Բացել գլխավոր ցանկը

Շահնշահ Գ Զաքարյանի որդին: Հոր մահից հետո (1358) դարձել է ամիրսպասալար, որի օրոք Զաքարյան Հայաստանը ավերված ու քայքայված էր Մելիք-Աշրաֆի և նրան հաջորդած Ջելաիրյանների տիրապետության հետևանքով, այն իրենից այլևս որևէ քաղաքական ուժ չէր ներկայացնում և կրում էր ձևական բնույթ, որտեղ իշխանական տները կամ վերացել էին, կամ ծվատված պահպանել իրենց գոյությունը նախկին Զաքարյան իշխանապետության որոշ տարածքներում:

Մոնղոլական Բարլաս ցեղից սերված Թարաղայի որդի Լենկ-Թեմուրը, երկարատև քաղաքական պայքարից հետո՝ 1370 թ. հռչակվեց Մավերաննահրի (Միջին Ասիայում) տիրակալ՝ Սամարղանդը դարձնելով իր աթոռանիստ քաղաքը: Վերջինս արշավեց Ջելաիրյանների տերության (նախկին Հուլավյան իլխանության) վրա և 1385-ին գրավեց Սուլթանիե քաղաքը, իսկ 1386-ի գարնանը Թավրիզ մայրաքաղաքը, ու անցնելով Արաքս գետը մտավ հոգևարք ապրող Զաքարյանների հայկական իշխանապետության տարածքները: Նրանք գրավում են Նախիջևանը և պաշարում Երնջակ անառիկ բերդը, ապա իր բանակը տարբեր մասերի բաժանելով Լենկ-Թեմուրը սկսում է ասպատակել Զաքարյան Հայաստանի երկիրը: Մեկ օրվա մեջ կոտրելով կազմակերպված դիմադրությունը, Լենկ-Թեմուրի թուրք-թաթարական զորամասերը գրավում են Զաքարյան իշխանական տանը պատկանող գրեթե բոլոր տարածքները (Կարբի, Բջնի, Գառնի, Սուրմարի և Կողբ) ու վերջնական քաղաքական ասպարեզից վերացնում Զաքարյանների իշխանական տունը: Ուժեղ դիմադրություն է ցույց տալիս Սուրմարի քաղաքաբերդը, որի պարիսպները թշնամին հիմնահատակ տապալում է և գերում քաղաքի ու շրջակա գյուղերի բնակչությանը: Զաքարյանների իշխանանիստ Բջնի բերդը նույնպես գրավվում է պաշարվելուց հետո: Լենկ-Թեմուրի զորաբանակների մյուս մասը պաշարում է Պռոշյանների իշխանանիստ Շահապոնք բերդը և համառ դիմադրությունից հետո գրավում ու ավերում այն, վերջ տալով նաև Հայոց Պռոշյանների իշխանական տանը: Այնուհետև Լենկ-Թեմուրի զորքերը ներխուժում են Սյունիք և Արցախ: Երկար պաշարումից հետո գրավում Օրբելյանների իշխանանիստ Որոտան բերդը ու նրա իշխաններին գերևարում Սամարղանդ: Մեծ դիմադություն է ցույց ատալիս Լենկ-Թեմուրի հրոսակներին Հասան Ծարեցի Դոփյան իշխանը, որը սրախողող է լինում իր երեք որդիների՝ Սարգսի, Աղբուղայի և Շիրվանշահի հետ միասին:

Այս նվաճումներից հետո Թեմուրի զորքերը մտնում են Վրաստան, իրենց ճանապարհին գրավելով Զաքարյան Հայաստանի հյուսիսային շրջաններում ընկած հայկական իշխանությունները (վերացնելով Ավագ Զաքարյանի իշխանական ճյուղի, Մահկանաբերդի Արծրունիների և Վահրամյանների իշխանական տան վերջին ներկայացուցիչներին): 1386 թ. նոյեմբերին գրավում ու կողոպտում են Վրաց մայրաքաղաք Տփղիսը: Տփղիսի գրավումից հետո Լենկ-Թեմուրն իր զորքով գնաց ձմեռելու Մուղանում, իսկ 1387-ի գարնանը վերսկսեց իր արշավանքները, այս անգամ Հայաստանի հարավում և արևմուտքում:

Այսպիսով, 1386 թ. Լենկ-Թեմուրի արշավանքների կործանարար հարվածների տակ վերջնական վերացավ ու պատմության ասպարեզից հեռացավ Հայոց Զաքարյանների իշխանապետությունը:

ԱղբյուրներԽմբագրել

  • Թովմա Մեծոփեցի <<Պատմութիւն Լանկ-Թամուրայ և յաջորդաց իվրոց>> - Փարիզ, 1860
  • Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -Եր. 2002 թ.