Ընկալիչներ (ռեցեպտորներ), կենդանի օրգանիզմի հատուկ մասնագիտացված զգայական գոյացություններ, որոնք ընկալում են տարբեր բնույթի գրգիռներն ու վերածում դրանք նյարդային ազդակի։

Ընկալիչների տարբեր տեսակներ

Գրգիռների ընկալումը կատարվում է բջջի թաղանթի ձգման (մկանների պրոպրիոցեպտորներ), մեխանիկական ալիքների ազդեցության (ձայնային ընկալիչներ), ճնշման և լարվածության փոփոխման (ճնշաընկալիչներ), քիմիական աստիճանականության (քեմոընկալիչներ) և այլ փոփոխությունների միջոցով։

Ազդակների վերափոխումն ընկալիչներում խմբագրել

Տարբերում են ընկալչական և գեներատորային պոտենցիալներ։ Եթե ընկալչական հատվածը զգացող նեյրոնի մի մասն է (դենդրիտի ազատ կամ պատիճավորված վերջույթ), ապա այդ դեպքում ընկալչական և գեներատորային պոտենցիալներն իրար համարժեք են։ Եթե ընկալիչն առանձին է զգացող նեյրոնից, ապա այդ դեպքում ընկալչական և գեներատորային պոտենցիալները տարբերվում են իրարից։

 
Շփման ընկալիչ
 
Ազատ նյարդային վերջույթ

Գրգռման դեպքում ընկալչում առաջանում է ընկալչական պոտենցիալ, այն հարուցում է միջնորդանյութի արտազատում, ինչն էլ իր հերթին, ազդելով զգացող նեյրոնի վրա, վերջինիս հետսինապսային թաղանթում առաջացնում է գեներատորային պոտենցիալ։ Գեներատորային պոտենցիալի բավարար արժեքի դեպքում զգացող նեյրոնում առաջանում է գործողության պոտենցիալ։

Ընկալչական պոտենցիալը տեղային պոտենցիալ է, ունի աստիճանական բնույթ ունի, և դրա տատանասահմանը կախված է ազդակի ուժգնությունից։ Գեներատորային պոտենցիալը կարող է լինել ինչպես ապաբևեռացնող (օրինակ` համի, հավասարակշռության ընկալիչներում), այնպես էլ գերբևեռացնող (օրինակ` տեսողական ընկալիչներում)։ Գրգռիչների երկարատև ազդեցության դեպքում որոշ տեսակի ընկալիչներում կարող է առաջանալ հարմարում (ադապտացիա), որի դեպքում ընկալչի կողմից ազդակների առաջացման և հաղորդման ընդունակությունը փոխվում է[1]։ Ցավային ընկալիչներն ու պրոպրիոցեպտորները համարվում են քիչ հարմարվող կամ չհարմարվող ընկալիչներ։

Ընկալիչների տեսակները խմբագրել

  • Ըստ տեղադրության ընկալիչները լինում են.
    • Արտաքին ընկալիչներ (էքստերոռեցեպտորներ)՝ տեղադրված են մաշկում և ընկալում են արտաքին միջավայրի տարբեր բնույթի գրգիռները (տեսողական, լսողական, անդաստակային, հոտառական, համի, շոշափելիքի)։
    • Ներքին ընկալիչներ (ընդերաընկալիչներ, ինտերոռեցեպտորներ)՝ տեղադրված են ներքին օրգաններում և անոթների պատերում, զգայուն են մեխանիկական ու քիմիական գրգռիչների, ինչպես նաև օսմոսային ճնշման փոփոխման և ցավային ազդակների նկատմամբ։ Սրանց գործունեությամբ է պայմանավորված ներքին օրգանների աշխատանքի կարգավորումն ու հոմեոստազի պահպանումը։
    • Հոդամկանային սեփական ընկալիչներ (պրոպրիոռեցեպտորներ)՝ գտնվում են մկաններում, ջլերում, հոդերում, վերնոսկրում և ընկալում են ճնշումը, թրթռոցը, կշռի փոփոխությունը, մկանների կծկման և թուլացման աստիճանը, մարմնի տարբեր մասերի դիրքը տարածության մեջ։
  • Ըստ ազդանշանի ընկալման բնույթի ընկալիչները լինում են.
    • Հպումային՝ երբ գրգռիչը պարտադիր պետք է հպվի ընկալչին (ցավ, համ)։
    • Հեռազգաց (դիստանտ)՝ երբ գրգռիչն անմիջապես չի հպվում ընկալչին (լսողություն, տեսողություն)։
  • Ըստ ընդունած գրգռիչների բնույթի ընկալիչները լինում են.
    • Մեխանաընկալիչներ, որոնք ընկալում են գրգռիչի մեխանիկական էներգիան։ Սրանք են շփման, հպման, ձգման, թրթռոցի և ճնշման ընկալիչները[2][3]։
    • Ջերմաընկալիչներ, որոնք ընկալում են ջերմային գրգիռը և տեղադրված են մաշկում և ներքին օրգաններում։ Ջերմաընկալիչները լինում են տաքազգաց և սառնազգաց։
    • Քիմիաընկալիչներ, որոնք զգայուն են քիմիական գրգռիչների նկատմամբ։ Այս խմբին են պատկանում համի, հոտառական, անոթային և հյուսվածքային բազմաթիվ ընկալիչներ։
    • Ձայնաընկալիչներ, որոնք ընկալում են ձայնային ալիքները։
    • Լուսաընկալիչներ, որոնք ընկալում են լուսային էներգիան։
    • Ցավազգաց ընկալիչներ (նոցիցեպտորներ), որոնք ընդունում են ցավային գրգիռները։
  • Ըստ կառուցվածքային առանձնահատկությունների ընկալիչները լինում են.
    • Առաջնազգայական՝ որոնք ձևավորվում են զգայական նյարդի թելերից և գրգռիչն անմիջապես ազդում է սրանց վրա (հոտառական, շոշափական, ջերմազգաց, հոդամկանային)։ Առաջնազգայական ընկալիչները երկու տեսակի են։ Սրանց մի մասը ներկայացված է ազատ նյարդային վերջույթներով (օրինակ` ցավային և ջերմային ընկալիչները), իսկ մյուսների նյարդային վերջույթները շրջապատված են շարակցահյուսվածքային պատիճով (օրինակ` խորքային ճնշաընկալիչները, մկանային իլիկները, Գոլջիի ջլային ընկալիչները)։
    • Երկրորդազգայական՝ որի դեպքում զգացող նյարդաթելերը գրգռվում են ոչ թե անմիջականորեն, այլ մասնագիտացված ընկալչական բջիջների միջոցով, որի վրա ազդում է գրգռիչը (համի, տեսողական, լսողական, անդաստակային ապարատի)։
  • Ըստ ընկալվող գրգռիչների քանակի, տարբերում են.
    • Միաբնույթ (մոնոմոդալ) ընկալիչներ, որոնք հիմնականում զգայուն են մեկ տեսակի գրգռիչի նկատմամբ (տեսողական, լսողական, համի)։
    • Բազմաբնույթ (պոլիմոդալ) ընկալիչներ, որոնք զգայուն են մի քանի տեսակի գրգռիչների նկատմամբ (օրինակ՝ ցավի, ջերմության, շփման նկատմամբ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. Halata Z., Grim M., Baumann K. I.  Friedrich Sigmund Merkel and his “Merkel cell”, morphology, development, and physiology: Review and new results // The Anatomical Record, 2003, 271A (1). — P. 225—239. — doi:10.1002/ar.a.10029.
  3. Halata Z., Baumann K. I., Grim M.  Merkel Nerve Endings Functioning as Mechanoreceptors in Vertebrates // The Merkel Cell: Structure — Development — Function — Cancerogenesis / Baumann K. I., Halata Z., Moll I. (Eds.). — Berlin, Heidelberg: Springer Verlag, 2003. — xiv + 248 p. — ISBN 978-3-642-05574-4 — P. 3—6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 107