Եվրոպական միության ընդլայնում
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Եվրոպական միության ընդլայնում, քաղաքական գործընթաց, որի արդյունքում նոր երկրներ են անդամակցում Եվրամիությանը։ 1952 թ․ հիմնադրումից ի վեր Եվրամիությունն ընդլայնվել է 7 անգամ և այժմ ունի 28 անդամ երկիր։ Թեկնածու անդամներ են Իսլանդիան, Մակեդոնիան, Մոնտենեգրոն և Թուրքիան։ Եվրամիության ընդլայնման բաղկացուցիչ մաս է նաև Արևելյան գործընկերությունը։
Եվրոպական Միության ընդլայնման պատմությունը
խմբագրելԻնտեգրման նախադրյալները
խմբագրել«Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը չափազանց ծանր է եղել եվրոպացիների համար. նկատվում էր ազգայնամոլության աճ, հարևան ժողովուրդների իրավունքների ոտնահարում։ Այսպիսի պայմաններում անհրաժեշտ էր գերմանացի երիտասարդներին հասկացնել, որ նրանք միասնական Եվրոպայի քաղաքացիներ են և մյուս եվրոպացիների եղբայրները։ Անհրաժեշտ էր այդ հոգևոր եվրոպական տրամադրվածությունը դնել եվրոպական երկրների թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության հիմքում։ ... Մեր օրերում եվրոպական ընդհանուր սահմանների և խաղաղության գաղափարն արդեն իրականություն է դարձել, հետևաբար մեր ծրագիրը կարելի է արդարացված համարել. Եվրոպայի միավորումը ոչ միայն քաղաքական ու տնտեսական նախաձեռնություն էր, այլև հոգևոր և փիլիսոփայական շարժում».– նշում է «Եվրոպական տան» հիմնադիր Ժակ Դելորը։
Եվրոպական պետությունների միավորման գաղափարներն արտահայտվել էին դեռևս հեռավոր անցյալում՝ գլխավորապես հոգևոր խավի, փիլիսոփաների, երբեմն՝ իշխանավորների մոտ։ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Գեղեցիկի իրավաբան Պիեռ Դյուբուան, օրինակ, առաջարկում էր ստեղծել «քրիստոնեական հանրապետություն»՝ դաշնակցության մի տեսակ, որը կգտնվեր ժողովուրդների տնօրինության տակ, որտեղ տարբեր ազգեր կպահպանեին բացարձակ անկախությունը։ Սակայն եվրոպական պետությունների միությունը չէր կայանում, քանի որ դեռևս չէին հասունացել բավարար պատմական նախադրյալներ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո միավորման գաղափարները կրկին հայտնվեցին քաղաքական կյանքի առաջաբեմում։ 1922 թ. Կալերգին հիմնեց Պանեվրոպական Միությունը՝ փաստորեն, առաջին կազմակերպությունը, որ ձգտում էր հասնել իրավահավասար հիմքունքներով ողջ Եվրոպայի միավորմանը[1]։ Նա գտնում էր, որ միավորված Եվրոպան տնտեսական, քաղաքական և մշակութային հակակշիռ կդառնա ԱՄՆ-ին, նորաստեղծ ԽՍՀՄ-ին և Արևելյան Ասիային՝ միաժամանակ կանխելով նոր համաշխարհային պատերազմի սանձազերծումը։ Սակայն նրա գաղափարներն աջակցության չարժանացան։
Երկրորդ համաշխարհային պատերազմը դեռ չէր ավարտվել, երբ կրկին սկսեցին ի հայտ գալ Եվրոպայի միավորման նախագծեր։ Ոչ միայն պարտված երկրները (և առաջին հերթին՝ Գերմանիան), այլև հաղթողները, այդ թվում՝ Ֆրանսիան, պատերազմից խիստ թուլացած էին դուրս եկել։ Ինչպես և առաջին համաշխարհային պատերազմում, եվրոպական պետությունների երկպառակությունները հանգեցրել էին նրանց ընդհանուր պարտության, համաշխարհային տնտեսությունում Եվրոպայի դիրքերի թուլացման։ Արևմտաեվրոպական առաջատար տերությունները փնտրում էին հետպատերազմյան աշխարհում ինքնահաստատվելու ուղիներ։ Իսկ քանի որ մեկուսի դժվար էր հասնել հաջողության, Եվրոպայում կրկին շրջանառության մեջ մտան միավորման կարգախոսները։
Արևմտաեվրոպական պետությունների զգալի մասն ընդգրկվեց Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ, որի նպատակն էր «Արևելյան դաշինքին» և նրա կողմից հնարավոր ռազմական սպառնալիքին հակազդելը։
1946 թ. մարտի 5-ին Միսուրի նահանգի Ֆուլտոն քաղաքում Չերչիլի ելույթից հետո «պաշտոնապես հռչակվեց» Սառը պատերազմը [1]։ Սառը պատերազմի տարիներին Արևմուտքի համար ԽՍՀՄ-ն ընկալվում էր որպես լուրջ սպառնալիք։ Կոմունիստական ռեժիմն արդեն «գրավել» էր Արևելյան Եվրոպան, Արևելյան Գերմանիան և լուրջ անհանգստություն էր առաջացրել Արևմտաեվրոպական երկրների և ԱՄՆ-ի մոտ։ Ամեն գնով պետք էր թույլ չտալ կոմունիստական գաղափարախոսության արմատավորումը Արևմուտքում։ Վերջինս կարողացավ գտնել հարցի լուծումը. Արևելքից եկող վտանգի դեմ առանձին-առանձին պայքարելն ավելի դժվար էր, ուստիև անհրաժեշտ էր միավորել Եվրոպայի գոնե Արևմուտքը, ստեղծել ամուր գաղափարական հենք՝ արդյունավետ և կենսունակ միության պահպանման և ամրապնդման համար։ Այսպիսով, «խորհրդային սպառնալիքի» հանդեպ վախը ևս նպաստավոր պայմաններ ստեղծեց «եվրոպական գաղափարի» իրականացման համար։
Եվրոպայի միավորման գործընթացում չի կարելի անտեսել այն դերը, որ կատարեց 1946 թ. սեպտեմբերին Ցյուրիխում Ուինսթոն Չերչիլի ելույթը՝ նվիրված եվրոպական ընտանիքի նորացման, Եվրոպայի Միացյալ Նահանգների ստեղծման գաղափարներին։ «Մենք պետք է ստեղծենք Եվրոպայի Միացյալ Նահանգների պես ինչ-որ կառույց,- ասում էր նա,- եթե սկզբում Եվրոպայի ոչ բոլոր պետությունները կդրսևորեն իրենց կամքը կամ ի վիճակի կլինեն անդամակցելու Միությանը, ապա մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանք, ովքեր ցանկանում են, համախմբվեն և միավորվեն» [2] ։
Եվրոպական համայնքների ձևավորումը և ընդլայնումը Սառը պատերազմի տարիներին
խմբագրելԵվրոպական երկրների միավորման գործնական առաջին քայլն իրականացրին Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը՝ 1948 թվականին ստեղծելով Բենիլյուքս մաքսային միությունը։ Աստիճանաբար ձևավորվեցին նաև Եվրոպական համայնքները։ Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Մոնեն պնդում էր, որ ապագայում ազգային պետությունը վերահսկողության շրջանակների մեջ պահել և եվրոպական մշակութային արժեքները պահպանել հնարավոր կլինի՝ կառուցելով հուսալի, աստիճանակարգված վերազգային կառույց [3]։ Նրա մշակած նախագծի հիմքում ընկած էր Գերմանիայի և Ֆրանսիայի արդյունաբերությունների հիմնական ճյուղերի միասնականացման գաղափարը, որի իրագործումն սկսեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռ. Շումանը՝ առաջարկելով այդ երկրների ածխի և պողպատի ողջ արդյունաբերությունը դնել վերազգային կառույցի հսկողության և ղեկավարման տակ՝ Գերմանիային զրկելով այդ ժամանակ ռազմական արդյունաբերության հանգուցային հիմքերի՝ պողպատի և դրա ձուլման համար անհրաժեշտ ածխի նկատմամբ բացարձակ մենաշնորհից։ Նախագիծը նախատեսում էր նաև արևմտաեվրոպական մյուս երկրների մասնակցությունը և դիտարկվում էր որպես եվրոպական դաշնության կառուցման առաջին քայլ, որը հետագայում լիովին պետք է բացառեր ռազմական գործողությունների վերսկսումը՝ Եվրոպայում պատերազմը դարձնելով անիմաստ։ Շումանը հայտարարեց, որ իր գլխավոր նպատակն է «պատերազմը դարձնել ոչ միայն աներևակայելի, այլև նյութապես անհնարին» [4]։
Արևմտյան Գերմանիան նախաձեռնությանը միացավ՝ փորձելով իր վրայից թոթափել իր ռազմատենչության մասին Եվրոպայի մտահոգությունը։ Շուտով միացան նաև Իտալիան և ԲԵՆԻԼՅՈՒՔՍ-ի երկրները։ 1951 թ. Փարիզում ստորագրվեց և հաջորդ տարվա հուլիսին ուժի մեջ մտավ Ածխի և պողպատի եվրոպական համայնքի ստեղծման մասին պայմանագիրը [5]։
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա նա վախեցավ, որ նման քայլով կկորցնի իր արդյունաբերության նկատմամբ վերահսկողությունը և չցանկացավ գնալ իր ինքնիշխանության սահմանափակման՝ հույսը դնելով Միացյալ Նահանգների հետ ջերմ հարաբերությունների պահպանման վրա։ Մեծ Բրիտանիան, փաստորեն, շարունակում էր առաջնորդվել վարչապետ Չերչիլի առաջ քաշած այն գաղափարով, որ «Բրիտանիան Եվրոպա չէ։ Այն կապված է Եվրոպայի հետ, բայց չի պատկանում նրան» [6]\։
Այդուհետ եվրոպական ինտեգրմանը բնորոշ դարձան աստիճանականությունը և տնտեսական ինտեգրման առաջնայնությունը քաղաքականի նկատմամբ։
Տնտեսական ինտեգրացիայի խորացման նպատակով 1957 թ. Հռոմում [7] ԱՊԵՀ անդամ 6 պետությունները հիմնեցին Եվրոպական տնտեսական համայնքը կամ ընդհանուր շուկան և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը։ ԵՏՀ գլխավոր նպատակն էր մաքսային միության և ընդհանուր շուկայի ստեղծումը, անդամ-երկրների տարածքում մարդկանց, ապրանքների, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումը։ ԵՎՐԱՏՈՄ-ը պետք է նպաստեր այդ պետությունների խաղաղ միջուկային ռեսուրսների միավորմանը, ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով կիրառմանը [8]։
Այս անգամ ևս Մեծ Բրիտանիան դեմ արտահայտվեց նախաձեռնությանը՝ այն հավասարեցնելով ազգային քաղաքականության իրակացման վերահսկման կորստին։ Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Պորտուգալիայի և Ավստրիայի հետ միասին 1960 թ. նա ստեղծեց Ազատ առևտրի եվրոպական ասացիացիան [9]։ Վերջինս նախատեսում էր միայն անդամ-պետությունների արդյունաբերական արտադրանքի տարիֆների վերացում։
ԵՏՀ-ն, որն առավել ամուր միություն էր, սկսեց հաջողություններ գրանցել, և 1961 թ. Մեծ Բրիտանիան բանակցություններ սկսեց իր անդամակցության շուրջ։ Նրա օրինակին հետևեցին Իռլանդիան և Դանիան, որոնց տնտեսությունները մեծապես կախված էին բրիտանականից։ Բայց 1963 թ. (այնուհետև՝ 1967 թ.) Ֆրանսիան, ի դեմս նախագահ Շարլ դը Գոլի, դեմ քվեարկեց բրիտանական անդամակցությանը։
1967 թ. հուլիսին ԵՏՀ-ն, ԱՊԵՀ-ը և ԵՎՐԱՏՈՄ-ը միաձուլվեցին՝ ստեղծելով Եվրոպական համայնքները [10]։
1969 թ. մայիսին Ֆրանսիայի նախագահ Շարլ դը Գոլին փոխարինեց Ժորժ Պոմպիդուն, ով հակված էր ԵՀ շրջանակներում նոր նախաձեռնությունների իրականացմանը։ Նույն թվականի դեկտեմբերին Հաագայում տեղի ունեցավ անդամ-պետությունների ղեկավարների հանդիպում [Пальк П., Маде В., Симпсон Э., Яаансалу Л. “История объединения Европы” Таллин, 2004, с. 69], որի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի անդամության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։
1973 թ. հունվարի 1-ին Մեծ Բրիտանիան դարձավ ԵՀ անդամ։ 1972 թ. անցկացվել էին հանրաքվեներ Իռլանդիայի, Դանիայի և Նորվեգիայի անդամակցության վերաբերյալ։ Իռլանդիայի (շուրջ 83%) և Դանիայի (շուրջ 63%) բնակչությունը պաշտպանեցին Եվրոպական համայնքին միանալու գաղափարը, իսկ Նորվեգիայում առաջարկը չստացավ ձայների մեծամասնությունը (կողմ էր արտահայտվել շուրջ 47%-ը)։
Ընդլայնման հաջորդ փուլը տեղի ունեցավ 1980-ական թթ.։ 1975 թ. հունիսին Եվրոպական համայնքին միանալու դիմում էր ներկայացրել Հունաստանը, որը ԵՀ անդամ դարձավ 1981 թ. հունվարի 1-ին [11]։ Պորտուգալիան և Իսպանիան իրենց դիմումները ներկայացրել էին 1977 թ. և անդամ դարձան 1986 թ. հունվարի 1-ին։ Գրենլանդիան ի սկզբանե միացավ ԵՀ-ին Դանիայի հետ միասին, սակայն 1985 թ., ստանալով ներքին ինքնիշխանություն, դարձավ ԵՀ անդրծովյան շրջան [12]։
Միջերկրածովյան առավել թույլ զարգացած երկրների՝ Հունաստանի, Իսպանիայի և Պորտուգալիայի, անդամակցությունը մի շարք նոր բարդություններ առաջացրեց Եվրոպական համայնքի համար։ Մասնավորապես, կարելի է նշել այն հանգամանքը, որ նորանդամ պետությունների տնտեսությունները գյուղատնտեսությունից մեծ կախում ունեին, ուստի այդ ոլորտի համար նախատեսված ԵՀ դրամական միջոցների մեծ մասը գնալու էր նրանց օժանդակության տրամադրմանը, ինչը դժգոhություն էր առաջացնում առավել զարգացած ԵՀ անդամների մոտ։
Եվրոպայի Միացյալ Նահանգների ստեղծումը դեռևս իրականություն չէր դառնում։ ԵՀ-ին չէր հաջողվում վերացնել իր տարածքում առևտրի բոլոր սահմանափակումները, ինչպես նաև ներքին մաքսային սահմանները։
1985 թ. Ֆրանսիայի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական, այնուհետև՝ էկոնոմիկայի և ֆինանսների նախարար, Եվրոպական Հանձնաժողովի ղեկավար Ժակ Դելորը եվրոպական կառավարություններին ու խորհրդարաններին ներկայացրեց իր «Ծրագիր 1992» [13](չաշխատող հղում) պայմանագրի նախագիծը։
1986 թ. փետրվարի 17-ին և 28 (համապատասխանաբար, Լյուքսեմբուրգում և Հաագայում) ընդունվեց «Միասնական Եվրոպական Ակտը» [14], որը մեկ տարվա ընթացքում վավերացվեց բոլոր անդամ-պետությունների կողմից։ Այն իրենից ներկայացնում էր ԵՀ առկա համաձայնագրի փոփոխության փաթեթ՝ նախատեսելով հարկային, տեխնիկական և ֆիզիկական խոչընդոտների հաղթահարման շուրջ 300 միջոցառում և որի գլխավոր նպատակն էր անդամ-երկրների լիակատար ինտեգրումը։
Մասնավորապես, այն նախատեսում էր մինչ 1992 թ. Եվրոպայում վերացնել ներքին սահմանները, ապահովել ապրանքների, աշխատուժի, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժ։ Նպատակ էր հռչակվում միության ստեղծումը։ Ակտը նաև օրինականացնում էր եվրոպական քաղաքական համագործակցության գոյությունը՝ որպես միացյալ ԵՀ-ի մի մաս։ Համաձայն ՄԵԱ-ի՝ ԵՀ անդամները պետք է միասին քննարկեին և իրականացնեին արտաքին քաղաքականությունը [15] Արխիվացված 2016-04-22 Wayback Machine։
ԵՄ կազմավորումը և ընդլայնումը 1991-2013 թթ.
խմբագրել1991 թ. ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալուց։ Արևելյան Եվրոպայի՝ սոցիալիստական ճամբարին պատկանող երկրներում, փաստորեն, առաջացավ քաղաքական վակուում, որը շտապ պետք էր լրացնել։ Արևմտյան Եվրոպան այս պարագայում արագ կողմնորոշվեց։ ԵՀ անդամ-պետությունները գիտակցում էին, որ այդ վակուումն իրենց կողմից չլրացնելու դեպքում լուրջ մարտահրավերի առջև կկանգնեին. կամ տարածաշրջանում կհաստատվեր Ռուսաստանը (առավել վատ տարբերակով՝ կվերականգնվեր կոմունիստական ռեժիմը), կամ էլ այդ բացը կշտապեր լրացնել ԱՄՆ-ն։
Անհրաժեշտ էր Եվրոպական Ընկերակցությունը վերածել առավել բարձր մակարդակի ինտեգրացիոն միավորի՝ Եվրոպական Միությունան։
Նոր պայմանագրի նախագծի քննարկումը դարձավ Եվրոպական Խորհրդի հատուկ հրավիրված նիստի գլխավոր հարցը։ Նիստը կայացավ 1991 թ. դեկտեմբերին՝ Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում։ 1992 թ. փետրվարի 27-ին կնքվեց «Եվրոպական Միության մասին» Մաաստրիխտի պայմանագիրը և ուժի մեջ մտավ 1993 թ. նոյեմբերի 1-ին [16]։ Այն հաստատեց միասնական Եվրոպա ստեղծելու մասին պատկերացումները։ Եվրամիության համար հենակետ էին հանդիսանում երկրների միջև համագործակցությունը երեք բնագավառներում՝ տնտեսություն, արտաքին քաղաքականություն և անվտանգություն, իրավական դաշտ և ներքին գործեր։ Աննախադեպ քայլ էր Միության քաղաքացիության ինստիտուտի ամրագրումը։ Համաձայն Մաաստրիխտի պայմանագրի՝ ԵՄ քաղաքացի հանդիսանում է անդամ-պետության քաղաքա-ցիություն ունեցող յուրաքանչյուր անձ [17]։
1990-ական թթ. սկզբներին Եվրոպայի անմիջական հարևանությամբ տեղի ունեցող Բալկանյան պատերազմները խիստ անհանգստացնում էին Միության անդամ-պետություններին։ Քաղաքական անկայությունը սպառնում էր տնտեսության խաղաղ զարգացմանը։
1993 թ. Կոպենհագենում Եվրամիության Խորհուրդը հայտարարեց, որ «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները, որոնք ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, կստանան այդ հնարավորությունը» [18]։ Այդ նպատակով սահմանվեցին որոշակի չափանիշներ՝ քաղաքական (ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների և փոքրամասնությունների պաշտպանությունը երաշխավորող կայուն հաստատությունների առկայություն), տնտեսական (շուկայական տնտեսության առկայություն, մրցակցությանը և ԵՄ ներքին շուկայական ուժերին դիմակայելու կարողություն), անդամակցության պարտավորությունների (քաղաքական, տնտեսական և այլն) ստանձնման կարողություն։
1994 թ. Ավստրիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Շվեդիայում ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացվեց [19]։ Ավստրիան, Ֆինլանդիան և Շվեդիան 1995 թ. հունվարի 1-ին դարձան ԵՄ անդամ, իսկ նորվեգացիների մեծամասնությունը կրկին դեմ քվեարկեց։ Դրա հիմնական պատճառը երկրի տնտեսական զարգացման բարձր ցուցանիշն է, իսկ անդամությունը մյուս անդամների հետ ֆինանսական բեռը կիսելու պարտավորություն է նախատեսում։
1985 թ. Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի միջև կնքվեց Շենգենյան համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավ տասը տարի անց՝ 1995 թ.։ Այսօր Շենգենի գոտու մեջ մտնում են ԵՄ գրեթե բոլոր անդամները և անգամ ԵՄ ոչ անդամ-պետությունները, ինչպիսիք են Շվեյցարիան, Նորվեգիան [20]։ Շենգենյան գոտու ձևավորումը կարևոր նշանակություն ունեցավ ԵՄ զարգացման համար։ Ներքին սահմանները բացվում են, իսկ արտաքինը՝ ամրացվում՝ ձևավորելով յուրատեսակ Եվրոպական «ամրոց»։ Սակայն բաց սահմաններն իրենց հետ բերեցին նաև լուրջ խնդիր՝ գաղթականների համար ազատ տեղաշարժի հնարավորություն, ինչի հետևանքով ավելացավ ոչ օրինական ներգաղթողների թիվը ԵՄ տարբեր երկրներ։
2001 թ. փետրվարին ստորագրված և երկու տարի անց ուժի մեջ մտած Նիցցայի համաձայնագիրը նախատեսում էր ԵՄ ընդարձակումը նախապատրաստող մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ Եվրոպական Խորհրդարանում անդամ-պետություններին տեղերի վերահատկացում, Եվրոպական Հանձնաժողովի ապագա չափերի կրճատում, ԵՄ Խորհրդում քվեարկության օրենքների և գործընթացների բարեփոխումներ։ 2001 թ. դեկտեմբերին գումարված Լաեկենյան գագաթաժողովում [21] որոշվեց, որ տասը նոր անդամների՝ Եվրամիության կազմ ընդունելու գործընթացը թևակոխել է իր ավարտական փուլը։ Եվրոպական Հանձնաժողովը 2002 թ. հոկտեմբերին ներկայացրեց 10 պետությունների (Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Սլովենիա, Կիպրոս, Մալթա)՝ ԵՄ անդամակցելու առաջարկը [22]։
Թեկնածու պետությունների ընդհանուր բնակչության թիվը շուրջ 75 միլիոն էր (համեմատության կարգով պետք է ընդգծել, որ միայն Գերմանիայի բնակչության թիվն անցնում է 80 միլիոնից), համատեղ ՀՆԱ-ն կազմում էր մոտ 840 միլիարդ ԱՄՆ դոլլար (գրեթե հավասար Իսպանիայի ՀՆԱ-ին) [23]։ ԵՄ անդամ-պետություններին անհանգստություն էր պատճառում այս հարցը, քանի որ նրանք ստիպված էին լինելու նոր անդամների զարգացման համար խոշոր ներդրումներ իրականացնել։ Մյուս կողմից, ինչպես նշում էր Չեխիայի Հանրապետության նախագահՎացլավ Կլաուսը 2004 թ. Մյունխենի համալսարանի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ. «...Չեխիայի Հանրապետությունը մոտ ապագայում կդառնա ... վճարող, այլ ոչ թե Եվրամիությունից հատկացումներ ստացող», ինչը ամենևին չէր կարելի ասել «Հունաստանի, Իսպանիայի կամ Պորտուգալիայի մասին, երբ նրանք մտնում էին ԵՄ կազմի մեջ» [24]։
Ընդլայնումն անհրաժեշտ էր մի քանի պատճառներով։ Նախ, պետք էր Արևմուտքին ամուր կապել Արևելյան Եվրոպան՝ հատկապես նախկին խորհրդային ճամբարի պետությունները։ Այս պատճառով թեկնածուների ցուցակում ընդգրկվեցին Չեխիան, Սլովակիան և Սլովենիան։
Անդամության խնդրանքով Կիպրոս կղզու հարավային՝ հունական մասի ղեկավարությունը՝ Կիպրոսի Հանրապետությունը, դիմել էր ԵՄ-ին դեռևս 1990-ական թթ. սկզբներին։ Անկարան և հյուսիսային Կիպրոսի թուրքական կառավարությունը բողոք էին ներկայացրել դիմումի դեմ՝ պնդելով, որ հունական մասի կառավարությունն իրավունք չունի հանդես գալու որպես ինքնուրույն միջազգային սուբյեկտ, քանի որ կղզու իրավական կարգավիճակը դեռևս որոշված չէ։ Ուստի, Կիպրոսի անդամության հարցը հետաձգվել էր։ Բայց երբ քննարկվում էր ԵՄ ամենախոշոր ընդլայնման (2004 թ.) հարցը, Կիպրոսի Հանրապետությունը ներգրավվեց ցուցակի մեջ, քանի որ դրանում պնդեց Հունաստանը։ Վերջինս սպառնում էր, որ հակառակ դեպքում վետո կդնի ամբողջ պլանի վրա։
Եվրոպական Հանձնաժողովը 2003 թ. ապրիլի 9-ին հաստատեց ընդլայնման մասինորոշումը։ Մի քանի օր անց Աթենքում 15 «հին» և 10 «նոր» անդամների կողմից ստորագրվեց միանալու մասին պայմանագիր։ Ընդամենը 12 ամսվա ընթացքում թեկնածու պետություններում անցկացվեցին հանրաքվեներ, իսկ հետո ստորագրված պայմանագիրը վավերացվեց Խորհրդարաններում։ 2004 թ. մայիսի 4-ին Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Կիպրոսը և Մալթան դարձան Եվրամիության անդամ [25]։ Այս առիթով 2004 թ. ելույթ ունենալով Եվրոպական Խորհրդարանի առջև՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը նշել էր. «Փակ Եվրոպան կլիներ ավելի խղճուկ, ավելի աղքատ և ավելի հին Եվրոպա։ Բաց Եվրոպան կլինի ավելի գեղեցիկ, ավելի հարուստ, ավելի ամուր, ավելի երիտասարդ Եվրոպա, որ նաև նպաստում է ներգաղթին»։
Միավորման պատճառներից մեկն էլ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «մասնատված» Եվրոպայի միավորման ձգտումն էր։
Այս խոշոր ընդլայնումների արդյունքում տեղի ունեցավ էժան աշխատուժի ներթափանցում արևմտաեվրոպական առավել զարգացած երկրներ, որն իր հետ բերեց տնտեսական թե՛ դրական և թե՛ բացասական հետևանքներ։ Օրինակ՝ Ֆրանսիայում ավելանում էր ոչ օրինական ճանապարհով ներգաղթած ԵՄ քաղաքացիների թիվը, ինչը խնդիրներ առաջացրեց երկրի համար։ Գաղթականները բարձրաձայնում են «Միության քաղաքացիության» հարցը և ԵՄ տարածքով ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքը (հենց այս նպատակն էր հետապնդում Շենգենյան գոտու ձևավորումը)։ 2010 թ. Ֆրանսիան որոշում կայացրեց նման ոչ օրինական գաղթականներին (հատկապես Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացիներ գնչուների) «տուն վերադարձնելու» մասին։ Սա լուրջ տարակարծություններ առաջացրեց Եվրոպացիների մոտ։ Թեև Ֆրանսիայի գործողություններն իրականացվում էին օրենքի շրջանակներում, բայց խոսքը ԵՄ քաղաքացիներին ԵՄ անդամ-պետությունից վտարելու մասին էր [26]։ Ֆրանսիան՝ Իտալիայի հետ համատեղ, հանդես եկան Շենգենյան գոտիով տեղաշարժվելու կանոնների մեջ փոփոխություն մտցնելու առաջարկով։ Սա նաև պայմանավորված էր Արաբական գարնան արդյունքում Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա ներգաղթողների մեծ հոսքով։ Սակայն Գերմանիան, ի դեմս ԱԳ նախարար Վեստերվելլեի, դեմ արտահայտվեց առաջարկին՝ նշելով, որ «Եվրոպայում ազատ տեղաշարժը մեծ ձեռքբերում է, և այն չպետք է կրկին քննարկման առարկա դառնա» [27]։ Հարցը հրատապ դարձավ այն աստիճան, որ 2011 թ. մարտին Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին գալիք նախագահական ընտրություններից առաջ հայտարարեց, որ իր ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս կգա Շենգենի գոտուց, եթե համապատասխան միջոցառումներ չիրականացվեն՝ ոչ օրինական ներգաղթողների դեմն առնելու ուղղությամբ [28] Արխիվացված 2012-04-19 Wayback Machine։
2007 թ. հունվարի 1-ին տեղի ունեցավ ԵՄ հերթական ընդլայնումը. նրա կազմի մեջ մտան Բուլղարիան և Ռումինիան [29]։ Նախկինում ԵՄ զգուշացնում էր նրանց, որ նրանք դեռ շատ անելիքներ ունեն կոռուպցիայի դեմ պայքարի և օրենսդրության բարեփոխման ոլորտներում։ Այնուամենայնիվ, Բրյուսելը գիտակցում էր, որ ԵՄ կազմի մեջ ընդգրկելով այս թույլ զարգացած երկրներին՝ կկարողանա աջակցել նրանց զարգացման գործընթացում՝ իրենց տնտեսական խնդիրներն ավելի արդյունավետ և համեմատաբար արագ հաղթահարելու հնարավորություն տալով։
Եվրոպական ընտանիքի անդամների թիվը հասավ 25-ի։ Սա, անշուշտ, լուրջ ձեռքբերում էր, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իր ստեղծման ժամանակ ընտանիքում ընդգրկված էին միայն վեց անդամ։ Արևմտաեվրոպական երկրները հասան ընդլայնման միջոցով իրենց առջև դրած նպատակներին՝ կապված կոմունիստական վտանգի, մասնատված Եվրոպայի միավորման հետ։ Նորանդամ երկրների համար սա կարևոր ձեռքբերում էր՝ տնտեսական զարգացման, ժողովրդավարական արժեքների տարածման և այլ բնագավառներում նրանց զարգացման հնարավորության ընձեռնման առումով։ Մյուս կողմից, որքան ընդլայնվում էր Միությունը, այնքան ավելանում էին ներքին «վտանգները» (հատկապես տնտեսության ոլորտում), և մի անդամ-պետության ներսում ծագած խնդիրները շղթայական ռեակցիայի նման իրենց ազդեցությունն էին ունենում մյուսների վրա։
Միության կազմի նման փոփոխությունների արդյունքում բարեփոխման անհրաժեշտություն առաջացավ։ Մշակվեց Սահմանադրության նախագիծ, որը պետք է փոխարիներ ԵՄ իրավաստեղծ պայմանագրերը, հստակեցներ ԵՄ դերը և կարգավիճակը միջազգային ասպարեզում, նրա ներքին և արտաքին իրավասությունների շրջանակները։ «Եվրոպայի համար Սահմանադրության ընդունման մասին պայմանագիրը» ստորագրվեց Հռոմում 2004 թ. հոկտեմբերի 29-ին [30]։ Ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ էր վավերացում բոլոր անդամների կողմից, ինչն իրականություն չդարձավ։ Պատճառներից մեկը հասարակության ցածր տեղեկացվածությունն էր։ Համաձայն «Եվրոբարոմետրի» հարցումների տվյալների [31]՝ ԵՄ քաղաքացիների կեսից ավելին միայն մասամբ էին ծանոթ Սահմանադրության նախագծին, իսկ բնակչության մեկ-երրորդն էլ հայտարարել էր, որ ընդհանրապես չի լսել այդ մասին։ Արդյունքում ազգային ինքնիշխանություն կորցնելու վախ առաջացավ, քանի որ Սահմանադրությունը ԵՄ-ի իրավասությանն էր հանձնում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը, ներգաղթը, առևտուրը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և այլն։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով հրավիրվեց Լիսաբոնի գագաթաժողովը և 2007 թ. դեկտեմբերին ստորագրվեց պայմանագիր, որով վերջ դրվեց ինստիտուցիոնալ հարցերի շուրջ մի քանի տարի շարունակվող բանավեճերին։ 2009 թվականի դեկտեմբերի 1-ին «Եվրոպական Միության մասին պայմանագրի և Եվրոպական Ընկերակցության հիմնադրման մասին պայմանագրի մեջ փոփոխություն մտցնելու մասին Լիսաբոնի պայմանագիրն» ուժի մեջ մտավ։ Պայմանագրով նախատեսվում էր որոշումների կայացման պարզեցված ընթացակարգ [32]. բնակչության 65%-ը պետք է ներկայացնի անդամ-երկրների 55%-ը, որի նպատակն էր պահպանել ԵՄ անդամների միջև հավասարությունը, ինչպես նաև Եվրամիությանը շնորհվում էր մեկ իրավաբանական անձի կարգավիճակ։ ԵՄ-ն դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ՝ հնարավորություն ձեռք բերելով կնքելու միջազգային պայմանագրեր և միանալու միջազգային կազմակերպություններին։ 2011 թ. հունիսի 30-ին ավարտվեցին Խորվաթիայի հետ անդամության շուրջ տարվող բանակցությունները, դեկտեմբերի 9-ին ստորագրվեց Անդամակցության մասին պայմանագիրը։ Չնայած երկիրը բարդություններ ուներ՝ կապված գործազրկության (շուրջ 17%), բյուջեի դեֆիցիտի հետ [33] Արխիվացված 2012-12-25 Wayback Machine, բայց 2013 թ. հուլիսի 1-ից Խորվաթիան դարձավ ԵՄ 28-րդ անդամ-պետությունը [34]։
Եվրոպական Միության հետագա ընդլայնումը
խմբագրելԵՄ-ին անդամակցել ձգտող բոլոր երկրների համար սահմանված Կոպենհագենյան չափանիշները նույնն էին, բայց յուրաքանչյուր թեկնածու երկիր ուներ իր առանձնահատկությունները՝ կապված տնտեսության և ենթակառուցվածքների, քաղաքական իրավիճակի, մշակույթի հետ։ Թեկնածու երկրների եվրաինտեգրման գործընթացում կիրառվող մոտեցումները հաճախ տարբերվում են միմյանցից։ Այսօր ԵՄ թեկնածու երկրներ են Իսլանդիան, Մակեդոնիան, Չերնոգորիան և Թուրքիան։ Անդամության հայտ են ներկայացրել Ալբանիան և Սերբիան։ Բանակցությունների սեղանին դրված է «35 գլուխներից բաղկացած փաթեթ»՝ պայմաններ, որոնք պետք է բավարարեն թեկնածու երկրները։ Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին հայտարարել էր, որ «Եվրոպայի անընդմեջ ընդլայնումը կհանգեցնի քաղաքական Եվրոպայի ոչնչացմանը» [35]։
Թեկնածու երկրներ
խմբագրելԻսլանդիան ԵՄ անդամակցելու հայտ ներկայացրեց 2009 թ., 2011 թ. հունիսից սկսվեցին բանակցությունները [36]։ Բնակչության մեջ զգալի թիվ են կազմում եվրոսկեպտիկները, որոնք հատկապես վախենում են կորցնել սեփական ձկնային ռեսուրսների (այս երկրի տնտեսության կարևորագույն բաղադրիչն է) նկատմամբ վերահսկողությունը (նման տեսակետ առկա է նաև Նորվեգիայում), քանի որ Բրյուսելը պահանջում է Ռեյկյավիկից թույլ տալ եվրոպական ձկնորսական ընկերություններին մտնելու Իսլանդիայի տարածքային ջրերը։ Սակայն 2008 թ. ճգնաժամից հետո վերջինիս իշխանությունները հասկացան, որ ԵՄ անդամ լինելով նման մարտահրավերներն ավելի հեշտ կլինի հաղթահարել։
Անդամության խոչընդոտներից մեկն էլ 3.8 միլիարդ Եվրոյի պետական պարտքն է Լոնդոնին և Ամստերդամին, որը վճարելուց հետո միայն այդ երկրները կհամաձայնեն տեսնել Իսլանդիային Եվրոպական մեծ ընտանիքի կազմում։ Մինչդեռ հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ բնակչության 93%-ը դեմ է պարտքը վերադարձնելուն։
Իր կողմից ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ կցանկանար իր կազմում տեսնել Իսլանդիային՝ պետության, որ արդեն ինտեգրվել է եվրոպական բազմաթիվ կառույցներին [37] Արխիվացված 2013-09-22 Wayback Machine։
2003 թ. Թեսալոնիկեում կայացած Արևմտաբալկանյան գագաթաժողովում ԵՄ անդամ պետությունները հայտարարեցին, որ «Արևմտյան Բալկանները միացյալ Եվրոպայի անբաժան մասն են լինելու» [38]։ Սակայն այսօր տարածաշրջանից դեռ միայն Սլովենիան է հանդիսանում Միության անդամ։
2006 թ.՝ անկախության հռչակումից հետո, Չերնոգորիան անդամության համար պաշտոնապես դիմեց ԵՄ-ին, 2010 թ. նոյեմբերից դարձավ թեկնածու երկիր։ Չնայած այն դեռևս ԵՄ անդամ չի, բայց երկրում օգտագործվում է Եվրո դրամական միավորը՝ վերջինիս շրջանառության մեջ դրվելուց ի վեր։ Մինչ անդամակցելը երկրում պետք է դեռ մի շարք բարեփոխումներ իրականացվեն։ Դրա հետ համաձայն է նաև փոխվարչապետ Լուքսիչը, ով նշում է, որ ԵՄ թեկնածու դառնալը «նաև մարտահրավեր է», քանի որ երկիրը դեռ շատ անելիքներ ունի «Բրյուսելի կողմից նշված բոլոր ոլորտներում» [39]։ Մեկ միլիոնից քիչ բնակչություն ունեցող Չեռնոգորիայի տնտեսությունը դեռևս կայացած չէ, առկա է ստվերային տնտեսություն, որոշումների ընդունման խիստ կենտրոնացվածություն, կաշառակերության բարձր մակարդակ, կազմակերպված հանցավորության։ Այդուհանդերձ, դրական տեղաշարժ է նկատվում, հատկապես միջէթնիկական երկխոսության և համագործակցության հարցերում։ Այս մասին ընդգծել է նաև Հերման վան Ռոմպույը՝ 2010 թ. Բրյուսելում Չերնոգորիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ՝ ավելացնելով, որ երկիրը մի շարք առումներով «կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի համար» [40] Արխիվացված 2012-06-07 Wayback Machine։
Ինչ վերաբերում է Սերբիային, ապա Գերմանիան պահանջում է նախ կարգավորել հարաբերությունները 2008 թ. իր անկախությունը հռչակած Կոսովոյի հետ։ Դաշնային արտգործնախարարն այդ առիթով նշել է, որ Եվրոպային անհրաժեշտ են հավաստիացումներ, որ «Սերբիան ի վիճակի է և պատրաստ է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը» [41] Արխիվացված 2021-03-05 Wayback Machine։ Այս ուղղությամբ Սերբական իշխանությունների կողմից իրականացված կարևոր քայլ էր բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադկո Մլադիչի ձերբակալությունը։
Բոսնիա և Հերցեգովինան այսօր ԵՄ ասոցացված անդամ է։ 2008 թ. Բրյուսելում կնքվեց Կայունացման և համագործակցության պայմանագիր [42]։ 2004 թ. դեկտեմբերից ԵՄ-ն այստեղ իրականացնում է EUFOR-Althea օպերացիան՝ նպատակ ունենալով վերահսկել Բոսնիայի պատերազմի ավարտից հետո՝ 1995 թ. կնքված Դայտոնյան պայմանագրի իրականացումը։
Հասկանալու համար, թե ինչու է ԵՄ-ն ձգտում իր ներկայությունը պահել այս երկրում, կարելի է բերել Գերմանիայի օրինակը։ Այսօր երկրում ներկա է ԵՄ 6300 զինվոր, որից շուրջ 900-ը՝ գերմանական [43]։ Ինչպես նշել է Գերմանիայի դաշնային ԱԳ նախարար Վեստերվելլեն. «Բոսնիա և Հերցեգովինայում` ԵՄ-ի անմիջական հարևան երկրում, կայունության ապահովումը կենսական շահ է ներկայացնում Գերմանիայի համար, և վերջինս պետք է աջակցի..., որպեսզի երկրում բարեփոխումներ իրականացվեն, քանի որ միայն ռազմական միջամտությամբ խնդիրը լուծվել չի կարող»։
Մակեդոնիան ԵՄ թեկնածու երկիր է 2005 թվականից [44], սակայն դեռ չեն սկսվել անդամակցության շուրջ բանակցությունները։
Այստեղ խոչընդոտ է ստեղծում Հունաստանը՝ կապված «Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն» անվան հետ. այս անունով շրջան կա Հունաստանի հյուսիսում։ 2010 թ. Մակեդոնիան լուծման տարբերակ առաջարկեց. վերանվանել պետությունը՝ «Մակեդոնիայի Վարդար Հանրապետություն» [45], իսկ նախկին անվանումը թողնել ներքին գործածության համար։ Բայց հույները մերժեցին. նրանց անհանգստացնում է, որ հարևան պետությունը կարող է տարածքային նկրտումներ ունենալ հունական հյուսիսային համանուն շրջանի նկատմամբ։
Ալբանիան 2009 թ. անդամության համար դիմել է ԵՄ-ին [46]։ Վերջինս մի շարք պահանջներ է ներկայացրել Ալբանիային՝ տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, որոնց բավարարման դեպքում միայն կսկսվեն անդամության շուրջ բանակցությունները։
Կարծիք կա [47], որ Բալկանյան թույլ զարգացած երկրների մուտքը կավելացնի անկայունությունը, հատկապես տնտեսության բնագավառում։ ԵՄ-ն ձգտում է նույնատիպ տնտեսական քաղաքականություն վարել իր բոլոր անդամների նկատմամբ, բայց փորձը (վերջին համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ճգնաժամը Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում) ցույց է տալիս, որ բացասական հետևանքների է հանգեցնում։ Մյուս կողմից, տարածաշրջանի համար անհրաժեշտ է անդամակցել ԵՄ-ին՝ տնտեսական զարգացման, կայունության ապահովման առումով։
Թուրքիա. կես դար բախելով Եվրոպայի դռները
խմբագրելԵՄ թեկնածու երկրների շարքում հատուկ ուշադրության է արժանի Թուրքիայի հարցը. երկիր, որ դեռևս 1963 թ. դարձել էր ԵՏՀ ասոցացված անդամ և արդեն հինգ տասնամյակ թակում է Եվրոպայի դռները՝ խնդրելով անդամություն։ Սակայն անգամ 2004 թ. և 2007 թ. տեղի ունեցած ԵՄ արևելյան ընդլայնման արդյունքում Թուրքիան չկարողացավ հասնել իր նպատակին։ Միաժամանակ, եվրոպական երկրները չեն ցանկանում Թուրքիային լիովին դուրս մղել ինտեգրման գործընթացից և առաջարկում են հատուկ «Եվրոպական ռազմավարություն Թուրքիայի համար» [48], որի նպատակն է մոտեցնել Թուրքիան ԵՄ-ին։
ԵՄ-Թուրքիա հարաբերություններն ավելի բարձր հարթության վրա դրվեցին 1999 թ. Եվրախորհրդի Հելսինկյան գագաթաժողովում, որտեղ Թուրքիային շնորհվեց Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ [49]։ Դրան նպաստեցին Հունաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը և 1998 թ. Գերմանիայում Թուրքիայի հանդեպ բարյացակամ տրամադրված սոցիալ-դեմոկրատների իշխանության գալը։ Փաստորեն, Հունաստանն առաջին անգամ հանեց իր առարկությունները։ Ի պատասխան Թուրքիան համաձայնեց համագործակցել բաժանված Կիպրոսի խնդրի շուրջ։
Թուրքիան հակասություններ ունի իր հարևանների հետ, ինչը ևս խոչընդոտ է հանդիսանում այդ պետության անդամակցության ճանապարհին։ Դրանցից են Կիպրոսի խնդիրը, Հյուսիսային Իրաքի խնդիր, Սիրիայի հետ հակասությունները, Հայաստանի հետ փակ սահմանները, Հայոց ցեղասպանությունը և այլն։
Խոչընդոտներից մեկն էլ Թուրքիայում ժողովրդավարության ցածր մակարդակն է և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի առկայությունը։ Դեռևս 1999 թ. Հելսինկյան գագաթաժողովի ժամանակ նշվել էր, որ ԵՄ դիրքորոշումը հստակ է. անդամակցության բանակցություններ սկսելու համար Թուրքիայի՝ Կոպենհագենյան քաղաքական չափանիշներին համապատասխան լինելը պարտադիր նախապայման է։
Լայն քննարկումների առարկա է այն հարցը, որ Թուրքիան աշխարհագրորեն Եվրոպական երկիր չէ։ Պետության տարածքի 97%-ը և բնակչության 90%-ը գտնվում են Ասիա մայրցամաքում։ Մի կողմից, հնարավոր է ԵՄ-ի համար դրական գնահատել այս հանգամանքը, քանի որ Թուրքիայի անդամ դառնալուց հետո այն մեծ ազդեցություն ձեռք կբերի տարածաշրջանում։ ԵՄ-ն անմիջականորեն հարևան կդառնա այնպիսի երկրների, ինչպիսիք են Սիրիան, Իրանը, Իրաքը, Անդրկովկասյան հանրապետությունները։ Մյուս կողմից, ԵՄ-ն մշտապես խուսափել է հակամարտություններով հարուստ տարածաշրջանների հետ ուղղակի հարևանությունից։
Անդամակցության աննպատակահարմարության հիմնավորումներից մեկն էլ պայմանավորված է Թուրքիայի մեծաթիվ և արագորեն աճող բնակչությամբ, ինչը Թուրքիային իրավունք կտա ԵՄ ղեկավար մարմիններում ունենալ առավել շատ ձայներ։ Ըստ որոշ հաշվարկների՝ եթե Թուրքիան մտնի ԵՄ կազմի մեջ, ապա 2025 թ. ԵՄ-ում կապրի արդեն շուրջ 90մլն թուրք։
Մտահոգիչ է նաև Թուրքիայից դեպի եվրոպական առավել զարգացած երկրներ հնարավոր հսկայական միգրացիոն հոսքը։ Բաց սահմանների և խոչընդոտների բացակայության դեպքում, թուրք բնակչության մեծ ներգաղթ կարող է սկսվել դեպի եվրոպական երկրներ։ Եթե հաշվի առնենք, որ թուրքական բնակչության գրեթե 98%-ը դավանում է իսլամ, ապա դա կբազմապատկի դեմոգրաֆիկ առումով ԵՄ-ին սպառնացող վտանգները։ Այստեղ ճշմարտացի դիտարոում է անում ավստրիական «Die Presse» օրաթերթը. «Խոսքը չի գնում իսլամաֆոբիայի մասին. այս ամենը միայն վախ է իսլամիստների հանդեպ»։
2005 թ. ԵՄ-ն որոշեց սկսել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները։ Սակայն ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը նույն տարի որոշում կայացրեց հետաձգել բանակցությունները։
ԵՄ պետությունների շարքում հակաթուրքական տրամադրվածությամբ հատկապես հանդես են գալիս Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրիան։ Հարցումները ցույց են տվել, որ Գերմանիայի բնակչության 66%-ը և Ֆրանսիայի բնակչության 68%-ը դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը [50]։ Ավստրիան էլ 2008 թ. օգոստոսին հայտարարեց, որ եթե Միությունը հավանություն տա Թուրքիայի դիմումին, ապա նա այդ հարցը կդնի հանրային քվեարկության, իսկ Ավստրիայի բնակչության մոտ 80%-ը դեմ է Թուրքիայի անդամակցությանը [51]։
«Թուրքիայի մուտքը ԵՄ կնշանակի Եվրոպայի վերջը».– այսպես է արտահայտվել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժիսկար դ'Էստենն իր հարցազրույցներից մեկի ժամանակ։ Թուրքիայի անդամակցության կողմնակիցներին նա անվանել է Եվրամիության թշնամիներ [D’Esten “Turkey in EU? It’s a Catastrophy” BBC, 08.11.2002, http://news.bbc.co.uk]:
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա վարչապետ Դևիդ Քեմերոնը 2010 թ. հուլիսի 27-ին Անկարայում հայտարարեց. «Երբ ես պատկերացնում եմ, թե Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի անդամ, որքան շատ բան է արել Եվրոպայի պաշտպանության համար, և հիմա անում է Աֆղանստանում՝ մեր եվրոպական դաշնակիցների հետ, ապա զայրույթ եմ ապրում, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը դանդաղեցվում է։ Բավական չէ, որ ասում են Թուրքիան միայն պահպանում է ճամբարը, նա պետք է գտնվի վրանում» ։
Անդրադառնալով եվրոպայում տիրող հասարակական կարծիքին, պետք է նշել, որ Եվրոպայի բնակչության կեսից ավելին նրան ուղղակի չի համարում «եվրոպական պետություն» [52]։
2010 թ. նոյեմբերին բրիտանական «Financial Times» թերթը գրեց. «Վաղ, թե ուշ ԵՄ-ն ու Թուրքիան բանակցությունների համար այլևս քննարկման թեմա չեն ունենա։ ԵՄ-ն անընդհատ տարբեր պատճառաբանություններով ձգձգում է գործընթացը և խոչընդոտներ հարուցում Թուրքիայի անդամակցությանը։ Նա հույսը դրել է այն բանի վրա, որ թուրքական հասարակությունում աստիճանաբար կմարի ԵՄ-ին անդամակցելու շուրջ խանդավառությունը, և աստիճանաբար կնվազի կողմնակիցների թվաքանակը։ Դա աստիճանաբար տալիս է իր պտուղները։ Մինչ այսօր ԵՄ-ն, երբ իր անդամակցության շուրջ բանակցություններ է սկսել եվրոպական որևէ երկրի հետ, ապա ընդհանրապես չի մերժել ոչ մի երկրի։ Իսկ դա նշանակում է, որ եթե Թուրքիայի անդամակցությունը մերժվի, ապա Թուրքիան կհանդիսանա ԵՄ-ի կողմից առաջին մերժված երկիրը» [53]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ռիխարդ Նիկոլաուս ֆոն Կուդենհովե Կալերգի». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Եվրոպական միության ընդլայնում europa.eu կայքում Արխիվացված 2016-07-15 Wayback Machine
- Եվրոպական միության ընդլայնում cvce.eu կայքում
- Ուինստոն Չերչիլ wikipedia.org կայքում
- Ժան Մոնե wikipedia.org կայքում
- «Շումանի նախագիծ»
- politvektor.ru(չաշխատող հղում)
- Ածխի և պողպատի եվրոպական համայնք
- Եվրոպական Միություն
- Ատոմային էներգիայի եվրոպական համայնք
- Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա
- Միասնական եվրոպական ակտ
- Միասնական եվրոպական ակտ law.edu.ru կայքում Արխիվացված 2016-04-22 Wayback Machine
- Եվրոպական Միության մասին պայմանագիր eulaw.ru կայքում
- Շենգենյան գոտի
- Լաեկենյան հռչակագիր Եվրամիության ապագայի մասին
- Նիցցայի պայմանագիր istmira.ru կայքում
- Եվրոպական Միության պատմություն
- Եվրոպական Միության 2004թ. ընդլայնումը
- Եվրոպական Միության 2007թ. ընդլայնումը
- Եվրոպական Միությանհետագա ընդլայնումը
- Գնչուները Եվրոպայում. այնպիսին, ինչպիսին բոլո՞րը euronews.net կայքում
- Եվրապորհրդարանը չի ցանկանում, որ Ֆրանսիան դուրս գա Շենգենի գոտուց euronews.net կայքում Արխիվացված 2012-04-19 Wayback Machine
- Германия выступила против реформы Шенгенской зоны
- Եվրոպայի Սահմանադրությունը հաստատող պայմանագիր
- Լիսաբոնյան պայմանագիր
- Եվրոպական Հանձնաժողովի նախագահը ողջունում է Խորվաթիայի մուտքը ԵՄ www.telegraph.co.uk կայքում Արխիվացված 2012-12-25 Wayback Machine
- Хорватия официально присоединилась к Евросоюзу bbc.co.uk
- Ամեն ինչ Եվրոպայի մասին euromag.ru կայքում
- Исландия начала переговоры о вступлении в ЕС «Российская Газета» Արխիվացված 2013-09-22 Wayback Machine
- Գերմանիայի ԱԳՆ կայք
- Չեռնոգորիան՝ ԵՄ նոր թեկնածու պետություն welt.de կայքում
- Աճող կասկածամտությունը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամության հարցում welt.de կայքում
- Գերմանիայի ՊՆ՝ Բունդեսվերի կայք
- Թուրքիայի ԱԳՆ կայք
- «С вступлением Турции ЕС потерпит крах» Deutsche Welle-ի կայքում
- «Austria signals referendum on Turkey's EU accession» euractiv.com կայքում
- Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններ noravanq.am կայքում