Բացել գլխավոր ցանկը


Շրջապատող միջավայրի ճանաչողության և ընկալման գործընթացն իրագործվում է մարդու զգայարանների՝ տեսողության, լսողության, շոշափելիքի, համի, հոտառության միջոցով։ Մարդը զգում է ծաղկի հոտը, սննդի համը, տեսնում է վարդի գույնը, զանազանում է տարբեր ձայներ։ Օրգաիզմի արտաքին և ներքին միջավայրի վիճակ մասին տեղեկատվության ընկալումն իրականանում է ընկալիչների համաձայնեցված գործունեությամբ։ Ընկալիչը (ռեցեպտորը) հատուկ մասնագիտացված զգայական կազմավորում է, որը նյարդային վերջույթների ընդունած գրգիռը վերափոխում է նյարդային ազդակի։ Ընկալիչները տեղակայվախ են մաշկում, ներքին օրգաններում, լորձաթաղանթում, արյան անոթների պատերում և այլուր։ Ընկալիչներն ունեն մի շարք առանձնահատկություններ։ Նրանք ընկալում են միայն որոշակի գրգիռներ (աչքի ընկալիչը՝ լույս, ականջինը՝ ձայն)։ Ընկալիչը բարձր զգայություն ունի իր գրգռիչի նկատմամբ, օրինակ՝ հատը զգալու համար բավական է հոտավետ նյութի 2-3 մոլեկուլ։ Ընկալիչն օժտված է հարմարողական ունակությամբ, օրինակ՝ ուժեղ ձայները որոշ ժամանակ անց չեն լսվում, քանի որ ընկալիչները հարմարվում են ձայնի այդպիսի բարձրությանը։ Ըստ բնույթի տարբերում են մեխանընկալիչներ, լուսընկալիչներ, քիմընկալիչներ, ջերմընկալիչներ, ձայնընկալիչներ, ցավընկալիչներ։ Մարմնի այս կամ այն մասում կենտրոնացած որոշակի ընկալիչներն օժանդակ հյուսվածքների հետ միասին առաջացնում են զգայարան։ Զգայարանները մասնակցում են մարդւո հիմնական զգայությունների՝ հոտի, համի, շոշափելիքի, տեսողության և լսողության ձևավորմանը։ Զգայության ձևավորումն իրականանում է վերլուծիչի միջոցով։