Բացել գլխավոր ցանկը
Երկրաջերմային գործարան Ֆիլիպիններում

Երկրաջերմային էլեկտրակայան՝ երկրի ընդերքի ջերմությունը էլեկտրական էներգիայի փոխակերպող էլեկտրակայան։

Ջերմության ստորգետնյա աղբյուրներ են Երկրի կեղևում տեղի ունեցող ռադիոակտիվ փոխակերպումները, քիմիական ռեակցիաները և այլն։ Երկրի մակերևույթից 2000-3000 մետր խորության վրա շրջապտույտ կատարող ջրերի ջերմաստիճանը հասնում և անցնում է 100 °C-ից։ Մեծ խորություններում շրջապտույտ կատարող ջրերը զգալիորեն տաքանում են և կարող են Երկրի մակերևույթ դուրս բերվել հորատանցքերով։ Հրաբխային շրջաններում այդ ջրերն ունեն առավել բարձր ջերմաստիճան և երկրակեղևի ճեղքերով բարձրանում են վեր՝ երբեմն անջատվելով գերտաքացած շոգու ձևով։

Երկրաջերմային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունն իրականացվում է ուղիղ, ոչ ուղիղ և խառը սխեմաներով։

Ուղիղ սխեմայի դեպքում ընդերքից դուրս եկող բնական շոգին խողովակներով ուղարկվում է տուրբին։ Աշխատած շոգին և կոնդենսացված ջուրն օգտագործում են ջերմաֆիկացման համար և երբեմն՝ քիմիական արդյունաբերության մեջ։

Ոչ ուղիղ սխեմայի դեպքում կատարվում է շոգու նախնական մաքրում ագրեսիվ (ուժեղ կոռոզիա առաջացնող) գազերից։

Խառը սխեմայի դեպքում չմաքրված բնական շոգին մտնում է տուրբին, ապա կոնդենսացված ջրից հեռացվում են չլուծված գազերը։

Շոգեջրային խառնուրդը մինչև 840 կշ/կգ (200 կկալ/կգ) ջերմությամբ հորատանցքերով դուրս է բերվում երկրի մակերևույթ և ուղղվում դեպի զատիչ սարքերը, որտեղ 0,23 Մն/մ² (2,3 մթնոլորտ) ճնշման տակ անջատվում է ջրից և մտնում տուրբին, իսկ 120 °C ջերմաստիճանի ջուրը օգտագործվում է բնակավայրերի ջերմամատակարարման համար։

Հայաստանում ստորգետնյա տաք ջրերը (Ջերմուկի, Հանքավանի և այլն) ջերմաէներգետիկական նպատակներով չեն օգտագործվում բարձր կոռոզիոն հատկության և ուժեղ հանքայնացման պատճառով[փա՞ստ]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 626 CC-BY-SA-icon-80x15.png