Դոնի յուղատու մշակաբույսերի փորձարարական կայանի շենք

Դոնի յուղատու մշակաբույսերի փորձարարական կայանի շենք (ռուս.՝ Здание Донской опытной станции масличных культур), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը կառուցվել է 1910-ական թվականներին։ Գտնվում է Գյուղատնտեսական նրբանցք, շենք 6, լիտեր A հասցեով։ 20-րդ դարի սկզբից այս շենքը պատկանում էր Ռոստով-Նախիջևանի փորձարարական գյուղատնտեսական կայանին, որը հետագայում վերանվանվեց Դոնի յուղատու մշակաբույսերի փորձարարական կայանի։ 1918-1974 թվականներին այս շենքում աշխատել է սելեկցիոներ գիտնական Լեոնիդ Աֆանասևիչ Ժդանովը[1]։ Դոնի յուղատու մշակաբույսերի փորձարարական կայանի շենքն ունի տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[2]։

Դոնի յուղատու մշակաբույսերի փորձարարական կայանի շենք
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետություն խմբագրել

Շինությունը գտնվում է բակում, գլխավոր ճակատն ուղղված է դեպի հարավ։ Աղյուսե կառույցն ունի փոփոխական հարկայնություն և L-աձև հատակագիծ։ Սանդղասրահին հարում են աշխատանքային տարածքներով միջանցքները։ Շենքի հիմնական երկհարկանի ծավալն ավարտվում է ձեղնահարկ ունեցող քառալանջ տանիքով։ Գլխավոր ճակատը զարդարված է միջհարկային գոտիով, պրոֆիլավորված քիվով և որմնասյուներով։ Լուսամուտատեղերը զարդարված են երեսկալներով, պատուհանագոգերի ներդիրներով և կողպեքային քարերով։ Գլխավոր մուտքն ընդգծված է երեսկալով[1]։

1976 թվականին շենքի պատին փակցվել է հուշատախտակ հետևյալ տեքստով. «1924-1974 թվականներին այս շենքում աշխատել է ականավոր սելեկցիոներ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, պրոֆեսոր Ժդանով Լեոնիդ Աֆանասևիչը»։ Հուշատախտակի տեքստն այնքան էլ ճշգրիտ չէ, քանի որ Ժդանովը Ռոստով-Նախիջևանի փորձարարական կայանում սկսել է աշխատել դեռևս 1918 թվականին։ Նա դաշտային տնտեսության բաժնի վարիչն էր[1]։

Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի 1998 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 411 հրամանով Դոնի յուղատու մշակաբույսերի փորձարարական կայանի շենքը վերցվել է պետական պաշտպանության տակ որպես տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 28—29.
  2. 2,0 2,1 «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.

Գրականություն խմբագրել

  • Гегузин И. Страницы ростовской летописи. — Ростов-на-Дону, 1983. — С. 95—97.
  • Путями познания. — Ростов-на-Дону, 1985. — С. 80—86.