Դրամագիտությունը Հայաստանում

Շապուհ I-ին (241-272)

Հայկական դրամագիտության սկզբնավորումը խմբագրել

Հայկական դրամագիտությունն սկզբնավորվել է Եվրոպայում՝ սելևկյան, պարթևական, հռոմեական, բյուզանդական ու խաչակրաց դրամագիտության շրջանակներում։ Առաջին հրատարակությունը (հեղափոխական՝ Ժան Տրիստան դե Սենտ Աման), որտեղ հիշատակվել է Կիլիկյան Հայաստանում թողարկված մի դրամ, լույս է տեսել Փարիզում 1644 թվականին։ Հայ թագավորների դրամներին իրենց աշխատություններում անդրադարձել են եվրոպացի մի շարք գիտնականներ։ Հին և միջնադարյան հայկական դրամների առաջին ուսումնասիրողներից է ֆրանսիացի հայագետ Վիկտոր Լանգլուան, որի աշխատությունները տպագրվել են Փարիզում 1855 թվականին և 1859 թվականին։ Էռնեստ Բաբելոնը 1890 թվականին հրատարակած գրքում ներկայացրել է Փարիզի ազգային գրադարանի հավաքածուի հին հայկական դրամները՝ մանրամասն նկարագրություններով ու մեկնաբանություններով։ Պատմամշակութային անցյալի նկատմամբ աճող հետաքրքրությունը նպաստել է, որ հայ մտավորականներից ոմանք հավաքեն հայկական հին դրամներ։ Հայր Կղեմես Սիպիլյանը (հայ դրամագիտության սկզբնավորողներից, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ), հայր Սիմոն Աևտոնյանը, Սերովբե Ալիշանը մեծապես նպաստել են Վենետիկի և Վիեննայի միաբանությունների թանգարանների դրամագիտական հավաքածուների կազմավորմանն ու հարստացմանը։ Կղմես Սիպիլյանն առաջին անգամ գիտականորեն դասակարգել է Կիլիկիայի հայկական թագավորության դրամները։ Նրա գիրքը հետմահու հրատարակվել է Կ. Պոլսում 1892 թվականին։ 20-րդ դարում հայկական դրամների ուսումնասիրությանն անդրադարձել են եվրոպացի, ամերիկացի և ռուս գիտնականները։ Կարապետ Բասմաջյանն առաջինն է ներկայացրել հայ և օտար տիրակալների՝ Հայաստանում թողարկած կամ Հայաստանին վերաբերող դրամները (Վենետիկ, 1936)։ Հայ դրամագիտության մեջ առանձնահատուկ ներդրում ունեն Ջարեհ Պտուկյանը և Եղիա Ներսեսյանը (ԱՄՆ), որոնք տասնյակ հոդվածներում ու գրքերում անդրադարձել են հին, միջնադարյան և նորագույն ժամանակաշրջանների դրամագիտության գրեթե բոլոր խնդիրներին։ 1971 թվականին Լոս Անջելեսում ստեղծված Հայ դրամագիտական ընկերակցությունը 1975 թվականից հրատարակում է «Հայ դրամագիտական հանդեսը»՝ գիտության այս ճյուղի միակ հայկական պարբերականը, որի անփոփոխ խմբագիրը Եղիա Ներսեսյանն է։ Հանդեսի օրինակներից պարբերաբար ուղարկվում է հայրենիք՝ գրադարաններին։

ՀՊԹ-ի հիմնադրումը և հայ դրամագիտության զարգացումը խմբագրել

Հայ դրամագիտության զարգացմանը մեծապես նպաստել է 1919 թվականին Հայաստանի պատմության թանգարանի (ՀՊԹ) հիմնադրումը։ Թանգարանի դրամագիտական հավաքածուի հիմքը կազմել են Կովկասի Հայոց ազգագրական ընկերության (Թիֆլիս) և Լազարյան ճեմարանի (Մոսկվա) թանգարանների, Վաղարշապատի մատենադարանի, Անիի հնադարանի և Հայաստանի հնության պահպանության կոմիտեի նյութերը։ 1930-ական թվականներից ՀԽՍՀ-ում սկսված կանոնավոր հնագիտական պեղումները դարձել են թանգարանի դրամագիտական հավաքածուի հարստացման նոր աղբյուր։ Գառնիի, Արտաշատի, Դվինի և այլ հնավայրերի հնագիտական պեղումներով հայտնաբերված մեծաքանակ դրամներն ու դրամական գանձերն առանձնահատուկ կարևորություն ունեն դրամագիտական հետազոտությունների համար։ Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական ֆոնդը համալրվել է նաև հարյուրավոր անհատների, մասնավորապես սփյուռքահայերի նվիրատվությունների ու թանգարանի գնումների, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված և բռնագրավված դրամագիտական արժեքները թանգարանին հանձնելու շնորհիվ։ Տասնյակ դրամական գանձեր, եթե հայտնաբերողները չեն խաթարել կամ մասնատել, դարձել են դրամաշրջանառությունը լուսաբանող առաջնակարգ աղբյուր։ Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական ֆոնդում պահվում է մ.թ.ա. 5-րդ դարից մինչև մեր ժամանակների շուրջ 85 հազար մետաղադրամ։ Ինչպես այլ թանգարաններում, այստեղ նույնպես դրամագիտական ֆոնդում պահվում են նաև թղթադրամներ, հուշամեդալներ, պարգևանշաններ, ժետոններ, կնիքներ։ Կա նաև նամականիշների հավաքածու։ Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական հավաքածուի գերակշիռ մասը Հայաստանին վերաբերող նյութեր են, որոնք արտացոլում են պատմական տարբեր փուլերում Հայկական լեռնաշխարհում շրջանառվող դրամների կազմը.

  • 1. հայ տիրակալների՝ Ծոփքի (մ.թ.ա. 3-րդ դարի 2-րդ կես մ.թ.ա. 2-րդ դար), Մեծ Հայքի (մ.թ.ա. 1-ին դար-մ.թ. 1-ին դարի սկիզբ), Կոմմագենեի ([[մ.թ.ա. l-մ.թ. [1-ին դար]]եր), Լոռիի Կյուրիկյան թագավորության (11-րդ դարի 2-րդ կես), Կիլիկիայի հայկական իշխանապետության (1080-1197) և թագավորության (1198-1375),
  • 2. Հայաստանի հարևան կամ Հայաստանը նվաճած պետությունների (մ.թ.ա. 3-րդ- մ.թ. 20-րդ դարեր)՝ սելևկյան, պարթևական, կապադովկյան, հռոմեական, սասանյան, բյուզանդական, արաբական, սելջուկյան, վրացական, մոնղոլական, պարսկական, թուրքական, ռուսական,
  • 3. Պատմական Հայաստանի և հարակից տարածքներում 9-15-րդ դարերում գոյություն ունեցած իսլամադավան փոքր իշխանությունների դրամների թողարկումները։ Հայաստանի պատմությունը լուսաբանող աղբյուրներից են նաև ի նշանավորումն Հայաստանի նվաճման թողարկված հռոմեական դրամները (մ.թ.ա. 1-ին դարի 2-րդ կես-մ.թ. 2-րդ դարի 2-րդ կես)։ Դրամները կազմել են Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական ընդհանուր ֆոնդի մի մասը։

Դրամագիտության կաբինետի ստեղծումը խմբագրել

1946 թվականին ստեղծվել է դրամագիտության կաբինետը (1977 թվականին վերակազմավորվել է որպես դրամագիտության բաժին), որը մինչև 1959 թվականըը ղեկավարել է Ասլան Շահնազարյանը. նրա օրոք սկսվել է ֆոնդի գիտական մշակումն ու համակարգումը։ Մինչև 1992-ը՝ դրամագիտության կաբինետը, ապա՝ բաժինը գլխավորել է Խաչատուր Մուշեղյանը, որը համարվում է Հայաստանում դրամագիտության հիմնադիրը։ Նա մեծ ներդրում ունի ինչպես բաժնի կայացման, հավաքածուի հարստացման ու դասակարգման, այնպես էլ դրամագիտական ուսումնասիրությունները նոր որակի բարձրացնելու և թանգարանը գիտական հետազոտությունների կենտրոն դարձնելու գործում։ 1992-2000 թվականներին բաժինը ղեկավարել է Հենրիկ Սարգսյանը՝նշանակալի ավանդներդնելով մասնավորապես հայկական մեդալային արվեստի պատմության ուսումնասիրման ոլորտում, 2000 թվականից՝ Ռուբեն Վարդանյանը։ 2011 թվականին լույս է տեսել «Sylloge» ձևաչափով առաջին կատալոգը։ Հայաստանի պատմության թանգարանի արդիականացված ցուցադրության մեջ տեղ են գտել աննախադեպ քանակությամբ հին և միջնադարյան մետաղադրամներ, ինչպես նաև մեդալներ, պարգևանշաններ, թղթադրամներ և նամականիշներ։ Վերջին տարիներին համացանցում ձևավորված մասնագիտացված կայքերն էապես ընդլայնել են դրամագիտական ժառանգության հասանելիության և որոնողական հետազոտությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։