Եղբայրական օգնության կոմիտե

էջմիածնի Եղբայրական օգնության կոմիտե, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ գաղթականներին օժանդակող կազմակերպություն։ Ստեղծվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի 1914 թվականի դեկտեմբեր 28-ի կոնդակի համաձայն և նրա անմիջական նախագահությամբ։ Նպատակն էր պատսպարել, խնամել, կերակրել և բժշկական օգնություն ցույց տալ հայ գաղթականներին, մանրամասն տեղեկություններ հավաքել նրանց դրության մասին։ Կենտրոնական մարմինը գլխավոր կարգադրիչ հանձնաժողովն էր, որը բաղկացած էր 14 անդամներից՝ ընտրված էջմիածնից, Երևանից, Ալեքսնդրապոլից, Թիֆլիսից, Պետրոգրադից և արևմտահայերից, ուներ մասնաճյուղեր Երևանում, Ալեքսանդրապոլում և այլուր։ 1914 թվականի դեկտ.եմբեր 27-ից 1915 թվականի հունվարի 25-ը Եղբայրական օգնության կոմիտեն Էջմիածնի վանքի բակում և Վաղարշապատի հասարակական շինություններում ապաստան է տվել և կերակրել (ամեն օր բաժանել է 200-300 փութ հաց, տաք կերակուր, թեյ. սուրճ, հագուստեղեն և վերմակներ) շուրջ 15 հազար փախստականների, որից հետո նրանց հետզհետե տեղավորել է շրջակայքի հայկական գյուղերում։ Վաղարշապատում բացել է 20 մահճակալով հիվանդանոց և ամբուլատորիա։ Եղբայրական օգնության կոմիտեն հայ փախըստականների օգտին գործող գաղթականական մարմինների և բարեգործական հիմնարկությունների ուժերը համախմբելու և միավորելու նպատակով 1915 թվականի մարտի 1-2-ը Էջմիածնում կազմակերպել է գաղթականների համագումար։

Եղբայրական օգնության կոմիտե
Տեսակհասարակական կազմակերպություն
Հիմնադրվածդեկտեմբերի 28, 1914
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։