Եֆիմիա

սերբ բանաստեղծուհի

Եֆիմիա (սերբ.՝ Јефимија, 1349[1] - 1405[1]), սերբ բանաստեղծուհի, միանձնուհի, դաստիարակչուհի, ասեղնագործուհի։

Եֆիմիա
Јефимија
Ծնվել է1349[1]
Վախճանվել է1405[1]
ԳերեզմանLjubostinja
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն Serbian Empire և  Արևմտյան Մորավիա
ԱմուսինՅովան Ուգլեշա
 Jefimija Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եֆիմիայի մասին պահպանվել են կենսագրական կցկտուր տեղեկություններ, նրա ծննդյան թիվն ու ծննդավայրը պարզված չեն։ Հայտնի է, որ հասակ է առել Սարեզում։ Հայրը՝ մեծատոհմիկ ազնվական, Դրամսկի նահանգի կառավարիչն էր։ Հայտնի է նաև, որ 14-րդ դարի կեսերին սուր խելքով և բազում շնորհներով օժտված պարմանուհին կրթություն է ստանում հոր ապարանքում, ապա ամուսնանում է Յովան Ուգլեշայի հետ, որը Դուշան թագավորի օրոք այդ նահանգի կեսարն էր։ 1366 թվականին մահանում է հայրը, իսկ հինգ տարի անց, երբ սերբական զորքերը բախվեցին թուրքերի հետ, Մարիցայի հայտնի արյունահեղ կռվում սպանվում է ամուսինը։ Թշնամու կողմից զավթված Սարեզը լքելով, Եֆիմիան ձեռնադրվում է միանձնուհի և հաստատվում զորավար իշխան Լազարի պալատում՝ ստանձնելով նրա զավակների դաստիարակությունը։ Այստեղ նա մնում է մինչև իշխանի հերոսական վախճանը (1389 թվականի Կոսովոյի ճակատամարտում), ապա նրա տիկնոջ՝ իշխանուհի Միլիցիայի հետ ապաստանում Տրստենիկ քաղաքի մերձակա Լյուբոստինյա մենաստանում։

Ստեղծագործությունը խմբագրել

Մեզ են հասել Եֆիմիայի չորս ստեղծագործությունները։ Առաջինը երկթև սրբանկար է՝ աղոթքի հուզիչ մակագրությամբ։ Այս պատկերները նա հյուսել 1366-71 թթ. և նվիրել Խիլանդարի վանքին, որտեղ թաղված է նրա վաղամեռիկ որդին՝ նույնպես Ուգլեշա անունով։ Եֆիմիայի մեծարժեք գործերից են Խիլանդարի իշխանական դռների վարագույրները՝ դիպակի վրա բանված երկարաշունչ բանաստեղծություններով։ Ոսկով ու արծաթով ընդելուզված այս աշխատանքը գեղարվեստական անվիճելի արժեք է թե իբրև գրական երկ և թե իբրև կիրառական արվեստի նմուշ։

Հաջորդը ասեղնագործ թիկնոցն է՝ մեռնող Հիսուսի հոյակերտ պատկերով և ժամերգային պոեզիայով։ Սակայն Եֆիմիայի առավել կատարյալ գործը իշխան Լազարի գլխանոցն է, որի վրա ասեղնագործված է իր բարերարին նվիրված ձոնը։ Մասնագետների կարծիքով, այդ ուղերձ-բանաստեղծությունը սերբական պոեզիայում առ այսօր մնում է չգերազանցված[2]։

Եֆիմիան հայերեն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եֆիմիա» հոդվածին։