Եվգենի Տրիֆոնով

խորհրդային ռազմական գործիչ, բանաստեղծ, արձակագիր

Եվգենի Անդրեևիչ Տրիֆոնով (ռուս.՝ Евгений Андреевич Трифонов, 1885, Վերխնեկունդրյուչենսկայա, Չերկասկի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1937, Կրատովո, Ռամենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, բանաստեղծ, արձակագիր։

Եվգենի Տրիֆոնով
Ծնվել է1885
ԾննդավայրՎերխնեկունդրյուչենսկայա, Չերկասկի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1937
Վախճանի վայրԿրատովո, Ռամենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1936)
Ժանրերպոեզիա և արձակ

Կենսագրություն խմբագրել

Տրիֆոնով Եվգենի Անդրեևիչը ծնվել է 1885 թվականին Վոյսկա Դոնսկի մարզի Նովոչերկասկի ստանիցայի Վերխնեկունդրյուչենսկայա խուտորում, հանրաճանաչ գրող Յուրի Վալենտինովիչ Տրիֆոնովի հորեղբայրն է։ Նրա եղբայրը, Տրիֆոնով Վալենտին Անդրեևիչը (1888-1938) ռուս հեղափոխական էր, խորհրդային զինվորական և պետական գործիչ, դիվանագետ, 1938 թվականին ենթարկվել է ռեպրեսիայի[1]։ Տրիֆոնովի ծնողները մահացել են, երբ նա 10 տարեկան էր։

Եվգենի Անդրեևիչը կրթություն ստացել է եկեղեցական ծխական դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես նավահանգստային բեռնակիր, բանվոր ալրաղացում և բեռնատար շոգենավում։ 1903 թվականից որպես կազակ ծառայել է Դոնի 24-րդ կազակական գնդում։ 1904 թվականին ընդունվել է ՌՍԴԲԿ շարքերը, ունեցել է «Ժենկա Կազակ» կուսակցական կեղծանունը։ 1905 թվականին մասնակցել է Դոնի Ռոստովի զինված խռովություններին, փետրվարին ձերբակալվել և ուղարկվել է Նովոչերկասկ քաղաքի զինվորական բանտ։ 1905 թվականի հոկտեմբերին ձերբակալվում է բոլշևիկյան թռուցիկների տպագրության համար։ Նույն թվականի հոկտեմբերի վերջին նրան ներում է շնորհվում։ 1905 թվականի դեկտեմբերին մասնակցում է Դոնի Ռոստովի Թեմերնիկ արվարձանում կազմակերպված զինված խռովությանը։ 1906 թվականի փետրվարին ձերբակալվում է և դատապարտվում 10 տարվա ազատազրկման տաժանակիր աշխատանքների։ 1909-1914 թվականներին եղել է Տոբոլսկի տաժանավայրի կենտրոնական բանտում, 1914 թվականին փոխադրվել է Ալեքսանդրովսկի կենտրոնական բանտ։ 1916 թվականին աքսորաբնակեցման է ենթարկվում Իրկուտսկի նահանգի Ուստ-Կուտ քաղաք։

Աքսորից վերադառնալով Պետրոգրադ Եվգենի Տրիֆոնովը մտնում է Պուտիլովյան գործարանի բոլշևիկյան կազմակերպության մեջ, եղել է գործարանի բանվորական ոստիկանության պետը։ 1917 թվականից եղել է ՌՍԴԲԿ-ի Նարվա-Պետրոգրաֆյան կոմիտեի անդամ, Պետրոգրադի Կարմիր գվարդիայի Գլխավոր շտաբի անդամ։ 1918 թվականի հունվար-մարտին եղել է կարմիրգվարդիական ջոկատի հրամանատար, մարտնչել է ատաման Կալեդինի զորքերի դեմ, մասնակցել է Դոնի Ռոստովի գրավմանը, եղել է քաղաքի պարետը։ 1918 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին եղել է Հարավային ռազմաճակատի շտաբի ռազմական հսկողության պետը։ 1919 թվականի հոկտեմբերից մինչև 1920 թվականի մայիսը եղել է Խորհրդային Դոնի կազակական դիվիզիայի հրամանատարը։ 1920 թվականի հուլիսից մինչև 1921 թվականի հունվարը եղել է Դոնի մարզի զինկոմը։ 1921 թվականի հունիսից մինչև 1922 թվականի փետրվարը եղել է Ժողովրդա-հեղափոխական բանակի ռազմական խորհրդի անդամ և Հեռավորարևելյան հանրապետության բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, 1925-1927 թվականներին Ուզբեկստանում մարտնչել է բասմաչների դեմ։ 1936 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Զորացրվելուց հետո աշխատել է Պատմա-հեղափոխական թատրոնի տնօրեն, այնուհետև աշխատել է Կենտրոնական Օսոավիաքիմում (Осоавиахиме): 1937 թվականին դուրս է եկել ՀամԿ (բ)Կ-ից և սպասել ձերբակալությանը։

Մահացել է 1937 թվականին ինֆարկտից Մոսկվայի մարզի Կրատովո ավանում, թաղված է Մոսկվայի Դոնի գերեզմանատանը։

Պարգևներ խմբագրել

  • Քաղաքացիական պատերազմի տարիներին Ռազմական վաստակի համար պարգևատրվել է Կարմիր Դրոշի շքանշանով։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Տրիֆոնով Եվգենի Անդրեևիչը տպագրվել է Բրաժնև կեղծանվամբ։ Նրա առաջին, «Բաբախում է բանվորական արյունը» վեպը տպագրվել է 1928 թվականին։ Իր ստեղծագործությունները հրապարակում էր ռոստովյան «Վերելք» ամսագրում։ Քաղաքացիական պատերազմից հետո հրապարակել է բանաստեղծությունների մի քանի ժողովածուներ, վիպակներ և արձակ գործեր։ 1932 թվականին տպագրված «Каленая тропа» վեպի հեղինակն է։

Գրականություն խմբագրել

  • Астапенко М. П., Астапенко Г. Д., Астапенко Е. М. Казачья доля - Дон, степь да воля. Ростов н/Д, 2014. - 320 с.: ил. ISBN 978-5-87259-806-0
  • Ратьковский И. С. Красный террор и деятельность ВЧК в 1918 году. - Издательство С.-Петербургского университета, 2006. - С. 20-23. - 286 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Шитов А. П. Братья Трифоновы // Вопросы истории. — 2001. — № 11-12.

Արտաքին հղումներ խմբագրել