Եղիա Տոլբակյան
Եղիա Հովհաննեսի Տոլբակյան (Դոլբակյան, փետրվարի 16, 1908, Այնթապ, Թուրքիա - մայիսի 8, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, պատմաբան, հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ։
Եղիա Տոլբակյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 16, 1908 |
Ծննդավայր | Այնթապ, Թուրքիա |
Վախճանվել է | մայիսի 8, 1982 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պատմաբան, գրող, հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ և հասարակական գործիչ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԵղիա Տոլբակյանը (Դոլբակյան) ծնվել է 1908 թվականի փետրվարի 16-ին Կիլիկիայի Այնթապ քաղաքում։ 6 տարեկանում նա կորցրել է հորը։ 1918 թվականին Հայոց ցեղասպանության սարսափները տեսած Տոլբակյանների ընտանիքը (երեք երեխա ունեցող մայրը) ապաստան է գտել Հալեպում (Սիրիա)[1]։
1918-1920 թվականներին Եղիա Տոլբակյանը եղել է «Հայկական կացարանի» սանը, որից հետո 1921-1924 թվականներին ավարտել է ուսումը հայկական միջնակարգ դպրոցում[1]։
1926 թվականին ավարտել է Հալեպի ֆրանսիական լիցեյը։ 1926-1928 թվականներին եղել է Հալեպի բաղդադյան երկաթուղու ծառայող[1]։
1929-1946 թվականներին եղել է ուսուցիչ և տնօրեն Բեյրութի Նուբարյան, Աբգարյան, Սահակյան, Սահակ Մեսրոպ հայկական վարժարաններում[2]։
1938 թվականին Բեյրութում հիմնադրել է «Լուսարձակ» տպարանը և հրատարակչությունը, որտեղ տպագրվել են գեղարվեստական գրքեր, դասագրքեր։ 1930 թվականին Տոլբակյանը լույս է ընծայել «Պատկերազարդ օրագիր» պարբերագիրքը, 1935 թվականին կազմել, խմբագրել և հրատարակել է «Լիբանանահայ պատկերազարդ օրացոյցը, 1936», 1937-1943 թվականներին՝ որպես վերջինիս շարունակություն՝ «Ամէնուն նոր տարեցոյց»-ը (7 գիրք), 1946 թվականին՝ «Հայրենական օրացոյցը»։ 1946 թվականին Տոլբակյանը հայրենադարձել է, շարունակել մանկավարժական գործունեությունը Երևանում[2]։ Տասնամյակներ շարունակ աշխատել է Երևանի Րաֆֆու անվան միջնակարգ դպրոցում որպես ֆրանսերենի ուսուցիչ[1]։
1948-1950 թվականներին Տոլբակյանը սովորել է մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանում, իսկ 1954-1960 թվականներին՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի հեռակա բաժնում[1]։
1960-ական թվականներին Հայաստանում ստեղծվել է Այնթապի հայերի հայրենակցական միության մասնաճյուղ և, ինչպես Բեյրութում, Եղիա Տոլբակյանը դարձել է նրա քարտուղարը։ Հիմնականում նրա ջանքերով Երևանին հարակից գյուղերից մեկը վերանվանվել է Նոր Այնթապ, իսկ աշխարհասփյուռ այնթապցիների նվիրատվություններով այնտեղ կառուցվել է ժանյակագործական գործարան[1]։
Աշխատություններ
խմբագրելԼույս են տեսել Տոլբակյանի «XVIII դարի հայ ազատագրական շարժումները և ռուսական կողմնորոշումը. Պետրոս Ա-ն և հայերը» (2005) աշխատությունը, «Պատմութիւն Սուրիոյ եւ Լիբանանի» (1940, Բեյրութ, «Լուսարձակ» տպարան), «Աշխարհագրութիւն Լիբանանի» (1938, Բեյրութ, «Արաքս» տպարան) դասագրքերը[2]։
Ֆրանսերենից թարգմանել է Կլոդ Բերժեի «Նապոլեոնի պատմութիւնը։ Կեանքը եւ պատերազմները» (1939), Ժան-Ժակ Ռուսոյի «Հասարակական դաշինք» (1939) երկերը, Պ. Սալի «Ցեղապետներու աղջիկը» (1940, երեքն էլ՝ Բեյրութ) վեպը, Օնորե դը Բալզակի «Մնաք բարով», «Անաստվածի պատարագը» (երկուսն էլ՝ 1957) վիպակները, «Մոդեստա Մինիոն» (1960) վեպը[2]։