Երիտթուրքերի դատավարություն (1919-1920)

Երիտթուրքերի դատավարություն (1919-1920), Օսմանյան կայսրությունն առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշած և հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավար գործիչների դատավարությունը Կ. Պոլսում։ Մուդրոսի զինադադարի (1918) կնքումից անմիջապես հետո, համաշխարհային հասարակայնության ճնշման տակ, թուրքական նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել Թուրքիան պատերազմի մեջ ներքաշած և հայերի ցեղասպանությունը կազմակերպած մեղավորներին։

1918 թ. դեկտեմբերի 16-ի որոշմամբ կազմվեցին արևմտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ (ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ և հրամաններ, ականատեսների վկայություններ և այլն) հավաքող հարցաքննիչ հանձնախմբեր։ Օսմանյան կայսրության տարածքը բաժանվեց 10 դատաքննչական շրջանի, նշանակվեցին դատախազներ, քննիչներ, քարտուղարներ։ 1919 թ. հունվարի 8-ին կազմվեցին ռազմական արտակարգ ատյաններ։ Դատական նիստերի ընթացքում քննվեց երիտթուրքական կառավարության ղեկավարների, «Միություն և առաջադիմություն» կուսակցության ԿԿ անդամների և շրջանային պատասխանատու քարտուղարների ու պաշտոնյաների, հայկական կոտորածներն իրականացնող «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի («Հատուկ կազմակերպություն), Յոզղատի, Տրապիզոնի, Բյոյուքդերեի (Կ. Պոլսի արվարձան) և Խարբերդի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպողների հանցավոր գործունեությունը։

Երիտթուրքերի դատավարությունը ցույց տվեց, որ արևմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական կամ կարգապահական միջոցառումներ չէին և սահմանափակ կամ տեղական բնույթ չեն կրել, ինչպես ցանկանում էին ներկայացնել հանցագործները, այլ եղել են կանխամտածված ու մշակված գործողություններ, իրականացվել բացարձակապես երիտթուրքական կուսակցության ԿԿ նախաձեռնությամբ ու կարգադրությամբ, իսկ կոտորածներն անմիջականորեն իրականացրել են այդ նպատակով բանտերից ազատ արձակված մարդասպաններն ու այլ ոճրագործներ։

Երիտթուրքերի կուսակցության պարագլուխների ու նախարարների դատավարությունը սկսվեց 1919 թ. ապրիլի 27-ին և ընդհատումով (մայիսի 28-ին անգլիական հրամանատարությունը 77 հոգու անսպասելիորեն աքսորեց Մալթա կղզի և դրանով ընդհատեց դատաքննությունը) շարունակվեց մինչև հունիսի 26-ը (13 նիստ)։ Դատավճիռը հրապարակվեց 1919 թ. հուլիսի 5-ին։ 31 հանցագործներից 4-ը` Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և Նազիմը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, իսկ մնացած 27-ից ոմանք՝ տարբեր տարիների ազատազրկման, ոմանք արդարացվեցին հանցանշանների բացակայության պատճառով։ Դատավճռում մոռացության մատնվեցին անգլիացիների՝ Մալթա աքսորած հանցագործները։

1919 թ. հունիսի 21-ին, 23-ին և 29-ին տեղի ունեցան «Միություն և առաջադիմություն» կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների և պաշտոնատար այլ անձանց դատավարությունները։ Դատավճիռը հրապարակվեց 1920 թ. հունվարի 8-ին։ 36 մեղադրյալներից 3-ը դատապարտվեցին 10 տարվա, մյուսները՝ մի քանի տարվա ազատազրկման։

Յոզղատի հայերի կոտորածն իրականացնողների դատավճիռը հրապարակվեց 1919 թ. ապրիլի 8-ին. Յոզղատի մութասարիֆի (գավառապետ) տեղակալ և Բողազլյանի կայմակամ (գավառապետ) Մեհմեդ Քեմալ բեյը դատապարտվեց մահվան, իսկ Յոզղատի ոստիկանապետ Թեվֆիկ բեյը՝ 15 տարվա տաժանակրության։

Տրապիզոնի կոտորածներն իրականացնողների դատավճիռը կայացվեց 1919-ի մայիսի 22-ին։ 8 հանցագործներից երկուսը՝ Ջեմալ Ազմի և Նայիմ բեյերը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, մյուսները՝ տարբեր ժամկետներով ազատազրկման։

Բյոյուքդերեի ոչ մուսուլման բնակչության՝ հայերի և հույների հալածանքները կազմակերպողների դատավճիռը հրապարակվեց 1919 թ. մայիսի 24-ին։ Բոլոր մեղադրյալները (4 հոգի) դատապարտվեցին մի քանի տարվա ազատազրկման։

Խարբերդի հայերի տեղահանության և կոտորածների հանցագործների դատավճիռը կայացվեց 1920 թ. հունվարի 14-ին. Բեհաեդդին Շաքիրը հեռակա կարգով դատապարտվեց մահվան, իսկ երիտթուրքական կուսակցության Խարբերդի պատասխանատու քարտուղար Ռեսնելի Նազիմ բեյը՝ 15 տարվա տաժանակրության։

Դատավարության արձանագրությունները հրատարակվել են 1919-20 թթ., «Թաքվիմ-ի վեքայի» («Իրադարձությունների օրացույց») արաբատառ թուրքական պաշտոնաթերթի հավելվածում։ Երիտթուրքերի դատավարությունը թեև չստացավ լայն արձագանք, այնուամենայնիվ բացահայտեց Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում թուրքական իշխանությունների իրագործած հայերի ցեղասպանությունը։ Երիտթուրքերի դատավարության նյութերը հերքում են թուրքական պաշտոնական շրջանների՝ հայերի ցեղասպանությունը ժխտող պնդումները։

Գրականություն խմբագրել

  • Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի, առաջաբանը, թրգմ. և ծնթգր. U. Հ. Փափազյանի, ե., 1988։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։