Զրոյական տատանումներ
Զրոյական տատանումներ, ֆիզիկական համակարգի նվազագույն էներգետիկ վիճակում տեղի ունեցող տատանումներ, որոնք հնարավոր չէ վերացնել՝ առանց փոխելու համակարգի կառուցվածքը կամ կապերը։ Օրինակ, բյուրեղի ջերմային էներգիան պայմանավորված է բյուրեղային ցանցի հանգույցների շուրջը ատոմների կատարած տատանումներով։ Բյուրեղը սառեցնելիս ատոմների շարժումը դանդաղում է, սակայն լիովին չի դադարում նույնիսկ բացարձակ զրո ջերմաստիճանին ձգտելիս։ Ատոմների մնացորդային շարժումը դրսևորվում է զրոյական տատանումների ձևով, իսկ այդ տատանումներին համապատասխանում է բյուրեղային ցանցի զրոյական էներգիան։ Մնացորդային զրոյական տատանումների գոյությունը անորոշության սկզբունքի ուղղակի հետևանք է։ Եթե բացարձակ զրո ջերմաստիճանում տատանումները լրիվ դադարեին, ապա հնարավոր կլիներ միաժամանակ ճշգրիտ որոշել թե կոորդինատը, թե շարժման քանակը (իմպուլսը), մի բան, որը հակասում է անորոշությունների առնչություններին։ Զրոյական տատանումների առկայությունը երևան է գալիս տարբեր պրոցեսներում։ Զրոյական տատանումները հայտնաբերվել են ցածր ջերմաստիճանի պայմաններում բյուրեղներում ռենտգենյան ճառագայթների ցրման փորձերում։ Քվանտացված դաշտերի տեսությունում դաշտի զրոյական տատանումներին բնորոշում են քվանտային վակուումը։
Տես նաև
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 712)։ |