Էդուարդ Բաբայան (հոգեբույժ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Բաբայան (այլ կիրառումներ)

Էդուարդ Արմենակի Բաբայան (օգոստոսի 31, 1920(1920-08-31) - մայիսի 12, 2009(2009-05-12)[1]), հայ բժիշկ, հոգեբույժ, թմրաբան, առողջապահական գործի կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991)։ ՌՍՖՍՀ վաստակավոր բժիշկ։ ԽՍՀՄ թմրաբուժական ծառայության համակարգի նախաձեռնող, կազմակերպիչ։

Էդուարդ Բաբայան
Ծնվել էօգոստոսի 31, 1920(1920-08-31)
Մահացել էմայիսի 12, 2009(2009-05-12) (88 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
Մասնագիտությունհոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «Մարտական ծառայությունների» մեդալ,
և ՌԴ վաստակավոր բժիշկ

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Բաբայանը ծնվել է 1920 թվականին։ 1941 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը՝ բուժական գործ մասնագիտությամբ։ 1941-1947 թվականներին եղել է զինվորական բժիշկ։ Մասնակցել է Հայրենական պատերազմին, հասել Լեհաստան, Գերմանիա, Չեխոսլովակիա։ 1947-1953 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության հոգեբուժության ինստիտուտի և Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի գիտաշխատող։ Թեկնածուական թեզը նվիրված է եղել գլխուղեղի մելանոբլաստոմայի մետաստազների հոգեբուժական կլինիկային և ախտաբանական անատոմիային։ 1953-1967 թվականներին աշխատել է ԽՍՀՄ առողջապահության նախարարությունում, եղել բուժկանխարգելիչ օգնության գլխավոր վարչության հոգենյարդաբուժական օգնության բաժնի տեսուչ, պետ, վարչության գլխավոր մասնագետ։ 1967-1986 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության Նոր դեղամիջոցների և բժշկական տեխնիկայի ներդրման վարչության պետ։ 1978 թվականին ընտրվել է Թմրանյութերի հսկողության գիտամեթոդական բաժնի ղեկավար։ Եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության ընդհանուր և դատական հոգեբուժական փորձաքննության հարցերի մշտական խորհրդի նախագահ, նախարարության ուսումնական խորհրդի նախագահության անդամ։ 1971 թվականին Վիեննայի և 1972 թվականին Ժնևի կոնֆերանսներում ԽՍՀՄ կառավարության անունից ստորագրել է այդ դիվանագիտական կոնֆերանսների եզրափակիչ ակտերը՝ հոգեմետ դեղերի հսկողության համաձայնագիրը և թմրանյութերի հսկողության արձանագրությունը։ 1986 թվականից եղել է Մոկվայի Սերբսկու անվան սոցիալական և դատական հոգեբուժության գիտական կենտրոնի դատա-դեղաբանական և բժշկա-իրավական փորձաքննության բյուրոյի ղեկավար և Թմրանյութերի հսկողության մշտական կոմիտեի նախագահ։ 1976 թվականից դասավանդել է Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, ԱՀԿ մոսկովյան դասընթացներում, ՌԴ ՆԳՆ դատաքննչական աշխատողների որակավորման բարձրացման ինստիտուտում[2]։

Հեղինակ է բժշկական ինստիտուտի և ուսումնարանի համար նախատեսված թմրաբուժության 3 դասագրքերի[3]։ Բաբայանի ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք թեկնածուական և դոկտորական թեզեր։ Մշակել է բժշկական ինստիտուտի կլինիկական դեղաբանության, հոգեբուժության, թմրաբուժության ամբիոններում կիրառվող տերմինների դասակարգումը։ Հրատարակել է նյարդա-հոգեկան հիվանդությունների, թմրամոլության, թունամոլության կլինիկա-անատոմիական առանձնահատկություններին, թմրաբուժության իրավական խնդիրներին թմրանյութերի հսկողությանը վերաբերող ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն ավելի քան 200 հոդվածներ[4]։

Անդամակցություն խմբագրել

  • 1991-1997 թվականներին եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական կոմիտեի անդամ։
  • 1964 թվականից եղել է ԽՍՀՄ և ՌԴ Նյարդաբույժների և հոգեբույժների ընկերության նախագահության անդամ։
  • 1970 թվականից Բժշկա-տեխնիկական ընկերության նախագահության պատվավոր անդամ։
  • 1974 թվականին ընտրվել է Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի պատվավոր անդամ։

Պարգևներ, կոչումներ խմբագրել

  • Չեխոսլովակիայի բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր
  • Էդուարդ Բրաունինգի անվան մրցանակ, 1973
  • Ն. Սեմաշկոյի անվան մրցանակ, 1978
  • Սկրյաբինի անվան մրցանակ, 1983
  • ՌՍՖՍՀ վաստակավոր բժիշկ, 1984
  • «Պատվո նշան շքանշան»
  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Երկեր խմբագրել

  • Սովետական հոգեբուժություն (անգլերեն), Նյու Յորք, 1976։
  • Ուշադրությու՛ն, թույն է, Մոսկվա, 1980։
  • Ուշադրությու՛ն, թույն է (հայերեն), Երևան, 1982, 1986։
  • Թմրաբուժության ուսումնական ձեռնարկ։ Բժշկական ուսումնարանների ուսանողների համար (համահեղինակ), Մոսկվա, 1981։
  • Թմրաբուժություն, Ուսումնական ձեռնարկ բժշկական ինստիտուտի ուսանողների համար (համահեղինակ), Մոսկվա, 1987։
  • Թունամոլության հոգե-դեղաբանական և բժշկա-իրավական ասպեկտները (համահեղինակ), Մոսկվա, 1988։
  • Թմրաբուժություն։ Ուսումնական ձեռնարկ բժշկական ուսումնարանների ուսանողների համար (համահեղինակ), Մոսկվա, 1990։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Время новостей: N°82, 15 мая 2009». www.vremya.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. «Бабаян Эдуард Арменакович - Биография». www.biografija.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. «Կոհա առցանց քարտարան, Բաբայան, Էդուարդ Արմենակի». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. «Русская линия / Библиотека периодической печати: Эдуард Бабаян: Наркотики не пробовал и никому не советую». rusk.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։