Եկեղեցական սպասքը, իրենից ներկայաացնում է եկեղեցիներում սուրբ Պատարագի և այլ խորհրդակատարությունների ժամանակ օգտագործվող սրբազան անոթներ և զանազան առարկաներ։

Սկիհ խմբագրել

Երբեմն կոչվում է հաղորդության բաժակ։ Հիմնականում պատրաստված է լինում ազնիվ մետաղից, վրան՝ ավետարանական պատկերներ։ Բոլորաձև պատվանդանի (միջնամաս) վրա՝ բաժակաձև հարմարանք, որի մեջ սուրբ Պատարագի ժամանակ լցվում է գինին։ Բաժակն ունի իր ծածկոցը, որը կոչվում է մաղզմա. նման է սկավառակի, մի քիչ փոս ընկած։ Մաղզմայի վրա դրվում է սրբագործելի հացը կամ նշխարը։ Եթե հաղորդության բաժակը կամ սկիհը Հիսուսի արյան սրբագործման անոթն է, ապա նրա ծածկոցը՝ մաղզման, խորհրդանիշն է զոհի սեղանի, որի վրա զոհաբերվեց աստվածային գառը՝ Հիսուս Քրիստոսը։

Մասնատուփ խմբագրել

Արծաթե տուփ, որի մեջ քահանաները պահում են սրբագործված նշխարը՝ հոգևոր այցելությունների ժամանակ հիվանդներին հաղորդություն տալու համար։

Բուրվառ խմբագրել

Անոթ-խնկանոց՝ գմբեթաձև, խաչագլուխ կափարիչով։ Օգտագործվում է սուրբ Պատարագի և ծիսակատարությունների ժամանակ՝ իբրև խնկարկելու և բույր սփռելու միջոց։ Ըստ Հովհան Մայրավանեցու բուրվառը (=խնկանոցը) Աստվածածնի խորհրդանշանն է. ինչպես Աստվածածինն է լի «Սուրբ Հոգով և Բարձրյալի զորությամբ», այնպես էլ բուրվառը՝ «սրբության հոտով»։

Խաչ խմբագրել

Քրիստոնեական կրոնի խորհրդանիշն ու պաշտամունքի առարկան։ Ունի ուղիղ անկյունով միմյանց ագուցված՝ երկու տարբեր չափի ձողերի տեսք։ Խաչերի տեսակներն ու կիրառության կերպերն են. ձեռքի կամ ձեռաց խաչ, որն օգտագործում են բոլոր եկեղեցականները՝ ծիսակատարությունների ժամանակ և հանդիսավոր առիթներով։ Խաչեր, որոնք դրվում են սրբազան խորանների վրա։ Կան նաև եկեղեցական թափորների առջևից տարվող խաչեր, որոնք կոչվում են խաչվառ։ Կաթողիկոսները որպես գնահատանք քահանաներին, վարդապետներին հատուկ կոնդակով պարգևատրում են լանջախաչով, որը եկեղեցականներին շնորհվող պատվո նշան է։ Լանջախաչերի օգտագործումը Հայ եկեղեցի է մտել XIX դար։

Աշտանակ խմբագրել

Երբեմն օգտագործվում է նաև ճրագակալ անունով։ Մեկտեղանոց կամ բազմատեղանոց մետաղե պատվանդաններ են, որոնց վրա դրվում են հատուկ մոմեր՝ եկեղեցական հանդեսներին վառելու համար։

Կանթեղ խմբագրել

Արծաթից կամ գունավոր մետաղներից պատրաստված կիսակլոր աման, որի մեջ դրվում է ձեթով լցված ապակե հարմարանք, ներսում՝ բամբակից կամ թելից պատրաստված պատրույգ։ Կանթեղը հիմնականում վառվում է եկեղեցու սուրբ խորանից կախված վիճակում։

Կերոն խմբագրել

Կոկված փայտի վրա հարմարեցված, մոտավորապես մեկ մետր երկարություն և որոշակի հաստություն ունեցող մոմեր (ջահեր) են։ Օգտագործվում են եկեղեցում Ավետարանի ընթերցման, ինչպես նաև՝ եկեղեցական թափորների և հանդիսությունների ժամանակ։

Քշոց խմբագրել

Նախնական շրջանում, երբ քրիստոնեությունը հալածվել է, քրիստոնյաները թաքնվել են գետնադամբարաններում և Հաղորդության խորհուրդը կատարել են այնտեղ։ Քշոցներն այդ ընթացքում ծառայել են որպես ճանճ քշելու հարմարանք։ Դրանք սկավառակաձև են, եզերքը՝ բոժոժներով, մետաղե գլխիկով՝ հորիզոնական դիրքով հագցված մարդահասակ ձողի վրա. սուրբ Պատարագի ժամանակ սարկավագների ձեռքում որոշակի պահերի շարժվում են՝ բոժոժների ձայնը խառնելով սուրբ Պատարագի երգեցողությանը։ Քշոցների ձայնը խորհրդանշում է հրեշտակների օրհներգը։

Մյուռոնաթափ աղավնի խմբագրել

Աղավնին Սուրբ Հոգու խորհրդանիշն է։ Սուրբ Մյուռոնի աղավնին պատրաստվում է արծաթից կամ ոսկուց։ Մյուռոնը նախապես լցվում է սնամեջ աղավնու մեջ և օգտագործման ժամանակ հարկավոր չափով կաթեցվում կտուցից։

Բաժակաման խմբագրել

Արծաթե անոթ, որի մեջ նախապես լցվում է սուրբ Պատարագի նյութերից մեկը՝ գինին։ Այնուհետև պատարագիչ քահանան այդ բաժակամանի գինին խաչաձև շարժմամբ հեղում է սկիհի մեջ։

Տապանակ կամ խնկաման խմբագրել

Արծաթե արկղիկ՝ վերնամասում չորս փոքրիկ խաչերով և մի մոմակալով զարդարված, որի մեջ պահվում են խունկ և կնդրուկ։ Տապանակի գործածությունը վերցված է Հին ուխտի եկեղեցուց։

Խաչվառ խմբագրել

IV դարից կիրառվող խաչագլուխ և ձողամբարձ դրոշակ, որի վրա պատկերված է լինում խաչելության դրվագը կամ Տնօրինական մեկ այլ դեպք։ Երբեմն նկարված է լինում նաև Աստվածածնի պատկերը։ Խաչվառը գործածվում է սուրբ Պատարագի, Անդաստանի, Նախատոնակի, թափորի և հուղարկավորության ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: