Եղիսաբեթ Իսաբեկյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Եղիսաբեթ Եփրեմի Իսաբեկյան-Շավարշյան (1890, Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ Եղել է մանկավարժ, պրոֆեսոր Արշավիր Շավարշյանի կինը։

Եղիսաբեթ Իսաբեկյան
Դիմանկար
Ծնվել է1890(1890)
ԾննդավայրԻգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1976(1976)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՄարիամյան օրիորդաց դպրոց և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԱմուսինԱրշավիր Շավարշյան

Կենսագրություն

խմբագրել

Եղիսաբեթ Իսաբեկյանը ծնվել է 1890 թվականին Իգդիրում, Իգդիրի քաղաքագլուխ Եփրեմ Իսաբեկյանի բազմազավակ ընտանիքում։ Սերում է Իսաբեկյանների հայտնի տոհմից՝ գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի հորաքույրն է[1]։

Նախնական կրթությունը 1905-1907 թվականներին ստացել է տեղի ծխական դպրոցում։ 1907-1909 թվականներին սովորել է Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցում։ Վերադառնալով Իգդիր՝ որոշել է ուսումը շարունակել և մեկնել է Թիֆլիս, ընդունվել և 1910-1912 թվականներին սովորել է Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցում, որը համարվում էր հայկական լավագույն կրթական օրիորդաց դպրոցը։

Մասնագիտանալով ուսուցչության մեջ, նա մանկավարժ աշխատելու առաջարկ է ստացել Դրանդայի հայկական ծխական դպրոցում։ Եղիսաբեթ Իսաբեկյանն ընդունել է առաջարկը և մեկնել Աբխազիա։ Ուսուցչական գործունեությունը Դրանդայում տևել է 1912 թվականից մինչև 1914 թվական։ Վերադառնալով Իգդիր՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) ծխական դպրոցում աշխատելու առաջարկ է ստացել․ 1914-1915 ուսումնական տարին ուսուցչություն է իրականացնում Ղարաքիլիսայում։

1916 թվականին ամուսնացել է Արշավիր Շավարշյանի հետ, որն ուսումն ավարտել և Լայպցիգից նոր էր վերադարձել։ 1916 թվականին ամուսնական զույգն Իգդիրից ճանապարհվել է Էջմիածին, որտեղ Ա. Շավարշյանը հրավիրվել էր աշխատելու Գևորգյան ճեմարանում որպես մանկավարժ։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1919 թվականին Շավարշյանը հրավիրվել է Երևան և նրանք ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն են հաստատատել Երևանում։

Եղիսաբեթ Իսաբեկյանը՝ ընտանեկան, կենցաղային հոգսերով ծանրաբեռնված լինելով, որոշ ժամանակ ընդհատել է մասնագիտական գործունեությունը, ապա՝ 1930 թվականին ընդունվել է Երևանի Պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը, որն ավարտելուց հետո 1936 թվականից քիմիա առարկա է դասավանդել Ս.Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցում[2]։

Մահացել է 1976 թվականին, Երևանում։

Վաստակ

խմբագրել

Մեծ է եղել Եղիսաբեթ Իսաբեկյանի վաստակը մանկավարժության ոլորտում։ Դեռևս Դրանդայում աշխատելու տարիներին մեծապես նպաստել է ծխական դպրոցների կրթադաստիարակչական գործընթացի զարգացմանը։ Հետագայում էլ, անգամ հայրենիքի համար ամենադժվար տարիներին, ամուսնու հետ լծվել է ուսուցչական գործին՝ նախադպրոցական և դպրոցական հաստատությունների հիմնադրմանը։

Ներգրավված է եղել 1919-1920-ական թվականներին առաջին բակային մանկապարտեզների, ճամբարների ստեղծման գործում։

Մոտ ժամանակներս հրատարակվելու է գիրք՝ նրա հուշերի հիման վրա, որում ներառվելու է նաև Արշավիր Շավարշյանի կյանքն ու գործունեությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Իսաբեկյան, Էդուարդ (1994). Իգդիր. Երևան: Արևիկ. ISBN 5-8077-0425-8.
  2. Եղիսաբեթ Իսաբեկյանի անտիպ հուշեր

Արտաքին հղումներ

խմբագրել