Առանշահիկներ կամ Եռանշահիկներ[1], հայկական իշխանական, թագավորական տոհմ Մեծ Հայքի Ուտիք և Արցախ նահանգներում, ինչպես նաև Մեծ Հայքի կողմից հովանավորվող Աղվանքում։ Հայկական ավանդական պատմության համաձայն՝ Առանը Սյունյաց նախահայր Սիսակի սերնդից էր, Վաղարշակ թագավորի որդին։ Հայ Արշակունիների թագավորության վերացումից հետո Առանշահիկները իրենց տոհմը հռչակեցին թագավորական։ Արդեն 6–րդ դ․–ից Առանշահիկները հիշվում են «արքայից զարմից»։ Առանշահիկներից Վաչե Բ–ն մասնակցել է Վարդանանց պատերազմին։ Աղվանից երկրամասը տնտեսական, քաղաքական և մշակութային վերելք ապրեց Վաչե Բ եղբորդի Վաչագան Բարեպաշտի գահակալման տարիներին։ Վերջինիս իշխանությունը տարածվում էր նաև Աղվանք երկրի վրա։

Առանշահիկներ
Տեսակնախարար
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրԱրմինիա կուսակալություն
ՏիրույթներԱրցախ, Ուտիք և Աղվանք
ՀիմնադիրԱռան Հայկազունի
Հիմնում1-ին դար
Ազգային
պատկանելիություն
հայ
Դավանանքքրիստոնեություն

7–րդ դ․–ի սկզբին Հարավային Կովկաս տեղափոխված իրանական Միհրանյաններ տոհմը դավադրաբար կոտորեցին Ուտիքի Գարդման գավառի տեր Առանշահիկներից շատերին և տիրեցին նրանց կալվածքներին։ Թեպետ Միհրանյանները շուտով քրիստոնեություն ընդունեցին և ձուլվեցին հայերին, սակայն չկարողացան խուսափել Առանշահիկների հետապնդումներից։ Աղվանից իշխան և սպարապետ կարգված Ջիվանշիրը, որը իր վարած քաղաքականությամբ հարգված էր Աղվանի հայազգի բնակչության մոտ, 683 թ․–ին զոհ գնաց Առանշահիկների վրեժխնդրությանը։

11–րդ դ․–ից արաբական նվաճումների դեմ Դիզակ և Խաչեն գավառներում ազատագրական պայքար էին մղում Առանշահիկների երկու ճյուղերը։ Առաջին ճյուղը, որի իշխանանիստն էր Գորոզ ամրոցը, 10–րդ դ․–ից ստեղծեց Դիզակի թագավորությունը։ Երկրորդ ճյուղը, որի նստավայրերն էին Խոխանաբերդը և Հանդաբերդը, հիմք դարձավ Խաչենի իշխանական տան համար։ Առանշահիկների սերունդներից հետագայում գոյացան Խաչենի մելիքությունները։

Առնշահիկների իշխանության սկիզբ խմբագրել

Հինգերորդ դարի երկրորդ կեսի Արցախի հայության ազատատենչ ոգևորումները անհետևանք չմնացին։ Աղվանից մարզպանության ներսում ձեռք բերեցին իրենց վարչա-քաղաքական ինքնուրույնությունը և ստեղծեցին պետական ձույլ մի միավոր, որը պատմությանը հայտնի է որպես Աղվանից թագավորություն անունով։ 457 թվականին մեռնում է Պարսից Հազկերտ թագավորը։ Երկրում խռովություն է սկսվում։ Հանգամանքից օգտվելով՝ Վաչե Առանշահիկը պարսիկներին քշում է իր երկրից և Արցախում ու Ուտիքում իրեն թագավոր հռչակում։ Քննարկվող ժամանակաշրջանում բուն Աղվանքում ապրող ցեղերը միավորված չէին և չունեին կայուն քաղաքական ոչ մի միավոր։ Առիթից օգտվելով Վաչե Առնշահիկը իր իշխանությունը տարածել էր նաև Կուրի ձախափնյակի վրա։ Նոր թագավորության համար Մ. Կաղանկատվացու վկայությամբ Վաչեն կառուցում է Պարտավ մայրաքաղաքը։ Սակայն երկրի ներքին անհանգիստ վիճակը և պարսից արքունիքի ճնշումներն ու բանսարկությունները Վաչե Առնշահիկին չթողեցին շարունակել հայրենաշեն գործը։

Առնշահիկների թագավորության հաստատում, գործունեություն խմբագրել

Շուրջ 30 տարվա անիշխանությունից հետո Հայոց Արևելից աշխարհում թագավոր է դառնում Վաչե Առնշահիկի եղբոր որդի Վաչագանը։ Վաչագանի Արցախի հայկական թագավորությունն իր մեջ ընդգրկում էր Արցախ և Ուտիք նահանգները, ինչպես և Կուր գետի ձախափնյա Կամբեճան գավառը։ Բուն Մեծ Հայքում և կենտրոնական նահանգներում հայկական պետականության բացակայության պայմաններում Վաչագան Բարեպաշտի թագավորությունը հայահավաք կենտրոնի դեր էր կատարում։

Հոգևոր կյանքի աշխուժացում, պայքար հեթանոսության դեմ խմբագրել

Պետության հիմքերը անսասան դարձնելու և երկրի հոգևոր կյանքը աշխուժացնելու համար Վաչագան թագավորը ձեռնամուխ եղավ եկեղեցաշինությանն ու մեծ ջանք ներդրեց հայ դպրության տարածման գործում։ Մովսես Կաղանտացին գրել է. <<Բարեպաշտ Վաչագանը Արևելքում տարվա օրերի թվով եկեղեցիներ շինեց>>: Վաչագան թագավորը լավ էր հասկանում, որ Պարսկաստանի կողմից վարվող հայերի ուծացման քաղաքականությանը կարելի էր դիմակայել հայոց եկեղեցու հիմքերի ամրապնդմամբ և քրիստոնեական հավատքի տարածմամբ։ Վաչագան Բարեպաշտը իր արմատներին հավատրիմ՝ հետևելով հայոց արքա Արտաշես Ա Բարեպաշտի մեծագործություններին, սրբացման առարկա էր դարձնում ազգային եկեղեցու այնպիսի գործիչների, ինչպիսիք են Գրիգոր Լուսավորիչն ու նրա թոռ Գրիգորիսը, Պանդալեոն բժիշկն ու Դիզափայտի նահատակները, Մեսրոպ Մաշտոցն ու նրա աշակերտները։ Նա միաժամանակ Արցախի Դարահոջ գյուղն է բերում Սուրբ Գրիգորի ու Հռիփսիմե և Գայանե կույսերի նշխարները։ Այս ամենի համար ժողովուրդը նրան տվեց Բարեպաշտ պատվատիտղոսը։ Վաչագան թագավորը պայքարում էր հեթանոսական սովորությունների ու հոռի բարքերի դեմ, որոնք հակասում էին համամարդկային արժեքներին։ Սկզբնաղբյուրների վկայությամբ քրմերը բռնում էին մարդկանց և կապում սրբազան շղթաներով ու մի ամբողջ տարի կերակրում. այուհետև նրան օծում էին իբրև զոհի և զոհաբերում մյուս մատաղացու կենդանիների հետ։

Մովսես Կաղանկատվեցին շարունակելով Ստրաբոնին մանրամասնում է.

<<մատնահատների աղանդը ծիսական մարդասպանությունը կատարում էր հետևյալ խորհրդավոր պայմանների մեջ։ Բռնվում էր մեկը սովորաբար պատանի հասակում, նրան տարածում էին գետնի վրա և նրա ձեռքերի ու ոտքերի 4 բութ մատները կապում էին գետնի մեջ տնկված 4 ցիցերի։ Այսպիսով կաշկանդվածին չէին խոցոտում և չէին սպանում, այլ նախ ողջ-ողջ քերթում էին նրա կաշին որոշված ձևով։ Առաջ կտրում էին աջ թևի բթամատը և նրա հետ մի շերտ կաշի, որ քերթում էին կրծքի վրայով մինչև ձախ ձեռքի ճկույթը, որ նույնպես կտրվում էր։ Այսպես էին վարվում զոհերի ոտքերի հետ էլ։ Հետո նրան սպանում էին, իսկ կաշին <<կազմելով>> դնում էին սապատի մեջ։ …Մարդասպանությունը հաճախ կատարվում էր ավելի մեծ չափերով։ Քրմապետը հավաքված հավատացյալներին հրամայում էր բաժանվել 3 դասի և յուրաքանչյուր դասին-բռնել 3-ական մարդ՝ մեր նկարագրած կերպով սպանելու համար>> :

Վաչագան Բարեպաշտը իսպառ ջնջեց մատնահատների, խեղդողների, թունավորող-կուրացողների աղանդները։ Քրմերի երեխաներին քրիստոնեական ոգի ներարկելու համար բացում է դպրոցներ, որտեղ դասավանդում էր նաև անձամբ ինքը՝ թագավորը։

Շինարարություն / Առնշահիկների օրոք խմբագրել

Վաչագան Բարեպաշտի կառավարման ընթացքում երկիրը տնտեսական վերընթաց էր ապրում, ծաղկում էին արվեստները։ Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի (Վարընկաթաղ, Լյուլասազ, Կամարի) գյուղում եղել է գործատուն, որտեղ ընտիր կապույտ կտոր էին պատրաստում Վաչագանի արքունիքի համար։ Այս գործատունը և բնակավայրը կոչվել են կապտարար, այսինքն կապույտ կտոր արարողներ, կապույտ գործողներ։ Վաչագան Բարեպաշտը մի ոստան է կառուցել Տրտու գետի ափին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ։ Մատենագիտական աղբյուրներում աղբյուրներում այդ բնակավայրը հիշատակվում է Գյուտական և Դյութական ձևերով։

Վաչագան արքայի անվան հետ է կապված նաև Մարտակերտի շրջանի Դաստակերտ գյուղը։ Վաչագան թագավորը մի դուստր է ունեցել, որի մասին Մովսես Կաղանկատվացին գրում է.

<<Թագավորը Խնչիկ անունով մի փոքրիկ դուստր ուներ, որին չափազանց սիրում էր նա և որի անունով կառուցել էր մի դաստակերտ>>

:

Իրավական համակարգ / Առնշահիկների օրոք խմբագրել

Հայոց Արևելից կողմանց քաղաքական ու տնտեսական կյանքը կանոնավորելու համար Վաչագան թագավորը Արցախի Աղվեն ամառանոցում (այժմյան Մարտակերտի շրջանում ) 488 թվականին գումարեց հայ հոգևոր և աշխարհիկ տերերի մի ժողով, որտեղ քննարկվեցին և ընդունվեցին նորաստեղծ թագավորության օրենքներ։ Հայտնի է, որ մինչ Վաչագան Բարեպաշտի 21 կանոնների ընդունումը IV դարում Աշտիշատում և Շահապիվանում հայ Արշակունի թագավորները ընդունել էին հոգևոր, քաղաքական և տնտեսական կյանքը կարգավորող օրենքներ։ Սակայն բուն մայր երկրում հայկական պետականության կորստի պայմաններում անհրաժեշտ էր ստեղծել օրենքների մի հավաքածու, փաստելու նոր իրողությունը՝ հայոց երկրի մի անկյունում ստեղծված թագավորության գոյությունը, որը հետագա խռովահույզ դարերում խորհրդանիշ պիտի դառնար արցախահայության չընդհատվող պետականության համար։ <<Սահմանադրութիւն կանոնական>>-ը Հայոց Արևելից կողմինց սոցիալ-տնտեսական և քաղաքական հարաբերությունների ուսումնասիրման համար բացառիկ արժեք է ներկայացնում։ Ըստ Աղվենի կանոնների պետական և եկեղեցական հարկերը պարտադիր էին հասարակության բոլոր խավերի համար՝ շինականներից մինչև ազնվական խավերի ներկայացուցիչները, նույնիսկ արքայական կողմից սիրվածները։ Հայ հասարակության բարոյական կերպը անխաթար պահելու համար ընդունված օրենքների համաձայն արգելվում էր մերձամուսնությունը, տղամարդու քմահաճ ամուսնալուծությունը, վհուկներին ու կախարդներին դիմելը, հոգևորականների (քահանայից մինչև եպիսկոպոս ) վատ վարքը՝ սովորական գայթանքից (մոլորվել, սխալանք թույլ տալ ) մինչև գողություն ու անբարոյականությունը։ Թագավորի գերագույն իշխանությունը սրբագործելու համար <<Սահմանադրութիւն կանոնական>>-ը թագավորին էր վերապահում օրենքների սահմանումը և երկրի ներսում բոլոր ազատներն ու արքայազունները, հոգևորականներն ու աշխարհականները պարտավոր էին խոնարհաբար ենթարկվել արքունիքի ընդունած ամեն մի վճռին։ Աղվենի կանոնները պարտադիր նորմեր էին հասարակության բոլոր խավերի համար։ Այդ կանոնները վկայում են հայ հասարակության լիարյուն կենսագործունեության և օրենքի տառի ու ոգու գերակայության մասին։ Նկատենք, որ նմանատիպ օրենքներ եվրոպական երկրներում ընդունվեցին 10-12 դար հետո՝ ուշ միջնադարում։ Աղվենի ժողովից հետո երկիրն ապրում էր խաղաղ ու բարգավաճ կյանքով։

Արտաքին կապեր, քաղաքականություն խմբագրել

Վաչագան թագավորը երկրի խաղաղ վերընթացը ապահովելու համար վարում էր նպատակասլաց ու հավասարակշիռ արտաքին քաղաքականություն՝ հարևան երկրների հետ պահելով ջերմ ու բարիդրացիական հարաբերություններ։ Այդ նպատակով Վաչագան թագավորը իր աղջկան կնության էր տվել Պարսից թագավորի եղբոր Աբիլ-Աբաս որդուն։ Վերջինս քրիստոնեություն էր ընդունել և ապրում էր Մեծ Սյունյաց նահանգում, <<երկրորդ Երուսաղեմ >> կոչված վանքի մոտ։

Հիմնադիր թագավորի մահ խմբագրել

Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ Վաչագան թագավորն իր փեսայի հետ դավադրաբար սպանվել է [[Բարգուշատ |Սյունիքի Բարգուշատ ( Քաշունիք )]] գավառում։ Նրա դիակը փոխադրվել և ամփոփվել է Մարտակերտի շրջանի Ջրվշտիկ կամ Եղիշե Առաքյալ վանքի կողքի մի մատուռում։ Ամենայն հավանականությամբ հին դամբարանը չի պահպանվել։ Երախտապարտ սերունդները հետագայում նրա դամբարանի տեղը մատուռ են կառուցել։ 1286 թվականին Վաչագանի գերեզմանի վրա նոր տապանաքար են դրել, վրան փորագրել.

<<Այս է հանգիստ Վաչագան թագավորին Աստված ողորմի Հայրապետայ և ոյր ծնողացն, որ շինեց զեկեղեցիս առաջնորդութիւն տէր Սիմոնի թիւ ՉԼԷ (1286) էր>>:

Վաչագան Բարեպաշտի կարճատև գահակալությունը մի ամբողջ դարակազմիկ շրջան է հանդիսացել միջնադարյան Հայաստանի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքում[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական սովետական հանրագիտարան, Եռանշահիկներ
  2. Առանշահիկների թագավորության կազմավորումը Արցախում. ԶԱՆԳԱԿ. 2011. էջեր 63–67. ISBN 978-99941-1-917-2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 525