Զոպա նեղատերև

բույսերի տեսակ
Զոպա նեղատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Տրիբա Mentheae
Ցեղ Զոպա (Hyssopus)
Տեսակ Զոպա նեղատերև (H. angustifolius)
Միջազգային անվանում
Hyssopus angustifolius

Զոպա նեղատերև (լատին․՝ Hyssopus angustifolius), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Հակադիր երկար նեղ և սրածայր տերևներով, կարճաթավ քառանիստ ցողուններով, 30-40 սմ բարձրությամբ կիսաթուփ է։ Տերևների մակերեսը երկու կողմերից ծածկված է եթերային յուղեր պարունակող գեղձային մազիկներով։ Գագաթնային տերևների անութներում աճող կապտամանուշակագույն ծաղիկները կազմում են միակողմանի ողկույզներ։ Նեղ նշտարաձև բաժակաթերթիկներից կազմված խողովակաձև և զանգականման բաժակը ծածկում է խողովակաձև պսակի կեսը։ Երկշուրթ պսակի վերին շուրթն ուղիղ է, ստորին եռաբլթակ շուրթը թեքված է ներքև, իսկ 4 երկուժ առէջները դուրս են գալիս պսակից։ Պտուղը կազմված է չորս եռանիստ ընկուզիկներից[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների քարքարոտ լանջերին և ժայռերի վրա։ Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Մեղրատու և գեղազարդային բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերին մասը տերևներով և ցողուններով։ Որոշ եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում և Պորտուգալիայում այս բույսի խոտային մասն օգտագործվում է որպես օֆիցինալ հումք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.