Բացել գլխավոր ցանկը

Զաքարե Բ Մեծի թոռը՝ Շահնշահ Ա Զաքարյանի որդին: Հայոց իշխանապետ և հայ-վրացական զորքերի ամիրսպասալար է դարձել 1251-ին, Ավագ Զաքարյանի մահից հետո: Նրա իշխանության օրոք, մահացած Գույուք Մոնղոլ Մեծ Խանին փոխարինել է՝ Չինգիզ Խանի թոռը՝ Մանգու Խանը: Հայաստանը ենթարկվել է թաթար-մոնղոլների վարչատարածքային բաժանմանը, Արևելյան Վրաստանի, Շիրվանի և Ատրպատականի հետ կազմելով մեկ կուսակալություն, որն իր հերթին բաժանվել է հինգ վիլայեթի: Զաքարյանների Հայոց Իշխանապետությունը մտել է <Գյուրջիստանի> վիլայեթի (Տփղիս կենտրոնով) մեջ, իսկ Հայաստանի հարավ-արևմտյան նահանգները՝ <Մեծ Հայքի> վիլայեթի (Կարին կենտրոնով) կազմում: <Գյուրջիստանը> բաղկացած էր տաս ռազմավարչական միավորից՝ Թումանից, որից հինգը Հայոց <Զաքարյանների Իշխանապետությանն> էր, որտեղ հայ իշխանական տները գոյատևել են իբրև մոնղոլական պետության ավատառուներ և ռազմավարչական պաշտոնեության ներկայացուցիչներ:

<Գյուրջիստանի> վիլայեթի մեջ մտած Զաքարյանների իշխանապետությունը լիիրավ պահպանեց իրեն ներքին ինքնավարությունը: Զաքարե Գ Զաքարյանը նախկինի նման վրաց արքունիքում վարում էր բարձր պաշտոններ և հանդիսանում էր Հայոց իշխանների իշխանապետը՝ Հայոց Պարոնը, Հյուսիսային Հայաստանի հայկական մյուս իշխանությունների նկատմամբ պահպանելով գերավատիրության իրավունքը: Թումանների հայ իշխանական տոհմերի կառավարիչ իշխանները պարտավորվեցին իրենց զինվորական ուժերով մասնակցել մոնղոլական պատերազմներին, վճարել հարկեր, ապահովել մոնղոլ պաշտոնյաների երթևեկությունը, կատարել շինարարական աշխատանքներ:

1256-ին Մոնղոլ Մեծ Խան Մանգուի եղբայր Հուլավուն, իր իշխանության տակ վերցրեց Իրանը, Իրաքը, Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և այլ տարածքներ ու հիմնեց Իլխանություն (մոնղոլական տերության ուլուսներից մեկը), որը նրա անունով կոչվեց Հուլավյան Իլխանություն և նրա իրավասության տակ անցավ <Գյուրջիստանի> վիլայեթը:

1258-ին Հուլավու իլխանը արշավեց Արաբական Խալիֆայության կենտրոն՝ Բաղդադի վրա, որին մասնակցեցին հայ-վրացական զորքերը Զաքարե Գ-ի գլխավորությամբ (հայկական զորամասերի սպարապետն էր Պռոշ Խաղբակյանը): Քաղաքի չորսօրյա պաշարումից հետո այն հանձնվեց և վերացվեց Բաղդադի խալիֆայությունը:

Բաղդադի գրավումից հետո, Հուլավուն Հայոց սպարապետ Պռոշի և մոնղոլ զորավար Չատաղայի հրամանատարությամբ մեծ զորք ուղարկեց՝ մյուս մահմեդական հզոր իշխանության վրա, որը հիմնվել էր հին հայկական Տիգրանակերտ (Նփրկերտ կամ Մարտիրոսք) քաղաքում: Հայ-վրացական և մոնղոլական զորքերը պաշարեցին քաղաքը, որը երկու տարուց ավել տևած պաշարումից հետո հանձնվեց:

Այդ ժամանակներում <Գյուրջիստանի> վիլայեթի մեջ մտնող Վրաց թագավորության գահակալ Ուլու Դավիթը նեղվելով Հուլավյան իլխանության անասելի ծանր հարկերից, ապստամբեց նրա դեմ ու ապաստանեց Աբխազիայի և Սվանետիայի անառիկ վայրերում: Գյուրջիստանի թաթար ոստիկան (իլխանության հարկահավաք)՝ Արղունը, իր զորքով սկսեց հետապնդել Դավթին՝ ճանապարհին անխնա ավերելով վրաց շեները: Արղունի ինքնավստահ անզգուշությունից օգտվելով, վրաց իշխանների զորաջոկատը մի լեռնային վայրում հարձակվելով, մեծ ջարդ տվեց Արղունի զորքերին: Անհաջողությունից կատաղած Արղունը Զաքարե Գ-ին առաջարկեց Հայոց զորաջոկատով (որոնք լավ ծանոթ էին տեղանքին) ուղեկցել Արղունի պատժիչ զորագնդին՝ Դավիթին ձերբակալելու համար:

Պատժիչ արշավանքի ժամանակ Զաքարե Գ-ն իր կնոջը տեսնելու պատրվակով, որը գտնվում էր աներոջ՝ Ուղտիքի (Օլթի) իշխան Սարգսի տանը, բոլորից գաղտնի հանդիպեց Դավիթի հետ փախած վրաց իշխաններին և զգուշացրեց նրանց՝ կազմակերպված արշավանքի ու ծրագրերի մասին: Կատարվածի մասին քսությունը անմիջապես հասավ մեծ ոստիկան Արղունին, և վերջինս սկսեց անասելի տանջանքների ենթարկել իր մոտ պատանդ պահվող հայ իշխան Հասան-Ջալալ Դոլաին: Զաքարե իշխանապետը իմանալով կատարվածի և իր սիրելի իշխանի կտտանքների մասին՝ կամավոր ներկայացավ Ղազվին, որպեսի դրանով հերքի իլխանության արքունիք հասցված քսությունը և ազատի տանջանքներից՝ Հասան-Ջալալ իշխանին: Արղունը անմիջապես ձերբակալեց Զաքարեին և ուղարկեց Հուլավուի մոտ, իսկ Հասան-Ջալալ Դոլա իշխանին հոդակոտոր անելով սպանեց: Մեծ իլխան Հուլավուն զայրացած հրամաեց մահապատժի ենթարկել Զաքարե Գ իշխանապետին: Երբ նրա հայր՝ Շահնշահ Ա-ն Օձուն գյուղում լսեց այդ գույժը, սրտաբեկվեց և վշտից մահացավ ու նրան թաղեցին Քոբայրում:

ԱղբյուրներԽմբագրել

  • Կիրակոս Գանձակեցի, <<Պատմություն Հայոց>>, - Եր․, 1961թ.
  • Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> - Եր., 2002 թ.