Զոլավոր մերկաչք (լատին․՝ Ablepharus bivittatus), զոլավոր ծածկաչք սցինկ, զոլավոր անկոպ սցինկ, սցինկերի ընտանիքի անկոպ սցինկերի (լատին․՝ Ablepharus) ցեղի մողես։ Հազվադեպ հանդիպում է ՀՀ Կոտայքի, Լոռու, Արարատի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում, նաև Երևանի տարածքում։ Տարածված է թփուտային, նոսրանտառային և տափաստանային բուսականությամբ խիստ քարքարոտ վայրերում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմինը բարեկազմ է, երկարությունը տարիքի հետ փոխվում է (3, 6-6, 1 սմ), պոչը գրեթե 1, 5 անգամ երկար է։ Գլուխը ծածկված է խոշոր վահանիկներով և տարանջատված չէ մարմնից։ Աչքերը (ձուլված անշարժ կոպերով) և արտաքին ականջային անցքը փոքր են։ Ոտքերը շատ կարճ են։ Միանման, մանր, հարթ ու փայլուն թեփուկներով ծածկված մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը գորշավունից սրճագույն է. 6 երկայնակի շարքերով դասավորված են իրար հաջորդող բաց ու մուգ երանգների երկարավուն բծերից բաղկացած զոլեր։ Դրանցից 2 կենտրոնականները հպվում են ծոծրակից դեպի պոչը անցնող մուգ, նեղ զոլի հետ։

Մարմնի կողմնային մակերեսներով, քթանցքից մինչև պոչը, անցնում է մեկական մուգ զոլ՝ սպիտակավուն եզրագծերով։ Տարիքի հետ մեջքային մակերեսին ու պոչին ձևավորվում են իրար հաջորդող սպիտակավուն ու գորշավուն երկարավուն խալիկներից բաղկացած 4 երկայնակի շարքեր։ Որովայնային մակերեսը բաց գույնի է, սակայն զուգավորման շրջանում ձեռք է բերում ոսկեգույն կամ նարնջագույն գունավորում։ Պոչը կապարագույն է։

Սննդառություն խմբագրել

Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով։

Բազմացում և զարգացում խմբագրել

Զուգավորումը տեղի է ունենում մայիսին։ Հունիսին էգը դնում է 3-5 ձու (5x5 մմ)՛. Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջ։ Առաջարկված է գրանցել ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։