Էկոդուկ, կամուրջ կամ թունել, որը ծառայում է մեխանիկական տրանսպորտային միջոցների, օրինակ` ավտոմայրուղիների միջով կենդանիների անցման համար։

Էկոդուկներ Ավստրիայում` Վիեննա-Շվեխաթ մայրուղու վրա

Էկոդուկները օգնում են պահպանելու կենդանիների բնական միջավայրի միասնությունը` փոքրացնելով ճանապարհներին կենդանիների հայտնվելու հավանականությունը, ինչը կարող է հանգեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի։

Պատմություն խմբագրել

Առաջին էկոդուկները կառուցվել են Ֆրանսիայում 1950-ական թվականներին։ Դրանց կառուցումն այնուհետ լայն տարածում է գտել այլ երկրներում, օրինակ` Նիդերլանդներում, Շվեյցարիայում և Գերմանիայում[1]։

Ազդեցություն միջավայրի վրա խմբագրել

Էկոդուկների` շրջակա միջավայրի վրա թողած ազդեցությանն ուղղված հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց կիրառումը զգալի չափով նպաստում է նրանց բնական միջավայրի միավորմանը։ Դրանք օգտագործվում են ոչ միայն խոշոր անասունների, այլ նույնիսկ անողնաշարավորների կողմից, օրինակ` թիթեռներ, բզեզներ, սարդեր։ Էբերսվալդեի անտառային տնտեսության պետական վարչության կատարած հետազոտության համաձայն` 2005 թվականի մայիսից մինչև 2006 թվականի ապրիլը մոտ 2.300 կենդանիներ Բրանդենբուրգում օգտվել են էկոկամրջից, որն անցնում է А11 ավտոմայրուղու վրայով։

 
Էկոդուկ Բանֆ ազգային պարկում, Կանադա

2008-2009 թվականներին Գերմանիայի Նիդերկրյուխտեն համայնքում անցկացված համանման հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ տարվա ընթացքում էկոկամրջին հայտնաբերվել են կենդանիների 1.368 հետքեր, որից 690-ը` այծյամի, 180-ը` վարազի, 130-ը` նապաստակի, 42-ը` աղվեսի, 37-ը` գորշուկի, 18-ը` կզաքիսի։ Կամրջի վրայով կենդանիների վերահսկման մեթոդաբանությունը հնարավորություն չի տվել ուսումնասիրելու մանր կենդանիների շարժը[2]։

Կարլովացի և Ռիեկայի միջև անցնող խորվաթական էկոդուկի փորձարկման ընթացքում տեղադրվել են ինֆրակարմիր ցուցիչներ, որոնք նախատեսված էին աղվեսի չափի կենդանիների շարժը գրանցելու համար։ Մեկ տարվա ընթացքում գրանցվել է էկոդուկով անցնող մոտ 6.000 կենդանի։ Կամրջից հիմնականում օգտվել են արջեր, աղվեսներ և լուսաններ։

Բանֆ ազգային պարկում կատարած մասշտաբային հետազոտությունները ցույց են տվել, որ 2007 թվականի հունվարին խոշոր կաթնասունների 10 տեսակներ (այդ թվում` գրիզլի, կոյոտ, որմզդեղն, վապիտի, հովազ, գայլ) Բանֆի 24 էկոդուկներով տեղաշարժվել են ընդհանուր առմամբ 84.000 անգամ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wildlife crossing in Netherlands / unusualplaces.org, 2013 (անգլ.)
  2. Laura Schameitat (18. Februar 2012). «Niederkrüchten: Grünbrücke ist ein Erfolg» (գերմաներեն). RP ONLINE. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  3. Tony Clevender Hightways Through Habitats. The Banff Wildlife Crossings Project(անգլ.) // TR NEWS 249. — 2007. — С. 14-17.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էկոդուկ» հոդվածին։