Զոլավոր մողես
Զոլավոր մողես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Չի նշված միջազգային լատիներեն անվանումը:
Դուք կարող եք օգնել նախագծին,
հոդվածի տեքստում՝ taxobox կաղապարում
ավելացնելով latin=անվանումը


Զոլավոր մողես (լատին․՝ Lacerta strigata), մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքի նույնանուն ցեղի մողես։ Հանդիպում է ՀՀ բոլոր մարզերում։ Բնակվում է թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ տարածքներում, հաճախ նաև այգիներում ու մշակահողերում, առուների ու լճերի ափամերձ վայրերում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 3, 5-11, 2 սմ է, պոչը՝ կրկնակի երկար ու ինքնահատվող։ Գլուխը բարձր է՝ ծածկված խոշոր, համաչափ տեղադրված վահանիկներով։ Կոպերը շարժուն են, արտաքին ականջային անցքը լավ է արտահայտված։ Մեջքային մակերեսի թեփուկները մանր են՝ կատարավոր։ Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով։ Երիտասարդի մոտ մուգ գորշ ընդհանուր գունավորում ունեցող մարմնի երկայնքով ձգվում են 5 նեղ, կանաչավուն զոլեր, որոնց գույնը տարիքի հետ կարող է խամրել կամ բոլորովին աննկատելի դառնալ։ Այդ զոլերի միջև սովորաբար տեղադրված են տձև, մուգ խալերի շարքեր։ Տարիքի հետ մեջքի առջևի կեսի ընդհանուր գունավորումը դառնում է կանաչ, իսկ մարմնի հետևի կեսը, հետևի վերջույթներն ու պոչը մնում են գորշաշագանակագույն։ Արուների ներքևի ծնոտը սովորաբար ձեռք է բերում կապտավուն գունավորում։ Որովայնային մակերեսն ունի սպիտակավուն կամ դեղնավուն գունավորում։ Որոշ տարածքներում համատեղ հանդիպում է միջին և ճարպիկ մողեսների հետ, որոնցից տարբերվում է թեփուկավորման ու գունավորման մի շարք առանձնահատկություններով։

Ձմեռում խմբագրել

Ձմեռում է հոկտեմբերի վերջից մարտ։

Սննդառություն խմբագրել

Սնվում է հիմնականում անողնաշարավորներով, ինչպես նաև բուսականությամբ։

Նշանակություն խմբագրել

Օգտակար է, ոչնչացնում է վնասատու միջատներին։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բազմացումն սկսվում է ապրիլի վերջից։ Տարեկան 2 անգամ էգը դնում է 4-12 ձու (երկարությունը՝ մինչև 1, 5 սմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի սկիզբը։ Հակառակ լայնորեն տարածված կարծիքի՝ զոլավոր մողեսը թունավոր չէ։ Հաճախ խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։