Երվանդ Սարգսյան

հայ պատմաբան

Երվանդ Ղազարի Սարգսյան (1913-2010), պատմաբան, արևելագետ։ Պատմական գիտությունների դոկտոր։ Թուրքիայի հասարակական-տնտեսական խնդիրներին, Արևմտյան Հայաստանում օսմանյան կառավարության ագրարային քաղաքականությանը, քեմալական շարժմանը, թուրքական նվաճող քաղաքականությանը, հայ-թուրքական, խորհրդա-թուրքական հարաբերություններին նվիրված աշխատությունների հեղինակ է։ «Օսմանյան կայսրության նվաճողական քաղաքականությունն Անդրկովկասում առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում» (1962, ռուս.) աշխատության մեջ բացահայտել է պանիսլամիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսության նվաճողական էությունը, նշել, որ այդ աշխարհըմբռնումը դարձել է երիտթուրքերի արտաքին քաղաքականության հիմքը, վերլուծել է Օսմանյան կայսրության հետ պատերազմի մեջ մտնելու պատճառները և զավթողական ծրագրերը, որոնցով պայմանավորված էր թուրքերի իրագործած հայերի ցեղասպանությունը։ Միաժամանակ լուսաբանել է 1918 թ. թուրքական արշավանքը Այսրկովկաս և հայ ժողովրդի պայքարը թուրք զավթիչների դեմ։ «Օսմանյան կառավարության քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում և տերությունները 19-րդ դ. վերջին քառորդին և 20-րդ դ. սկզբին» (1972, ոուս.) աշխատության մեջ Օսմանյան կայսրության կառավարող շրջանների հասարակական-տնտեսական և ազգային քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում դիտել է միջազգային հարաբերությունների համապատկերի վրա, ցույց տվել մեծ տերությունների քաղաքական և տնտեսական շահերը Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում։

Երվանդ Սարգսյան
Ծնվել է1913
Մահացել է2010
Մասնագիտությունպատմաբան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն

ԿենսագրությունԽմբագրել

Երվանդ Սարգսյանը ծնվել է 1913 թվականին Սիսիանի շրջանի պատմական Բռնակոթ գյուղում, միջնակարգ կրթությունը ստացել է Բաքվում, իսկ բարձրագույնը՝ Լենինգրադի համալսարանում։ 1942 թվականին հաջողությամբ ավարտելով ԽՍՀՄ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ նա վերադառնում է Հայաստան ու աշխատանքի անցնում Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես Թուրքիայի գծով պատասխանատու աշխատակից։ Այդ շրջանում նա գործուն մասնակցություն է ունենում Հայկական հարցի եւ Թուրքիայի հակահայկական հանցավոր քաղաքականությանը վերաբերող մի շարք կարևոր զեկուցագրերի պատրաստման աշխատանքներին։ Այդ զեկուցագրերն ուղարկվում էին Մոսկվա և օգտագործվում Թուրքիայի նկատմամբ 1945–1946 թվականներին ԽՍՀՄ քաղաքականությունը մշակելու նպատակով։ Մասնավորապես, վերջերս հրատարակված դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուում զետեղված է Երվանդ Սարգսյանի կազմած հույժ գաղտնի տեղեկանքը Կարսի և Արդահանի շրջաններում թուրքական իշխանությունների կողմից 1918 թվականին անցկացված «հանրաքվեի» արդյունքների և նպատակների վերաբերյալ, որտեղ համոզիչ ցույց են տրված կեղծիքներն ու խարդախությունները, որոնք իրականացրել են այդ «հանրաքվեի» կազմակերպիչները («Армения и советско-турецкие отношения в дипломатических документах 1945–1946гг.»,под ред. А. Киракосяна, Ереван, 2010, с 95–99, համահեղինակ՝ Զ. Չարչյան)։

Հետագայում Երվանդ Սարգսյանը սկսում է աշխատել Գիտությունների ակադեմիայի համակարգում։ Երբ 1958 թվականին հիմնադրվեց Արևելագիտության սեկտորը, հետագայում՝ ինստիտուտը, նա առաջիններից էր, որ դարձել է նրա աշխատակիցներից։ Երվանդ Սարգսյանը երկար տարիներ ղեկավարել է Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժինը։

1946 և 1963 թվականներին նա պաշտպանել է թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ, որոնք կարևոր ներդրում էին Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի նոր շրջանի պատմության ուսումնասիրման բնագավառում։

Երվանդ Սարգսյանը 1950–1980-ական թվականների Հայաստանի գիտական կյանքի գործուն մասնակիցներից էր, ոչ միայն պարբերաբար լույս էին տեսնում նրա գիտական աշխատությունները, այլև մամուլում հաճախակի հանդես էր գալիս որպես հրապարակախոս, անդրադառնալով հայ հասարակայնության հուզող «հավերժ» խնդիրների՝ Հայկական հարց և հայոց ցեղասպանություն, մասնագիտական լուսաբանմանը։

1990-ականների կեսերին Հայաստանում ստեղծված կենցաղային ծանր պայմանների պատճառով տեղափոխվել է ԱՄՆ։

Երվանդ Սարգսյանը մահացել է 2010 թվականին։

ԱշխատություններԽմբագրել

Երվանդ Սարգսյանի գիտական աշխատությունը «Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում (1914–1918)» գիրքն է, որը, ըստ էության, նրա դոկտորական ատենախոսությունն է։ Այդ ստվարածավալ մենագրությունը 1962 թվականին հրատարակվել է ռուսերեն, իսկ 1964 թվականին՝ հայերեն։

Երվանդ Սարգսյանի մենագրություններից է նաև «Օսմանյան կայսրության քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում և մեծ տերությունները 19-րդ դարի վերջի քառորդում և 20-րդ դարի սկզբին» գիրքը, որը լույս է տեսել 1972 թվականին ռուսերեն։

Արամ Սաֆրաստյանի հետ նա 1960 թվականին հրատարակել է «Պատմության հակագիտական լուսաբանման մի քանի փաստերի մասին» (Արևելագիտական ժողովածու I,Երևան, 1960, էջ 379–400) արժեքավոր հոդվածը, որով, ըստ էության, Խորհրդային Հայաստանում սկիզբ է դրվել մեր ժողովրդի պատմության համար մեծ կարևորություն ունեցող այդ ոլորտի մասնագիտական հետազոտմանը։ Հետագայում Երվանդ Սարգսյանը Ռուբեն Սահակյանի հետ հեղինակեց «Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրքական պատմագրության մեջ» գիրքը (1963 թ.)։ Այն գնահատանքի արժանացավ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում։ Հետազոտման նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ այն նույնիսկ վերահրատարակվեց Թեհրանում, թարգմանվեց անգլերեն և լույս տեսավ ԱՄՆ-ում։

1995 թվականին լույս է տեսել նրա վերջին խոշոր արժեքավոր աշխատությունը՝ «Դավադիր գործարք. Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա» խորագրով։ Այն կարևոր ներդրում է 1920 թվականին թուրք-հայկական պատերազմի դիվանագիտական պատմության ուսումնասիրության բնագավառում։

ԵրկերԽմբագրել

ՄամուլԽմբագրել

  • Արևելագիտության կարևոր ճյուղերից մեկը։ «Գրական թերթ», 1969, № 3:

ԱղբյուրներԽմբագրել

  • Ռուբեն Սաֆրաստյան, «Երվանդ Սարգսյան» (Ծննդյան 100-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 2013, էջ 241-245
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։