Գրիգոր Զոհրապ

հայ գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ
(Վերահղված է Զոհրապ Գրիգորից)

Գրիգոր Խաչիկի Զոհրապ (հունիսի 26, 1861(1861-06-26)[1][2][3], Բեշիքթաշ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 2, 1915(1915-08-02)[4], Ուռհա, Շանլըուրֆայի մարզ, Օսմանյան կայսրություն), հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ։

Գրիգոր Զոհրապ
արմտ. հայ.՝ Գրիգոր Զօհրապ
Ծնվել էհունիսի 26, 1861(1861-06-26)[1][2][3]
ԾննդավայրԲեշիքթաշ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 2, 1915(1915-08-02)[4] (54 տարեկան)
Վախճանի վայրՈւռհա, Շանլըուրֆայի մարզ, Օսմանյան կայսրություն
Գրական անունMarcel Léart
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, փաստաբան, քաղաքական գործիչ և մեկենաս
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն[5]
ԿրթությունԳալաթասարայի վարժարան և Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1884)
Ժանրերպատմվածք, վիպակ և Նովել
Գրական ուղղություններռեալիզմ
ԱշխատավայրՄասիս
ԱմուսինԿլարա Յազըչյան
ԶավակներԴոլորես Զոհրապ Լիբման
Գրիգոր Զոհրապ Վիքիքաղվածքում
Գրիգոր Զոհրապ Վիքիդարանում
 Krikor Zohrab Վիքիպահեստում

Հեղինակել է նովելների երեք ժողովածուներ, «Անհետացած սերունդ մը», «Նարդիկ» վեպերը, բանաստեղծություններ և այլն։

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։

Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։

1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Գալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանավորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։

1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում` իբրև գրագիր, և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։

1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։

Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։

1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։

1883 թվականին նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ[6]։ 1885 թվականին հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887 թվականին վեպը տպագրում է առանձին գրքով։

1888 թվականին Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ։ 1889 թվականին ծնվում է նրանց անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891 թվականին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892 թվականին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896 թվականին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։

1891 թվականին Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։

1892 թվականին Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893 թվականին հանդեսը դադարում է լույս տեսնել[7][8]։

 
Գրիգոր Զոհրապը Պոլսի իր տան պատշգամբում

Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերթում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թվականներին։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը՝ «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ՝ ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։

Հետագայում` երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երևում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող և հասարակական գործիչ։ 1894-1895 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականը շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։

Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։

Կոստանդնուպոլսում Զոհրապը՝ որպես իրավաբան-փաստաբան, հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։

1898 թվականին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք` միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։

Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեց Սահմանադրությունը։ Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Զոհրապն այդ ժամանակ Փարիզում էր։ Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ և հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։

Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով և լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս։

1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։

Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։

Զոհրապը նաև Ազգային ժողովի երեսփոխան էր, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։

Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում` ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։

Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։ Նա դաժանորեն սպանվեց 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։

Զոհրապի նովելներ խմբագրել

 
Զոհրապը՝ նամականիշներում

Զոհրապը վաղ հասակից գրել է ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883 թվականին տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։ Զոհրապի ուժը արձակի փոքր ձևի մեջ էր։ Մամուլում տպագրվող նորավեպերը հետաքրքրություն են առաջ բերում։ Տարեցտարի զորանում է վարպետությունը, և նա ստեղծում է հրաշալի նորավեպեր։ Զոհրապը նորավեպի այն վարպետներից է, որոնք բյուրեղացած ձևի մեջ հասել են հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ բարձր աստիճանի հասցնելով իրապաշտությունը (ռեալիզմ

1909 և 1911 թվականներին լույս է ընծայում տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» խորագրերով։ Վերնագրերից էլ երևում էր, որ նորավեպերում Զոհրապի գեղագիտական ծրագիրն է եղել ռեալիսորեն արտացոլել կյանքի երևույթները, ներքին կապերը, մասնավորապես՝ թափանցել մարդկային հոգու թաքուն խորշերը։ Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի․ նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նորավեպեր։

Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները։ Վաճառական Հուսեփ աղան՝ «Ճիտին պարտքը» նովելից, սնանկացել է՝ դառնալով առևտրական հասարակ միջնորդ․ կնոջ մահից հետո նա չի կարողանում հոգալ տան և երկու անչափահաս աղջիկների ամենօրյա կարիքները։ Ապրուստի բոլոր աղբյուրները ցամաքում են, տան բոլոր իրերը՝ վաճառվում։ Երեսուն տարուց ավելի նրան ուղեկցող պայուսակը, որը հեղինակը համեմատում է հունական դիցաբանությունից հայտնի՝ ոչնչով չլցվող դանայան տակառի հետ, նյութական զրկանքների, հարատև հոգսերի ու կարիքների խորհրդանիշն է։ Այդ պայուսակն է միշտ և անողոքաբար իշխել Հուսեփ աղայի վրա։ Դժբախտ մարդը ապարդյուն մաքառում է հացի համար, սակայն ոչ ոք նրան գործ չի տալիս։ Երեխաների մոտ թաքցնելով վիշտը՝ Հուսեփ աղան, գիշերները մեռած կնոջ նկարի դեմ կանգնած, կարծես քաջալերություն է խնդրում։ Մարդն այլևս ուժ չունի կռվելու կարիքի ու հոգսերի դեմ և դառնում է անողոք կյանքի զոհերից մեկը։

Գյուղը տնքում է հարկերի ծանրության տակ։ Կարիքը, թուրքական տերունական պարտքերը և վաշխառուների կամայականությունները գյուղացիներին ստիպում են բռնել Պոլսի ճանապարհը։ Ամուսնանալուց մեկ-երկու ամիս հետո երիտասարդ Մարտիրոսը գյուղից գնում է Պոլիս՝ փոխարինելու պանդխտությունից վերադարձող հորը («Այրին»)։ Մինչդեռ մյուս պանդուխտները բեռնակրությամբ փող են հավաքում՝ փրկելու իրենց ընտանիքները, բարոյազուրկ Մարտիրոսը ամուսնանում է չնչին գումար ունեցող մի աղախնի հետ, մոռանում է պատիվ ու սրբություն, դառնում է անպետք մարդ, դավաճանում իր դեռատի կնոջը՝ Զարդարին, որն իր ուսերի վրա էր տանում ընտանիքի հոգսը, կերակրում Մարտիրոսի ծնողներին։ Վերջիններս ապերախտորեն այդ անձնազոհ կնոջ վրա են բարդում ընտանիքը լքած ամուսնու մեղքը։

Կենդանության օրոք լույս տեսած գրքեր խմբագրել

 
La Question arménienne

Գրիգոր Զոհրապը գրել է բազմաթիվ այլ նովելներ, ինչպես նաև բանաստեղծություններ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ և այլն։

Երկերի մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  4. 4,0 4,1 4,2 Kévorkian R. Le Génocide des Arméniens, The Armenian genocide : a complete history, Геноцид армян : полная история (ֆր.)Paris: Éditions Odile Jacob, 2006.
  5. http://www.gibrahayer.com/index.php5?&page_id=231&path=231
  6. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԵՐԿՐԱԳՈՒՆՏ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԱՍԻՍ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  8. «Համահայկական թվանշային գրադարան».

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 700