Իդա Ժոզեֆին Ֆոեբ Եվա Գոթիե (սեպտեմբերի 20, 1885(1885-09-20)[1], Օտտավա, Կանադա - դեկտեմբերի 26, 1958(1958-12-26)[2] կամ դեկտեմբերի 20, 1958(1958-12-20)[3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կանադա-ամերիկացի մեցցո-սոպրանո, վոկալի ուսուցչուհի։ Իր կարիերայի ընթացքում կատարել և տարածել է ժամանակակից երգահանների ստեղծագործությունները, երգել Էրիկ Սատիի, Մորիս Ռավելի և Իգոր Ստրավինսկու մի քանի գործերի ամերիկյան պրեմիերների ժամանակ, այդ թվում՝ վերջինիս «Պերսեֆոնի» ստեղծագործության գլխավոր դերակատարումը[4]։

Եվա Գոթիե
Ծնվել էսեպտեմբերի 20, 1885(1885-09-20)[1]
Օտտավա, Կանադա
Երկիր Կանադա
Մահացել էդեկտեմբերի 26, 1958(1958-12-26)[2] (73 տարեկան) կամ դեկտեմբերի 20, 1958(1958-12-20)[3] (73 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունօպերային երգչուհի և ուսուցչուհի
Երգչաձայնսոպրանո և կոնտրալտո
Գործիքներվոկալ
 Éva Gauthier Վիքիպահեստում

Լինելով լեդի Զոյա Լորիեի և սըր Ուիլֆրիդ Լորիեի զարմուհին, որոնք ի դեպ նրա հովանավորներն էին, սկզբնական կրթությունն ստացել ու հանդես է եկել Եվրոպայում, որից հետո տեղափոխվել Ճավա և չորս տարի իրեն նվիրել տեղական երաժշտությանը, որը Հյուսիսային Ամերիկա վերադառնալուց հետո ներկայացրել է ամերիկյան ունկնդրին։ 1937 թվականին դադարել է երգել, Նյու Յորքում բացել վոկալ ստուդիա ու դարձել «Երաժիշտների ամերիկյան գիլդայի» հիմնադիր անդամն ու աշխատել դրա տնօրենների խորհրդում։ Գնահատվել է իր երգեցողությամբ երաժշտությանը մատուցած մի շարք որակական հատկանիշների համար։ 1949 թվականին նրա մասին Սան Ֆրանցիսկոյի «Campion Society» միության մի մեջբերման մեջ ասվում է․ «նրա հազվագյուտ լայնախոհությանն ու անսահման ոգևորությանն են պարտական շատ ժամանակակից երգահաններ իրենց ճանաչման համար»[5]։

Երաժշտական կարիերա խմբագրել

Ծնվել է Օնտարիո նահանգի արևելյան մասում գտնվող Օտտավա քաղաքում և դեռևս մանկուց հարմոնիայի, վոկալի ու դաշնամուրի դասեր ստացել[6]։ Առաջին պրոֆեսիոնալ բեմելը կատարել է 1901 թվականին Վիկտորյա թագուհու հուղարկավորության կապակցությամբ Օտտավայի Notre Dame Basilica եկեղեցում տրված պատարագին երգելով[7]։ Այն ժամանակվա սովորության համաձայն, եթե երաժիշտն ուզում էր հեղինակավոր պրոֆեսիոնալ կարիերա ստեղծել, պետք է կրթության համար մեկներ Եվրոպա։ 1902 թվականի հուլիսին, տասնյոթ տարեկան հասակում իր մորաքրոջ՝ լեդի Զոյա Լորիեի և սըր Ուիլֆրիդ Լորիեի հովանավորությամբ մեկնել է Եվրոպա[8]։

Ուսում Եվրոպայում խմբագրել

Ճանապարհորդել է դեպի Ֆրանսիա, որտեղ Փարիզի կոնսերվատորիայի դասախոս Ավգուստ-Ժան Դյուբուլից վոկալի մասնավոր դասեր է ստացել։ Ձայնալարերի հետ խնդիր է ունեցել, որը հարթվել է վիրահատական միջամտությամբ։ Այնուհետև դասեր է ստացել Ժակ Բուիից, որին հետագայում պետք է շնորհակալ լիներ իր ձայնային տեխնիկայի համար[6]։ 1906 թվականին զբաղվել է կանադացի երգչուհի Էմմա Ալբանիի հետ և ուղեկցել վերջինիս դեպի Անգլիա կատարած իր շրջագայության և կանադական հրաժեշտի վերջնահամերգի ընթացքում[9]։ Ալբանին Գոթիեի համար մենթորություն է ապահովել Կանադայում 30-շաբաթյա շրջագայության ընթացքում[6]։ 1906 թվականին լորդ Ստրատկոնան Գոթիեին դրամաշնորհ է շնորհել, որը նրան թույլ է տվել վերադառնալ Եվրոպա ու շարունակել վոկալի դասերը։ Նա վերադարձել է ու շարունակել և՛ սովորել, և՛ համերգներ տալ։ Իր առաջին օպերային բեմելը տեղի է ունեցել 1909 թվականին Իտալիայի Պավիա քաղաքում, Բիզեի «Կարմեն» օպերայում Միքայելայի դերակատարմամբ։ Օպերային երկրորդ դերակատարումը եղել է Կովենտ գարդեն արքունական թատրոնում բեմադրված Լեո Դելիբի «Լակմե» օպերայի Մալիկան։ Օպերան բացվել է 1910 թվականի հունիսին, և սոպրանո պրիմադոննա Լուիզա Տետրացինին, վախենալով, որ Գոթիեի ձայնը կնսեմացներ իրենը, պահանջել է, որ վերջինիս հեռացնեն օպերայից։ Տնօրենը լուռ համաձայնել է Տետրացինիի պահանջին և բացման երեկոյին տեղեկացրել Գոթիեին, որ նա չի երգելու։ Տեղի տալով արտիստական շանտաժին՝ Գոթիեն ընդմիշտ հեռացել է օպերայից[6]։

Տեղափոխություն Ճավա խմբագրել

 
Եվա Գոթիեն ճավայական հագուստով

Հիասթափվելով դեպի օպերային բեմ իր արգելված մուտքից՝ Գոթիեն հեռացել է Եվրոպայից ու մեկնել Ճավա[10]։ Այնտեղ հանդիպել է Ֆրանս Կնուտ անունով հոլանդացի տնկադաշտերի մենեջերին և ամուսնացել վերջինիս հետ 1911 թվականի մայիսի 22-ին։ Ուսումնասիրել է ճավայական երաժշտությունն ու այն ընդգրկել իր երգացանկում։ Նրա հետ աշխատում էր դաշնակահար Պոլ Սիլիգը, որը նախկինում եղել էր Սուրակարտա քաղաքի արքայական պալատի դիրիժորը, որն էլ Գոթիեի համար մի շարք հնարավորություններ է բացել[11]։ Ճավայական արքունիքի թույլտվությամբ սկսել է ուսումնասիրել տեղական նվագախմբային երաժշտությունը[7]․ հավանաբար դասական երաժշտական կրթությամբ առաջին եվրոպացի կինն էր, որին տրվել է նման հնարավորություն։ Ճավայում ապրելու տարիներին Գոթիեն շատ է ճանապարհորդել՝ համերգներ տալով Չինաստանում, Ճապոնիայում, Սինգապուրում, Մալայայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Ճավայում ապրել է չորս տարի, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես որոշել է հետ վերադառնալ Հյուսիսային Ամերիկա, մասնավորապես Նյու Յորք, 1914 թվականի աշնանը[7]։

Վերադարձ Հյուսիսային Ամերիկա խմբագրել

 
1928 թվականի մարտի 8-ին տեղի ունեցած Մորիս Ռավելի ծննդյան խնջույքի լուսանկար։ Ձախից՝ Օսկար Ֆրիդ, Եվա Գոթիե, Ռավելը դաշնամուրի մոտ, Մանոա Լիդ-Տեդեսկո, Ջորջ Գերշվին

Նյու Յորք ժամանելով՝ Գոթիեն փորձել է գտնել իր տեղն առանց այն էլ մարդաշատ երաժշտական ասպարեզում։ Բեմադրել է Songmotion կոչվող վոդևիլը, որում ընդգրկված էին ճավայական երաժշտություն և պարողներ[12]։ Նյու Յորքում արդեն շատ էին հյուսիսամերիկացի և եվրոպացի երաժիշտ կատարողները, այսպիսով Գոթիեն կենտրոնացել է իր ճավայական երգացանկի վրա, որը նա համակցում էր ժամանակակից արևմտյան երգեցողության իմացությամբ ու հմտություններով։ Սկսել է տարեկան մենահամերգներ տալ Էոլիան համերգասրահում և 1917 թվականի նոյեմբերի նրա համերգը գրավել է մի շարք առաջատար երգահանների ուշադրությունը։ Իր համար հեղինակություն է ստեղծել, որով հայտնի էր որպես «հետաքրքիր, նորաստեղծ երգերի զգայուն ներկայացնող»[13]։ Ներկայացրել է Մորիս Ռավելի երեք երգ, այնուհետև Ստրավինսկու Three Japanese Lyrics -ի և Գրիֆեսի Five Poems of Ancient China and Japan-ի պրեմիերաները։ Ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել և նա սկսել է ժամանակակից երգահանների երգերը կատարելու հրավերներ ստանալ։ Ստրավինսկու հետ պայմանավորվել է ներկայացնել վերջինիս բոլոր երգերի պրեմիերները։

1920 թվականին Ամերիկայի երաժշտական լիգայի հանձնարարությամբ մեկնել է Փարիզ։ Այնտեղ ընկերացել և պրոֆեսիոնալ նամակագրական կապ է հաստատել Էրիկ Սատիի և Les Six կոչվող ֆրանսիացի վեց կոմպոզիտորների խմբի հետ[12]։ Սրա արդյունքում նա ավելի շատ երգեր է ստացել տարբեր երգահաններից, որոնք պետք է առաջին անգամ կատարեր իր համերգներին։ Ընդունել ու կատարել է համարյա բոլոր իրեն ուղարկված երգերը, բացի Առնոլդ Շյոնբերգի Pierrot Lunaire -ն։ Այս ձևով Գոթիեն ԱՄՆ-ում կատարել է ֆրանսիական ժամանակակից երաժշտության մի մեծ հատված, նաև իր համերգներում ընդգրկել ամերիկյան երաժշտություն։ Հաճախ էր շրջագայում Ամերիկայում, նաև Եվրոպա է վերադարձել 1922 և 1923 թվականներին[12]։ Համերգներում սկսել է օգտագործել նաև ջազ երաժշտություն, որի պատճառով արժանացել է բացասական քննադատությունների մի շարք երաժշտական քննադատների կողմից։

 
«Recital of Ancient and Modern Music for Voice»-ի ազդագիրը

«Recital of Ancient and Modern Music for Voice» կոչվող 1923 թվականի նրա ամենամյա մենահամերգն Էոլիան համերգասրահում պատմական իրադարձություն է դարձել, երբ նա առաջին անգամ, ի թիվս այլ երգերի, ներկայացրել է Ջորջ Գերշվինի երեք աշխատանքները։ Գերշվինը դաշնամուրով նվագակցել է նրան իր երգերը կատարելիս, իսկ հանդիսատեսների շարքում էին այնպիսի կարևոր դեմքեր, ինչպիսիք են՝ Էրնեստինա Շաուման-Հայնկը, Թոմսոն Վիրջիլը, Պոլ Ուայթմենը։ Թեև որոշ քննադատների դուր չէր եկել երգացանկում ջազ երաժշտության ընդգրկումը[14], մենահամերգը հսկայական հաջողություն է ունեցել[15] և պահպանողական ունկնդիրների շրջանում լուրջ քննարկում առաջ բերել այն մասին, թե արդյոք ջազը կարելի է լուրջ արվեստ համարել[16]։

Գոթիեն հանրահայտ է դարձել և շարունակել համերգներով հանդես գալ ԱՄՆ-ում, Եվրոպայում ու իր հայրենի Կանադայում։ 1927 թվականին, Կանադական Կոնֆեդերացիայի վաթսունամյակի կապակցությամբ Օտտավայում համերգ է կազմակերպել, որն առաջին տրանսկոնտինենտալ ռադիոհաղորդումն էր Կանադայում[7]։ Թեև ժամանակ առ ժամանակ համերգներով հանդես է եկել Կանադայում, Նյու Յորքում մասնակցել կանադական երաժշտության համերգների, ունեցել է բացասական կարծիք տեղացի երաժիշտների հանդեպ Կանադայի վերաբերմունքի մասին, ասելով, որ «կանադացիները նախընտրում են լսել այլազգիներին, քան թե իրենց սեփական ժողովրդին»[17]։

Հրաժեշտ բեմին խմբագրել

1920-ական թվականների վերջին հիվանդությունն ստիպել է Գոթիեին դադարեցնել համերգները, բայց նա բեմ է վերադարձել 1931 թվականին՝ համերգով հանդես գալով Կուբայի մայրաքաղաք Հավանայում[5]։ Ժամանակի հետ սկսել է ավելի ու ավելի շատ զբաղվել սովորեցնելով, ավելի ու ավելի քիչ՝ համերգներ տալով։ Ուսուցանելուց ստացվող նրա եկամուտն զգալիորեն ավելի մեծ էր, քան շրջագայությունների ժամանակ ստացվողը, արդյունքում՝ 1937 թվականին ամբողջությամբ հրաժարվել է բեմից ու Նյու Յորքում երաժշտական ստուդիա բացել։ Դարձել է «Երաժիշտների ամերիկյան գիլդայի» հիմնադիր անդամ և աշխատել դրա տնօրենների խորհրդում։ Մահացել է 1958 թվականի դեկտեմբերի վերջին Նյու Յորք քաղաքում[4]։

Քննադատների և հանդիսատեսի տեսակետներ խմբագրել

 
Եվա Գոթիեն 1905 թվականին

Գոթիեն հակասական երաժիշտ է համարվել․ երաժշտության նրա ընտրությունը երբեմն հավանության է արժանացել, երբեմն՝ քարկոծվել։

1917 թվականի մայիսի 1-ի «Նյու Յորք Թայմս» օրաթերթի ակնարկում բարձր է գնահատվում նրա բնական տաղանդը, որոշակի վերապահումներ անելով ձայնի չհղկված/անմշակ որակին։ Երգի ոգին զգալու նրա կարողությունը ևս բարձր է գնահատվել․ «մերօրյա ֆրանսիացի հեղինակների երգերի նրա երգեցողությունը հաճույք է պատճառում, քանի որ նա հասկանում է նրանց և ներկայացնում համապատասխան մեկնաբանությամբ»[18]։

1923 թվականի նոյեմբերի 12-ի «Թայմ» շաբաթաթերթի՝ Գոթիեի իտալական պատմական երգերի, ինչպես նաև մի շարք անգլիական, ֆրանսիական, ավստրիական, գերմանական ու ամերիկյան երգերի կատարման մասին ակնարկում ուշադրության է արժանացել ժամանակակից ջազ երաժշտության ընտրության հարցը։ Քննադատը նշել է․ «նրա ձայնը չափազանց լավն է ջազ երգելու համար»[19]։ Նրան նաև գովաբանել են որպես լուրջ, գիտակ արվեստագետի, որի երգեցողությունը «կոկիկ ու արտահայտիչ է»։ Հանդիսատեսի կողմից համերգն ընդունվել է մեծ ոգևորությամբ։

1923 թվականին Հյուսիսային Դակոտա նահանգի Ֆարգո քաղաքում կայացած համերգի մասին ակնարկը[20] հանդիսատեսին ու քննադատներին բաժանել է մի քանի ճամբարի․ նրանք, ում համերգը բացահայտ դուր է եկել և նրանք ծափահարել են, նրանք, ում այն բացահայտ դուր չի եկել ու վատ են արտահայտվում համերգի մասին, նրանք, ովքեր չգիտեն ինչպես արտահայտվել համերգի մասին, որն իրենց դուր է եկել, բայց անպատշաճ են համարում և նրանք, ովքեր հավանել են համերգը, բայց դա ցույց չեն տալիս՝ վախենալով հիմար կամ անկիրթ երևալուց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  2. 2,0 2,1 2,2 Musical America, Musical America. International directory of the performing arts — 1898. — ISSN 0735-7788; 0735-6692
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. 4,0 4,1 «Éva Gauthier, mezzo-soprano and voice teacher (1885–1958)». Collections Canada. 2005 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.
  5. 5,0 5,1 «Éva Gauthier – Later Career». Collections Canada. 2005 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Éva Gauthier – Early Career». Collections Canada. 2005 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Greenfield, Nathan M (Apr-May 2018). «A bravura life». Canada's History. 98 (2): 48–53. ISSN 1920-9894.
  8. «Gauthier, Eva». The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.
  9. «Lajeunesse, Emma». Dictionary of Canadian Biography Online. 2004. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.
  10. «Éva Gauthier – Concert Tours». Collections Canada. 2005 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.
  11. Cohen, M. Isaac (2007 թ․ մարտի 1). «Dancing The Subject of 'Java': International Modernism and Traditional Performance, 1899–1952» (PDF). Indonesia and the Malay World. Taylor & Francis.(չաշխատող հղում)
  12. 12,0 12,1 12,2 «Éva Gauthier – New York and Celebrity». Collections Canada. 2007 թ․ հուլիսի 18. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.(չաշխատող հղում)
  13. «Specialist». Time. 1932 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.
  14. «Musical Notes from Abroad». The Musical Times. 64 (970): 872–875. 1923 թ․ դեկտեմբեր. JSTOR 913721.
  15. Robert Wyatt (1989 թ․ սեպտեմբեր). «The Seven Jazz Preludes of George Gershwin: A Historical Narrative». American Music, Special Jazz Issue. 7 (1): 68–85. JSTOR 3052050.
  16. Rockwell, John (1982 թ․ ապրիլի 18). «Capturing Gershwin's Genius». The New York Times. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.
  17. Gauthier, Éva (October 15, 1937). Globe and Mail.
  18. «Singers G-1». Historic Opera. 2004 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.
  19. «Concert Jazz». Time. 1923 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.
  20. «Dakota Datebook – "Jazz Comes to North Dakota"». North Dakota Public Radio. 2004 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Գոթիե» հոդվածին։