Դորոնիկում Բալանզայի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Դորոնիկում Բալանզայի
Լատիներեն անվանում
Doronicum balansae


Դորոնիկում Բալանզայի (լատին․՝ Doronicum balansae), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

60-100 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Արմատամերձ տերևները սրտաձև–ձվաձև են և երկար կոթուններով։ Ծաղկակիրները վերին մասում ունեն գեղձային թավոտություն։ Զամբյուղները գտնվում են վահանիկանման ծաղկաբույլերում։ Եզրի ծաղիկները միաշարք են, լեզվակավոր, իգական և դեղին։ Միջին ծաղիկները խողովակաձև են և երկսեռ[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է Վերին Ախուրյանի (Օկսյուզ և Աղբաբա լեռնագագաթներ, Ջավախեթի լեռնաշղթա) և Զանգեզուրի (Տաշտունի լեռնանցք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1800–2500 մ բարձրությունների վրա, ինչպես նաև մարգագետիններում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայկական բարձրավանդակի էնդեմիկ բույս է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Գերարածեցման արդյունքում և աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.