Զուգորդված ռեակցիաներ

Զուգորդված ռեակցիաներ, համատեղ ընթացող երկու քիմիական ռեակցիա, որոնցից մեկը պայմանավորում է կամ արագացնում երկրորդը, օրինակ, A+I-->X+․․․ (առաջնային կամ մակածող ռեակցիա), X+B-->C+․․․ (երկրորդային ռեակցիա)։ Այս համակարգում A-ն կոչվում է ներգործող (ակտոր), I-ն՝ մակածող (ինդուկտոր), B-ն՝ ընդունող (ակցեպտոր) և X-ը՝ միջանկյալ փոխազդման ունակ գոյացություն։ Բերված օրինակում I-ի բացակայությամբ (A+B) ռեակցիան չի ընթանում։ Ձևականորեն զուգորդված ռեակցիաները կարելի է դիտել որպես զուգընթաց ռեակցիաներ, բայց վերջիններից տարբերվում են նրանով, որ մակածող (առաջնային) ռեակցիան մակածվող (երկրորդային) ռեակցիայից անկախ ինքնաբերաբար կարող է ընթանալ, իսկ երկրորդայինը առաջնայինի բացակայությամբ ընթանալ չի կարող։ Մյուս կողմից զուգորդված ռեակցիաներում առաջացած միջանկյալ գոյացությունը փոխազդում է գոնե այն ելանյութի հետ, որը տվյալ պայմաններում առաջնային ռեակցիայի բացակայությամբ քիմիական փոխարկերպման անընդունակ է։ Զուգորդված ռեակցիայի օրինակ է ջրածնի և ածխածնի օքսիդի համատեղ օքսիդացումը․ 2H2+O2=2H2O, 2CO+O2=2CO2։ Երկրորդ ռեակցիան, ջրածնի բացակայությամբ, ոչ շատ բարձր ջերմաստիճանում չի ընթանում։ Զուգորդված ռեակցիաները քանակապես բնութագրվում են մակածման գործակցով (ինդուկցման ֆակտոր՝ Φ), որը միևնույն Δt ժամանակի տիրույթում սպառված ընդունողի (Δ(B)) և մակածողի (Δ(I)) խտությունների հարաբերությունն Է։ Մակածողը զուգորդված ռեակցիաներում, ի տարբերություն կատալիզատորների, ամբողջովին ծախսվում Է։ Երբ ժամանակի ընթացքում մակածողի խտությունը չի փոփոխվում, ապա (Δ(I)=0) և Ф—>∞; Այս դեպքում մակածողը նույնանում է կատալիզատորի հետ։ Հետևաբար, կատալիտիկ ռեակցիաները կարելի է դիտել որպես զուգորդված ռեակցիայ֊ի մասնավոր դեպք։ Զուգորդված ռեակցիաները շատ կարևոր դեր են խաղում կենսաքիմիական պրոցեսներում, օրինակ, բույսերի կողմից ածխաթթու գազի յուրացումը, մի շարք նյութերի, այդ թվում սպիտակուցների սինթեզի իրականացման համար ազատ Էներգիայի աղբյուր։ Կենսաքիմիական օքսիդացման ռեակցիաները զուգորդված ռեակցիաներ են և ընթանում են ազատ Էներգիայի փոփոխության աճով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 714 CC-BY-SA-icon-80x15.png