Ենթակայական դերբայ, անկախ դերբայներից մեկը, որ ցույց է տալիս գործող կամ եղող լինելը՝ որպես առարկայի հատկանիշ։ Ենթակայական դերբայն արտահայտում է առարկան բնութագրող անավարտ կերպավիճակային հատկանիշով պրոցեսայնություն (ընթացքայնություն, գործողություն)։

Ենթակայական դերբայն ունի -ող վերջավորությունը, որ ավելանում է Ե խոնարհման բայերի առաջին կամ անկատարի (օրինակ՝ գրել-գրող, մշակել - մշակող, հասնել - հասնող և այլն), և Ա խոնարհման բայերի երկրորդ կամ կատարյալի հիմքին (օրինակ՝ հավատալ - հավատացող, հեռանալ - հեռացող, մոտենալ - մոտեցող և այլն)։

Ենթակայական դերբայը բնորոշ է հայերենի բոլոր փուլերին (գրաբար, միջին հայերեն, բարբառներ, արևմտահայ և արևելահայ գրական լեզուներ)։ Հայ քերականության մեջ նախկինում այն ընդունվել է որպես ընդունելության երեք ձևերից մեկը և կոչվել է ընդունելության ներկա, ապա և՝ ներկա դերբայ։ Ենթակայական անունը տվել է Մ. Աբեղյանը[1]։

Նախադասության մեջ ենթակայական դերբայը կարող է հանդես գալ որպես որոշիչ կամ ստորոգելի։ Սրանք ենթակայական դերբայի հիմնական կիրառություններն են։

Ենթակայական դերբայը կարող է հոլովվել (ենթակայական դերբայը ենթարկվում է Ի ընդհանրական հոլովման) ու գործածվել նաև գոյականաբար՝ հանդես գալով գոյականին հատուկ շարահյուսական պաշտոններում.

  • Ենթակա - Պատվով մեռնողը փառքով է ապրում։
  • Հատկացուցիչ - Կանչողի ձայնը մոտիկից էր լսվում։
  • Խնդիրներ - Հաղթողին փեսի թախտի մոտ բերին։ Բոլորը նայում են խոսողին։ Հաղթողով հպարտանում են բոլորը։

Եթե անորոշ դերբայը գործողության անվան կարգ է, ապա ենթակայական դերբայը գործողի անվան կարգ է։ Սակայն ենթակայական դերբայը գործողի անվան նշանակություն արտահայտող մյուս բոլոր բառախմբերից տարբերվում է քերականորեն. ենթակայական դերբային՝ որպես բայաձևի, հատուկ է բայասեռի քերականական կարգը, որ գործողի անվան նշանակություն արտահայտող գոյականներին ու ածականներին հատուկ չէ։ Օրինակ՝ փրկիչ և փրկող բառերը բառիմաստային մեծ տարբերություն չունեն, բայց դրանք քերականորեն տարբեր են, որովհետև առաջինը չի կարող կապակցվել ուղիղ խնդրի հետ, իսկ երկրորդը կարող է (օրինակ՝ Իմ փրկիչը դու ես։ Ինձ փրկողը դու ես։)։ Այսպիսով՝ ենթակայական դերբայի մեջ կա երկու գաղափար՝ գործողության գաղափար և առարկայի գաղափար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 200։

Աղբյուրներ խմբագրել

  • Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2002, էջ 244-252։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 199-201։
  • Վ. Սահակյան, Վ. Սահակյան, Հայոց լեզուն հարցերում ու պատասխաններում, Հրազդան, 2009, էջ 83։

Տես նաև խմբագրել