Սմբատ Բորոյան, Զորավար Սմբատ կամ Մախլուտո (օգոստոսի 27, 1875(1875-08-27), Մուշ, Թուրքիա - 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում, Խենթի գերեզմանի աջ կողմում), Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար (լրիվ գեներալ, 1920 թվական), նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղարը և զինակիցը։

Մախլուտո
Դիմանկար
Ծնվել է1875 թվականի օգոստոսի 15
ԾննդավայրԱրևմտյան Հայաստան, Մուշ
Մահացել է1956 թվականի մարտի 20
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՎաղարշապատ
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Մայրենի լեզուհայերեն, թուրքերեն ոչ մայրենի
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԵրկերԶօրավար Սմբատի յուշերը, Ա. հատ. (1900-1914 թթ.), Փարիզ, 1936։
Մասնագիտությունֆիդայի և ռազմական գործիչ
ԿուսակցությունՀայ հեղափոխական Դաշնակցություն
 Makhluto Վիքիպահեստում
Մախլուտոյի քանդակը Ջերմուկ քաղաքում (հեղինակ՝ Հովհաննես Մուրադյան)

Կենսագրություն խմբագրել

 

Սմբատ Բորոյանը ծնվել է 1875 թվականի օգոստոսի 15 (նոր տոմարով` օգոստոսի 28)-ին Մուշ քաղաքի սուրբ Մարինե թաղամասում։ Ավարտել է տեղի վանական դպրոցը։

Գործունեություն խմբագրել

1900 թվականին մտել է ՀՅԴ Մուշի «Երկաթ» խմբի մեջ։ Գործակցել է Անդրանիկի, Հրայր Դժոխքի հետ, ահաբեկել Աղբյուր Սերոբին մատնողներից մեկին։ 1901 թվականին մասնակցել է Անդրանիկ Օզանյանի ղեկավարած Առաքելոց վանքի կռվին։ 1904 թվականին Սասունի ինքնապաշտպանության ժամանակ Գևորգ Չավուշի հետ ղեկավարել է Իշխանաձորի մարտերը։

Սասունի ինքնապաշտպանության պարտությունից հետո Անդրանիկի, Գևորգ Չավուշի և մյուս ֆիդայիների հետ թուրքական զորքերի դեմ շարունակել է կռվել Մշո դաշտում, այնուհետև անցնելով Վասպուրական՝ մասնակցել Անդրանիկի ղեկավարած 1904 թ. հուլիսի 14Աղթամարի կռվին։ Զորավար Մախլուտոն այնուհետև անցել է Կովկաս, ակտիվորեն մասնակցել 1905-1906 թթ. հայ-թաթարական կռիվներին՝ ղեկավարելով Ղամարլուի (Արտաշատ) հայության ինքնապաշտպանական մարտերը։ Այնուհետև ՀՅԴ որոշումով անցել է Իրան և իր խմբով ակտիվորեն մասնակցել 1905-1912 թթ. իրանական հեղափոխությանը՝ կռվելով Ուրմիայի շրջանում։

Իրանական հեղափոխության պարտությունից հետո Մախլուտոն անցել է Մուշ, 1912-1914 թթ. ապրել է Մուշում, ամուսնացել։ Սակայն, 1914 թ. սկսված Առաջին համաշխարհային պատերազմը փոխել է Մախլուտոյի խաղաղ ապրելու ծրագիրը։ 1914 թ. նա անցել է Կովկաս, մտել Զորավար Անդրանիկի գլխավորած առաջին կամավորական գնդի կազմում, դարձել Անդրանիկի օգնականը, եղել է Առաջին գնդի վաշտապետ։ Սմբատն այնուհետև Անդրանիկի հետ մասնակցել է Դիլմանի ճակատամարտին (1915 թ. ապրիլի 16-18), Բիթլիսի ազատագրմանը (1916 թ. փետրվար) և բազմաթիվ այլ մարտերի։ 1917 թ. մայիսին կայացած Արևմտահայերի առաջին համագումարում Մախլուտոն ընտրվել է Արևմտահայ Ազգային խորհուրդի անդամ։ 1917 թ. ամռանը նա նշանակվել է Ալաշկերտում գործող հայկական ջոկատի հրամանատար։ 1918 թ. գարնանը Մախլուտոն Անդրանիկի հատուկ ջոկատի հետ կռվել է Ջալալօղլու և Էրզրումի մարտերում (1918 թ. փետրվար-մարտ), մասնակցել Ղարաքիլիսայի կռիվներին (1918 թ. մայիս)։ Այնուհետև նա Անդրանիկի հետ Դիլիջանի վրայով անցել է Ելենովկա (Սևան)-Նոր Բայազետ-Նախիջևան-Ջուլֆա-Խոյ, մասնակցել Ջուլֆայի կամրջի, 1918 թ. հունիսի 23-ին՝ Խոյի պաշարմանն ու գրավմանը։

1918 թ. հուլիսի 5-ին Անդրանիկի հրամանով 2-րդ գումարտակի հրամանատար Մախլուտոն նշանակվել է Նախիջևանի Ցղնա գյուղի և նրա շրջանի պարետ՝ օժտված լայն լիազորություններով։ 1918 թվականի հուլիսի վերջերին նա Անդրանիկի հետ անցել է Զանգեզուր, մասնակցել թուրք-թաթարական հարձակումների դեմ տեղի հայության ինքնապաշտպանությանը։ 1918 թվականի աշնանը, բաժանվելով Անդրանիկից, վերադարձել է Երևան, ընտրվել Արևմտահայ գործադիր մարմնի անդամ։ 1919 թվականի ամռանը Մախլուտոն սասունցիների զորամասով անցել է Սևանա լճի արևելյան ափերը՝ Հայաստանի հանրապետության սահմանամերձ շրջանները թուրքերից պաշտպանելու համար։ 1920 թ. աշնանը Կարսի ճակատում Սմբատի գլխավորած զորամասը մասնակցել է թուրք-հայկական պատերազմին։ Ալեքսանդրապոլի անկումից հետո՝ 1920 թվականի նոյեմբերին, Մախլուտոն նահանջել է Ալագյազի բարձունքը, որտեղ մղված կռիվներում ծանր վիրավորվել է և տեղափոխվել Երևանի հիվանդանոց։

1921 թվականի Փետրվարյան ապստամբության ժամանակ Մախլուտոն Թալինից և Աշտարակից Երևան շարժվող ուժերի հրամանատարն էր։ Դարալագյազում նա համագործակցել է Գարեգին Նժդեհի հետ, ապա նահանջող ուժերի հետ անցել Պարսկաստան՝ Թավրիզ, որտեղ ամուսնացել է երկրորդ անգամ։ Թավրիզից Սմբատ Բարոյանը մեկնել է Եգիպտոս, ապա ԱՄՆ, հաստատվել Ֆրեզնոյում։

 
Մախլուտոյի շիրմաքարը Սուրբ Գայանե եկեղեցու փակում

1933 թվականից Մախլուտոն բնակություն է հաստատել Մարսելում, ընտրվել Մարսելի դեմոկրատական ճակատի նախագահ։ Մարսելի «Տարոն» տպարանում հրատարակվել է քարտեզ «Տարոնի Առյուծ Զորավար Սմբատի երգը» մակագրությամբ։ 1936 թ. Փարիզում Մկրտիչ Երիցանցի խմբագրությամբ լույս է տեսել «Զօրավար Սմբատի յուշերը» գրքույկը։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945 թթ.) Մախլուտոն մասնակցել է ֆաշիզմի դեմ մղված պայքարին։ Նա Ֆրանսիական դիմադրական շարժման մարտիկներից էր, Միսաք Մանուշյանի մերձավոր զինակիցը, ընդհատակի հակաֆաշիստական կազմակերպության անդամ։

1947 թ. սեպտեմբերին վերադառնալով Խորհրդային Հայաստան՝ Մախլուտոն նշանակվել է Կոմիտասի անվան զբոսայգու պահակ։ Սմբատ Բորոյանն իր մահկանացուն կնքել է 1956 թ. մարտի 20-ին և իր ցանկության համաձայն թաղվել Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի բակում՝ Խենթի կողքին։

Մախլուտոյի փոթորկալից կյանքին է նվիրված Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպը (Երևան, 1979, 1984, 2010) և Գևորգ Ղարիբջանյանի «Տարոնի արծիվը՝ Մախլուտո» գրքույկը (Երևան, 1996Երևանում Սմբատ Բորոյանի անվամբ կա փողոց։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է ցարական երկու խաչով և մեկ մեդալով։

Զորավար Անդրանիկի խոսքը Մախլուտոյի մասին խմբագրել

Զորավար Անդրանիկը հրաժեշտի ելույթում իր մարտիկների մասին ասել է.

  Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառաբանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն։  

Մախլուտոյի խոսքը Զորավար Անդրանիկի հուշարձանի բացման արարողության ժամանակ խմբագրել

  «Անդրանիկ ջան, ահա տարիներ են անցել, ու դու հեռացար անդարձ, թողնելով հայ ժողովրդին եւ այնքան սիրելի՝ զենքիդ հավատարիմ ընկերներին սուգի մեջ, օտար երկնքի տակ, որոնց համար երեսուն տարուց ավելի մարտնչեցիր մեր ոխերիմ եւ անարգ թշնամու բռնակալության դեմ, կուրծքդ վահան եւ կամքդ նիզակ դարձրած։

Անդրանիկ ջան, միշտ եւ միշտ ականջումս քո վերջին խոսքերը կարձագանքեն, որ ասեցիր. «Մահս չեմ ողբում, այլ կիսատ թողած գործերս»։ Թող քո տառապած եւ հոգնած ոսկորները հանգիստ լինեն, այդ կիսավարտ գործդ, մեզ համար ամենասուրբ եւ նվիրականն է։ Հայ ժողովուրդը խորին հարգանքով կխոնարհվի եւ ատրուշաններ կվառի կիսավարտ գործերիդ առջեւ, եւ որպեսզի հանգիստ ննջես, աշխարհասփյուռ Հայ ժողովուրդը ոտքի է կանգնած, մեկ շունչ, մեկ բերան եւ մեկ հոգի, այդ թանկագին գործդ ավարտելու աշխատանքին լծված։ Ես, Անդրանիկ ջան, վստահ եմ եւ խոր հավատք ունեմ, որ շուտով կավարտի այդ կիսատ գործը, եւ արդեն քո սիրելի ժողովուրդը քեզ Տարոն աշխարհ կտեղափոխի, որտեղ ամփոփված են սիրելի ընկերներդ՝ Աղբյուր Սերոբը, Հրայրը, Լեւոնը, Գալեն, Գեւորգ Չաուշը, Պանդուխտը, Մկրոն, Զավենը եւ շատ ու շատերը։ Գիտեմ, Անդրանիկ ջան, դու միայն սիրելի ընկերներիդ մոտ հանգիստ կլինես։ Կիսավարտ գործերդ ավարտելուց հետո Հայ ժողովուրդը պիտի այդ սուրբ հողի վրա Քո ասպետական, ինչպես նաեւ բոլոր հերոս ընկերներիդ կոթողները կանգնեցնի։ Իսկ ես՝ իմ անմոռանալի Զորավար, ես ինչպես վիրավոր կռունկ, երամից զրկված, անզոր թեւերով ման կգամ, մինչեւ որ տեսնեմ Ձեր սուրբ գործի լրիվ ավարտումը։ Այո, ես դեռ պետք է ապրեմ ու տեսնեմ մեր մարտիրոս ժողովրդի երջանիկ օրը։ Ու երբ ես էլ հրաժեշտ տամ այս անցավոր աշխարհին, ու գամ Ձեզ միանալու, Ձեզի պետք է բերեմ այդ սրբազան ավետիսը։ Առայժմ Անդրանիկ ջան, ես հարգանքով կխոնարհվեմ շիրիմիդ առջեւ, եւ կհամբուրեմ այդ հողը, որ խորթ է եւ ծածկել է Քո հուժկու մարմինը»։ Ներկաների աչքերից կամաց կամաց գլորվեցին արտասուքի կաթիլները, եւ բոլորը հերթով համբուրելով Զորավարի շիրիմը, գլխիկոր հեռացան։

04.11.1945 թ. Մախլուտո

 

Հուշերը խմբագրել

Յիշողութիւններ Հայրենիքի մասին։ Մարսել, 1941 թ.։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել