Զորյան ինստիտուտ, ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման հիմնարկություն։ Միավորում է երկու շահույթ չհետապնդող հետազոտական ինստիտուտներ՝ Զորյանի ժամանակակից ուսումնասիրություններ և փաստագրման ինստիտուտը հիմնադրված 1982 թվականին Քեմբրիջում (Մասաչուսեթս նահանգ) և Կանադայի Զորյանի ինստիտուտը, հիմնադրված 1984 թվականին Տորոնտոյում։

Զորյան ինստիտուտը ղեկավարում է տնօրենների վարչությունը, որը հաստատում է գիտական նախագծերը, հետազոտությունների ուղղությունները, աշխատակիցների կազմը և բյուջեն։ Միջոցները գոյանում են հիմնականում սփյուռքի հայերի նվիրատվություններից։ 1985 թվականից հաստատությունն իր գրասենյակն ունի Լոս Անջելեսում։ Նույն թվականին զուգահեռ կենտրոն է հիմնվել նաև Տորոնտոյում[1] (Կանադա, հիմնականում ուսումնասիրում է կանադահայ համայնքը), իսկ 1989 թվականին Փարիզում։ Զորյան ինստիտուտը զբաղվում է գիտահետազոտական կարևոր խնդիրներով, հայ ազգային-ազատագրական շարժումը Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, հայերի ցեղասպանությունը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Հայաստան, հայկական սփյուռք։ Ինստիտուտն իրականացնում է երեք հիմնական գիտական նախագիծ՝ սփյուռքի ուսումնասիրություն, ցեղասպանության փաստագրում (հավաքում, կոմպյուտերացնում և հրապարակում է հայերի ցեղասպանությանը վերաբերվող բոլոր տեսակի փաստաթղթերն ու նյութերը (արխիվային տվյալներ, լուսանկարներ, վերապրողների հուշեր և այլն)), բաց համալսարան (անցկացվում են սեմինարներ, դասախոսություններ, կոնֆերանսներ հայերի և Հայաստանի վերաբերյալ)։

Ինստիտուտը գործնական կապեր ունի ԱՄՆ-ի (Հայագիտական ուսումնասիրությունների ընկերություն, Հայագիտական ուսմանց և հետազոտությունների համազգային ընկերություն և այլն), Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայագիտական մի շարք կազմակերպությունների և գիտնականների, Հայաստանի ԳԱԱ պատմության, արևելագիտության, փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտների ու սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի բաժնի հետ։ Հաստատությունը մեծ աշխատանք է կատարում միջազգային ասպարեզում հայերի ցեղասպանությունը ճանաչել տալու գործում։ Ինստիտուտի հրատարակությունները իրականացվում են մատենաշարերով։ «Վերապրողների հիշողությունները» շարքից տպագրվել է չորս գիրք, «Ուսումնասիրություններ ցեղասպանության մասին» շարքից անգլերեն հրատարակվել են Լ. Էթմեքչյանի «Թոյնբին, թուրքերը և հայերը» (1985), Գ. Բարդակչյանի «Հիտլերը և հայկական ցեղասպանությունը» (1986) և այլ գործեր, 1988 թվականին լույս է ընծայվել «Ղարաբաղի գործը» փաստաթղթերի ժողովածուն։

Մինչև 1990 թվականը Զորյան ինստիտուտն հրատարակում էր նաև գիտատեղեկատվական երկու պարբերական «Զորյան բյուլետեն» (1984 թվականից) և «Զորյան նոթեր» (1986 թվականից)։ Ներկա դրությամբ հաստատությունը գործում է փոքրաթիվ կազմով։

2012 թ. ապրիլի 12-ին արժանացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեր մասին». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ Հուլիսի 17-ին.
  2. Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։