուսակը, որը կարողացել է հետ վերադարձնել միայն 1929 թվականին։

1915 թվականին Սան Ֆրանցիսկոյում նշվել է Պանամա-Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսի, Պանամա ջրանցքի բացման և 1906 թվականի երկրաշարժից ու հրդեհից հետո քաղաքի վերականգնման տարեդարձը։ Էմի Բիչին շատ էին արժևորում հաճախ տրվող համերգներով և 1915 թվականին պատվիրել են «Պանամա հիմնը» (Panama Hymn) այդ առիթի համար[11]։

1915 թվականին և կրկին 1916 թվականին Բիչն այցելել է իր հորաքույր Ֆրանկին և զարմուհի Էթելին Սան Ֆրանցիսկոյում, ովքեր այդ ժամանակ նրա միակ հարազատներն էին։ 1916 թվականի օգոստոսի 6-ին նրանք միասին հեռացել են Սան Ֆրանցիսկոյից։ Ֆրանկի 50-ամյա ամուսնական համատեղ կյանքը անհայտ պատճառներով փլուզվել էր։ Երեք կանայք բնակություն են հաստատել Նյու Հեմշայերի Հիլս Բորոյում, որտեղ Ֆրանկի և Բիչի մայրերն էին ծնվել։ Լայմն Քլեմենթը՝ Ֆրանկի ամուսինը, 1917 թվականից մինչև մահը՝ 1921 թվականը մնացել է Կալիֆորնիայի Վետերանների տանը։ 1916 թվականից հետո Հիլս Բորոն «Բիչի պաշտոնական նստավայրն էր, այստեղից է նա մասնակցել նախագահական ընտրություններին»։ 1918 թվականին Էթելը հիվանդացել է, և Բիչը զբաղվել է նրա խնամքով, քանի որ Ֆրանկը 75 տարեկան էր և «հազիվ թե» կարողանար խնամել։

Բացի համերգային շրջագայություններից և մինչ Էթելի հիվանդությունն ու մահը (1920 թվականին), Բիչը նաև որոշ ժամանակ եղել է Նյու-Յորքում։ Մարդիկ կարծել են, որ նա Հ. Հ. Ա.-ի դուստրն է։ Նա վերսկսել է օգտագործել այս ամուսնական անունը, բայց գրքույկների և ստեղծագործությունների վրա օգտագործել է Էմի Բիչ մակագրությունը։ Մի քանի տարի նա ստեղծագործել է Մասաչուսեթս նահանգի Սենսերվիլ գյուղի իր տանը։

Բիչը շարունակելով եկամուտներ ստանալ իր՝ 1914-1921 թվականներին հրատարակված Արթուր Պ. Շմիդտի ստեղծագործություններից, գրել է նոր ստեղծագործություններ, որոնք հրատարակել է Գ. Շիրմեր ընկերությունը։ Սենսերվիլի տունը կառուցվել է հինգ ակր (4047 քմ) տարածքում, որը Բիչը գնել է 1892 թվականի, իր ամենահաջողված երգի՝ «Էքստազի» հոնորարներով։

1921 թվականից Բիչն ամառվա մի մասն անցկացրել է Փիթերբորո գաղութում (Նյու Հեմփշիր), որտեղ ստեղծել է մի քանի գործեր և հանդիպել այլ կին կոմպոզիտորների, այդ թվում՝ Էմիլի Ֆրենսիս Բաուերի, Մարիոն Բաուերի, Մաբել Ուիլեր Դանիելսի, Չարլզ Դիլոնի և Էթել Հայերի հետ, որոնց հետ ընկերացել է Բիչը, բայց կային «սեռային ու տարիքային տարակարծություններ», և նրանք կարծում էին, որ Բիչի երաժշտությունն այլևս նորաձև չէ։

1924 թվականին Բիչը վաճառել է Բոստոնի իր առանձնատունը, որը ժառանգել էր ամուսնուց։ 1920 թվականին նրա հորաքույր Ֆրանկն ավելի է թուլացել, դարձել թուլամիտ, մահացել է 1925 թվականին նոյեմբերին՝ թողնելով Բիչին առանց հարազատների։

1930 թվականի աշնանը Բիչը վարձել է մեկսենյականոց բնակարան Նյու Յորքում։ Այստեղ նա դարձել է վիրտուալ կոմպոզիտոր Մանհեթնի Սուրբ Բարդուղիմեոս եպիսկոպոսական եկեղեցում։ Բիչի երաժշտությունը նախորդ 20 տարիներին եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ ներկայացվել է Հ. Հ. Ա. Բիչ ստորագրությամբ, իսկ «Տիկին»-ը ավելացվել է միայն 1931 թվականից։

Բիչը, օգտագործելով ամերիկացի լավագույն կոմպոզիտորի իր կարգավիճակը, նպաստել է երիտասարդ երաժիշտների կարիերայի զարգացմանը։ Չնայած երաժշտության մասնավոր դասեր չտալու ամուսնական խոստմանը՝ այնուամենայնիվ 20-րդ դարի սկզբին աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ։ Նա Մասաչուսեթսի Նոր Անգլիայի երաժշտական կոնսերվատորիայի խորհրդականների խորհրդի նախագահն էր։ Աշխատել է կրթել և հետադարձ կապ ունենալ մի շարք երիտասարդ կոմպոզիտորների, երաժիշտների և ուսանողների հետ։ Հաշվի առնելով կարգավիճակը և աջակցությունը երաժշտական կրթությանը՝ Բիչը մեծ պահանջարկ է ունեցել որպես խոսնակ և կատարող տարբեր կրթական հաստատություններում և ակումբներում, ինչպիսիք են Նյու Հեմփշիրի համալսարանը, որտեղ 1928 թվականին ստացել է պատվավոր մագիստրոսի կոչում։

Բիչը ղեկավարել է նաև մի քանի երաժշտական կրթության և կանանց կազմակերպություններ, այդ թվում Ամերիկյան կին կոմպոզիտորների միությունը որպես դրա առաջին նախագահ։

1928 թվականից մինչև 1929 թվականի ձմեռն ու գարունը Բիչն անցկացրել է Հռոմում։ Նա համարյա ամեն օր ներկա է եղել է համերգների, այդ թվում Օտտորինո Ռեսպիգի համերգին, որի մասին դրվատանքով է արտահայտվել։ 1929 թվականի մարտին համերգ է տվել Հռոմի Ամերիկյան հիվանդանոցին օգնելու համար՝ ստեղծելով «Մի տարի գարնանը» երգը և հավաքել մեծ գումար։ Բիչը, ինչպես Հռոմում գտնվող իր ընկերները, կարճ ժամանակ անց դարձել է իտալացի բռնապետ Մուսոլինիի երկրպագուն։ Նա վերադարձել է Միացյալ Նահանգներ երկշաբաթյա կանգառ ունենալով Լայպցիգում, որտեղ հանդիպել է իր վաղեմի ընկերուհուն՝ երգչուհի Մարսելա Քրաֆթին։

Սրտի հետ կապված խնդիրները ստիպել են Բիչին 1940 թվականին թոշակի անցնել։ Նա մահացել է Նյու Յորք սիթիում 1944 թվականին։ Թաղված է իր ամուսնու կողքին Ջամայկա Փլեյն գերեզմանատանը, որը Բոստոնի (Մասաչուսեթս) մոտ է գտնվում։

Երաժշտական ստեղծագործություններ խմբագրել

Էմի Բիչը միակ կին անդամն է եղել «Երկրորդ Նոր անգլիական դպրոցի» կամ «Բոստոնյան վեցնյակի», և դասվել է այնպիսի կոմպոզիտորների շարքում, ինչպիսիք են՝ Ջոն Փեյնը, Արթուր Ֆութը, Ջորջ Չեդվիքը, Էդուարդ Մաք Դաուելը, Ջորջ Ուայթինգը և Փարքերը։ Նրա գրածները հիմնականում ռոմանտիզմի ոգով են, որոնք հաճախ համեմատվել են Բրամսի կամ Ռախմանինովի ստեղծագործությունների հետ։ Ավելի ուշ աշխատանքներում փորձել է կիրառել մի շարք եռաձայն տոներ, էկզոտիկ ներդաշնակություններ և տեխնիկաներ։

Բիչի ստեղծագործությունը ներառում է մեկ օպերա՝ Cabildo, և շատ այլ աշխատանքներ։

Սիմֆոնիկ ստեղծագործություններ խմբագրել

Բիչը գրել է «Կելտական սիմֆոնիա» (1896) և «Դաշնամուրի կոնցերտը Դո-դիեզ մինոր»։ Մեկ այլ նվագախմբային ստեղծագործություն՝ «Bal masque»- ն, ունի սոլո դաշնամուրային տարբերակ։ Եվս երկուսը՝ «Eilende Wolken» և «Հեփթայեի դուստրը» պիեսները նվագախմբի երգային ստեղծագործություններ են։

Խմբերգային ստեղծագործություններ խմբագրել

Հոգևոր երգչախմբային երաժշտությունը Բիչի ստեղծագործությունների շարքում հիմնականում նախատեսված են 4 ձայների և երգեհոնի համար, մի քանիսը ձայնի և նվագախմբի համար են, երկուսը՝ «Պատարագ Մի բեմոլ մաժոր»-ում (1892) և «Հիմն Արեգակին» ( Ֆրանցիսկ Ասսիզեցու) առաջին անգամ կատարվել են Նյու Յորքի Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում։ «Te Deum» աշխատանքը առաջին անգամ երգեհոնով կատարվել է տղամարդկանց և տղաների երգչախումբը Բոստոնի Էմանուել Եպիսկոպոսական եկեղեցում։ 1998 թվականին Վաշինգտոնի Կապիտոլյումի երգչախմբային ընկերությունը ձայնագրել է Էմի Բիչի «Հիմն Արեգակին», «Հաղորդության արձագաքներ» (Communion Responses) և այլ գործեր՝ Բետտի Բուչենանի ղեկավարությամբ, որն էլ հիմնադրել է ընկերությունը 1983 թվականին։

Գոյություն ունեն տասնյակ աշխարհիկ երգչախմբային ստեղծագործություններ, նվագախմբի, դաշնամուրի կամ երգեհոնի ուղեկցությամբ։

Հրատարակիչ Արթուր Պ. Շմիդտը մի անգամ բողոքել է Բիչին, որ իր «երգչախմբային կտորները գործնականում վաճառք չունեն»։

Կամերային երաժշտություն խմբագրել

Բիչի կամերային երաժշտական ստեղծագործությունները ներառում են ջութակի և դաշնամուրի սոնատ, ռոմանսներ և երեք այլ երգեր ջութակի և դաշնամուրի համար, դաշնամուրային տրիո, լարային կվարտետ և դաշնամուրային կվինտետ։

Դաշնամուրային մենանվագներ խմբագրել

Մի շարք այսպիսի աշխատանքներից է « Վարիացիաներ Բալկանյան թեմաներով»։ Շատ մասեր սոլո դաշնամուրային գործերից ձայնագրվել են դաշնակահար Քրիսթն Ջոնսոնի, Ջոան Փոլկի և Վիրջինիա Էսկինի կողմից։

Երգեր խմբագրել

Բիչը շատ հայտնի է նաև իր երգերով, որոնք մոտ 150-ն են։ Թերևս ամենահայտի գործը «Մի տարի գարնանը» ստեղծագործությունն է։ Չնայած նրա կենդանության օրոք երգերի հայտնիությանը, մահից հետո ոչ մի սինգլ չկա։

1890-ական թվականների սկզբին Բիչն սկսեց հետաքրքրվել ժողովրդական երգերով։ Այդ մտքերով նա կիսվել է իր գործընկերների հետ, և այն շուտով դարձել է առաջին ազգայնական շարժումը ամերիկյան երաժշտության մեջ։ Բիչի ներդրումները ներառել են շուրջ երեսուն երգեր, որոնք ոգեշնչված են ժողովրդական երգերով՝ ներառյալ շոտլանդական, իռլանդական, բալկանյան, աֆրոամերիկյան և բնիկ ամերիկյան[14]։

Գրական գործունեություն խմբագրել

Բիչը երաժշտական գիտակ էր, լավագույն հեղինակը ամսագրերի, թերթերի մամուլի այլ տեսակներրի համար։ Նա խորհուրդներ է տվել երիտասարդ երաժիշտներին և կոմպոզիտորներին, հատկապես կին կոմպոզիտորներին։ Կարիերայից մինչև դաշնամուրային տեխնիկային վերաբերող իր տեսակետները Բիչն արտահայտել է հոդվածներում, ինչպիսիք են «Աղջիկը, որ սիրում էր ստեղծագործել», «Երաժշտության մեջ հույզն ընդդեմ մտքի»։ 1915 թվականին նա գրել է «Երաժշտության տասը պատվիրաններ»-ը երիտասարդ կոմպոզիտորների համար, որոնք արտահայտել են նրա դասավանդման սկզբունքները։

Վերածնունդ և ընդունելություն 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին խմբագրել

Էմի Բիչը, չնայած իր կյանքի ընթացքում ունեցած համբավին և ճանաչմանը, մահից հետո (1944 թվական) հիմնականում անտեսվել է մինչև 20-րդ դարի վերջ։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հաջողվել է վերակենդանացնել հետաքրքրությունը նրա անձի և գործի նկատմամբ։

Կելտական սիմֆոնիա խմբագրել

Էմի Բիչի «Կելտական սիմֆոնիան» գովեստի է արժանացել ժամանակակից քննադատների կողմից, ինչպիսիք են Էնդրյու Ախենբախը «Gramophone» ամսագրից, որը 2003 թվականին բարձր է գնահատել աշխատանքը. «մեծ սրտի, անդիմադրելի հմայքի և վստահ առաջընթացի համար»[15]։ 2016 թվականին Ջոնաթան Բլումհոֆերը The Arts Fuse առցանց ամսագրում գրել է.

  Ինձ համար սա անխոս ամենալավ սիմֆոնիան է ամերիկացի կոմպոզիտոր Չարլզ Այվզից առաջ և, ընդհանուր առմամբ, ավելի լավ, քան իրեն հաջորդած շատերը։ Եվ ամենահետաքրքիր սիմֆոնիան է՝ գրված ամերիկացի կնոջ կողմից Առաջին աշխարհամարտից առաջ։ Նրա ղեկավարման գործիքակազմը ամբողջ սիմֆոնիայում գերազանց և գունեղ է։ բովանդակությամբ ու ձևով հավասարակշռված է, մինչդեռ նրա ժամանակակիցները՝ Ջորջ Ուայթֆիլդ Չադվիկը, Ջոն Նոուլզ Փեյնը և Հորացիո Փարքերը հաճախ ձախողվում էին։ Բիչի սիմֆոնիայի վրա չեն կարող ստվեր նետել Ատլանտյան օվկիանոսից այն կողմ գտնվող Բրամսի և Բեթհովենի ստեղծագործությունները[16]։  

Կոնցերտ դաշնամուրի համար խմբագրել

Էմի Բիչի «Կոնցերտ դաշնամուրի համար» ստեղծագործությունը ժամանակակից քննադատների կողմից գնահատվել է որպես գլուխգործոց։ 1994 թվականին «The Baltimore Sun» թերթում Ֆիլ Գրինֆիլդը գրել է. «գունագեղ, խիզախ աշխատանք, որը կարող է չափազանց տարածում գտնել, եթե մեծաքանակ մարդիկ հնարավորություն ունենան այն լսել»։ 2000 թվականին «San Francisco Chronicle» օրաթերթում Ջոշուա Կոսմանը նույնպես բարձր է գնահատել ստեղծագործությունը՝ գրելով.

  Դրա չորս շարժումները հագեցած են դրվագներով՝ գեղեցիկ ձևավորված մեղեդիներ (դրանցից մի քանիսը վերցված են նրա երգերից), ուղիղ, ռիթմիկ կաղապար, աշխույժ և երբեմն մրցակցային խաղ մենակատարի և նվագախմբի միջև։ Դաշնամուրի հատվածը նույնքան շքեղ ու պահանջկոտ է, որքան վիրտուոզ նվագարանն է պահանջում, բայց այն նաև ունի դառնության մի տարր՝ պարտադրանքի զգացողություն, որը կարծես ստվերում է նույնիսկ ստեղծագործության ամենաէքստրավերտ հատվածները[17]։  

«Gramophone» ամսագրում Էնդրյու Ախենբախը նույնպես անվանել է «հավակնոտ» և «բացառիկ տպավորիչ»... բոլոր առումներով արժանի նվաճում՝ լի փայլուն իդիոմատիկ մենակատարային հատվածներով[15]։

Հարգանքի տուրք և հուշարձաններ խմբագրել

1994 թվականին Բոստոնի կանանց ժառանգության ծառուղին բրոնզե հուշատախտակ է տեղադրել Բոստոնում գտնվող Բիչի բնակության հասցեում, իսկ 1995 թվականին Բիչի գերեզմանը օծվել է «Forest Hills» գերեզմանատանը։ 1999 թվականին նրան ընդգրկել են Օհայո նահանգի Ցինցինատ քաղաքի «Փառքի սրահ և Ամերիկյան դասական երաժշտության» թանգարանում։ 2000 թվականին «Boston Pops» ը հարգանքի տուրք է մատուցել` ավելացրել են նրա անունը` որպես առաջին կին, այլ 87 կոմպոզիտորների հետ Բոստոնի «Hatch Shell»-ի գրանիտե պատին[18]։

Բիչի 150-ամյակի պատվին, Բոստոն քաղաքի քաղաքապետ Մարտի Ուոլշը 2017-ի սեպտեմբերի 5-ը հայտարարեց «Էմի Բիչի օր»։ Նաև հիշատակելով Բիչի ծննդյան հարյուրամյակը՝ «Նյու Յորք Թայմս»-ը հրապարակել է Ուիլյամ Ռոբինի հոդվածը. «Էմի Բիչը՝ ամերիկյան ռահվիրա կոմպոզիտոր, դառնում է 150 տարեկան»[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Mrs._H._H._A._Beach
  4. LIBRIS — 2012.
  5. 5,0 5,1 5,2 Երաժշտություն (ֆր.)
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118968157 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Find A Grave — 1996.
  8. Nashua Telegraph Newspaper Archives փետրվարի 7, 1977 էջ 20
  9. Henry Harris Aubrey Beach Song of America. Song of America; Site by Lenny’s Studio. Retrieved նոյեմբերի 18, 2019
  10. Biographical History of Massachusetts
  11. 11,0 11,1 Composed «Panama Hymn» հունվարի 7, 1945, էջ 17
  12. WOMEN OF HISTORIC NOTE մարտի 9, 1997
  13. Handel and Haydn Society Celebrates 200 Years Նյու Յորք Թայմս, սեպտեմբերի 5 2017
  14. Amy Beach's Music on Native American Themes, American Music հատ. 8, թիվ 2 (ամառ 1990), էջ 141–66
  15. 15,0 15,1 Beach Piano concerto, Symphony No 2 հունվարի 9, 2016
  16. Rethinking the Repertoire #9 – Amy Beach’s “Gaelic” Symphony մարտի 10, 2016
  17. Joshua Kosman Thwarted Composer's Intense Work, մարտի 27, 2000
  18. “BEACH ON THE SHELL: HOW I CHANGED AN ICON” – DR. LIANE CURTIS’ QUEST TO HAVE AMY BEACH’S NAME INCLUDED ON BOSTON’S HATCH MEMORIAL SHELL, մարտի 10, 2017
  19. William Robin Amy Beach, a Pioneering American Composer, Turns 150 Նյու Յորք Թայմս, սեպտեմբեր 1, 2017

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Բիչ» հոդվածին։