ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոն

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոն (ԵՊՀ ԱՖ ԹԱ), Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ամբիոններից մեկը:

ՊատմությունԽմբագրել

Երևանի պետական համալսարանում թուրքերենը դասավանդվում է 1943 թվականից, ինչի անմիջական նախաձեռնողն ու կազմակերպիչն էր մեծանուն արևելագետ Հրաչյա Աճառյանը, իսկ առաջին դասախոսը՝ Մինաս Մինասյանը։

ԵՊՀ թուրքագիտության ամբիոնը հիմնադրվել է 1991 թվականին՝ արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի վերակազմավորման արդյունքում։ Ամբիոնի հիմնադիր-վարիչն էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մերի Քոչարը (1936 - 1994), ով ավարտել էր Մոսկվայի պետական համալսարանը, աշակերտել նախկին Խորհրդային Միության առաջատար բանասերներին և արևելագետներին (մասնավորապես հայազգի ճանաչված թյուրքագետ-լեզվաբան Է. Վ. Սևորդյանին)։ Բացառիկ արժեքավոր են պրոֆ. Մ. Քոչարի թե´ լեզվաբանական, թե´ գրականագիտական և թե´ պատմագիտական աշխատությունները։

ԵՊՀ թուրքագիտության ամբիոնում դասավանդել են վաստակաշատ արևելագետներ Ե. Սարգսյանը, Ջոն Կիրակոսյանը, Ա. Մինասյանը, Խ. Ամիրյանը, Հ. Մարտիրոսյանը և ուրիշներ։ Ներկայումս ամբիոնում դասավանդում են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ, պրոֆեսորներ Ալբերտ Խառատյանը և Ռուբեն Սաֆրաստյանը։

2010 թ.-ին ԵՊՀ թուրքագիտության ամբիոնը վերակազմավորվել է թյուրքագիտության ամբիոնի։ Ամբիոնի գծով դասավանդվում են թուրքերեն, օսմաներեն, ադրբեջաներեն, ղազախերեն, թյուրքալեզու ժողովուրդների գրականության, մշակույթի ու պատմության հիմնահարցերին առնչվող դասընթացներ։ Ամբիոնում հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ պատրաստվել են բարձրագույն որակավորմամբ մասնագետներ՝ «թուրքերեն լեզու» և «թուրք գրականություն» մասնագիտությամբ, ստեղծվել է թուրքերենի՝ հայերենով գրված առաջին դասագիրքը, որն արդեն իսկ ունեցել է չորս հրատարակություն։ Ներկայումս հիշյալ դասագիրքը օգտագործվում է ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքի բոլոր այն բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում, որտեղ դասավանդվում է թուրքերեն։

2010 թ.-ին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության աջակցությամբ բացվել է «Ղազախերենի, ղազախական մշակույթի ու պատմության կենտրոնը», որը համանման առաջին հաստատությունն էր աշխարհում։

Ամբիոնի դասախոսների վերջին տարիների աշխատանքները տարբեր լեզուներով հրատարակվել են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Կանադայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Թուրքիայում, Իրանում, Ղազախստանում, Թուրքմենստանում։

1996 թ.-ից ամբիոնի վարիչն է պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը։

Արտաքին հղումներԽմբագրել