Երևանի ֆիզիկայի ինստիտուտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ա.Ի. Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիա, հետազոտական և զարգացման ինստիտուտ, որը գտնվում է Երևանում, Հայաստան։ Այն հիմնադրվել է 1943 թ.-ին, որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից։ Այն հաճախ կոչվում է ԵրՖԻ հապավումով։ 2011 թ. սեպտեմբերի 1-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի։
Երևանի ֆիզիկայի ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Անվանված է | Արտեմ Ալիխանյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Կայք | aanl.am |
Yerevan Physics Institute Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԵրևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) հիմնադրվել է 1943 թ.-ին, որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ՝ Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից։ Ավելի ուշ, Արագած սարի վրա ստեղծվեցին 2 տիեզերական Ճառագայթների կայաններ՝ «Արագած» (3200 մ) և «Նոր Ամբերդ» (2000 մ)։
1963 թ.-ին ինստիտուտը տեղափոխվել է Խորհրդային Միության Ատոմային էներգիայի պետական կոմիտեի ենթակայության տակ։ Ինստիտուտի պատմության մեջ կարևոր ուղենիշ հանդիսացավ 6 ԳէՎ էներգիայով էլեկտրոնային սինքրոտրոնի շինարարությունը, որը ավարտվեց 1967 թ.-ին, դառնալով առաջին մասնիկների արագացուցիչը Հայաստանում («ԱՐՈՒՍ»)։ Խորհրդային Միության փլուզումից հետո ԵրՖԻ-ը շարունակում է հետազոտությունները բարձր էներգիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտներում Հայաստանում և ամբողջ աշխարհում՝ օգտագործելով աշխարհի ամենամեծ արագացուցիչները և տիեզերական ճառագայթների դետեկտորները։ Այժմ ԵրՖԻ-ը ստացել է Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի կարգավիճակ։
Գիտական գործունեության համառոտ նկարագիր
խմբագրելԵրևանի Ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր ձեռքբերումներից դարձան տիեզերական ճառագայթների մեջ պրոտոնների և նեյտրոնների հայտնաբերումը, ինչպես նաև առաջին վկայություններն այն մասին, որ գոյություն ունեն մասնիկներ մյուոնների և պրոտոնների միջև ընկած զանգվածներով։ Արագած սարի վրա՝ 3250 մ ծովի մակերևույթից բարձր, տիեզերական ճառագայթների կայանի հիմնադրումը Հայաստանում մասնիկների ֆիզիկայի զարգացմանը նպաստող քայլերից մեկն էր։ Այս կայանները մինչև այժմ հանդիսանում են ԵրՖի-ի Տիեզերական ճառագայթների բաժնի հետազոտությունների հիմնական բազան։ Վերջին ձեռքբերումներից են սուր ծնկի բացահայտումը սկզբնական միջուկների թեթև բաղադրիչների մեջ, էներգետիկ սպեկտրի նուրբ կազմությունների հետազոտությունները, արևի վրա արագացվող բարձր էներգիայի պրոտոնների գրանցումը և Արագածի Տիեզերական Միջավայրի կենտրոնի ստեղծումը 2000 թ-ին։
6 ԳէՎ էլեկտրոնային սինքրոտրոնի կառուցումը ավարտվել է 1967 թ-ին։ 1970-1991 թվականների ընթացքում սինքրոտրոնի էներգիան հասել է մինչև 4,5 ԳէՎ և փորձարարական ֆիզիկայի բաժինը ձեռք է բերել զգալի արդյունքներ, այդ թվում ուսումնասիրել է ֆոտոնների հադրոնիկ հատկությունները միջուկներում π- մեզոնների ֆոտոծնման ռեակցիաներում, նուկլոնային ռեզոնանսների կառուցվածքը բազմաբևեռային գիտափորձերում, միջուկային նյութի կառուցվածքը և հատկությունները, անցումային և կանալացման ճառագայթումների կարևոր հատկությունները։ Այս հաջողությունների շնորհիվ սկսած 1985 թ.-ից Երևանի ֆիզիկայի ֆիզիկոսները հաջողությամբ ընդգրկված են միջազգային մեծ համագործակցությունների մեջ։
ԵրՖԻ-ի ավանդական թեմաներից է եղել մասնիկներ գրանցող նոր դետեկտորների ստեղծումը։ Լայն կայծային խցիկները և անցումային ճառագայթման դետեկտորները, որոնք ստեղծվել են ԵրՖԻ–ում, աշխարհում փորձարարական տեխնիկայի մշակման լավ օրինակներ են։ Վերջին տարիներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների խմբերը ակտիվորեն մասնակցել են արտերկրում միջանկյալ և բարձր էներգիայի ֆիզիկայի գիտափորձերին (JLab, DESY, CERN-LHC, MAX-lab, MAMI), ուսումնասիրելով մեզոնների և նուկլոնների կառուցվածքը, նուկլոնի էլեկտրամագնիսական փոխազդեցությունները, քվարկ-հադրոնային երկակիությունը, կարճ տիրույթի նուկլոն-նուկլոնային փոխհարաբերությունները, քվարկների հադրոնիզացիան միջուկային միջավայրում, ֆիզիկան ստանդարտ մոդելից դուրս, Հիգգս բոզոնի որոնումները, քվարկ-գլյուոնային պլազման, միջուկների և հիպերմիջուկների բաժանումը և տրոհումը և շատ այլ թեմաներ, ինչպես նաև մասնակցել են փորձարարական սարքավորումների կառուցմանը և զարգացրել ծրագրային միջոցներ տվյալների ձեռքբերման և վերլուծության համար։ Տեսական բաժինը ունեցել է խոշոր ձեռքբերումներ հետևյալ ոլորտներում. B-մեզոնի ֆիզիկա, QCD և հարակից ուղղություններ, նեյտրինոյի ֆիզիկա, քվանտային դաշտային տեսութուն, լարային/M-տեսության, ինտեգրվող մոդելներ, վիճակագրական ֆիզիկա, խտացված վիճակ և քվանտային տեղեկատվություն։ Այս արդյունքները միջազգայնորեն ճանաչված են և ունեն բարձր հղելիություն։
1980-ականների կեսերին ԵրՖԻ-ում մշակվել է ստերեոսկոպիկ մոտեցման հայեցակարգ գերբարձր էներգիայի գամմա ճառագայթների աստղաֆիզիկայի մեջ՝ օգտագործելով բազմակի պատկերային Չերենկովյան աստղադիտակները (IACT). Այս գաղափարը շատ հաջող իրագործված է IACT համակարգում (HEGRA). Առաջին հաջողությունից հետո, հայ ֆիզիկոսները հաջողությամբ մասնակցել են IACT համակարգերի շահագործման մեջ Կանարյան կղզիներում (Magic) և Նամիբիայում (Hess). Երկար տարիների ընթացքում, ԵրՖԻ Կիրառական ֆիզիկայի բաժանմունքը հաջողությամբ ուսումնասիրում է նոր լայնաշերտ լազերային նյութերի էլեկտրոն-էներգետիկ կառուցվածքը՝ սինքրոտրոնային ճառագայթման սպեկտրի տարբեր շրջաններում։ Այդ հետազոտությունները իրականացվել են DESY-ում և կշարունակվեն MaxLab- II –ում (Շվեդիա)։
Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել է Հայաստանի գիտության առաջատարի իր կարգավիճակը՝ բարձր գիտական վարկանիշ ունեցող ամսագրերում տարեկան հրատարակում է երկրի ամբողջ գիտական հրատարակումների ավելի քան 30%–ը։ Հայաստանի ամբողջ գիտական արդյունքների վրա կատարված հղումների 70%–ը ըստ Thomson Reuters հեղինակավոր պարբերականի բաժին է ընկնում ինստիտուտի աշխատանքներին։ ԵրՖԻ-ի հոդվածների վրա հղումների քանակի հսկայական առավելությունը բացատրվում է նաև գիտական ամսագրերի առավել բարձր ազդեցության գործոնով, որտեղ ԵրՖԻ-ի գիտնականները հրատարակում են իրենց հետազոտությունների արդյունքները։
Կառուցվածք
խմբագրելԵրՖԻ-ը ունի վեց բաժանմունքներ և համակարգչային կենտրոն։ Ինստիտուտը ունի նաև գիտա-արտադրական արհեստանոցներ։ Հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝
- տարրական մասնիկների ֆիզիկա
- միջուկային ֆիզիկա
- տիեզերական ճառագայթների ֆիզիկա և աստղաֆիզիկա
- տեսական ֆիզիկա
- կոնդեսացված նյութերի ֆիզիկա
- ռադիոկենսաբանություն
- իզոտոպների հետազոտություն և արտադրություն
- համակարգչային ցանց, հաշվողական տեխնիկա
- կրթական ծրագիր
Տնօրեններ
խմբագրել- Արտեմ Ալիխանյան (1943-1973)
- Անդրեյ Ամատունի (1973-1992)
- Ռուբեն Մկրտչյան (1992-2001)
- Հրաչյա Ասատրյան (2001-2008)
- Աշոտ Չիլինգարյան (2008-2018)
- Անի Ապրահամյան (2018-2023)
- Գևորգ Քառյան (2023-ներկա)
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» հոդվածին։ |