Դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմը ՀՀ-ում

Դրամավարկային քաղաքականության էությունը խմբագրել

Դրամավարկային քաղաքականությունը փողի առաջարկի կամ փողի գնի (տոկոսադրույքի) կարգավորման գործընթացն է։ Դրամավարկային քաղաքականության միջոցով փոփոխվում է շրջանառության մեջ առկա փողի քանակությունը` դրանով իսկ ազդելով նաև եկամուտների չափի և շուկայական տոկոսադրույքի մեծության վրա։ Տնտեսագիտության ժամանակակից տեսությունների հիմնարար դրույթներից մեկն այն է, որ տնտեսությունում գների կայունությունը երկարատև ժամանակահատվածում կայուն տնտեսական աճի ապահովման համար կարևոր նախադրյալ է։ Այդ իսկ պատճառով գրեթե բոլոր երկրների կենտրոնական բանկերի մասին օրենքներում (այդ թվում և «ՀՀ ԿԲ մասին օրենքումե) հենց գների կայունության ապահովումն է սահմանված որպես գլխավոր նպատակ։ Իրականացվող դրամավարկային քաղաքականության ընթացքում փողի առաջարկի փոփոխության ազդեցությունը տնտեսության վրա, որն անվանում են «դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմ» (transmission mechanism of monetary policy), ցույց է տալիս, թե ինչպես է դրանով պայմանավորված՝ փոխվում իրավիճակն իրական շուկայում։ Դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմներն միջոցով ազդում է ձեռնարկությունների, սպառողների, և ֆինանսական միջնորդների` տնտեսական գործունեություն իրականացնելու որոշումների վրա, որոնք ուղղակի ազդեցություն ունեն տնտեսական ակտիվության և գների վրա։ Տարբեր երկրներում այդ մեխանիզմը ունի տարբեր առանձնահատկություններ, և առավելապես կախված է տվյալ երկրի տնտեսության կառուցվածքից։ Դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմը փոփոխականների համակարգ է, որոնց միջոցով փողի առաջարկն ազդում է տնտեսական ակտիվության վրա։ Դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմը կազմված է լծակներից, որոնք ներկայացնում են մակրոտնտեսական փոփոխականների յուրահատուկ շղթա, որոնցով փոխանցվում են փոփոխությունների ազդակները։ Առանձնացնենք երկու ընդհանուր բնորոշ գծեր, որոնք հատուկ են փոխանցման տեսությանը։ Առաջինը վերաբերում է ԿԲ հնարավորությանը՝ կարգավորելու ֆինանսական ակտիվների առաջարկը։ Իրականացնելով գործառույթներ բաց շուկայում՝ ԿԲ-ն ազդում է բանկային համակարգի իրացվելիության և տոկոսադրույքի վրա, ինչը թույլ է տալիս վերահսկել ներքին և արտասահմանյան ֆինանսական ակտիվների գները։ երկրորդը տնտեսության անվանական կոշտություններն են, որոնք խոչընդոտում են գների անմիջական շտկմանը։ Որպես հիմնական կոշտություն հանդես են գալիս «կպչուն» ապրանքային գները, ոչ առաձգական աշխատավարձը և ֆինանսական սեկտորի անկատարությունը, որոնք սահմանափակում են տնային տնտեսությունների մուտքը ֆինանսական շուկա։

Դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմը խմբագրել

Դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմն առաջին անգամ հայտնվեց քեյնսյան վերլուծությունում։ Քեյնսյան մոդելում գլխավորը, առավել արդյունավետը համարվում է ֆիսկալ քաղաքականությունը, քանի որ նրա ազդեցության լծակները՝ կառավարության ծախսումները, հարկերը, շատ ավելի անմիջականորեն և ուղղակի են ազդում։ Կառավարության ծախսումներն անմիջապես են ազդում ամբողջական պահանջարկի վրա և բազմարկչի ազդեցությամբ ավելի ուժեղ են ազդում սպառողական ծախսերի վրա։ Քեյնսյան մոդելում մոնետար քաղաքականությունն ունի երկրորդային նշանակություն, քանի որ նրա ազդեցության լծակներն անուղղակի են, իսկ փոխանցման շղթան՝ երկար։ Այսպես Քեյնսյան դրամավարկային քաղաքականությունն ունի բարդ փոխանցման մեխանիզմ։ Այլ մոտեցում են ցուցաբերում այդ հարցին մոնետարիստները։ Մոնետար վերլուծության շրջանակներում հետազոտողների ուշադրության առարկա չի հանդիսանում այն հարցը, թե ինչ միջոցներով է փողի առաջարկն ազդում տնտեսության վրա։ Դրամավարկային քաղաքականության արդյունքները հետազոտվում են փողի առաջարկի և համախառն արտադրանքի (համախառն ծախսերի) փոփոխության ուսումնասիրման միջոցով։ Դրամավարկային քաղաքականության փոփոխությունը հանգեցնում է գործարար բանկերի պահուստների փոփոխությանը, ինչն իր հերթին բերում է փողի առաջարկի և ամբողջական պահանջարկի փոփոխության։ Արդյունքում աճում է ՀՆԱ-ն։ Այս շղթան ավելի կարճ է, իսկ ազդեցությունը մեծ:Դրամավարկային քաղաքականության իրականացման մեխանիզմի տեսանկյունից գրականության մեջ ներկայացվում են դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմի հետևյալ հիմնական լծակները. տոկոսադրույքի լծակը, ակտիվների գների լծակը, փոխարժեքի լծակը, վարկային լծակը, սպասումների լծակը։ Այս լծակների արդյունավետությունը և կարևորությունը կախված է տվյալ երկրի տնտեսությունից, ֆինանսական համակարգի զարգացվածության մակարդակից, և համաշխարհային տնտեսությանը ինտեգրվածության մակարդակից, այլ կերպ` տվյալ երկրի տնտեսության առանձնահատկություններից։

1- Տոկոսադրույքի լծակ խմբագրել

Տոկոսադրույքի լծակ ավանդորեն համարվում է փոխանցումային մեխանիզմի գլխավոր լծակը։ Այդ լծակը կատարում է հետևյալ պատճառահետևանքային կախվածությունը` M↑→i↓→I↑→Y↑, որտեղ M↑— փողի առաջարկի ընդարձակումը, i↓— տոկոսադրույքի նվազումը, I↑ – ներդրումային ակտիվության բարձրացումը, Y↑— արտադրության ծավալի ավելացումը։


2- Ակտիվների արժեքի լծակ խմբագրել

Ակտիվների արժեքի լծակն առավելապես նշանակալից է զարգացած պետությունների դեպքում (M↑→Sh↑→q↑→I↑→Y↑, որտեղ Sh —արժեթղթի գինը, գույքի գինը, q — ֆիրմաների ակտիվների շուկայական գինը)։

3- Փոխարժեքի լծակ խմբագրել

Փոխարժեքի լծակը առանցքային տարր է հանդիսանում բաց տնտեսությունների համար ԴՎՔ մոդելներում։ Այն արտահայտում է ԴՎՔ ազդեցությունը համախառն պահանջարկի և արտադրության վրա փոխարժեքի փոփոխության արդյունքում։ Իրական փոխարժեքի դինամիկան անմիջական ազդեցություն ունի արտահանման և ներմուծման ծավալի վրա (M↑→I/r↓→E↑→NX↑→Y↑, որտեղ I/r — իրական տոկոսադրույքի նվազումն է; Е — ազգային ապրանքի էժանացումը ներմուծվածի համեմատ; NX↑ — զուտ արտահանման ավելացում)։ Պրակտիկայում անցումային տնտեսություններին բնորոշ սահմանափակումների, մասնավորապես, ֆինանսական շուկայի անզարգացության պատճառով, փոխարժեքի լծակը չի կարող արդյունավետ օգտագործվել ԿԲ-ի կողմից։

4- Վարկային լծակ խմբագրել

Վարկային լծակը բաժանվում է երկու մասի.Վարկավորման լայն լծակում կամ հաշվեկշռային լծակում առկա են գլխավոր դերակատարություն ունեցող ֆինանսական ակտիվներ, որոնք ֆիրմաներին և տնային տնտեսություններին տրամադրվող վարկերի ապահովման համար են և հիմնված են վարկավորման ռիսկի նվազման արդյունքի վրա, երբ տնտեսությունում ավելանում է փողի ընդհանուր ծավալը (M↑→ կապիտալիզացում↑→ բանկի կորստի ռիսկ (տեղեկատվության ասիմետրիա) ↓→վարկեր↑→ I↑→ Y↑): Վարկավորման նեղ լծակում կամ կապիտալի ներգրավման ծախքերի լծակում հիմնական տեղ է գրավում բանկային վարկավորումը։ Դրա էությունն այն է, որ ԿԲ-ն, նվազեցնելով առևտրային բանկերի պահուստների ծավալը, պարտադրում է նրանց կրճատել վարկավորումը, և ֆիրմաներին ու տնային տնտեսություններին, որոնք էականորեն կախված են բանկային վարկավորումից և դրան այլընտրանք չունեն, ոչինչ չի մնում անելու, բացի իրենց ծախսերը կրճատելը (M↑→L↑→I↑→Y↑, որտեղ L-ը բանկի վարկային միջոցների ծավալն է)։

5- Սպասումների լծակ խմբագրել

Սպասումների լծակի բնույթը այն է, որ ԿԲ գործողություններն արդեն իսկ սպասումներ են ձևավորում տնտեսվարող սուբյեկտների մոտ։ Այսինքն, եթե ԿԲ-ն բարձրացնում է տոկոսադրույքը, տնտեսվարող սուբյեկտները գնահատում են հնարավոր զարգացումները, և դրանք հաշվի առնելով իրականացնում են իրենց հետագա գործողությունները։ Սպասումների լծակի արդյունավետությունը բարձր է այն զարգացած երկրներում, որտեղ ֆինանսական համակարգը զարգացած է:Միանշանակ է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը կարելի է բնութագրել որպես բանկային ֆինանսական համակարգ։ Վարկային փոխանցման ազդակներում կարելի է դիտել բավական հակասական իրավիճակ` վարկային շուկան մասնակի մեկուսացված է տնային տնտեսություններից, վարկավորման տոկոսադրույքը կախված չէ գնից և տնտեսական աճից։ Պատճառներից կարելի է նշել փոխանցման մեխանիզմների գործունեության թուլությունը, լծակների սահմանափակումը, գների կայունության ապահովման հնարավորությունը։ Սա պայմանավորված է Հայաստանի տնտեսության անցումային փուլով, ինչպես նաև նրանով, որ ԿԲ մակրոտնտեսական քաղաքականությունն արդեն երկար տարիներ հիմնված է մոնետար տեսության վրա, որտեղ փողի քանակի և գնաճի կապվածությունն արտահայտվում է հայտնի նույնությամբ` РQ=MV: Հակառակ մոնետարիստների կարծիքի, գները կարող են աճել և նվազել բոլոր մյուս պարամետրերի անփոփոխ պայմանում, ներառյալ փողի ծավալի։ Հայաստանի համար ներկայացրեցինք փոխանցման մեխանիզմը, որտեղ կարևորվում են տոկոսադրույքի, փոխարժեքի լծակները։ Գնաճի մակարդակի վրա փոխարժեքը ազդում է ուղղակիորեն։ Տոկոսադրույքը գնաճի վրա ազդում է միջնորդավորված` ՀՆԱ զարգացումների և փոխարժեքի միջոցով։ Հաշվի առնելով, որ Հայաստանում ֆինանսական համակարգը իր ծավալներով փոքր է, և այն գտնվում է զարգացման փուլում, կարելի է ասել, որ տոկոսադրույքի լծակը ՀՀ-ում դեռ մեծ ազդեցություն չունի։ Եվ ֆինանսական համակարգի զարգացմանը զուգահեռ դրա դերը կբարձրանա։ Իսկ փոխարժեքի լծակը, որ կարող է մեծ նշանակություն ունենալ ՀՀ համար, քանի որ ՀՀ-ում ներմուծման ծավալները բավականին բարձր են։ Փոխարժեքի լծակի ազդեցությունը գնի վրա թույլ է, չնայած այն ուժեղանում է ապադոլարացման ընթացքում։ Դոլարացման մակարդակը հանրապետությունում մնում է շատ բարձր, և գնաճի նպատակադրման շրջանակներում վերաֆինանսավորման տոկոսադրույքի` որպես գործառնական նպատակ, օգտագործումը գտնվում է դեռ վաղ զարգացման փուլում։ ՀՀ ԿԲ տվյալների համաձայն, 2011 թվականի փետրվարին Հայաստանի տնտեսության դոլարայնացման մակարդակը նվազել է 1,8%-ով։ Դրամային ներդրումների 33,7% և տարադրամային ներդրումների 6% աճի պայմաններում դոլարայնացման մակարդակը նվազել է 6,3%-ով։ Հայաստանում 2013թ.–ին վարկերի դոլարացման մակարդակը կազմել է 63,7%, իսկ ավանդներինը` 71% :[[Դոլարայանացման մակարդակի նվազեցումն ամրապնդում է երկրի ֆինանսական անկախությունը և ապահովում է ավելի կայուն դիրքեր՝ արտաքին ֆինանսական շոկերի ժամանակ։

Աղբյուրներ խմբագրել

http://www.panarmenian.net/arm/economy/news/68579/

http://www.armbanks.am/ Արխիվացված 2016-11-28 Wayback Machine

http://www.cba.am

http://myweb.fcu.edu.tw/~T82106/MTP/Ch26-supplement.pdf Արխիվացված 2016-12-24 Wayback Machine

https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx