Զոլավոր գիշերազգեստով տղան (վեպ)

Զոլավոր գիշերազգեստով տղան (անգլ.՝ The Boy in the Striped Pyjamas), իռլանդացի գրող Ջոն Բոյնի վեպը։ Առաջին գիրքը լույս է տեսել 2006 թվականի հունվարի 5-ին[1]։ Ջոն Բոյնն այս գիրքը նվիրել է Ջեյմի Լինչին։ Վեպը միանգամից առաջադրվել է երկու տասնյակ գրական մրցանակների, այդ թվում` «British Book Award»-ի։ Թարգմանվել է ավելի քան 50 լեզուներով։ Սա երկու անմեղ երեխաների պատմություն է, ովքեր առանձնացված էին փշալարերով։

Զոլավոր գիշերազգեստով տղան
անգլ.՝ The Boy in the Striped Pyjamas
ՀեղինակՋոն Բոյն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական վեպ, Հոլոքոստին նվիրված գրականություն և պատմավեպ
ԹեմաՀոլոքոստի մասին վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2006
Նկարագրում էՕսվենցիմ
ԽմբագիրԱրմեն Սարգսյան
Կազմի հեղինակՍոնա Թարխանյան
ԵրկիրԻռլանդիա
ՀրատարակիչDavid Fickling Books?
Հրատարակված է2006 թվական
Հրատարակման տարեթիվհունվարի 5, 2007
Թարգմանիչ հայերենՌուզան Ազիզյան
Հրատարակում հայերենՎերնատուն, Երևան, 2016
ՎիքիդարանԶոլավոր գիշերազգեստով տղան
ՎիքիքաղվածքԶոլավոր գիշերազգեստով տղան

Սյուժե

խմբագրել

Պատմության գլխավոր հերոսը գերմանացի տղա Բրունոն է[2], որն իր ընտանիքի հետ անհոգ ապրում էր Բեռլինի` իրենց հինգհարկանի գեղեցիկ տանը։ Նրա հայրը բարձրաստիճան նացիստական չինովնիկ է։ Մի անգամ Բրունոն գալիս է տուն և պարզում, որ սպասուհի Մարիան իրերը տեղավորում է ճամպրուկի մեջ, քանի որ հոր՝ բարձր պաշտոն ստանձնելու պատճառով ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել Օսվենցիմ[3]։ Նոր վայրը Բրունոն չէր հավանում, նա կարոտում էր իր ընկերներին, իր տունը, ցանկանում էր խաղալ իր ընկերների հետ, բայց ոչ այդտեղ։ Բրունոն գնում է ուսումնասիրելու տարածքը, որ տեսել էր պատուհանից։ Նոր տան հարևանությամբ Բրունոն հայտնաբերում է տարօրինակ ագարակ՝ արտասովոր մարդկանցով։ Մարդիկ այստեղ մշտապես գիշերազգեստով են, իսկ վերջիններիս վրա էլ ինչ-որ անհասկանալի թվեր են։ Եվ, չգիտես` ինչու, հին զգեստները մեծ վառարաններում են այրում, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ վառարանային խողովակներից դուրս էին գալիս ծխի ահռելի քուլաներ։

Բրունոյի քույրը՝ Գրետելը, արդեն 12 տարեկան հասակում գերվել էր նացիզմի գաղափարներով։ Ընտանիքի բոլոր անդամները, բացի հորից և աղջկանից, դժվարությամբ են տանում այն փաստը, որ հարևանությամբ համակենտրոնացման ճամբար է, որտեղ, «Ցիկլոն B» գազի միջոցով խեղդում և սպանում են բանտարկյալներին։ Միայն Բրունոն չէր հասկանում, թե իրականում ինչ է կատարվում։

Համակենտրոնացման ճամբարում Բրունոն ծանոթանում է իր նոր ընկերոջ՝ հրեա մի տղայի՝ Շմուելի հետ, որը նստած էր ցանկապատի մյուս կողմում։ Պարզվում է, որ Բրունոն և Շմուելը ծնվել են նույն օրը, և, ինչպես պարզեց Բրունոն, նրանք շատ նմանություններ ունեին։ Նրանք պարբերաբար հանդիպում էին ցանկապատի մոտ, Բրունոն ամեն օր ուտելիք էր տանում իր ընկերոջը՝ Շմուելին։

Նացիզմի գաղափարները չէր կրում Բրունոյի մայրը՝ Էլզան, և այդ պատճառով ավելի հաճախակի էին վիճում Բրունոյի ծնողները։ Բրունոյի մայրը կարծում էր, որ նմանատիպ վայրում ապրելը կարող է վատ անդրադառնալ երեխաների դաստիարակության վրա։ Ի վերջո, ծնողները գալիս են այն եզրակացության, որ կրկին պետք է տեղափոխվել։

Տեղափոխման նախորդ օրը Բրունոն որոշում է վերջին անգամ տեսնել ընկերոջը և հրաժեշտ տալ։ Հանդիպման ժամանակ Շմուելն ասում է, որ հայրը կորել է, իսկ Բրունոն ասում է, որ պատրաստ է նրան օգնել, որպեսզի գտնեն իր հորը։ Սակայն առանց գիշերազգեստի Բրունոն ճամբար մտնել չէր կարող։ Շմուելը խոստանում է, որ Բրունոյին գիշերազգեստ կտրամադրի։

Հաջորդ օրը Բրունոն` բահը ձեռքին, գալիս է ճամբարի ցանկապատի մոտ, որտեղ նրան սպասում էր Շմուելը։ Բահի օգնությամբ անցք է բացում և մտնում ճամբար։ Միասին նրանք գնում են զորանոց, որտեղ էլ անհետացել էր Շմուելի հայրը։ Այդ ժամանակ զորանացում գտնվողներին, այդ թվում` Բրունոյին և Շմուելին, տանում են գազի խցիկներ։ Բոլորը կարծում են, որ նրանց այստեղ են բերել լողացնելու նպատակով։ Սակայն նրանց լողացնելու նպատակով չէին այստեղ բերել։

Բրունոյի ընտանիքի անդամները նկատում են նրա բացակայությունը։ Բրունոյի շորերը գտնում են համակենտրոնացման ճամբարի ցանկապատի մոտ, երբ հասկանում են՝ ինչ է կատարվել, Բրունոյի հայրը հրամայում է բացել գազի խցիկների դուռը, բայց արդեն ուշ էր։ Բրունոն մահացել էր մյուս բանտարկյալների հետ միասին։

Վեպի մասին

խմբագրել
  Այս ստեղծագործությունը գրգռում է ընթերցողի երևակայությունը։ Այն մեզ թույլ է տալիս ապրել կյանքերով, որ մերը չեն։ Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսինն է. դրա շնորհիվ մենք նորովի ենք ընկալում Հոլոքոսթը։ Այս վիպակի ավարտի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ՝ թարմ հայացքով ու տեսանկյունից նայել կյանքի իրողություններին։ Այս գիրքն արժե կարդալ, քննարկել ու պահել սրտում։
- Ջեքոբ Հոուփ
 
  Փոքրիկ, հրաշալի ստեղծագործություն պատմական իրադարձությունների մասին, որոնց անդրադառնալն այնքան էլ հեշտ գործ չէ։
- Guardian
 
  Գործը հանգիստ չի տալիս ընթերցողին, մինչև նա կհասնի գրքի վերջին՝ սպանիչ էջերին։
- Independent
 
  Այս պատմությունը մանկության անմեղության և այն մասին է, թե ինչ դժվար է ընկերություն անել խառնակ ժամանակներում։
- Waterstone's Books Quarterly
 
  Ընկերության ու պատերազմի սարսափների մասին յուրօրինակ հեքիաթ։
- Irish Independent
 
  Հոլոքոսթն իր նկատմամբ հարգանք է պարտադրում, բացառում է քննադատական հայացքը, գերադասում է զուսպ լռությունը։ Մի բան հաստատ է` այս գիրքը կարդալուց հետո անհնար է հանգիստ քուն մտնել։
- Observer
 

Հերոսներ

խմբագրել
  • Բրունո` պատմության գլխավոր հերոսը, ութամյա գերմանացի տղան
  • Շմուել` Բրունոյի նոր ընկերը, որն ապրում էր համակենտրոնացման ճամբարում
  • Ռալֆ` Բրունոյի հայրը, զինվորական հրամանատար
  • Էլզա` Բրունոյի մայրը
  • Նատալի` Բրունոյի տատիկը
  • Գրեթել` Բրունոյի քույրը
  • Ֆյուրըր` Ռալֆի հրամանատարը

Էկրանավորում

խմբագրել

Համանուն ֆիլմը նկարահանվել է 2008 թվականին, ռեժիսորը Մարկ Հերմանն էր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Interview with Children's Author John Boyne (2006)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 23-ին.
  2. «The Boy in the Striped Pyjamas - John Boyne». Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  3. Hughes, Kathryn (2006 թ․ հունվարի 20). «Educating Bruno». The Guardian. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոլավոր գիշերազգեստով տղան (վեպ)» հոդվածին։