Եվրասիայի ափերի գծագրություն

Եվրասիայի ափագիծը բավականին կտրատված է։ Նրա ափերը ողողում են բոլոր չորս օվկիանոսները։

Ատլանտյան օվկիանոս խմբագրել

 
Միջերկրական և Սև ծովերը տիեզերքից

Ատլանտյան օվկիանոսը և նրա մասերը կազմող ծովերը ողողում են Եվրասիայի արևմտյան ափերը։

Ատլանտյան օվկիանոսի մասը կազմող ամենախոշոր ծովը Միջերկրական ծովն է, որը գտնվում է երեք աշխարհամասերի միջև։ Այն օվկիանոսի հետ կապված է Ջիբրալթարի նեղուցով։ Միջերկրական ծովը առաջացրել է երեք խոշոր թերակղզիներ՝ Պիրենեյան, Ապենինյան, Բալկանյան և Կորսիկա, Սարդինիա, Սիցիլիա, Կրետե, Կիպրոս կղզիները։ Միջերկրական ծովը բաժանվում է մի քանի ծովերի՝ Լիգուրյան, Տիրենյան, Ադրիատիկ, Հոնիական և Էգեյան։

Դարդանելի նեղուցով Միջերկրական ծովը կապվում է Մարմարա ծովին, որն էլ Բոսֆորի նեղուցով` Սև ծովին։ Վերջինս առաջացել է երկրակեղևի իջեցման հետևանքով։ Նրա ջրերը 200 մ. խորությունից ներքև, մինչև հատակը, թունավորված են ծծմբաջրածնով։

Կերչի նեղուցով Սև ծովը միացած է Ազովի փոքր և ծանծաղ (14 մ.) ծովին։ Այն փոքր աղիություն ունի` 2 - 11 ‰։ Նշանավոր են Փոքր Ասիա և Ղրիմի թերակղզիները։

Եվրոպայի արևմտյան ափերի մոտ մայրցամաքային ծանծաղուտի վրա են Բիսկայան ծոցը, Իսլանդիա, Իռլանդիա, Մեծ Բրիտանիա կղզիները, Հյուսիսային և Բալթիկ ծովերը, Սկանդինավյան և Յուտլանդիա թերակղզիները։

Մեծ Բրիտանիա կղզին մայրցամաքից բաժանվում է Լա Մանշ (Անգլիական ջրանցք) և Պա դե Կալե նեղուցներով։

Բալթիկ ծովը (Բոտիկական, Ֆինական և Ռիգայի ծոցերով) Հյուսիսային ծովին միացած է Սկագերակ և Կատեգատ նեղուցներով։

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս խմբագրել

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին պատկանում են Նորվեգական, Գրենլանդական, Բարենցի, Սպիտակ, Կարայի, Լապտևների, Արևելա-Սիբիրական և Չուկոտյան ծովերը։ Սրանք միմյանցից սահմանազատված են Շպիցբերգենի, Ֆրանց-Իոսիֆի Երկիր, Նոր Երկիր, Հյուսիսային Երկիր, Նոր-Սիբիրական կղզախմբերով և Վրանգելի կղզով։ Բոլոր ծովերը շելֆային են, ծանծաղ և սառչում են 8 - 9 ամիս, բացի Բարենցի ծովի արևմտյան մասից։

Այստեղ նշանավոր են Կարայի դարպասներ, Վիլկիցկու, Դմիտրի Լապտևի, Սանիկովի և Լոնգի նավարկելի նեղուցները։

Թերակղզիներն են՝ Կոլան, Յամալը, Թայմիրը։

Խաղաղ օվկիանոս խմբագրել

Խաղաղ օվկիանոսը և նրա մասերը կազմող ծովերը ողողում են Եվրասիայի արևելյան ափերը։ Սրանք խորը ծովեր են և օվկիանոսից բաժանվում են աղեղնաձև կղզիների շղթաներով։

Ալեության կղզիների շղթայով օվկիանոսից բաժանվում է Բերինգի ծովը։ Սա Բերինգի նեղուցով կապված է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հետ՝ Չուկոտյան թերակղզին բաժանելով Ալյասկայից։

Կամչատկա թերակղզով, Կուրիլյան կղզիներով և Սախալին կղզով բաժանվում է Օխոտի ծովը։ Օխոտի և Բերինգի ծովերը սառչում են։

Ճապոնական կղզիների աղեղով (Հոկայդո, Հոնսյու, Կլուսյու, Սիկոկու) օվկիանոսից անջատվում է Ճապոնական տաք ծովը, որի մեծ մասը ձմռանը չի սառչում։ Ճապոնական ծովը Դեղին ծովից բաժանվում է Կորեա թերակղզով։

Դեղին ծովից հարավ գտնվում է Արևելա-Չինական ծովը (Սիամի խոշոր ծոցով)։ Այն Հնդկաչին և Մալակա թերակղզիներով բաժանվում է Հնդկական օվկիանոսից։

Եվրասիայի և Ավստրալիայի միջև ընկած են Մալայան կղզախմբերը, որոնք բաժանվում են Մեծ Զոնդյան (Կալիմանտան, Սումատրա, Ճավա, Սուլավեսի) և Փոքր Զոնդյան կղզախմբերի։

Ֆիլիպինյան, Թայվան, Ռյուկյու, Ճապոնական, Նամպո, Մարինյան, Կարոլինյան, Նոր Գվինեա կղզիների միջև ընկած է աշխարհի ամենախոշոր՝ Ֆիլիպինյան ծովը։

Ասիայի արևելյան ափերին գտնվում են մի շարք նավարկելի նեղուցներ՝ Բերինգի, Թաթարական, Լապերուզի, Կունաշիրի, Ցուգարու (Սանգարյան), Կորեական, Թայվանի, Բաշի, Զոնդյան, Մալակայի և այլն։

Հնդկական օվկիանոս խմբագրել

Հնդկական օվկիանոսի ջրերը Եվրասիայի ափերը ողողում են հարավից։ Նրա նշանավոր ավազաններից են Կարմիր, Արաբական, Անդամանյան ծովերը, Ադենի, Նիկոբարյան, Պարսից, Օմանի, Բենգալական ծոցերը։ Սրանց միջև ընկած են Արաբական, Հինդուստան և Հնդկաչին թերակղզիները, Շրի Լանկա և Սոկատրա կղզիները։

Նավարկելի նեղուցներն են՝ Պոլկի, Օրմուզի, Բաբ-էլ-Մանդեբի։