Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում

Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում, զանգվածային սպանություն, որը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 հասցեում[1][2][3][4]։ Գյումրու բնակիչներ Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները սպանվել են Գյումրիում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից[4][5]։ Սպանությունների համար Վալերի Պերմյակովը Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից՝ 10 տարվա ազատազրկման և պատիժը կրելու նպատակով տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն[4]։

Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում
Փոքրիկ Սերյոժայի հիշատակին մոմավառություն Երևանի Ազատության հրապարակում, 20.01.2015 թ.
Տեսակզանգվածային սպանություն և իրադարձություն
Երկիր Հայաստան
Գրոհի վայրՔաղաք Գյումրի, Մյասնիկյան 188 հասցե, Ավետիսյանների բնակարան
ՏեղադրանքԳյումրի
Գրոհի նպատակպարզված չէ
Տարեթիվհունվարի 12, 2015
Գրոհի միջոցԶանգվածային սպանդ, կրակահերթ
ԶենքԱԿ-74 ինքնաձիգ, սվին դանակ
Զոհվածներ7 (6 հոգի տեղում, 1 մահացել է մեկ շաբաթ անց)
Ահաբեկիչների քանակ1 (պաշտոնական)
ԿասկածյալՎալերի Պերմյակով
 2015 Gyumri massacre Վիքիպահեստում

Ավետիսյանների ընտանիքի սպանությունը մեծ վրդովմունք ու հակառուսական տրամադրություններ է ստեղծել Հայաստանում, տեղի են ունեցել քաղաքացիական հուզումներ, ոստիկանական ուժերի հետ բախումներ, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մուտքի մոտ և Գյումրիում գտնվող Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության մոտ։ Քաղաքացիական հուզումներ են տեղի ունեցել նաև Հայաստանի այլ վայրերում[6][7][8]։

Դեպքերի ընթացք խմբագրել

2015 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 6։ 20-ին, Ավետիսյանների ընտանիքի տան հարևանությամբ բնակվող բնակիչը պայթյուն կամ կրակոց է լսել, ինչպես նաև երեխայի լաց, մտածել է թե թեթև երկրաշարժ է[9]։ ժամը 10-ի կողմերը, հարևանուհու դուստրը նկատել է, որ Ավետիսյանների տան դուռը բաց է, իսկ պատուհանները՝ ջարդված։ Մտնելով ներս՝ տեսել է, որ ընտանիքի 6 անդամները գնդակահարված են, իսկ վեց ամսական երեխան՝ վիրավորված։ Վերջինին տարել են հիվանդանոց[10][11]։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը[12]։ Հանցագործությունը կատարվել է վաղ առավոտյան, երբ բոլորը անկողնում են եղել։ Շարժառիթները պարզ չեն, տեսանելի վայրում դրված ոսկեղենը մնացել է[13]։ Իրավապահ մարմինները կարճ ժամանակ անց պարզել են ենթադրյալ հանցագործի ինքնությունը, ով հանդիսանում էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը։ Նա, վերցնելով իրեն ամրագրված զենքը՝ ԱԿ-74 ինքնաձիգը[13], փախել է պահակակետից։ Ռուսական կողմի որոնումները արդյունք չեն տվել[14]։ Պերմյակովը հանցանքի վայրում զգեստափոխվել է, հանել զինվորական համազգեստը, հագել քաղաքացիական հագուստ և հեռացել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 21 կրակված պարկուճ, ԱԿ-74 մակնիշի 1 ինքնաձիգ, սվին-դանակ, 1 ամբողջությամբ լիցքավորված՝ շուրջ 30 փամփուշտով փամփշտակալ և մեկ փամփշտակալ, որի մեջ մնացել է միայն 1 փամփուշտ[15]։

Ավելի ուշ քաղաքացիները հայտնել են, որ Պերմյակովին տեսել են Ալեք Մանուկյան կամրջի տակ գտնվող սեփական տներից մեկի տանիքին[16]։

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնում է, որ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է Վալերի Պերմյակովը։ Ըստ տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը[17][18]։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը հունվարի 13-ին հայտնում է, որ Պերմյակովն ընդունել է մեղքը, հայտնել, որ Գյումրիում տեղի ունեցած արարքն ինքն է կատարել։ Տռուզյանը հայտնում է, որ Պերմյակովին հայտնաբերել են ռուս սահմանապահները հայ-թուրքական շփման գիծն անցնելու փորձ կատարելիս, որից հետո տեղափոխվել է ռուսական զորամաս, որտեղ նրան հարցաքննել են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, ում մասնակցությամբ է տեղի ունեցել Պեմյակովի հարցաքննությունը[19]։

Հունվարի 14-ին Գյումրիում[6][7] և Երևանում[8] տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր, որոնց հիմնական պահանջն է եղել սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Ռուսաստանին չհանձնելը։

Նույն օրը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարում է, որ մեղադրվողը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանում[20]։

Հասարակական արձագանք խմբագրել

 
Բախումներ բնակչության և ոստիկանական ուժերի միջև Գյումրիում, 15.01.2015 թ.

Հունվարի 15-ին հարյուրավոր ցուցարարներ հավաքվում են Գյումրիում գտնվող Շիրակի մարզի գլխավոր դատախազության շենքի դիմաց և հանդիպում են պահանջում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, որին հաջորդում են բանակցությունները։ Կոստանյանի և ցուցարարների բանակցություններին մասնակցում են նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ՝ Միքայել Աջապահյանը և մարզային դատախազ՝ Րաֆֆի Ասլանյանը (ինչպես նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը)։ Դատախազ Կոստանյանը պարտավորվում է նամակով դիմել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին, որպեսզի հանցագործին հանձնեն հայ իրավապահներին[21]։ Սակայն ցուցարարներին բանակցությունների արդյունքները չեն բավարարում և նրանց մի զգալի մասը շարժվում է դեպի Գյումրիում գտնվող Ռուսաստանի հյուպատոսություն։ Նրանց ճանապարհը փակում են ոստիկանական ստորաբաժանումները, ինչը հանգեցնում է ցուցարարների և իրավապահների միջև զանգվածային բախումների[22][23]։ Հանդարտվելու և ցույցը խաղաղ շարունակելու համար ցուցարարներին խնդրանքով դիմում ու համոզում են պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Զարուհի Փոստանջյանը և Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը։

Բախումների հետևանքով վիրավորվում են բազմաթիվ ցուցարարներ և ոստիկաններ[24][25][26][27], 2 տասնյակից ավել անձ բերման է ենթարկվում[28]։

Բողոքի զանգվածային միջոցառումներ են տեղի ունենում նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանում[29][30]։ Երեկոյան և գիշերային ժամերին Երևանի Ազատության հրապարակից և հարակից տարածքներից ոստիկանական բաժիններ են բերման ենթարկվում տասնյակ քաղաքացիներ[31]։ Հետագայում բերման ենթարկվածները (այդ թվում՝ Գյումրիում) բաց են թողնվում, նրանց մի մասի նկատմամբ կազմվում են վարչական իրավախախտման մասին արձանագրություններ։

Զոհեր խմբագրել

Տեղում սպանվել են[32]՝

  • Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
  • Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
  • Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, նրանց դուստրը),
  • Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),
  • Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
  • Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, նրանց 2 տարեկան թոռնիկը)։

Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց[33], վիրահատվել, սակայն հունվարի 19-ին մահացել հիվանդանոցում (ժամը 17։ 02-ին երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ)[34][35]։

Հետաքննություն խմբագրել

Սպանության կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը[36]։

Դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը և այլ պաշտոնատար անձինք։ Դեպքը քննվել է Հայաստանի քննչական վարույթում, քանի որ կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Գյումրի քաղաքում[33]։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի և 235-րդ հոդվածի հատկանիշներով[37]։

Քանի որ հանցագործության մեջ կասկածվել է ռուսական ռազմաբազայի զինծառայող, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը զանգվածային սպանության հետաքննության համար հատուկ հանձնաժողով է ուղարկել Գյումրի։ Հանձնաժողովը ղեկավարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը[14][38]։ Հունվարի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Գյումրի՝ Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ սպանության հանգամանքները քննելու համար[39]։

Գյումրիում հետաքննությունը իրականացրել են հայ ոստիկանները՝ ռուս զինվորականների հետ համատեղ[40]։

Հունվարի 20-ին Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանի և Ալեքսանդր Բաստրիկինի ստորագրած հուշագրով ստեղծվում է երկու երկրների փոխգործակցությունը համակարգող շտաբ, որի կազմում ընդգրկվում է 10 անձ՝ երկու երկրների քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ[41]։ Ըստ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի՝ հունվարի 21-ին Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար։ Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը[42]։

Կասկածյալ խմբագրել

 
Ռուսական 102-րդ ռազմաբազայի մուտքամասը

Սպանության մեջ մեղադրվել է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը[33]։ Պերմյակովը ծնունդով Ռուսաստանի Դաշնության Չիտայի շրջանից է, որտեղ ավարտել է երեկոյան դպրոց։ Եղել է Չիտայի շրջանի Բալեյ քաղաքի «Փրկություն՝ Հիսուսով քրիստոնեական եկեղեցի» կազմակերպության հովիվ[43][44]։ Նախքան ծառայությունը Պերմյակովը եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում, քանի որ եղբայրը սպանության համար դատապարտված է[13]։ Ռուսաստանում իր ժամկետային զինվորական ծառայության առաջին կես տարիների ընթացքում բանակից փախել է, քանի որ չի ցանկացել ծառայել զինված ուժերում։ Դեկտեմբերի 3-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա։ Պերմյակովի քույրը՝ Եկատերինա Միխայլովան, նշել է, որ իր եղբայրը չէր կարող այդքան մարդ, հատկապես՝ երեխա սպանել։ Նա ասել է, որ իրենք շատ մեծ և ամուր ընտանիք ունեն։ Եկատերինան նշել է, որ նա եղբոր ծառայության և այդ ընտանիքի հետ հնարավոր կապի մասին ոչ մի բանից տեղյակ չէ[45]։

Դատ և դատավճիռ խմբագրել

2015 թվականի օգոստոսի 12-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում լսվում է Վալերի Պերմյակովի՝ զենքով դասալքության, զինամթերք հափշտակելու և ապօրինի զենք կրելու փաստով հարուցված քրեական գործը։ Դատական նիստերը տեղի են ունենում Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում[46]։ Հրապարակվում են Պերմյակովի նախաքննական ցուցմունքները, ըստ որոնց նա ընդունել է մեղքը։ Հայաստանի Հանրապետության դատարանը Վալերի Պերմյակովին դատապարտում է ցմահ ազատազրկման, իսկ Ռուսաստանի Դաշնության դատարանը՝ 10 տարվա ազատազրկման[4][47]։ Հետագայում նրան տեղափոխել են Ռուսաստանի Դաշնություն պատժի կրման համար։

Պաշտոնական արձագանք խմբագրել

  •   Հայաստանում
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը[36]։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցավակցական ուղերձ է հղել, որտեղ ասված է.
  Այսօր` հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը, հիրավի, ցնցեց ամբողջ քաղաքը։ Գյումրեցի մի ողջ ընտանիքի սարսափելի կորուստը մեր ընդհանուր վիշտն է։ Գիտակցելով խորը ցավը և սարսափելի հետևանքները` ցավակցություն եմ հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին` մաղթելով ոգու արիություն և համբերություն, իսկ անմեղ փոքրիկին` շուտափույթ ապաքինում։

Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում և կոչ եմ անում զինվել համբերությամբ, քանզի մեղավորները, անշուշտ, ստանալու են արժանի պատիժ[48]։

 
  •   Ռուսաստանում
Հունվարի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին։ Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնել է իր ցավակցությունը և նշել, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Նա ընդգծել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը[49]։
  Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սոսկալի ողբերգությամբ։ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին; Ցավակցություն ենք հայտնում սպանվածների հարազատներին։ Այդ սարսափելի ողբերգություն իրականացնողը պետք է խստագույնս պատժվի։ Ներկա պահին ՀՀ-ի և ՌԴ-ի համապատասխան մարմինները անհրաժեշտ հետաքննական գործընթաց են իրականացնում՝ նպատակ ունենալով կատարվածի օբյեկտիվ և բազմակողմանի հետաքննություն իրականացնել։ Հետախուզական խմբերը կենտրոնացրել են իրենց ջանքերը՝ համաձայն Հանրապետության տարածքում 102-րդ ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի։  

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և աջակցություն խոստացել իր հայ պաշտոնակցին հետաքննության և հանցագործության բացահայտման գործում[14]։

Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց կազմակերպվել է մոմավառություն։ Տասնյակ մարդիկ ծաղիկներ են բերել դեսպանատան դիմաց՝ ի հիշատակ Հայաստանում զոհված ընտանիքի[51]։

Հունվարի 19-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մամուլի ասուլիսը ընդհատվել է 102-րդ ռուսական ռազմաբազայի գլխավոր հրամանատարի զանգով, որը հայտնել է, թե գումար են հավաքել և իրենց ֆինանսական աջակցություն են առաջարկում Ավետիսյանների հարազատներին։ Սակայն Ֆելիքս Ցոլակյանը մերժել է առաջարկը՝ նշելով, որ հարմար չի գտնում այս պահին որևէ ֆինանսական աջակցություն ռազմաբազայի կողմից[52]։

ԶԼՄ-ների անդրադարձ խմբագրել

Չնայած հայկական լրատվամիջոցների կողմից զանգվածային սպանության թեման լայնորեն լուսաբանվելուն՝ Հանրային հեռուստաընկերությունը սկզբնապես խուսափել է անդրադառնալ դեպքի հետաքննությանը և զանգվածային ցույցերին[53]։

Սկզբում լռել են նաև ռուսաստանյան լրատվամիջոցները։ Սպանությանը հաջորդած օրվա ընթացքում ռուսական երեք խոշորագույն հեռուստաալիքները («Ռոսիա 1», «Առաջին ալիք» և «ՆՏՎ») ընդհանրապես չեն հաղորդել կատարվածի մասին։ Երկրորդ օրվա ընթացքում «ՆՏՎ» հեռուստաալիքը հաղորդել է, որ Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռազմաբազայից փախուստի է դիմել զինվոր, ով ավելի ուշ գտնվել է՝ ընդհանրապես չանդրադառնալով կատարված սպանություններին[54]։ Սպանության մասին ևս մեկ օր անց անդրադարձել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը՝ շեշտելով, որ զինվորական ծառայության ընթացքում Պերմյակովն աչքի է ընկել «բարձր առաջադիմությամբ»[54]։

Վեց ամսական Սերյոժայի մահվանից հետո ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը պահանջել է հրապարակայնորեն մահապատժի ենթարկել Պերմյակովին[55]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դաժան սպանություն Գյումրիում. Հայկական վարկած
  2. Սպանության մասին Առավոտի կայքում
  3. «Գյումրիում սպանել են ընտանիքի 6 անդամներին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման» հոդված armenpress.am կայքում, (արխիվացված 21.08.2022թ.):
  5. Արմենպրեսի արձագանքը իրադարձությանը:
  6. 6,0 6,1 Բողոքի ցույց Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց
  7. 7,0 7,1 Հազարավոր քաղաքացիներ Գյումրիում երթով շարժվել են դեպի ռուսական բազա (ֆոտո)
  8. 8,0 8,1 «Ամոթ», «պուտինկաներ». բողոքի ցույց նախագահական նստավայրի դիմաց
  9. Գյումրիի դաժան սպանությունից
  10. Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության դեպքից
  11. «Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած սպանությունից». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  12. Լուսանկարներ Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի վայրից
  13. 13,0 13,1 13,2 Сослуживцы о подозреваемом в убийстве шести человек в Гюмри.(ռուս.)
  14. 14,0 14,1 14,2 На место массового убийства в Армении направлена комиссия российского Минобороны (ռուս.)
  15. Փոխոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել
  16. «Գյումրիի սպանությունների մեջ կասկածվողին տեսել են տներից մեկի տանիքին. տարածքը խուզարկվում է». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  17. «Սպանության մեջ կասկածվող զինծառայողը հայտնաբերվել է. ՇՄ դատախազ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  18. «Մանրամասներ ձերբակալությունից. Ռուս զինվորը կտրել է սահմանի փշալարերը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  19. Վալերի Պերմյակովն ընդունել է, որ ինքն է կատարել Գյումրիում ընտանիքի վեց անդամների սպանությունը(չաշխատող հղում)
  20. Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանում. Գլխավոր դատախազ
  21. «Գևորգ Կոստանյանը կդիմի ՌԴ գլխավոր դատախազին, որպեսզի Գյումրու սպանության գործը հանձնվի ՀՀ իրավապահներին». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  22. «Ցուցարարներ ՌԴ հյուպատոսարանից գնում են Շիրակի դատախազություն (ուղիղ)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  23. Գյումրեցի ցուցարարների և ոստիկանների միջև բախում է սկսվել. կան վիրավորներ (լրացվող)
  24. Գյումրիում վիրավորների թիվը հասավ 14-ի, որից 5-ը՝ ոստիկաններ. կա ծանր վիրավոր
  25. Գյումրու բժշկական կենտրոնում մնացին երկու վիրավոր ոստիկան, բերման ենթարկվածներն էլ ազատ արձակվեցին
  26. 24 վիրավոր Գյումրիի բախումների արդյունքում. քաղաքի բժշկական կենտրոնի տնօրենը՝ վիրավորների վիճակի մասին (տեսաձայնագրություն)
  27. Երեկ Գյումրիում բուժօգնության է ստացել 28 մարդ
  28. «Սա՞ էր մեր պահանջը. Շիրակի թեմի առաջնորդը ցուցարարներին ցրվելու կոչ արեց». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  29. Ազատության հրապարակից քաղաքացիների բերման ենթարկեցին (տեսանյութ)
  30. Պատիժը Հայաստանում. բողոքի ակցիա նախագահական նստավայրի մոտ (ֆոտո)
  31. Գյումրիում երեկ բերման է ենթարկվել 21 անձ
  32. «Իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ». ՀՀ Ոստիկանության կայք.
  33. 33,0 33,1 33,2 Հայտնի են Գյումրիում կատարված սպանության բոլոր զոհերի անունները
  34. Մահացել է 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը:
  35. 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացավ:
  36. 36,0 36,1 Նախագահը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:
  37. Սպանություն Գյումրիում. սպանվել է ընտանիքի վեց անդամ:
  38. Минобороны РФ расследует трагедию в Армении, где российский военный подозревается в убийстве семьи.(ռուս.)
  39. Սեյրան Օհանյանը վաղը կմեկնի Գյումրի:
  40. Լարված իրավիճակ Գյումրիում. նոր տեսանյութ Ալեք Մանուկյան փողոցի կամրջի մոտից:
  41. Հայկական կողմը Պերմյակովին մեղադրանք առաջադրեց
  42. Վալերի Պերմյակովն ընդունել է Հայաստանի Հանրապետության անունից իրեն առաջադրված մեղադրանքը:
  43. Վալերի Պերմյակովի հայրը Ավետարանական եկեղեցու հովիվ է:
  44. «Փրկություն՝ Հիսուսով քրիստոնեական եկեղեցի» կազմակերպության կայքը Արխիվացված 2015-01-16 Wayback Machine(ռուս.)
  45. Ինչ է պատմում սպանության մեջ կասկածվողի քույրը եղբոր մասին:
  46. «Հրապարակվեցին Պերմյակովի նախաքննական ցուցմունքները». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  47. Պերմյակովը դասալքության և ապօրինի զենք կրելու փաստով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:
  48. «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  49. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը սգում է հայ ժողովրդի հետ
  50. Комментарий Министерства иностранных дел России в связи с трагедией в Гюмри (ռուս.)
  51. Москвичи несут цветы к армянскому посольству Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(ռուս.)
  52. Շիրակի մարզպետը մերժեց ռազմաբազայի հրամանատարի առաջարկած դրամական օգնությունը Ավետիսյանների մերձավորներին
  53. Գրիգորյան, Արմեն (2015 թ․ հունվարի 16). «Ռուս զինվորի կողմից հայ ընտանիքի սպանությունը խստորեն լարում է Երևան-Մոսկվա հարաբերությունները».
  54. 54,0 54,1 «Ինչպես ռուսական ալիքները կոծկեցին Գյումրիի սպանդը». Media.am. 2015 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  55. Վլադիմիր Սոլովյով (2015 թ․ հունվարի 19). «VRSoloviev». Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին. «Убийцу надо казнить на площади»

Արտաքին հղումներ խմբագրել