Երևանի պետական հումանիտար քոլեջ

Երևանի պետական հումանիտար քոլեջ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Գտնվում է Արաբկիր համայնքի Հովսեփ Արղության փողոցում[1][2]։ Ընդունելությունը կատարվում է 9-րդ դասարանի շրջանավարտներին։ Քոլեջը հիմնվել է 1991 թվականին, և այդ ժամանակից մինչ 2011 թ. քոլեջի տնօրենն էր բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչիկ Հակոբջանյանը, իսկ 2011 թվականից՝ Սերգեյ Սարգսյանը։

Մասնագիտություններ խմբագրել

  • Գործավարություն՝օտար լեզվի խորացված ուսուցմամբ
  • Արխիվավարություն
  • Նախադպրոցական կրթություն
  • Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ
  • Բանկային գործ
  • Ապահովագրական գործ
  • Զբոսաշրջային ծառայության կազմակերպում

Պատմություն և գործունեություն խմբագրել

Երևանի պետական հումանիտար քոլեջի պատմությունը սկիզբ է առել նախորդ դարի վերջին քառորդում և եկել հասել է 21-րդ դար։ Ուսումնական հաստատությունը ապրել է 130 տարվա մի կյանք։

Առաջին շրջանը ստեղծման օրից մինչև 1918 թվականն է։ 1881 թվականից Ցարական արքունիքի նախաձեռնությամբ ստեղծված Երևանի ուսուցչական սեմինարիան պետք է իրագործեր կարևորագույն մի խնդիր՝ պատրաստել ռուսաց լեզու և մշակույթ դասավանդող առաջավոր մտավորականների ջոկատներ։

Առաջին աշխարհամարտի տարիներին սեմինարիան տեղափոխվում է Ռուսաստան՝ Արմավիր, և բավական ուշ կրկին վերադարձվում Հայաստան։ Խորհրդային Հայաստանի կառավարությունը վերաբացում է ուսումնական հաստատությունը՝ ՙՌուսական մանկավարժական ուսումնարան՚ անվամբ, որին անցնում են Երևանի ուսուցչական սեմինարիայի ունեցվածքը, ուսումնական պլանները, ծրագրերը, կառուցվածքը և ամենակարևորը` ռուսաց լեզու դասավանդող կադրեր պատրաստելու նրա խնդիրները։

Ռուսական մանկավարժական ուսումնարանը մի քանի բաժանմունք և ավանդույթներ ունեցող հաստատություն էր, և այդպիսին էլ մնաց մինչև 1991 թվականը, երբ Անկախության ճանապարհ բռնած Հայաստանի նոր կառավարությունը Բրյուսովի անվան օտար լեզուներին կից ստեղծված ՙԻնտերլինգվա՚ քոլեջի և Օստրովսկու անվան ռուսական մանկավարժական ուսումնարանի լուծարումով և միացումով ստեղծեց խիստ արդիական մի ուսումնական հաստատություն, որն այսօր հայտնի է Երևանի պետական հումանիտար քոլեջ անվամբ։ Սա Հայաստանի առաջին քոլեջն էր։

Իբրև նորագույն ժամանակների ծնունդ, քոլեջի ղեկավարությանը թույլ էր տրվել ինքնուրույնաբար հետազոտել մեր հանրապետության զարգացման ռազմավարությունը և հասարակական պահանջներին համապատասխան առաջարկել, արմատավորել և դնել մի շարք նոր մասնագիտությունների հիմքը։

Քոլեջի մշակած մի շարք ուսումնական պլաններ և բազմաթիվ առարկաների ծրագրեր ներդրվել են հանրապետության այլևայլ քոլեջներում։ Քոլեջն այս տարիների ընթացքում ստեղծել է հզոր գրադարանային ‎ֆոնդ. Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի տարբեր հրատարակչություններից գնել ենք ուսուցման ժամանակակից մեթոդներով կազմված բազմաթիվ դասագրքեր։ Այսօր հումանիտար քոլեջն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում օտար լեզուների քաղաքականության ձևավորմանը։ Վերջին տարիներին մեր հանրապետությունում կազմակերպված միջազգային խոշոր միջոցառումներն ընթացել են հումանիտար քոլեջի սաների անմիջական մասնակցությամբ՝ Համահայկական I և II խաղեր, ՙՔարերի երկիր՚ տուրիզմի երեք միջազգային և այլ տարբեր ցուցահանդեսներ։ Քոլեջի գործունեության արդի փուլում դասախոսների ընտրությունը և որակավորման բարձրացումը կարևոր հարցերից մեկն է։ Մշակվել և իրագործվում է բազմամյա մի ծրագիր, որի նպատակն է խորացնել դասախոսների մեթոդամանկավարժական կարողությունները։ Քոլեջում մեծ տեղ է հատկացվում արտալսարանային աշխատանքին։ Միջոցառումները, որոնք նվիրված են ականավոր մարդկանց, հիշարժան իրադարձություններին, քոլեջում ստացել են ավանդույթի ուժ և ուսուցմանը զուգընթաց իրագործում են դաստիարակչական աշխատանքներ։ Քոլեջում ստացած տեսական գիտելիքները կյանքի ուժ են ստանում և հիմնավորվում են պրակտիկայի ընթացքում. մի գործընթաց, որ նպատակային և բարեխղճորեն է կազմակերպվում մեր քոլեջում՝ շնորհիվ Հայաստանի նախարարությունների, Մաքսային և Արխիվային վարչությունների, մի շարք նախադպրոցական հիմնարկների և դպրոցների:‎ Ամեն տարի քոլեջում անցկացվում են գիտական կոնֆերանսներ, օլիմպիադաներ, որոնք փորձում են մեր համակարգում բարձրացնել ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքների մակարդակը։ Քոլեջում հանրապետության մյուս քոլեջների դասախոսների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ հայերեն, անգլերեն, ռուսաց լեզուների, հայոց լեզու և խոսքի մշակույթ առարկայի վերաբերյալ ինտերակտիվ դասավանդման մեթոդներով։ Դասընթացներն անցկացրել են այն դասախոսները, որոնք իրենք են անցել վերապատրաստման դասընթացներ հանրապետությունում և հանրապետությունից դուրս։

Ծանուցումներ խմբագրել

  1. «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  2. «Սփյուռ տեղեկատու». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել