Շիբաթա Զեշին (ճապ.՝ 柴田是真, մարտի 15, 1807(1807-03-15)[1][2], Ryōgoku, Սումիդա, Տոկիո, Ճապոնիա - հուլիսի 13, 1891(1891-07-13)[1][2], Asakusa-ku), ուշ Էդո և վաղ Մեիջի ժամանակաշրջանների ճապոնացի նկարիչ։ Զեշինը գնահատվել և ուսումնասիրվել է արևմտյան, բրիտանական և ամերիկյան արվեստագետների կողմից։

Շիբաթա Զեշին
柴田是真
Շիբաթա Զեշին․ Լաքապատկեր՝ քաջվարդ
Ծնվել էմարտի 15, 1807
ԾննդավայրԷդո, (Տոկիո)
Վախճանվել էհուլիսի 13, 1891
Մահվան վայրAsakusa-ku
Ազգությունճապոնացի
ՔաղաքացիությունՃապոնիա Ճապոնիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԿոմա Կանսայ, Սուզուկի Նանրեի, Մարույամա Օկյո, Օկամոտո Տոյոհիկո, Գոշին
ԱշակերտներԻկեդա Թաիշին
ՊաշտոնImperial Household Artist?
 Shibata Zeshin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Աշնանային թխկի

Շիբաթա Զեշինը ծնվել և մեծացել է Էդո քաղաքում (ներկայիս՝ Տոկիո)։ Նրա պապը՝ Իզումի Չոբեյը, և հայրը՝ Իչիգորոն, աշխատել են որպես տաճարի ատաղձագործներ (miyadaiku) և հմուտ փայտագործներ։ Հայրը, ով վերցրել էր կնոջ Շիբաթա ազգանունը, ուկիյո-է ուղղության փորձառու նկարիչ էր, աշակերտել էր Կացուկավա Սյունսյոյին։ Տասնմեկ տարեկանում Կամետարոն, այդպես Զեշինին անվանում էին մանկության տարիներին, սովորել է Կոմա Կանսայ II-ի (1767-1835 թթ․) մոտ[3]։

13 տարեկանում Զեշինը վերցնում է Ջունզո անունը։ Կոմա Կանսայը որոշում է, որ իր երիտասարդ աշակերտը լաքապատող նկարիչ դառնալու համար պետք է սովորի ուրվագծել, նկարել և ստեղծել բնօրինակ ձևավորումներ։ Նա օգնում է երիտասարդ Շիբաթային սովորել սիձյո ուղղության մեծ նկարիչ Սուզուկի Նանրեիի (1795–1844) մոտ[3]։ Շիբաթան կրկին փոխում է իր անունը և իր աշխատանքները սկսում է ստորագրել որպես «Ռեիսայ»․ իր այս անունը ստեղծել է՝ վերցնելով Սուզուկի Նանրեի անվան «ռեի» և Կոմա Կանսայի անվան «սայ» հատվածները։

 
Շիբաթա Զեշին․ Լեռներ և տներ

Հետագայում Սուզուկի Նանրեիի մոտ ուսանելու ժամանակ էլ նրան տրվեց «Զեշին» անունը․ Շիբաթան այդ անունը պահում է իր կյանքի ողջ ընթացքում։ «Զեշին» անունը ունի «սա ճշմարիտ է» կամ «ճշմարտություն» իմաստը, որը հղում է մի հին չինական հեքիաթի․ մի օր թագավորը իր մոտ է հրավիրում բազմաթվով նկարիչների, բոլոր նկարիչները թագավորին պատշաճ հարգանք էին մատուցում՝ խոնարհվելով նրա առաջ և ընդունում էին թագավորի բոլոր ասածները, սակայն մի կիսամերկ նկարիչ առանց խոնարհվելու՝ թագավորին իր հարգանքը ցույց տալու, նստել էր հատակին։ Թագավորը, տեսնելով նրան, բացականչում է․ «Սա իսկական նկարիչ է»։ Այստեղից էլ վերցվել է «Զեշին» անունը։

Զեշինը սովորեց ոչ միայն նկարչության և ուրվագծման հիմունքներ, այլև ճապոնական թեյի արարողություն, հայկու և վաքա պոեզիա, պատմություն, գրականություն և փիլիսոփայություն։ Ինչն էլ հիմք է հանդիսացել նրա՝ ոչ միայն ավանդական արվեստի տեխնիկայի, այլև գեղագիտական ու փիլիսոփայական ճապոնական ավանդական արվեստի ուսուցման համար։ Նանրեիի մոտ ուսանելու տարիների նրա շատ գործեր հովհարների նկարներ էին։ Ուկիյո-է ուղղության հայտնի արվեստագետ Ուտագավա Կունիյոսին, տպավորվելով Զեշինի հովհարների նկարներով, ընկերանում է երիտասարդ նկարչի հետ․ այս ընկերությունը շարունակվում է երկար տարիներ։

Հետագայում Զեշինը ուսանել է Կիոտոյի դպրոցի հայտնի այլ նկարիչների մոտ․ նրանցից էին՝ Մարույամա Օկյոյն, Օկամոտո Տոյոհիկոն և Գոշինը։ Չնայած Զեշինը հայտնի էր իր լաքապատկերների աշխատանքներով, նա գերազանց տիրապետում էր ավանդական թանաքով նկարչությանը և շատ գործեր է ստեղծել վագրերի ու ջրվեժների պատկերերով։ Ճապոնացի վարպետները (sensei) իրենց ուսանողների առջև հաճախ բավականին բծախնդիր և ամբարտավան էին․ Զեշինի ուսուցիչներից մեկը նրան այսպես է ասել․ «Ճիշտ այնպես, ինչպես չես կարող, կանգնելով Ֆուձիյամա լեռան գագաթին ու գնահատել նրա չափերը, այդպես էլ, ամբողջովին չես կարող գնահատել իմ հմտություններն ու հեղինակությունը գտնվելով Կիոտոյում, երբ վերադառնաս Էդո, միայն այնտեղ կգիտակցես իմ աներևակայելի կարևորությունն ու քո մեծ բախտը իմ մոտ ուսանելու համար»։ Իսկ Զեշինը իր աշակերտներին ասում էր, որ չի ցանկանում, որ նրանք ճանաչվեն որպես «Զեշինի աշակերտ», այլ որպես հիանալի նկարիչ, որը սովորում էր Զեշին անունով մի մարդու մոտ։

 
Շիբաթա Զեշին․ Ֆուջի Տագոնոուրա, մակի-է, 1872

1835 թվականին Կոմա Կանսայի մահից հետո Զեշինը ժառանգել է Կոմայի արվեստանոցը․ Իկեդա Թաիշին անունով մի երիտասարդի վերցնում է իր մոտ որպես աշակերտ։ Թայիշինը մնում է նրա աշակերտն ու մտերիմ ընկերը մինչ Զեշինի մահը՝ 1903 թվականը։

1830-1840-ական թվականներին Ճապոնիայում տնտեսական ճգնաժամ էր և արվեստագետները օրենքով սահմանափակված էին արծաթի ու ոսկու օգտագործման մեջ, որոնք գրեթե անհրաժեշտ էին լաքապատ նկարների ավանդական ոճական ձևավորման համար։ Զեշինը դրանք փոխարինում էր բրոնզով՝ երկաթի տեսքն ու հյուսվածքը մոդելավորելու համար։ Նրա գործերից շատերը, կարելի է ասել, ստեղծված են վաբի (wabi) ոճով, այսինքն՝ գեղեցկությունն ու նրբագեղությունը արտահայտված պարզ ձևով, ինչպես ցույց է տրվում ճապոնական թեյի արարողության ժամանակ։

1869 թվականից սկսած Զեշինին հանձնարարվեց աշխատել կայսերական կառավարության համար։ Նա ստեղծեց բազմաթիվ արվեստի գործեր, որոնք ներառում էին կայսերական պալատի համար ոսկեպատ աթոռներ՝ զարդարված սակուրայի մոտիվներով։ Հետագայում մի շարք միջազգային ցուցահանդեսներում նա նշանակվեց Ճապոնիայի պաշտոնական ներկայացուցիչ, այդ թվում՝ 1873 թվականի Վիեննայի ցուցահանդեսսում, հաջորդ տարի Ֆիլադելֆիայում և Փարիզում, չնայած որ նա անձամբ չէր հաճախում դրանցից որևէ մեկին[4]։ Մահվանից մեկ տարի առաջ՝ 1891 թվականին, Զեշինին շնորհվեց Կայսերական արվեստի նորաստեղծ հանձնաժողովին անդամակցության պատիվ և մինչ օրս նա միակն է, որ ճանաչվել է 2 ոլորտներում էլ (նկարչություն և մակի-է)։ Այդպիսի պատիվ տրվել է միայն 1890 թվականից 1944 թվականների 53 նկարիչներին։

Այսօր Զեշինի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուներից մեկը Լոնդոնի Խալիիլի հավաքածուներն են, որոնք պարունակում են նկարչի ավելի քան 100 ստեղծագործություններ[5]։

Զեշինը փորձարկել է լաքապատման տեխնիկական կողմերը։ Նա լաքի հետ խառնում էր մի շարք նյութեր՝ տարբեր գույներ ու հյուսվածքներ ստանալու և լուծույթի կայունությունն ու ճկունությունը վերահսկելու համար[6][7]։

Զեշինը միակ նկարիչն է, ով հմտացել է ուրուշի-է-ի (urushi-e) մեջ, քանի որ այն պահանջում է հատուկ մշակված թուղթ և խիտ լուծույթ, որը օգտագործվում է որպես ներկ։ Նա ստեղծել է լաքի բարդ տեխնիկա, որը կոչվում է սեիկաի-հա (seikai-ha)՝ ալիքային ձևեր ստանալու համար։

Չնայած Զեշինը իր գործերում օգտագործում էր հեղափոխական շատ տարրեր, ինչպես տեխնիկական, այնպես էլ ստեղծագործական, Զեշինի գործերը, ընդհանուր առմամբ, շատ ավանդական էին։ Լաքով նկարչության բոլորովին նոր միջավայրում նա նկարում էր ավանդական պատկերեր՝ թռչուններ, ծաղիկներ, միջատներ, ջրվեժներ և վիշապներ։ Զեշինը արտապատկերել է իր ուսուցիչ Մարույամա Օկյոյի հայտնի վագրի նկարը։

Նակայամա Կոմինի և Շիրայամա Շոսայի հետ միասին Շիբաթա Զեշինը համարվում է Ճապոնիայի ուշ շրջանի երեք լավագույն լաքապատկեր նկարողներից մեկը։

Ցուցահանդեսներ խմբագրել

Շիբաթա Զեշինի գործերը միջազգայնորեն ցուցադրվել են տարբեր հաստատություններում։

  • Ճապոնական լաքապատ նկարներ, 1600-1900 թթ.․ Չարլզ Ա. Գրինֆիլդի հավաքածուից, 1980 թ. սեպտեմբերի 4-ից հոկտեմբերի 19-ը, Նյու Յորքի Մետրոպոլիտենի արվեստի թանգարան[8]։
  • Շիբաթա Զեշին։ Ճապոնական լաքապատ նկարների գլուխգործոցները «Խալիիլի ժողովածոցից»[9]
    • Ապրիլ - հոկտեմբեր, 1997 թ․, Շոտլանդիայի, Էդինբուրգի և Մեծ Բրիտանիայի ազգային թանգարաններ,
    • Հոկտեմբեր - նոյեմբեր, 1999 թ․, Տոյամա Սատոյի արվեստի թանգարան, Տոյամա, Ճապոնիա,
    • Նոյեմբեր, 2000 թ․ - Մարտ, 2001 թ․, Ռոեմերի և Պելիզաեուսի թանգարան, Հիլդեշեյմ, Գերմանիա։
  • Հանճարեղ ճապոնական լաքապատ նկարներ. Շիբաթա Զեշինի գլուխգործոցները՝ «Ճապոնիայի հասարակություն» Նյու Յորք (21 մարտի - 15 հունիսի, 2008 թ.)[10]։
 
Շիբաթա Զեշին․ Ծաղիկներն ու թռչունները տարվա չորս եղանակներին

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Shibata Zeshin։ Lacquer Paintings, The Metropolitan Museum of Art
  4. O'Brien, Mary Louise, Martin Foulds, and Howard A. Link, The art of Shibata Zeshin, The Mr. and Mrs. James E. O'Brien Collection at the Honolulu Academy of Arts, Honolulu Academy of Arts, 1979, p. 17 090369705X
  5. «MEIJI NO TAKARA - Treasures of Imperial Japan; Masterpieces by Shibata Zeshin». Khalili Collections (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  6. O'Brien, Mary Louise, Martin Foulds, and Howard A. Link, The art of Shibata Zeshin, The Mr. and Mrs. James E. O'Brien Collection at the Honolulu Academy of Arts, Honolulu Academy of Arts, 1979, p. 25
  7. Doshin, Sato, Shibata Zeshin: From Lacquer Arts to Painting, Nezu Museum, Tokyo, 2012, p. IX
  8. Japanese Lacquer, 1600-1900 : selections from the Charles A. Greenfield collection (see pages 84-96)
  9. «The Eight Collections». nasserdkhalili.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. «The Genius of Japanese Lacquer: Masterworks by Shibata Zeshin». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Earle, Joe (1997). Shibata Zeshin : masterpieces of Japanese lacquer from the Khalili Collection. Edinburgh: National Museums of Scotland. ISBN 1-874780-09-9. OCLC 37794363.

Արտաքին հղումներ խմբագրել