Երևանի ֆրեզերային հաստոցների գործարան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Երևանի ֆրեզերային հաստոցների գործարան, արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում։ Հիմնադրվել է 1957 թվականին, արտադրանք թողարկել՝ 1959 թվականից։ Ունեցել է դետալների մշակման մեխանիկական, գործիքային արտադրամասեր, նախապատրաստական, ջերմամշակման ու դարբնոցային, գալվանապատման, վերանորոգման մեխանիկական, փորձարարական տեղամասեր և լաբորատորիաներ։ Արտադրել է բարձր ճշգրտության ֆրեզերային ունիվերսալ՝ «675Պ», «6Ա73Պ», «6Ա73Վ», «6Ա73ԲՊ» մակնիշի հաստոցներ, հաստոցային հարմարանքներ։ Արտադրանքն օգտագործվել է ընդհանուր մեքենաշինության, հաստոցաշինության, սարքաշինության մեջ և այլն։
1959 թվականին արտադրված 25 հատ հաստոցի դիմաց 1975 թվականին թողարկել է 1805 հաստոց։ Արտադրանքն առաքվել է ԽՍՀՄ գրեթե բոլոր տնտեսական շրջաններ, ինչպես նաև արտասահմանյան 22 երկիր (Բուլղարիա, Գերմանիա, Չեխոսլովակիա, Կուբա, Նորվեգիա, Իրաք, Իրան և այլն)։
1965 թվականին «ՄԱ-459» մակնիշի մրկապատճենահանման հաստոցը ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում արժանացել է բրոնզե, 1968 թվականին Լայպցիգի միջազգային տոնավաճառում մեծ ոսկե մեդալի, իսկ 1969 թվականին 6Ա73Վ մակնիշի լայն ունիվերսալ գործիքային ֆրեզերային հաստոցը ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում շահել է բրոնզե մեդալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 581)։ |