Եվրասիայի կլիման ձևավորող գործոններ

Արեգակնային ճառագայթում խմբագրել

Կլիման հիմնականում կախված է Արեգակի ճառագայթների թեքությունից կամ ճառագայթների անկման անկյան մեծությունից։

Տաք գոտում ամբողջ տարվա ընթացքում Արեգակի ճառագայթները կեսօրին Երկրի վրա ընկնում են գրեթե ուղղահայաղ, որի պատճառով այդտեղի կլիման տաք է, ձյուն չի գալիս և միշտ ամառային եղանակ է։

Բարեխառն գոտիներում ճառագայթները ընկնում են որոշակի անկյան տակ և այդ պատճառով այդտեղ ամռանը տաք է, իսկ ձմռանը՝ ցուրտ։

Ցուրտ գոտիներում Արեգակի ճառագայթները ընկնում են շատ փաքր անկյան տակ։ Ամռանը մի քանի ամիս Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը՝ չի երևում։ Կլիման ձմռանը լինում է խիստ սառնամանիքային, իսկ ամառանը՝ զով։

Մթնոլորտի շրջանառություն խմբագրել

Եվրոպայում գրեթե ամբողջ տարի գերիշխում են Ատլանտյան տաք օվկիանոսի վրա ձևավորված տաք և խոնավ օդային զանգվածները, որոնք կոչվում են Արևմտյան քամիներ։ Նրանց տիրապետման շրջանում ամառը զով է, խոնավ, իսկ ձմռանը՝ մեղմ ու խոնավ։ Դեպի ցամաքի խորքը Արևմտյան քամիների ազդեցությունը թուլանում է և կլիման դառնում է ցամաքայնին (կոնտինենտալ)։ Օյմյակոն քաղաքում է գտնվում հյուսիսային կիսագնդի ցրտի բևեռը, որտեղ դիտվել է -70 -71 °C ջերմաստիճան։

Ձմռանը Արկտիկայից Եվրասիայի հյուսիսային մաս են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային զանգվածները, որոնք առաջացնում են չոր և ցուրտ կլիմա։

Ասիայի կենտրոնում ձևավորվում է Սիբիրական (Մոնղոլական) անտիցիկլոնը, որը շրջակայքում առաջացնում է չոր և խիստ ցուրտ (ցամաքային) կլիմա։

Մուսսոնների տիրապետման շրջանում (ամռանը) ձևավորվում է տաք և խոնավ մուսսոնային կլիմա։

Ցամաքի վրա ձևավորված պասսատները չոր են և տաք, իսկ օվկիանոսի վրա ձևավորվածները՝ տաք և խոնավ։

Օվկիանոսների ազդեցություն խմբագրել

Եվրասիայի հիմնական մասը գտնվում է բարեխառն գոտում, որտեղ առանձնապես ցայտուն կերպով է արտահայտվում օդային զանգվածների արևմտյան փոփոխությունը։ Արևմտյան (ավելի ճիշտ՝ ամռանը՝ հյուսիսարևմտյան, իսկ ձմռանը՝ հարավարևմտյան) քամիները փչում են Ատլանտյան օվկիանոսից։ Այդ քամիների շնորհիվ ամռանը Եվրասիայի արևմտյան մասում լինում են անձրևներ։ Կլիման զով է։ Օվկիանոսից փչող այդ քամիների և տաք՝ Հյուսիս-Ատլանտյան հոսանքի շնորհիվ Եվրոպայում ձմեռը շատ ավելի տաք է, քան նույն լայնության վրա՝ Հյուսիսային Ամերիկայում։

Հարավային և Արևելյան Եվրասիայի կլիմայի վրա մեծ ազդեցություն են թողնում մուսսոնները, որոնք ամռանը փչում են Հնդկական ու Խաղաղ օվկիանոսներից, իսկ ձմռանը՝ ցամաքից։ Մայրցամաքի հսկայական չափերը և հարևան օվկիանոսների անծայրածիր ջրային տարածությունները նպաստում են հզոր մուսսոնների զարգացմանը։

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը ամռանը զովացնող ազդեցություն է ունենում Եվրասիայի առափնյա շրջանների վրա։ Ամռանը օվկիանոսից դեպի մայրցամաք են փչում ցուրտ քամիները, իսկ ձմռանը՝ հակառակը, գերիշխում են այն քամիները, որոնք փչում են սառած մայրցամաքից դեպի օվկիանոս։ Երբեմն օվկիանոսից դեպի մայրցամաքի խորքերը ներխուժող արկտիկական օդը խիստ սառնամանիքներ է առաջացնում Եվրասիայի հյուսիսային և կենտրոնական մասերի հարթավայրային շրջաններում։

Ռելիեֆի ազդեցություն խմբագրել

Եվրասիայի կլիման զգալիորեն կախում ունի ռելիեֆից։ Լեռներում շատ ցայտուն են ըստ բարձրության կլիմայական գոտիները։

Հիմալայները և մյուս լեռները փակում են մուսսոնների ճանապարհը դեպի մայրցամաքի ներքին շրջաններ։

Կենտրոնական Ասիայի սարահարթերն ու լեռնաշխարհները, որոնք օվկիանոսային օդային զանգվածների ազդեցությունից պաշտպանված են լեռներով, աչքի են ընկնում հատկապես չոր և խիստ ցամաքային կլիմայով։

Ատլանտյան օվկիանոսից օդի խոնավ զանգվածները, իսկ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից՝ ցուրտ զանգվածները Արևմտյան և Հյուսիսային Եվրասիայի հարթավայրերով ազատ թափանցում են մայրցամաքի խորքերը։