«Զենք և մարդ» (անգլ.՝ Arms and the Man), Բեռնարդ Շոուի կատակերգություններից մեկը՝ բաղկացած երեք գործողությունից։ Հաճախ բեմադրվել է «Շոկոլադե զինվորիկ» անվամբ (անգլ.՝ Chocolate Cream Soldier):

Զենք և մարդ
անգլ.՝ Arms and the Man
Բեռնարդ Շոուն 1894 թվականին
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
Ձևպիես
ՀեղինակԲեռնարդ Շոու
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1894
Առաջին
ներկայացման վայր
Playhouse Theatre?
Հրատարակվել է1898
ՇարքՀաճելի պիեսներ
ՆախորդՏիկին Ուորնի մասնագիտությունը
ՀաջորդԿանդիդա

«Զենք և մարդը» Շոուի «Հաճելի պիեսներ» շարքի առաջին պիեսն է (1894-1896), մյուս երեքը «Կանդիդա», «Ճակատագրի ընտրյալը», «Կապրենք՝ կտեսնենք» պիեսներն են։ Այս պիեսի գաղափարական հիմքը Շոուի ձգտումն էր մերկացնելու իրականությունն աղճատող ռոմանտիկ վերաբերմունքը կյանքի նկատմամբ (հատկապես պատերազմի կեղծ իդեալականացումը)։ Շոուն կոչ է անում այդ աշխարհայացքին հակադրել ռացիոնալ ռեալիզմը, «իրականության փիլիսոփայությունը», քանի որ միայն դրանք են ունակ առաջադրել իրական խնդիրներ և տալ դրանց լուծումները[1][2]։

Վառ, ուրախ և սրամիտ այս կատակերգությունը Շոուի առաջին պիեսն էր, որը կոմերցիոն մեծ հաջողություն ունեցավ, ընդ որում՝ ոչ միայն Մեծ Բրիտանիայում։ Դրա շնորհիվ Շոուի՝ որպես առաջնակարգ կատակերգակի համբավը տարածվեց ամբողջ աշխարհով։ Տարբեր տարիներին այս պիեսում խաղացել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Լոուրենս Օլիվիեն, Ռալֆ Ռիչարդսոնը, Մառլոն Բրանդոն, Ջոն Գիլգուդը։

Պիեսը մի քանի անգամ էկրանավորվել է, դրա մոտիվներով գրվել է երկու օպերետ։

«Զենք և մարդ» պիեսը բեմադրվում է նաև մեր օրերում՝ տարբեր երկրներում։

Ստեղծման պատմություն և բեմադրություններ խմբագրել

1893 թվականին հայտնի դերասանուհի Ֆլորենս Ֆարը գլխավորում էր լոնդոնյան Ավենյու թատրոնը։ Բախվելով խաղացանկի պակասի խնդրին՝ նա պատվիրում է մի քանի «նոր դրամատուրգների», այդ թվում՝ իր ընկեր 37-ամյա Շոուին, գրել հանրամատչելի կատակերգություն։ Այդ ժամանակ Շոուն արդեն որոշակի, թեև սկանդալային, ճանաչում էր ձեռք բերել «քրիստոնեական սոցիալիզմի» ոգով գրված իր ««Տհաճ պիեսներ» շարքի շնորհիվ։ 1894 թվականին Շոուն թատրոն ներկայացրեց իր «Զենք և մարդ»՝ հակառազմական և հակառոմանտիկ կատակերգությունը[3]։

Պիեսի անվանումը վերցված է Վերգիլիոսի «Էնեական» պոեմի նախաբանից. «Զզէնս եւ զայրն երգեմ»[4] (լատին․՝ Arma virumque cano) դասական քաղվածքը, Շոուի մոտ որպես ծաղրանք է հնչում, քանի որ պիեսի նպատակներից մեկը ռոմանտիկ հերոսականության պսակազերծումն էր[5]։

Ի սկզբանե Շոուն ցանկացել է պատկերել ռազմական ընդհարում պայմանական մի երկրում, բայց ի վերջո ներկայացրել է գործողությունների կատարման հստակ ժամանակ ու վայր. 1885 թվականի նոյեմբեր, սերբ-բուլղարական պատերազմ[6]։ Շոուն շատ բարեխղճորեն էր վերաբերվում ռազմական բնույթի մանրամասնություններին, նա ուսումնասիրել է ականատեսների վկայությունները, լրագրերում տպագրված հոդվածները[7]։ Պիեսում նշված մի շարք ազգագրական մանրամասնություններ ևս հավաստի են՝ ներառյալ բուլղարական անուններն ու ազգանունները (այնուամենայնիվ տառադարձական որոշ անճշտություններ եղել են, իսկ Լուկան (Louka) Շոուն կիրառել է որպես կնոջ անուն[8]): Ռայնայի նախատիպը, Շոուի խոստովանությամբ, ակտիվիստ Աննի Բեզանտն է եղել[9]։

1894 թվականի բեմադրության մեջ Ֆլորենս Ֆարը խաղացել է սպասուհու՝ Լուկայի դերը։ Շոուի ձևակերպմամբ հանդիսատեսի մոտ պիեսի հաջողությունը «խոստումնալից» էր. պրեմիերայի ժամանակ հանդիսականները բուռն ծափահարություններով հեղինակին բեմ են կանչում։ Պահպանված մի պատմության համաձայն, երբ հանդիսականներից մեկը, ներկայացումից դժգոհ մնալով, Շոուի բեմ բարձրանալու ժամանակ սուլել է, վերջինը սառնասրտորեն պատասխանել է նրան. «Բարեկամս, ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ, բայց ինչ արած՝ մենք փոքրամասնություն ենք»[10][3]։

Պիեսը թատրոնի խաղացանկում է եղել 1894 թվականի ապրիլի 21-ից հուլիսի 7-ը, այնուհետև նորից վերսկսվել է, բեմադրվել Մեծ Բրիտանիայի այլ թատրոններում ևս, նաև դրա սահմաններից դուրս։ Նյու Յորքում գլխավոր դերը խաղացել է Ռիչարդ Մանսֆիլդը[5]։

Գործող անձինք խմբագրել

  • Կապիտան Բլյունչլի (Captain Bluntshli) - շվեյցարացի վարձու զինվոր։ Հանդարտ, գործարար կերպարով. ամեն տեսակ ռոմանտիկայից զերծ, կարծում է, որ զինվորի գլխավոր նպատակը ոչ թե սխրագործություն անելն է, այլ ողջ մնալը[11],
  • Ռայնա Պետկով (Raina Petkoff) - ռոմանտիկ հովերով տարված 23-ամյա բուլղարացի աղջիկ,
  • Սերգեյ Սարանով (Sergius Saranoff) - երիտասարդ բուլղարացի սպա՝ Ռայնայի փեսացուն,
  • Մայոր Պավել Պետկով (Major Pavel Petkoff) - Ռայնայի հայրը՝ 50 տարեկան,
  • Կատերինա Պետկով (Catherine Petkoff) - Ռայնայի մայրը,
  • Լուկա (Louka) - Պետկովների երիտասարդ սպասուհին՝ գրավիչ, հպարտ և փառասեր,
  • Նիկոլա (Nicola) - Պետկովների տան տարեց սպասավոր,
  • Ռուս սպա (the Russian officer) - բուլղարական պահակախմբի պետ։

Սյուժե խմբագրել

Առաջին գործողություն խմբագրել

Գործողությունները կատարվում են բուլղարա-սերբական սահմանից ոչ հեռու գտնվող բուլղարական քաղաքում, որտեղ ապրում է Պետկովների հարուստ ընտանիքը, 1885 թվականի նոյեմբերի վերջին։ Գեղեցկուհի Ռայնան մտահոգվում է իր փեսացու Սերգեյի ճակատագրի համար, ով պատերազմում էր ոչ հեռու։ Մայրը նրան հայտնում է, որ բուլղարական բանակը քիչ առաջ հաղթանակ է տարել Սլիվնիցայի մարտում, ընդ որում՝ Սերգեյը առաջինն է, առանց հրահանգի, սկսել հարձակումը, և համարձակորեն դուրս եկել թշնամական հրետամարտկոցների դեմ։ Սերբերը խուճապի են մատնվում և թաքնվում որտեղ պատահի։

Իր փեսացուի սխրանքից հիացած Ռայնան միայնակ է մնում։ Անսպասելիորեն պատշգամբով սենյակ է մտնում ինչ-որ տղամարդ՝ սերբական համազգեստով։ Այդ նույն ժամանակ տան դուռը թակում է պահակախումբը՝ որը փնտրում է թշնամական բանակի զինվորների։ Ռայնան խղճալով փախստականին՝ նրան թաքցնում է և ճանապարհում պահակախմբի անդամներին։

Տղամարդը ներկայանում է՝ նա փորձառու վարձկան զինվոր է, իր զենքը լիցքավորված չէ, փամփուշտների փոխարեն նա իր մոտ շոկալադներ է պահում, որովհետև կարծում է, որ մարտում դրանցից ավելի շատ է օգուտը։

Կապիտանը Ռայնային բացատրում է, որ Սերգեյի խիզախ հարձակումը սերբերի վրա ոչ այլ ինչ էր, եթե ոչ ինքնակործան անմտություն, և նրա այդ արարքը հաջողությամբ պսակվեց միայն այն պատճառով, որ սերբական գնդացրերը լիցքավորված էին սխալ տրամաչափի փամփուշտներով։ Ռայնան վհատված է, պարզվում է, որ այն ինչ նա հերոսություն էր համարում, իրականում անմտություն էր, իրական պատերազմը բոլորովին նման չէր իր պատկերացրածին։

Ուժասպառ եղած կապիտանը քնում է։ Առավոտյան Ռայնան նրան տալիս է հոր սերթուկը, որի գրպանում դնում է իր լուսանկարը՝ «Իմ շոկոլադե զինվորիկին» գրությամբ, և ճանապարհում։

Երկրորդ գործողություն խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում 1886 թվականի մարտին։ Պատերազմն ավարտված է, հաշտությունը՝ կնքված, բանակը՝ զորացրված։ Տուն են վերադառնում Պավել Պետկովը և Ռայնայի փեսացուն՝ Սերգեյը։ Ռայնայի և Սերգեյի ռոմանտիկ հարաբերությունները շարունակվում են, չնայած Ռայնան չի կարողանում մոռանալ իր կողմից փրկված փախստականին, իսկ Սերգեյին ավելի շատ դուր է գալիս ոչ թե Ռայնան, այլ սպասուհի Լուկան։

Հայտնվում է կապիտանը՝ նախկին փախստականը․ նրա անունը Բլյունչլի է, նա եկել էր սերթուկը Ռայնային վերադարձնելու պատրվակով։

Պետկովը ճանաչում է Բլյունչլիին՝ նրանք քիչ առաջ էին փոխանակել գերիներին և ընկերացել։ Բլյունչլիին ընդունում են որպես հյուրի։

Երրորդ գործողություն խմբագրել

Պետկովների տան գրադարանում Բլյունչլին և Սերգեյն աշխատում են փաստաթղթերի վրա՝ ձևակերպելով հաշտության պայմանագրի մանրամասները։ Դրանից հետո Սերգեյը սեր է խոստովանում Լուկային, վերջինս էլ հայտնում է, որ Բլյունչլին անտարբեր չէ Ռայնայի նկատմամբ։ Սերգեյը մենամարտի է հրավիրում Բլյունչլիին, այդ մասին իմանալով՝ Ռայնան իր հերթին Սերգեյին մեղադրում է Լուկային սիրահետելու մեջ։ Մենամարտը չեղարկվում է, կեղծ ռոմանտիկ կեցվածքները մի կողմ են նետվում։ Ռայնան իր համար անսպասելի բացահայտում է, որ ինքն իրեն նման լինելը՝ գրքային որևէ հերոսուհու նմանակելուց ավելի հեշտ է։ Սերգեյը նույնպես նույն հետևությունն է անում և դառնորեն արտահայտում. «Օ՜, պատերազմ, պատերազմ։ Այն հայրենասերների և հերոսների պատրանքն է։ Այն խաբեություն է, Բլյունչլի, նույնպիսի դատարկ կեղծիք, ինչպիսին սերն է»։ Ամեն տեսակ ռոմանտիկ պայմանականություններից ազատված՝ Սերգեյը հայտնում է իր և Լուկայի նշանադրության մասին։

Բլյունչլին, սերթուկի գրպանում հայտնաբերելով լուսանկարը, գիտակցում է, որ Պետկովների տուն է եկել, որ ևս մեկ անգամ տեսնի Ռայնային, և խնդրում է նրա ձեռքը։ Ռայնայի ծնողները տատանվում են, բայց երբ Բլյունչլին նրանց հայտնում է, որ Շվեյցարիայում մեծ կարողություն է ժառանգել, նրանք համաձայնվում են։

Գաղափարական-գեղարվեստական շարժառիթներ խմբագրել

«Հաճելի պիեսներ» շարքի նախաբանում, Շոուն հայտարարում է, որ ինքը ռոմանտիզմը դիտարկում է որպես «մեծ մոլորություն», որին պետք է վերաբերվել մեղմ ծաղրանքով կամ արհամարհանքով, և որը պետք է դուրս մղել կյանքից ու գրականությունից։ Նրա կարծիքով, արմատական ռոմանտիզմը անխուսափելիորեն հանգեցնում է հոռետեսության և հիասթափության։ «Զենք և մարդ» պիեսի գլխավոր հերոսը գործնական մարդ է, զերծ ամեն տեսակ իդեալիզմից, նա մարտին ոչ միայն փամփուշտներ էր վերցնում, այլև շոկոլադներ՝ ուժ առնելու համար[1]։

Այս դիրքորոշումը Շոուին ուղեկցում է մինչև կյանքի վերջը, օրինակ, «Սուրբ Իոհաննա» պիեսում նա Ժաննա դ'Արկին ներկայացնում է որպես սթափ դատող, խելամիտ աղջիկ, ով զերծ է ամեն տեսակ միստիկայից ու ռոմանտիզմից։

Ռեալիզմի և ռոմանտիզմի պայքարը Շոուն հասկանում էր որպես արմատացած հասարակական նախապաշարմունքների վերացման, գործող կարգի և քաղաքականության լիբերալ իդեալականացման դեմ պայքար։ Վերը նշված նախաբանում, նա ընդդիմանում է «մտացածին բարքերին և բարեվարքությանը»։ Շոուն հայտարարում է[12]

Ես լավ բաներ շատ եմ տեսնում աշխարհում, և այն շատ արագ է զարգանում, եթե դրան չեն խանգարում իդեալիստները․․․Ըստ իս` կյանքի ողբերգությունը և կատակերգությունը պայմանավորված են ամեն ինչ ոչ թե հավաստի գիտական պատմությունների վրա, այլ մեր չբավարաված կրքերի թելադրանքով կառուցելու մեր փորձերի սարսափելի, երբեմն նույնիսկ անհեթեթ հետևանքներով։

Անգլիացի գրականագետ Ա․ Ուորդը (A. C. Ward) հայտարարել է, որ Շոուի այս կատակերգության ինչպես լուրջ, այնպես էլ հումորային տարրերը, այնքան արդիական են, որ կարծես այն այսօր գրված լինի։ Ուորդն առանձնացրել է պիեսի երկու հիմնական թեմա՝ պատերազմ և ամուսնություն։ Այս երկու թեմաները միավորում է այն փաստը, որ ռոմանտիկ պատրանքները, իրերին իրատեսորեն նայելու անընդունակությունը երկու դեպքում էլ կարող են հանգեցնել աղետալի հետևանքների՝ ինչը և համոզիչ կերպով ցույց է տալիս Շոուն[13]։

Քննադատություն խմբագրել

Ի տարբերություն նախորդ «Տհաճ պիեսներ» շարքի, այս կատակերգությունը չի շոշափում լուրջ սոցիալական խնդիրներ, ուստի բրիտանացի քննադատները դրան համեմատաբար խաղաղասիրաբար վերաբերվեցին։ Քննադատների մի մասը, այնուամենայնիվ, Շոուին մեղադրեց հերոսականությունն ու հայրենասիրությունը ծաղրելու մեջ։ Ուելսի արքայազնը՝ ապագա թագավոր Էդուարդ VII-ը, Շոուի պիեսն անվանեց զրպարտություն զինվորականների հասցեին։ Շատ չանցած՝ Շոուն հանդես եկավ «Ռեալիստ-դրամատուրգը իր քննադատներին» հոդվածով, ընդգծելով, որ չի կարելի իրականությունը խառնել իդեալականացված-թատերականի հետ, իսկ իրական հումանիզմը անքակտելի է ռեալիզմից․ «Պատերազմը, ինչպես գիտենք, առանձնահատուկ ուժեղ է դեպի իրեն ձգում ռոմանտիկական ֆանտազիան»։ Շոուն որպես ռոմանտիզմի և իրականության բախումից առաջացած հիասթափության օրինակ վկայակոչում է Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպը[5] [14][15]։

Քննադատների մյուս մասը պիեսը գնահատել է որպես զվարճալի ֆարս։ Շոուն մեղադրում էր քննադատներին նրանում, որ նրանց համար պատերազմը ոչ այլ ինչ է, եթե ոչ սպորտ կամ հանդիսախաղ․ նա հատուկ ընդգծել է, որ հիմնվել է կադրային զինվորականների վկայությունների վրա և պատերազմական առօրյան նկարագրել խիստ իրատեսորեն[16]։

Ինքը՝ Շոուն, այս պիեսը տարբեր կերպ է գնահատել, մերթ հաստատելով, որ ավելի ուշ գրված իր պիեսներն ավելի լավն են, մերթ այն անվանելով դասական։ Մասնավորապես, 1927 թվականին նա ասել է, որ միայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո անգլիացիները «վառոդի հոտը զգալով» համոզվեցին, որ «Զենք և մարդը» դասական և արդիական պիես է[3]։

Բուլղարացի մի քանի քննադատներ դժգոհություն հայտնեցին, որ պիեսում հեգնական դիտողություններ են հանդիպում բուլղարական կենսակերպի հետ կապված (օրինակ, Պետկովի արտահայտությունը՝ «մշտապես լվացվելը վնասակար է առողջությանը»՝ 2-րդ գործողության մեջ, կամ պնդումը, թե ամբողջ Բուլղարիայում միայն մեկ գրադարան կա)։ Շոուն բացատրում է, որ ինքը չէր ցանկանում վիրավորել բուլղարացիներին, ասելով, որ այդ «խիզախ նորեկների ազգը» նոր միայն սկսել է հաղորդակցվել եվրոպական քաղաքակրթությանը, այնպես որ նրանց փորձերը ժամանակ առ ժամանակ անհաջող և զվարճալի են[17]։

Ջորջ Օրուելը կարծում էր, որ «Զենք և մարդը» Շոուի ամենասրամիտ, ուսուցողական և կատարյալ պիեսն է, իսկ դրա բարոյական խրատը (պատերազմների անթույլատրելիությունը) արդիական է նաև մեր օրերում[18]։

Խորհրդային քննադատ Աննա Ռոմը Շոուի կատակերգությունն անվանել է ինտելեկտուալ դրամա և նշել․ «Բլյունչլիի հարթ և անթև ռացիոնալիզմի տակ թաքնված է Շոուի՝ որպես իմաստունի և փիլիսոփայի մեծ վոլտերյան ռացիոնալիզմը, որը պայքարում է մարդկային բնության բնական, առողջ սկզբի պահպանման համար։ «Զենք և մարդ» կատակերգությունը իր բարդ և յուրօրինակ կառուցվածքով պարունակում է եվրոպական թատրոնին դեռևս անհայտ գեղարվեստական ժանրերի ծագման հնարավորություններ»[15]։

Մեկ այլ քննադատ Պյոտր Բալաշովը «Զենք և մարդ» պիեսն անվանել է ռոմանտիկ պատրանքների կորստի կատակերգություն[7]։

Էկրանավորում խմբագրել

1930 թվականին Սերգեյ Էյզենշտեյնը Paramount Pictures ստոդիայից համատեղ ֆիլմ նկարահանելու առաջարկ է ստանում։ Էյզենշտայնը առաջարկում է էկրանավորել «Զենք և մարդ» պիեսը, բայց ստուդիան մերժում է այդ առաջարկը[19]։

Հետագայում պիեսը բազմիցս էկրանավորվել է․

Երկիր Թվական Ռեժիսոր Դերակատարներ Մեկնաբանություն
  Միացյալ Թագավորություն 1932 Սեսիլ Լյուիս Բերի Ջոնս, Էնն Գրեյ, Մորիս Քոլբորն[20] Սցենարը Շոուն է գրել և ավելացրել մի շարք նոր տեսարաններ[21]
  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 1958 Ֆրանց Փիթեր Վիրթ Օտտո Վիլհելմ Ֆիշեր, Լիզելոտա Պուլվեր, Էլլեն Շվիերս, Յան Հենդրիքս Առաջադրվել է Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում[22], 1959 թվականին ներկայացվել է նաև Կաննի կինոփառատոնում[23]։
  Միացյալ Թագավորություն 1983 Ռիչարդ Բրայերս, Էլիս Կրիգե, Քելսի Գրեմեր[24][25] Ֆիլմ-ներկայացում (Բրիտանական հեռարձակման կորպորացիա (BBC))
  Միացյալ Թագավորություն 1989 Ջեյմս Սելլան Ջոնս Հելենա Բոնհեմ Քարթեր, Նիկոլա Շագրեն, Մարկ Քրոուդի, Փիփ Թորենս[26] Բրիտանական հեռարձակման կորպորացիա (BBC)

Ադապտացիա խմբագրել

1909 թվականին Շոուն վիեննացի լիբրետիստների խնդրանքով թույլ տվեց պիեսի մոտիվներով օպերետ գրել, դնելով մի քանի պայման՝ բնօրինակի երկխոսություններն ու հերոսների անունները չպետք է օգտագործվեին օպերետում, իսկ լիբրետոյի գովազդում պետք է հայտարարվեր, որ դա Շոուի պիեսի պարոդիան է։ Ընդ որում՝ նա հրաժարվեց իրեն՝ որպես հեղինակի հասանելիք հոնորարից։

Շոուն չափազանց զայրացավ, իմանալով, որ այդ պայմանները չեն կատարվել (միայն հերոսների անուններն էին փոխվել)։ 1908 թվականին երևան եկավ Օսկար Շտրաուսի «Շոկոլադե զինվորիկ» օպերետը, որը զգալի չափով կրկնօրինակում էր պիեսը։ Շոուն այլևս թույլ չտվեց իր պիեսները ադապտացնել երաժշտական ներկայացումներում, մասնավորապես նա չթույլատրեց Ֆրանց Լեգարին օպերետ գրել «Պիգմալիոն» պիեսի հիման վրա[27]։

1973 թվականին պիեսի հիման վրա մյուզիքլ է բեմադրել Ուդո Յուրգենսը Վիեննայում։

Բեմադրություններ ռուսական և խորհրդային թատրոններում խմբագրել

Աղբյուր[5]՝.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Предисловие Шоу, 1978, էջ 320—323
  2. Комментарии к пьесе, 1978, էջ 636—637
  3. 3,0 3,1 3,2 Хескет Пирсон, 1997, Глава «Художество для художника»
  4. Վիրգիլեայ, Պոբլիոս Մարոնի, Ենէական (2-րդ տպագրութիւն), Վենետիկ, «Ս. Ղազար», 1933 — 544 էջ։
  5. 5,0 5,1 5,2 5,3 Комментарии к пьесе, 1978, էջ 638
  6. Комментарии к пьесе, 1978, էջ 638—639
  7. 7,0 7,1 Балашов П., 1982, էջ 119—120
  8. Arms and the Man, 1976, էջ 16
  9. Балашов П., 1982, էջ 122
  10. Frezza, Daniel. About the Playwright: George Bernard Shaw
  11. Балашов П., 1982, էջ 121
  12. Предисловие Шоу, 1978, էջ 323
  13. Introduction by A. C. Ward, 1976, էջ 95—96
  14. О драме и театре, 1963, էջ 98—99
  15. 15,0 15,1 Ромм А. С., 1965, էջ 81
  16. О драме и театре, 1963, էջ 108—109
  17. О драме и театре, 1963, էջ 98
  18. George Orwell. George Bernard Shaw, Chapter 8 // George Orwell. The Lost Writings, Edited by W. J. West, Arbor House, New York, 1985. This also appears as Chapter 8 in Orwell, The War Broadcasts, Edited by W. J .West, The British Broadcasting Corporation, and The Old Piano Factory, London, 1985.
  19. Montagu, Ivor. With Eisenstein in Hollywood. — Berlin: Seven Seas Books, 1968. — P. 151.
  20. Оружие и человек (1932)
  21. Балашов П., 1982, էջ 279
  22. «The 31st Academy Awards (1959) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
  23. «Festival de Cannes: Arms and the Man». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ փետրվարի 14-ին.
  24. «Фильм-спектакль». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  25. Arms and the Man (1983 TV Movie)
  26. Телевидение BBC
  27. Ellwood Annaheim (2002). «Shaw's Folly – Straus' Fortune» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2005 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 15 июля 2016-ին.
  28. Валерия Бабушкина. «МХАТ имени Горького покажет "Шоколадного солдатика" Бернарда Шоу». Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  29. «Малый драматический театр представил премьеру спектакля «Шоколадный солдатик»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.

Գրականություն խմբագրել

  • Аникст А. А., Николюкин А. Н., Комментарии к пьесе «Оружие и человек», Бернард Шоу. Полное собрание пьес в шести томах, М., «Искусство», 1978 — 648 էջ։
  • Балашов П., Художественный мир Бернарда Шоу, М., «Художественная литература», 1982 — 326 էջ։
  • Деннингхаус Ф., Театральное призвание Бернарда Шоу, М., «Прогресс», 1978 — 328 էջ։
  • Пирсон, Хескет., Бернард Шоу (След в истории), Ростов-на-Дону, «Феникс», 1997 — 544 էջ, ISBN 5-222-00176-8։
  • Ромм А. С., Джордж Бернард Шоу : 1856-1950 (Классики зарубежной драматургии), М.—Л., «Искусство», 1965 — 249 էջ։
  • Хьюз, Эмрис., Бернард Шоу (Жизнь замечательных людей), М., «Молодая гвардия», 1968 — 288 էջ։
  • Шоу, Бернард., О драме и театре, М., «Искусство», 1963։
  • Шоу, Бернард., Предисловие к «Пьесам приятным», Полное собрание пьес в шести томах, М., «Искусство», 1978։
  • Shaw, Bernard., Arms and the Man, Moscow, «Progress Publishers», 1976։
  • Ward A. C., Introduction to Arms and the Man, Shaw, Bernard. Arms and the Man, Moscow, «Progress Publishers», 1976, էջ 95—100։

Արտաքին հղումներ խմբագրել