ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, Երևանի Պետական Համալսարանի կազմում գործող ֆակուլտետ[1]։
Պատմություն
խմբագրել1919 թվականին համալսարանական կրթության վերաստեղծումը Հայաստանում և XX դարասկզբի ֆիզիկայի հսկայական նվաճումները օրակարգային են դարձնում նաև ֆիզիկամաթեմատիկական մասնագիտության գծով կադրերի պատրաստումը համալսարանում։ Այդ ասպարեզում մասնագետների պատրաստումը սկսվում է 1922 թ.։ Հայաստանում ֆիզիկայի զարգացման գործում առաջին նշանակալից իրադարձությունը 1933 թ. համալսարանի կազմում Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ստեղծումն էր՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի առանձին բաժիններով։ Ֆիզիկայի զարգացումը խթանելու և նոր կադրերով ապահովելու պահանջները բավարարելու նպատակով՝ 1959 թ. համալսարանի Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից բաժանվում և կազմավորվում է Ֆիզիկայի ֆակուլտետը, որի առաջին դեկանն էր ՀԽՍՀ ԳԱԱ թղթակից անդամ Նորայր Քոչարյանը[2]։
Ամբիոններ
խմբագրելՆերկայումս Ֆիզիկայի ֆակուլտետում գործում են 7 ամբիոններ՝ Ընդհանուր ֆիզիկայի ու Աստղաֆիզիկայի, Միջուկային ֆիզիկայի, Տեսական ֆիզիկայի, Պինդ մարմնի ֆիզիկայի, Օպտիկայի, Մոլեկուլային ֆիզիկայի և Բարձրագույն մաթեմատիկայի, որտեղ դասավանդում են ՀՀ ԳԱԱ 3 ակադեմիկոսներ, ՀՀ ԳԱԱ 5 թղթակից անդամներ, գիտության 35 դոկտորներ և գիտությունների 65 թեկնածուներ[3]։ 2007 թ.-ից սկսած ֆակուլտետը ֆիզիկոս-մանկավարժներ է պատրաստում հեռակա ուսուցմամբ։ Նշված ամբիոնները մասնագետներ են պատրաստում երեք մասնագիտությունների՝ ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա գծով։
Ֆիզիկա մասնագիտությունն ունի 5 մասնագիտացումներ՝ կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա, լազերային ֆիզիկա, տեսական ֆիզիկա և մաթեմատիկա, միջուկային ֆիզիկա և աստղաֆիզիկա, մակրոմոլեկուլների ֆիզիկա և կենսաֆիզիկա։ Կարևոր է նշել, որ այս մասնագիտությամբ շրջանավարտները ստանում են նաև մանկավարժի որակավորում։
Միջուկային ռեակտորների ֆիզիկա մասնագիտությամբ կադրեր են պատրաստվում Հայկական ատոմակայանի, Հայատոմ ինստիտուտի, ինչպես նաև Հայպետատոմհսկողություն կազմակերպության համար։ Այս ուղղության առաջնայնությունը Հայաստանի համար կարևորվում է ատոմային էներգետիկայի զարգացման ակնկալվող հեռանկարներով։
Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա մասնագիտությամբ բարձրակարգ մասնագետներ են պատրաստում համակարգչային մեթոդների խորացված իմացությամբ, ովքեր ունակ են աշխատելու ոչ միայն ֆիզիկական խնդիրների համակարգչային մոդելավորման ասպարեզում, այլև բազմաթիվ այլ հարակից բնագավառներում։ Մասնավորապես, նախապատրաստված են 8 մագիստրոսական ծրագրեր (այդ թվում՝ նաև հանրապետության մի շարք գիտական կենտրոնների հետ համատեղ), որոնց ընտրությունը կատարվում է մագիստրոսների ցանկությամբ՝ մասնագետների պահանջարկին համապատասխան։
Ֆակուլտետի ամբիոնները ներկայումս ակտիվ գիտական կապեր ունեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների ճանաչված գիտական կենտրոնների հետ։
Ֆակուլտետը լավ ավանդույթներ ունի նաև Ֆիզիկոսի օր ամենամյա տոնակատարության կազմակերպման ուղղությամբ, որը սովորաբար նշվում է գարնանը՝ ապրիլի 20-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի պաշտոնական էջը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի մասին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ամբիոնները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
Տես նաև
խմբագրել- ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի մասին, տեսագրություն