Էկլոգ
Էկլոգ (լատին․՝ ecloga, որն էլ գալիս է հին հունարեն՝ εκλογή - «ընտրություն» բառից), անտիկ քնարերգության մեջ (օրինակ՝ Վերգիլիոսի «Բուկոլիկներում») բնության գրկում իդիլիկ կյանքի պատկերները երգող բուկոլիկ գրականության ժանրերից մեկը, որը դրսևորվել է ինչպես չափածո, այնպես էլ վիպերգական և թատերգական ձևերով[1]։
Ըստ Վառոյի[2]՝ էկլոգը սկզբնապես նշանակել է փոքր բանաստեղծության տեսակ ընդհանրապես։ Ավելի ուշ, համաձայն Պլինիոս Ավագի[3], այն տրվել է պաստորալ գրականությանը։
Կլասիցիզմի գրականության ժամանակ խիստ տարբերակվածություն դրվեց, ընդ որում բավականին խիստ, որի համաձայն իդիլիայից սպասում էին ավելի շատ զգացմունքներ, իսկ էկլոգից՝ ավելի շատ գործողություններ։
Էկլոգներ են գրել հույն անտիկ բանաստեղծ Թեոկրիտոսը (Ք.ա. 3-րդ դար), հռոմեական բանաստեղծ Վերգիլիոսը (Ք.ա. 1-ին դար), ռուս գրողներից առաջինը կիրառողը համարվում է Ա. Պ. Սումարոկովը։ 19-րդ դարի սկզբին ժանրն արդեն սպառել էր իրեն, սակայն վերածնվել է 20-րդ դարի երկրորդ կեսին, մասնավորապես՝ Իոսիֆ Բրոդսկու պոեզիայում։
Հայ գրականության մեջ էկլոգը, իբրև կենցաղային գործողության վրա հիմնված ժանր, իր դասական ձևով հանդես չի եկել։ Ավ. Իսահակյանի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարենցի և այլ բանաստեղծների պոեզիայում հանդիպում են էկլոգ հիշեցնող բանաստեղծություններ, ուր գովերգվում են բնության գրկում իդիլիկ կյանքի պատկերներ։