Զավեն Հացագործյան

հայ ճարտարագետ, դրամատուրգ, թարգմանիչ, բառարանագիր

Զավեն Արսենի Հացագործյան (ապրիլի 20, 1911(1911-04-20)[1][2], Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - հունիսի 24, 1992(1992-06-24)[2], Երևան, Հայաստան[2]), հայ ճարտարագետ-շինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1966 թ.), պրոֆեսոր (1968 թ.), դրամատուրգ, թարգմանիչ, բառարանագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1939)[3]։

Զավեն Հացագործյան
Ծնվել էապրիլի 20, 1911(1911-04-20)[1][2]
ԾննդավայրԲաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էհունիսի 24, 1992(1992-06-24)[2] (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1931)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1966)
Մասնագիտությունքաղինժեներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ֆիզիկոս-տեսաբան Կարեն Հացագործյանի հայրը։

Կենսագրություն

խմբագրել

Զավեն Հացագործյանը ծնվել է 1911 թվականի ապրիլի 20-ին, Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքում։ 1931 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ 1931-1941 թվականներին և 1945-1961 թվականներին աշխատել է Հայաստանի շինանյութերի և կառուցվածքների գիտահետազոտական ինստիտուտում, 1931-1938 թվականներին՝ նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1941-1945 թվականներին՝ պաշտպանական շինարարությունում։ 1947 թվականին «Թեթև երկաթբետոնի արդյունավետությունը Հայկական ԽՍՀ պայմաններում» թեմայով դիստերտացիա է պաշտպանել Թբիլիսիում և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1966 թվականին «Հրաբխային տուֆերի հատկությունների և կիրառության ուսումնասիրությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել (Թբիլիսիում) և ստացել տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։ Երևանի Քարի և սիլիկատների ԳՀԻ հիմնադիրներից է, 1961-1992 թվականներին եղել է Քարի և սիլիկատների ԳՀԻ բնական քարի լաբորատորիայի վարիչ, 1962-1969 թվականներին եղել է գիտության գծով տնօրենի տեղակալ։ 1962 թվականից գիտական խորհրդի սեկցիայի նախագահ[4]։

Աշխատանքները վերաբերում են բնական ծակոտկեն լցիչների կիրառմամբ թեթև երկաթբետոնի հետազոտման, կառուցվածքների երկարակեցության, արհեստական մարմարի և գրանիտի ստացման տեխնոլոգիայի հարցերին։ Տվել է հրաբխային քարանյութերի դասակարգումը, մասնակցել քարային շինանյութերի պետական ստանդարտների մշակմանը։ «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան»-ների (1957 թ., 1988 թ.) կազմողներից։ Հետազոտել է Հայաստանի բնական քարանյութերի հատկությունները, հատկապես նրանց երկարակեցությունը կառուցվածքների մեջ։ Տվել է հրաբխային քարանյութերի շինարարական դասակարգումը։ Մշակել է հետազոտության նոր մեթոդներ ու սարքեր, արհեստական մարմարի և գրանիտի ստացման տեխնոլոգիաներ, քարային թափոնների օգտագործման եղանակներ, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ ծակոտկեն քարանյութերի կիրառման եղանակը։ Հեղինակ է բազմաթիվ գյուտերի։ Տպագրել է ավելի քան երկու հարյուր գիտական աշխատություն՝ մեծ մասամբ ռուսերեն և հայերեն, չորսը՝ ֆրանսերեն և չեխերեն։ Մասնակցել է քարային շինանյութերի համամիութենական ստանդարտների ստեղծմանը։ Եղել է Շինանյութերի հանրապետական ատեստացիոն հանձնաժողովի նախագահ (1978-1992 թթ.), հուշարձանների պահպանության միջազգային խորհրդի ԽՍՀՄ կոմիտեի անդամ (1983-1990 թթ.)։ Զգալի աշխատանք է կատարել հայերեն տեխնիակական տերմինների մշակման գործում[3][5]։

1937-1949 թվականներին զբաղվել է նաև դրամատուրգիայով (Վասակ Խուդավերդյանի ընկերակցությամբ)։ «Խնդության սրինգը» (1937) և «Թող բացվեն վարդերը» (1939) կոմեդիաներն արժանացել են հանրապետական մրցանակների և բեմադրվել Անդրկովկասի բազմաթիվ թատրոններում։ Բեմադրվել են նաև «Փիլիպոս Ասլանովիչ» (1945 ) և «Մասիս» (1947) պիեսները, տպագրվել է «Միլիոնը» (1949) դրաման։ Ֆրանսերենից հայերեն է թարգմանել «Ժլատ» կոմեդիան, որը 1938 թվականին բեմադրվել է Լենինականի թատրոնում[3]։ ԽՄԿԿ անդամ (1949)

  • Միջազգային տերմինային տարրերի ռուս-հայերեն բառարան, Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1989։
  • Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան, Երևան։ Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 1988։
  • Հայաստանի տուֆերը և մարմարները, Երևան։ Հայպետհրատ, 1959։
  • Երկաթ-բետոն, Երևան, 1934, 83 էջ։
  • «Միդիս» սիստեմի որմածքով շենքերի և կառուցվածքների պատերի նախագծման ու կառուցման ժամանակավոր տեխնիակակն պայմաններ, Երևան, 1956, 40 էջ։
  • Ժամանակավոր տեխնիկական պայմաններ երեսպատման տուֆասալերի և նրանց կիրառման վերաբերյալ, Երևան, 1960, 8 էջ։
  • Գյուղատնտեսական շինարարության տեղեկագիրք (համահեղինակ), Երևան, 1959, 288 էջ։
  • Հայաստանի բնական քարային նյութերի կատալոգ, Երևան, 1968, 61 էջ[6]։
  • Հայկական ԽՍՀ քարային շինանյութեր. հանձնարարվող տերմինների ժողովածու, պրակ Ա, Երևան, 1976, 130 էջ։

Թարգմանություններ ռուսերենից

խմբագրել
  • Զավրյան Կ. Ս., Սիմոնյան Ս. Զ., Բետոնի կազմության նախագծումը, Երևան, 1947, 63 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. 3,0 3,1 3,2 Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ։
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  5. «Կոհա առցանց քարտարան, Հացագործյան, Զավեն Արսենի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  6. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Հացագործյան , Զավեն Արսենի». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Հացագործյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 325  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։