Եմելյան Պուգաչովի ապստամբություն
Պուգաչովի ապստամբություն (ռուս.՝ Восстание Пугачёва) գյուղացիական ապստամբություն Ռուսաստանում ճորտատիրական կարգերի դեմ։ Ապստամբության պատճառներն Էին ֆեոդալական շահագործման ուժեղացումը, Յաիկի կազակության արտոնությունների սահմանափակումը, գաղութատիրական ճնշումը Ուրալի և Պովոլժիեի ոչ ռուս ժողովուրդների նկատմամբ։ Ապստամբությունը սկսվել է անդրվոլգյան տափաստաններում։ Դոնի կազակ Եմելյան Պուգաչովը 1773 թվականի սեպտեմբերի 17-ին, հրովարտակով իրեն հայտարարեց Պյոտր III կայսր և արտոնություններ շնորհեց Յաիկի կազակներին, թաթարներին, կալմիկներին։ Պուգաչովի կողմնակիցներն ու օգնականներն Էին կազակներ Օվչիննիկովը, Չիկան (Զարուբին), Շիգաևը, ճորտ գյուղացիներ Բելոբորոդովը, Խլոպուշան, բաշկիր Սալավատ Յուլանը և այլք։
Սկզբնական շրջանում ապստամբները պաշարեցին Օրենբուրգը (հոկտեմբերի 5), գրավեցին Չելյաբինսկը (1774 թվականի փետրվար)։ Ջոկատները ղեկավարելու համար ստեղծվեց ռազմական կոլեգիա։ Ապստամբները վերացին ցարական վարչությունը և մտցրին կազակային ինքնավարություն։ Նրանց ձեռքին Էր Ուրալի գործարանների երեք քառորդը։ Այնուամենայնիվ, պատժիչ զորքերը Տատիշչևայի (Օրենբուրգի մարզ, 1774 թվականի մարտի 22-ին) Ուֆայի (մարտի 24-ին) մոտ պարտությանմատնեցին ապստամբներին։
Ապրիլի 1-ին Կարգալայի մոտ պարտվելուց հետո Պուգաչովը ետ քաշվեց դեպի Ուրալյան լեռներ։ Կազմելով նոր ջոկատներ, նա գրավեց Մագնիտնայա և Տրոիցկի ամրոցները, բայց պարտվելով՝ կրկին ապաստան գտավ Ուրալյան լեռներում, ապա շարժվեց Պովոլժիե։ Հուլիսի 12-ին գրավեց Կազանը (բացառությամբ բերդի), սակայն պարտություն կրեց կառավարական զորքերից և անցավ Վոլգայի աջ ափը։ 1774 թվականի հուլիսի 18-ի հրովարտակով ազատություն շնորհեց գյուղացիներին, ազատեց հարկերից։ Շարժումն այդ ժամանակ նոր վերելք է ապրեց՝ սպառնալով Ռուսական կայսրության կենտրոնական շրջաններին։ Թեև ստեղծվել Էին պայմաններ Մոսկվայի վրա հարձակվելու համար, Պուգաչովը շարժվեց հարավ, դեպի Դոն՝ հույս ունենալով համալրել ջոկատները Դոնի կազակներից։ Ապստամբները գրավեցին մի շարք բնակավայրեր, սակայն Ցարիցինը գրավել չհաջողվեց։
1774 թվականի օգոստոսի 25-ին վճռական ճակատամարտում ապստամբ ուժերը ջախջախվեցին։ Պուգաչովը փախավ անդրվոլգյան տափաստանները, սակայն բռնվեց կազակային ավագանու դավաճանությամբ և 1775 թվականի հունվարի 10-ին Մոսկվայում մահապատժի ենթարկվեց։ Շատ վայրերում ապստամբները շարունակեցին պայքարը։
Մինչև 1774 թվականի նոյեմբերը Բաշկիրիայում գործում Էր Սալավատ Յուլաևը։ Ստորին Պովոլժիեում ապստամբությունը ճնշվեց 1775 թվականի ամռանը, իսկ Օրենբուրգի նահանգում կառավարության հետապնդումները շարունակվեցին մինչև 1775 թվականի կեսերը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եմելյան Պուգաչովի ապստամբություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 129)։ |